HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վատ է. ահազանգում է մայրը

«Խնդրում եմ, դիմում եմ արդարադատության նախարարին, քրեակատարողական վարչության պետին, «Նուբարաշենի» պետին, Սողոմոնին տեր կանգնեք, տարեք «Դատապարտյալների հիվանդանոց»: 20 տարվա մեջ գոնե մի անգամ տանեք-տեսնեք` ինչ ա կատարվում օրգանիզմում, գոնե կյանքը փրկեք»,- «Հետքին» ահազանգեց 20 տարի բանտում պատիժ կրող ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի մայրը` Զինա Քոչարյանը:

Նա հայտնեց, որ որդուն «Դատապարտյալների հիվանդանոց» տանելու, համալիր գործիքային հետազոտություն անցկացնելու խնդրանքով անցյալ շաբաթ անձամբ խոսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնյաներից մեկի հետ, ով խոստացել է հետամուտ լինել հարցին:

Տիկին Զինան պատմեց, որ երբ 10 օրը մեկ տաքսաֆոնից որդին զանգում է, հազիվ է լսում նրա ձայնը. «Զգում եմ, որ ցավից գալարվում ա, հևում ա, շունչը ոնց որ չհերիքի, կտրվում ա, ասում ա` մամա, վզիցս մինչև գոտկատեղ ամեն ինչ ցավում ա: Բայց չգիտենք հիվանդության անունը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ճիշտ է, «Նուբարաշենում» ամբողջ աշխատակազմը, նաև բժիշկներն ու բուժակները շատ ուշադիր են իր տղայի նկատմամբ, անգամ դեղեր են գրել, որոնք գնել ու անձամբ Տաշիրից հասցրել է «Նուբարաշեն», բայց տիկին Զինան կարծում է, որ մասնագիտացված, բժշկական քրեակատարողական հիմնարկում բժիշկների մշտական հսկողության տակ պիտի լինի տղան, քանի որ վիճակը գնալով վատանում է:    

«Արդեն Սողոմոնի զինվորական թոշակը կա, էդ փողերով եմ հիմա ամեն պետքական բան առնում-բերում, որ լավ լինի, բայց առողջությունն արդեն քայքայված ա. պատերազմը, բանտի 20 տարիները` փակի տակ, կնոջ մահը, աղջկա ինքնասպանությունը, ամեն ինչ վրան ազդում ա: Գիտեմ, որ չի էլ կարում քնի պառկած, երբեմն նստած ա քնում, էդ դիրքով ցավերը քիչ են լինում: Մենակ կաթնամթերք, կաթ ա կարողանում մարսի, դա եմ բերում, որ փոխանցեն իրեն: Ստամոքս, աղիներ, թոքեր, սիրտ, ներվեր. մի նորմալ տեղ չունի»,- ասում է Զինա Քոչարյանը` նշելով, որ ցավերի ժամանակ «Անալգին» ու «Դիմեդրոլ» են ներարկում, բայց 1-2 ժամ հետո էլի ցավեր է ունենում:

1995 թ.-ին մահապատժի դատապարտված նախկին հետախույզ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանը պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter