HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շարժում, որ դնում է նոր Հայաստանի հիմքերը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ սկսված զանգվածային շարժումը ներկայումս խորքային կարելիէ  ասել` նախաճգնաժամային տրանսֆորմացիաների մեջ է: Ինչ վերջնարդյունքի կհանգեցնի այն, դժվար է ասել: Սակայն անկախ դրանից` այս շարժումը  հընթացս արդեն տվել է շոշափելի արդյունքներ, որոնք նոր տիպի հասարակության, նոր տիպի քաղաքական մշակույթի և նոր որակի Հայաստանի նախադրյալներ են ստեղծում:

1. Շարժումը սրեց Հայաստանում կուսակցական համակարգի վերափոխման հրամայականը: Այն բացահայտեց կուսակցությունների զգալի օտարվածությունը հասարակությունից և մեծ հաշվով` հանրային օրակարգի խնդիրները լուծելու կուսակցությունների անկարողությունը: Շարժումն ապացուցեց, որ նոր էտապում քաղաքական համակարգը պետք է հիմնավորվի ոչ թե այսպես կոչված «լիդերակենտրոնության» կամ «շեֆիզմի», այլ մարդակենտրոնության և քաղաքացիակենտրոնության գաղափարական առանցքների շուրջ: Եվ եթե նրանք չկարողանան կատարել այդ անցումը, կամ կմնան պատմության փշալարերին, կամ կմարգինալացվեն: Զուտ արդյունքի տեսանկյունից սրանք, ըստ էության, նույն բաներն են:

2. Շարժումն առանցքային դարձրեց քաղաքական և քաղաքացիական պրոցեսներում կոլեգիալ որոշումների կայացման և կոլեգիալ պատասխանատվության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն այս գիտակցումը ձևավորվում է շարժման ոչ թե դրական, այլ ամենաբացասական կողմի վրա: Հունիսի 19-ից սկսված այս շարժման ողջ ընթացքում ակնհայտ լիդերի բացակայության պայմաններում այդպես էլ չստեղծվեց որոշումների կայացման հստակ որևէ մեխանիզմ: Ինքնաբուխ շարժումն ի վերջո հանգեցրեց «իմ անունից որոշում ընդունելու իրավունք ունեմ միայն ես» գաղափարաբանության վրա խարսխված քաոտիկ մի վիճակի, որը կարող է դառնալ շաժման ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը: Ամենավտանգավորն այստեղ հախուռն, բնազդային մակարդակով կայացվող որոշումների համար պատասխանատվությունից խուսափելն է: Դա էր պատճառը, որ Բաղրամյան փողոցում հարթակը «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից թողնելուց հետո այն որևէ շրջանակ այդպես էլ չզբաղեցրեց: Այս շարժումը հստակ ցույց տվեց, որ չնայած լիդերի կամ առաջնորդի ինսիտուտը Հայաստանում գտնվում է անվստահության խորագույն ճգնաժամում, սակայն դերևս չի ձևավորվել դրան փոխարինող այլ ինսիտուտ, ինչպիսին թափանցիկության, օպերատիվության սկզբունքներով գործող կոլեգիալ կառավարող խորհուրդն է: Առանց այսպիսի մեխանիզմի ստեղծման ոչ քաղաքական և ոչ էլ քաղաքացիական դաշտերում հնարավոր չի լինելու որևէ արդյունքի հասնել: Այս իմաստով շարժումը հիանալի դաս էր, թե ինչի վրա պետք է առաջնահերթորեն ուշադրություն դարձնել հաջորդ նմանատիպ պրոցեսներ նախաձեռնելիս:

3. Շարժումը թույլ տվեց հաղթահարել այսպես կոչված «մայդանի» սինդրոմը և ջարդել դրա վերաբերյալ առաջացած ստերեոտիպերը թե ներսում` Հայաստանում և թե դրսում: Ինչպես ֆորմալ համակարգողները, այնպես էլ հատկապես շարքերը, փորձելով շարժումը զերծ պահել աշխարհաքաղաքական բևեռների կողմից տարատեսակ շահարկումներից, ի սկզբանե նեղացրին շարժման բովանդակությունը մինչև բացառապես սոցիալականի: Դա ինչ-որ իմաստով արհեստական էր, քանի որ շարժում սկսելը, իշխանություններին պահանջներ ներկայացնելն ինքնին քաղաքականություն էր, առավելևս, որ նախնական շրջանում խոսվում էր նաև այդ պահանջների չկատարման դեպքում նախագահի հրաժարականի հարց առաջադրելու մասին: Թեև դրանից շարժումը զգալի չափով տուժեց, որովհետև թույլ չտվեց ստեղծել թե մեթոդաբանության և թե պահանջների զարգացման բավարար ճկուն միջավայր, սակայն հասկանալի դարձրեց մի շատ ակնհայտ և պարզ ճշմարտություն. սեփական երկրի իշխանություններից պահանջատիրությունը, դժգոհությունը բոլորվին էլ հակառուսականություն կամ մայդանատենչություն չէ, ինչպես Բաղրամյան փողոցում նստացույցի առաջին երկու-երեք օրերին փորձում էր ներկայացնել ռուսական քարոզչամեքենան:  

Հարցն, իհարկե, այն չէր, թե դրսում ինչպես կմեկնաբանեն իրադարձությունները, կամ ինչ լույսի ներքո կներկայացնեն: Այլ այն, որ դա կարող էր դառնալ ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին համակողմանիորեն միջամտելու պատճառ: Հայաստանյան բոլոր շրջանակների` թե նստացույցի մասնակիցների, թե իշխանությունների, թե կուսակցությունների և թե վերլուծաբանների կողմից ցուցաբերված բավարար խոհեմության շնորհիվ թերևս հաջողվեց Հայաստանը զերծ պահել Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքական դիմակայության թատերաբեմ դարձնելուց: Շարժումը ցույց տվեց, որ եթե Հայաստանում կա հակառուսականության տրամադրությունների տարածման աղբյուր, ապա դա հենց Ռուսաստանն է`իր «մայդանային» հիվանդագին մտասևեռումներով և ուղղորդված քարոզչամեքենայով:

4. Եվ վերջապես ամենակարևորը` Շարժումը բացահայտեց հասարակության և հատկապես երիտասարդության մոբիլիզացիոն և ինքնակազմակերպական հսկայական ներուժը: Շարժումը նման ծավալներ ընդունեց ոչ թե սակագնի թանկացման որոշումը չեղարկելու խնդրի առաջադրման հենքի վրա, այլ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան փողոցում խաղաղ նստացույց անող մի քանի հարյուր երիտասարդների և լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման: Սա քաղաքացիական իրավունքների և մարդկային արժանապատվության պաշտպանության համար պայքարին միանալու դետոնատորի դեր կատարեց: Եվ չնայած այն հանգամանքին, որ ձևակերպված պահանջները հստակ սոցիալական, նույնիսկ կարելի է  ասել` կենցաղային էին, շարժման ենթատեքստը քաղաքական էր: Այդ պահանջների և դրանց լիարժեք կատարմանը հասնելու վճռականության ներքո քողարկված դրսևորվում էր իշխանությանը պարտության մատնելու, սեփական կամքը իշխանությանը պարտադրելու և թեկուզ լոկալ հարցում ցանկացած գնով հաղթանակի հասնելու մղումը: Այս նպատակն իրար միացրեց հազարավոր մարդկանց, որոնք, չնայած շարժման թույլ կամ բացակայող կառավարմանը, հանդես բերեցին Ղարաբաղյան շարժման ժամանակներից հետո մի աննախադեպ միասնականություն, համերաշխություն, ներքին փոխադարձ հանդուրժողականություն, սիրո, եղբայրության, փոխադարձ կարեկցանքի` թվում է թե հավերժ մոռացված որակները: Այնպիսի ներքին կազմակերպվածություն, կարգապահություն և օրինապաշտություն, ինչպիսին նստացույցի ողջ ընթացքում դրսևորեց սովորաբար ըմբոստության, անկառավարելիության, ռոմանտիզմի հետ ասոցացվող երիտասարդությունը, ոչ միայն հայաստանյան իրականության, այլ նաև համաշխարհային կտրվածքով ունիկալ երևույթ էր:

Բայց ամենակարևորն այն էր, որ Բաղրամյան փողոցում ողջ ժողովուրդը վերականգնեց հավատը պահանջներ ձևակերպելու և դրանց լուծմանը հասնելու սեփական հավաքական կարողության հանդեպ:  Սեփական ուժերի հանդեպ հավատի վերականգնման այս պոռթկման նշանակությունը պետք է գնահատել ոչ թե այս առանձին վերցրած խնդրի կամ շարժման համատեքստում, այլ երկարաժամկետ կտրվածքով` իբրև հասարակությանը քաղաքական առավել քան ուժեղ գործոնի վերածվելու պրոցեսում խոշոր ներդրում: Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանության կողմից կայացված ցանկացած ոչ ադեկվատ, հանրային ակնկալիքներին հակադրվող որոշում կարող է կրկին փողոց հանել բազմահազար քաղաքացիների: Սա կարող է իշխանության համար մղձավանջ դառնալ նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր հաջորդ դեպքում գործ է ունենալու ավելի ու ավելի քաղաքականացվող, ավելի ու ավելի մեծ փորձառություն ուենցող և քաղաքացիական ու քաղաքական պայքարի ավելի ու ավելի լայն գործիքակազմի տիրապետող զանգվածի հետ: Սա ոչ թե հնարավոր, այլ պարտադիր է դարձնում պետություն-հասարակություն երկխոսության առողջ ձևաչափի և մշակույթի ստեղծումը, ինչի անտեսումը չափազանց վտանգավոր արկածախնդրություն է լինելու իշխանության համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter