HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շարժման ճահճացումը լինելու է մահացու

Բաղրամյան փողոցում հաստատակամորեն կանգուն է միայն աղբամաններից կառուցված բարիկադը: Դրա թե՛ մի և թե՛ մյուս կողմում հավաքվածների թիվը շարունակաբար նվազում է: Վաղը գուցե այնտեղից հանվեն նաև ջրցան մեքենաները: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված շարժումը, որ իր կուլմինացիային հասավ հունիսի 28-ի երեկոյան, իր էներգետիկ և իդեալիստական մասով ակնհայտորեն մարում է: Արդյոք սա շարժման ճգնաժա՞մն է, ավա՞րտը, անցումային ինչ-որ շրջափո՞ւլ: Որտե՞ղ է թաքնված ստեղծված այս իրավիճակի իրական պատճառը:

Դրա պատճառը, խորքային առումով, իշխանության իմաստությունն ու անհաղթահարելիությունը չէին: Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունը շարժման ձևակերպած բոլոր պահանջներն էլ ամբողջությամբ չէր կատարելու Նախ` դա կնշանակեր ընդունել սեփական կապիտուլյացիան: Եթե այս լոկալ հարցում իշխանությունն ընդուներ իր պարտությունը, նշանակելու էր ստեղծել նախադեպ, երբ հասարակական տարբեր շրջանակներ, անկախ պահանջների բնույթից, հանրային աջակցության չափից, համարելու էին, որ բավական է գրավել Բաղրամյան փողոցը, այնտեղ տասը օր գիշերել և կարելի կլինի իշխանությանը պարտադրել հերթական պարտությունը: Նման նախադեպի ստեղծումը նշանակելու էր քաղաքական իշխանությունը երկրում փոխանցել Բաղրամյան փողոցին և հավաքել ճամպրուկները: Նման շռայլություն իրեն չի կարող թույլ տալ որևէ երկրի իշխանություն:  

Երկրորդ` բոլորն ի սկզբանե գիտեին, թե նման իրավիճակներում, սովորաբար, ինչպես է գործում նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտեին, որ նրա ձեռագիրն է  խիստ ընդհանրական, մեկնաբանելի մտքեր, առաջարկություններ հնչեցնելով՝ քաղաքական ընդդիմախոսներին ներքաշել հնարավորինս անհետևանք և անվերջ բանակցություների մեջ և այնքան քարշ տալ իր ետևից, մինչև նրանք վերջնականապես հոգնեն, խճճվեն` աստիճանաբար հեղինակազրկելով թե՛ իրենց և թե՛ պրոցեսը: Այս ծուղակում են իրենց մահկանացուն կնքել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծված քաղաքական շարժումները: Եվ չնայած ակնհայտ էր, որ այդ մարտավարությունը կիրառվելու է նաև այս շարժման դեպքում, Սերժ Սարգսյանին ձեռնոց նետվեց առանց դրան պատրաստ լինելու: Առաջին, երկրորդ անգամ նման մանիպուլյացիային զոհ դառնալը «որսորդի» հնարամտության արդյունքն է: Բայց երրորդ անգամ նույն ծուղակն ընկնելն արդեն «զոհի» անխոհեմության,  անհաշվենկատության հետևանք է: Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, անկախության 24 տարիների ընթացքում դեռ շարունակում են սովորել սեփական, այլ ոչ թե նախորդների սխալներից, այն էլ`երբ ամեն ինչ արդեն կորսված է լինում:

«Ոչ թալանին» նախաձեռնության վրիպումը

Ազատության հրապարակ վերադառնալը կարդարացվեր միայն այն դեպքում, երբ պայքարը մինչև վերջ տանելու վճառականություն դրսևորող բազմությանը ներկայացվեին բավարար փաստարկներ, թե ինչու է դա ավելի հեռանկարային: Այն զանգվածը, որը պահանջում էր մնալ Բաղրամյան փողոցում, պետք է համոզված լիներ, որ Ազատության հրապարակ քաշվելը ոչ թե նահանջ է նշանակում կամ իշխանության կողմից զիջումների իմիտացիային կուրորեն տրվել, այլ շարժումն իսկապես որակապես նոր, առավել հասուն և անխուսափելիորեն քաղաքական փուլ մտցնելու նախերգանք: Քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդները, սակայն, այդ համոզմունքը չներշնչեցին`նույնիսկ Ազատության հրապարակ վերադառնալուց հետո: Այդ քայլը, որը դարձավ թափ հավաքող գործընթացի ջրբաժանը, ոչ թե պայմանավորված էր նախագահի առաջարկություններով բավարարվածությամբ, թեկուզ մասնակի հաղթած լինելու ներքին համոզվածությամբ, այլ թելադրված էր ոստիկանության հնարավոր գործողությունների հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու մարդկային վախով` մի պարագայում, երբ կռիվ ես սկսել գործնականում դատարկ արսենալով: Իսկ երբ արդեն այդ քայլն արված էր, սկսեց գործել իշխանության մանիպուլյատիվ փորձված հնարքը. Ազատության հրապարակ նահանջածներին հերոսացնելով, առնելով պաշտպանության տակ` ներքին փոխադարձ ատելություն կամ անհանդուրժողականություն սերմանել, պառակտում մտցնել շարժման ներսում և այն տանել քայքայման:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հիմա մնացել է նախագահի առաջարկներին արձագանքելու անկարողության և սեփական պահանջներից հրաժարվել չկարողանալու գերին, որից ոչ մի ռացիոնալ ելք, փաստորեն, չկա: Եթե առաջիկայում նախաձեռնող խումբը հստակ չհայտարարի` կոնկրետ ինչ է անելու նախագահի առաջարկած ելքերի, լուծումների հետ, չձևակերպի որոշակի պայմաններ և չսահմանի կոնկրետ վերջնաժամկետներ ու հետևանքներ, կարելի է համարել, որ այդ լուծումները նրան բավարարել են ամբողջապես, կամ պարզապես ռոմանտիկների այդ հրաշալի խումբը չունի շարժումը և գործիքակազմը բազմազանեցնելու բավարար ռեսուրս:      

«Բաղրամյանցիների» վրիպումը

Բաղրամյան փողոցում մնացածների ձախողումն ուներ երկու պատճառ: Առաջին` այդպես էլ չկարողացան հիմնավորել, թե ինչ է տալու նույն պահանջներով նստացույցի շարունակումը մի դեպքում, երբ իշխանությունը բացահայտ ցույց է տալիս, որ ոչ միայն ավելին ուղղակի չի պատրաստվում անել, այլև չի էլ պատրաստվում նեղություն տալ գիշերները Բաղրամյան փողոցում քնողներին, հանել բարիկադները: Ոչինչ չփոխվեց նույնիսկ համակարգող խորհրդի ստեղծումից հետո, թեև թվում էր, որ սա իրավիճակում բեկում մտցնելու և շարժմանը նոր շունչ հաղորդելու առաջին պարտադիր և շարունակություն ենթադրող քայլն էր:

Երկրորդ` Բաղրամյան փողոցում մնացին նրանք, ում համար էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրն ընդամենը պատրվակ էր պայքարը իշխանափոխության տանելու համար: Այդ պատասխանատու անցումը կատարել, սակայն, նրանց չհաջողվեց: Եվ դա առավել քան օրինաչափ էր. խոստովանել Բաղրամյան փողոցում մնալու իրական նպատակները և շարժման տրամաբանությունը կառուցել իշխանության փոփոխության պահանջ ձևակերպելու վրա՝ նշանակում էր վերջակետ դնել ընթացքի մեջ գտնվող շարժմանը և ձեռնարկել բոլորովին այլ գործընթաց, նոր տիպի շարժում: Իշխանափոխության պահանջով քաղաքացիական շարժում չի լինում. դա լինելու էր հստակ օրակարգով քաղաքական գործընթաց, ինչին, սակայն, կազմակերպչական ռեսուրսի և փորձառության իմաստով համակարգող խորհուրդը պատրաստ չէր: Քաղաքական շարժումն արդեն չէր կարող լինել ինքնաբուխ, չհամակարգված, չպլանավորված: Մյուս կողմից` պահանջել իշխանափոխություն և շարունակել մնալ Բաղրամյան փողոցում նույն ջանասիրությամբ, ինչպես հոսանքի թանկացման պահանջի շրջանակում, նշանակելու էր շարունակել դոփել տեղում, ըստ էության` կրկնել արդեն արվածը: «Ոչ թալանին» նախաձեռնության նախնական հաջողության գրավականը արշավն էր դեպի Բաղրամյան փողոց և վերջինիս հերոսական «գրավումը»: Նոր հաջողություն ունենալու կամ ավելին ստանալու համար անհրաժեշտ է անել ավելին` ավելացնելով ոչ թե Բաղրամյանը փակ պահելու համար այն ժամանցի վայր դարձնելու ձևերը, այլ պայքարի գործիքակազմը:

Ներկայիս «բաղրամյանցիների» հիմնական ճգնաժամը քաղաքական թաքնված հեռահար հավակնությունները սոցիալական կարճաժամկետ պահանջների կաղապարներում տեղավորելու համառությունն է, որը ժամանակի ընթացքում սկսում է դառնալ ձանձրալի եւ դրա ելքին սպասողների համար՝ նաև նյարդայնացնող ու հուսահատեցնող: Վիճակը, երբ ամրոցը շրջափակած զորքը, առանց որևէ արդյունքի հասնելու, շարունակում է մնալ նույն վիճակում, նույնիսկ սեփական բանակի զինվորների համար է դառնում ծիծաղելի:

Շարժման իրական արժեքը Բաղրամյան փողոցը գրավված պահելը չէ, ոչ էլ ի սկզբանե ձևակերպված պահանջներից ցանկացած գնով կառչած մնալը: Կարևորը շարժման հանդեպ` իբրև իրավիճակ փոխելու ամենաարդյունավետ միջոց, ձևավորված հանրային վստահությունը, դրա հենքի վրա վերամոբիլիզացվելու ներուժը պահպանելն է:

Այն օրը, երբ երևանցիները կգան իրենք իրենց ձեռքերով քանդելու բարիկադը, այդ օրն իսկապես կարելի կլինի ամեն ինչ ավարտված համարել և... ցավալիորեն վերջնականապես: Իսկ դրանից հետո կսկսվի քավության նոխազների ու մեղավորների սովորական դարձած «վհուկների որսը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter