HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա տատ. մի բուռ մեդալ` զոհված երեխաների հերոսության համար

«Մատաղ, հունցք, առաջ եկեք»: Տան շեմին մեզ դիմավորում է քարինտակցի Սեդա տատը: Նրա հարսը հացի խմորոտ ձեռքերով կանգնել է մեր կողքին` ժպտում է, ասում է` ներս գնանք, գոնե սուրճ խմենք:

Սեդա տատը հարազատաբար է ընդունում մեզ, գրկում է, թեև դեռ այդ րոպեին ենք ծանոթացել նրա հետ: Ղարաբաղյան բարբառով եմ փորձում խոսել տատի հետ, հարցնում է` կարո՞ղ է համագյուղացի եմ, ծանոթ եմ: Ես էլ եմ ժպտում, ասում եմ` չէ: Հյուրասենյակ ենք մտնում, որտեղ սպասքապահարանին երկու մեծ լուսանկար է դրված` տղամարդու և աղջկա: Առանց որևէ հարց տալու` նստում ենք: Սեդա տատը դեռ հետաքննողի հայացքով է նայում մեզ, հարցնում է` ի՞նչ ենք անում գյուղում: «Գյուղի մարդկանց հետ ենք ուզում խոսել»,- ասում եմ: Ինքն սկսում է ծիծաղել, թե «պա ես ալ ըմ լի գյուղի մարդ»: Մենք բոլորս ծիծաղում ենք, հետո տատը լրջանում է` ձեռքով մաքրում է ճակատը, հոգոց հանում:

Սեդա Առաքելյանը 74 տարեկան է: Քարին Տակում է ծնվել, ամուսնացել է քարինտակցի Ալեքսանդր Առաքելյանի հետ: «Աղջկական ազգանունս Առուշանյան ա, փոխալ ըմ մարդու քինալուց հետո»,- նշում է նա: Ընտանիքում 8 երեխա էին` 6 աղջիկ, 2 տղա: 5-րդ դասարան էլ չկար, տատի խոսքերով, հայրն իրեն տանում էր կոլխոզ, ծխախոտ էին հավաքում: 4 տարի աշխատել է այդտեղ, բայց անունը չէին գրել աշխատողների ցուցակում, որովհետև անչափահաս էր: Հայրն էր ստանում նրա աշխատավարձը: «Շատ տիժեր ընք ապրալ, բալա»,- ասում է նա:

Ինքն էլ 5 երեխա է ունեցել, մեկը վաղ է մահացել, երկուսին` որդուն և աղջկան, կորցրել է պատերազմի ժամանակ: «Մհենգ, իսկի՞ քանեսը մնաց. 2 խոխա` տղաս պատերազմի մասնակից էր, 2-րդ կարգի հաշմանդամ, աղջիկն ալ ամուսնացած ա»,- ասում է ու նայում սպասքապահարանին դրված լուսանկարներին:

Ասում է` գյուղը հերոսական է, բայց «խոխոց» արյան հաշվին է եղել: Երբ դեռ չէին հասկացել, որ պատերազմն սկսվել է, ադրբեջանական հեռուստաալիքները այնպիսի ռեպորտաժներ էին պատրաստում, որ իբր քարինտակցիները քարեր են նետում վերև, իրենց խփում: Սեդա տատն այս մտքից ծիծաղում է, ասում է` գյուղի դիրքը տեսնողն էլ կծիծաղի, իրենք ո՞նց կարող էին քարեր նետել այդքան բարձր:

Գյուղը 3-4 ամիս պայքարել է, հաղթել է: Տատն այդպես է ձևակերպում: Իրենք չեն լքել գյուղը, մինչև վերջ մնացել են: Հիշում է, որ ադրբեջանցիները վերևից ինչ ասես նետում էին իրենց կողմ` վառվող անվադողեր, գազի բալոններ:

«Քշերը օսիս երկու ավտոմատըմ քցալ, վընըպեպեկ հասալըմ կյումերը: Կնանիք ասին` բաբո, հունցըս հասալ»,- ասում է տատը: Մի անգամ էլ, հիշում է, ամուսինը գնացել էր հարևանի բակից ջուր բերելու, ինքը պատշգամբ էր դուրս եկել, խնդրել, որ չգնա: Այդ պահին գնդակն անցել էր ականջի կողքով ու վնասել: Ասում է` տանը կարպետ էր գցել, Հայաստանից օգնություն բերած 26 մարդու տեղ տվել: Նրանցից մեկն էլ վառարանի մոտից վերցրել էր տղաների դեռևս թաց գուլպաները, փաթաթել, դրել տատի ականջին:

«Շատ փիս օրերըմ քաշալ, վեչ մեկին պեն չըմ ասալ»,- զրույցում հաճախ է շեշտում տատը: Ասում է` ամեն դժվարություն տարել է` բացի երեխաների կորստի ցավից: «Ստի դարդոտած, չըլխացած նստած ըմ սաղ օրը»,- նայում է դեպի դուռը:

Սեդա տատի աղջկան` Նարինե Առաքելյանին, գյուղում Նանո էին անվանում: Մինչ օրս այդպես էլ ճանաչում են: Պատերազմի տարիներին Նանոն 15 տարեկան էր: Տղերքի համար փամփուշտ, ճաշ, հաց էր տանում: «9-րդ դասարանը կըրթելիս լա: Ասում ընք լա` գյուլեքի տակավ քինել մա, լսում չի լա»,- նշում է Սեդա Առաքելյանը: 1992 թ. հունվարի 26-ին մոր աչքի առաջ է զոհվել Նանոն: Շան` Չալիկի հետ «պոստեր» պիտի բարձրանային, տղերքը փամփուշտ էին խնդրել:

«Աղջկաս աչքիս առաջ սնայպերով խփել, վերըն քըցալ, ոնց որ եղնիկ սպանեին: Գյուլլեքի բորան էր, ասալ ըմ` տուս մա կյա տանան, լսալ չի, թա չէ` պոստերան պատրոն ըն օզալ»,- ասում է տատը ու նայում գետնին:

Որդին` Գարիկ Առաքելյանը, մինչ պատերազմը գյուղում ցերեկը տրակտորով էր աշխատում, երեկոյան էլ` վարսավիրություն անում: Երկու անգամ վիրավորվել էր, երկրորդ անգամ` մոտ 3 ամիս, բուժվել հիվանդանոցում, ձեռքից էր վիրավորել: «Մհենգ մտածում եմ` ձեռքը կտրվեր, որ չգնար, հիմա կարող ա սաղ լիներ»,- ասում է Սեդա տատն ու լռում: Գարիկին պատերազմի տարիներին «Ջումբալա» էին անվանում: Մայրն ասում է` լավ երգում էր, երևի դրա համար: Գարիկը զոհվել է 1994-ի հունվարի 8-ին: 92-ի այդ նույն օրը զոհվել էր նաև Սեդա տատի եղբայրը, որը 6 երեխա ուներ:

«Եկավ, բանյա արեց, դուրս եկավ, խաչը տվեց ինձ, ասաց` մամա, գիդվյալ չի, էս երկալ, աստղերին հաշիվ ունի, գյուլլեքին հաշիվ չունի: Մհենգ մտածում եմ` գուցե էդ խաչը տված չլիներ, հետ կգար: Էն գնալն էր, որ գնաց»,- ասում է տատը: Նրա աչքերից արցունքի կաթիլներն ընկնում են կնճիռների մեջ: Տատը մաքրում է աչքերը, նորից հոգոց է հանում:

Ասում է` ամուսինը «թվանքով» էր կռվում, մականունն էլ «Տկլոր» էր: Երբ գիշերը տղաները գալիս էին դեպի բակ, կանչում էին «Տկլոր», որ իմանային` մերոնցից են եկողները: «Ամուսինս ինձ ասում լա` տու կարում ես լաց ինիս, ես` չէ: Խոխոցը զոհվելան ետը իրեսը վեր չի ըրալ, ցավին չդիմացավ ինքը»,- նշում է տատը: Հիշողությունները տակնուվրա են եղել:

Տատն ասում է` կռվի տարիներին գյուղացիներով ցորեն էին տանում հարևան գյուղը` Չանախչի, այնտեղ ջրաղաց կար, աղում էին, հետո բերում, ամբարում գյուղում: Հատկապես ձմռանն էր դժվար. մեքենաները գրեթե չէին գալիս գյուղ: Հետո հիշում է իրենց Չալիկ շանը: Դիրքերից հաճախ տղերքը ծխախոտի թղթի վրա գրում էին, թե ինչ է պետք, դնում շան բերանին, ուղարկում դեպի տուն: Մի անգամ էլ «Պրիմա» ծխախոտ էին ուզել: Տատն ասում է` թանկ-էժան չէին նայում, գնել էր երկու տուփ, կապել շան վզին, ուղարկել: Չալիկը սատկեց պատերազմից տարիներ անց:

Պատերազմի տարիներին գյուղում շատ տներ այրվեցին: «Թող սաղ տներս վառվեին, մենակ թե խոխեքս ողջ լինեին: Տոնն ամալ ա կյամ, խոխան ամալ չի կյամ»,- ավելացնում է տատը, հետո նայում դեպի սպասքապահարանը: Քիչ անց մեզ խնդրում է դրա վերևից վերցնել շքանշանները: Մոխրամանի մեջ մի բուռ մեդալ կա` փոշու հաստ շերտով, միայն այդ փոշին մաքրելուց հետո կարողանում ենք տեսնել, թե ինչ մեդալներ են`«Մայրական երախտագիտության» 2 մեդալ, ԼՂՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», «Շուշիի ազատագրման» մեդալ: Մեդալները տալիս ենք տատին: Վերցնում է, պահում ձեռքի ափի մեջ ու հարցնում, թե եթե իր երեխաները չկան, ինչի՞ն են պետք դրանք: Իսկ մեդալները միշտ դրված են լուսանկարների կողքին: Ասում է` դրանք նրանց մեդալներն են, իրենը չեն:

Ես անջատում եմ ձայնագրիչը, բայց մեր զրույցը դեռ շարունակվում է: Հրադադարից 21 տարի անց տատն իրեն նույն հարցն է տալիս, թե ինչի մի «գյուլլա» էլ իրեն չկպավ, որ մեռնի: «Դարդոտած նստած ըմ սաղ վախտ: Միշտ ասում ըմ` հացավ կապրինք, մինակ թա խաղաղություն ինի»,- ասում է ու նայում դեպի լուսանկարները:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter