HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր». Նոր բացահայտումներ

Գոհար Ջրբաշյան

Մաս 1

Առանց սինթետիկ ֆոլաթթվի պատշաճ կլինիկական փորձարկում իրականացնելու, ԱՄՆ Պարենի և դեղերի վարչությունը (ՊԴՎ) պարտադրել է (1998թ.) Միացյալ Նահանգներում ալյուրից պատրաստված սննդամթերքը հարստացնել ֆոլաթթվով (պտերիլգլուտամիկ թթու, pteroylglutamic acid), մի նյութ, որը բնամթերքի մեջ չկա: Փաստարկն այն էր, որ վաղ հղիության շրջանում ընդունած ֆոլաթթուն կարող է զգալիորեն նվազեցնել նյարդային խողովակի արատները (ՆԽԱ) նորածինների մոտ ( 1 ):

Ալյուրի ֆոլաթթվով պարտադիր հարստացման համաշխարհային պրակտիկայում առավելագույնը հնարավոր է եղել «կանխել» ՆԽԱ դեպքերի 50%: Չակերտների օգտագործումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այլուրի պարտադիր հարստացում իրականացնող երկրներում ՆԽԱ տարածվածության կրճատումը բացառապես ալյուրի հարստացմանը վերագրելու համար պատշաճ կլինիկական հետազոտություններ չկան և չեն էլ կարող լինել: Բանն այն է, որ այլուրի պարտադիր հարստացում իրականացման դեպքում ֆոլաթթվի հետևանքների ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխանող որևէ հետազոտություն հնարավոր չէ անել, այն պարզ պատճառով, որ համեմատելու համար հսկիչ խումբ հնարավոր չէ գտնել:

Առավելագույնը, որ հնարավոր է անել, դա պարտադիր հարստացումից առաջ և հետո ՆԽԱ տարածվածության ցուցանիշերի համեմատությունն է, ինչը կամայական բուժական/կանխարգելման արդյունավետության վարկածի հավաստիությունը շատ խոցելի է դարձնում: Այնուամենայնիվ, տարբեր երկրներում ֆոլաթթվով ալյուրի պարտադիր հարստացումից հետո ՆԽԱ-ն պակասել է առավելագույնը 40-50%-ով: Այսինքն` Հայաստանում տարեկան մոտ 80 դեպքից լավագույն դեպքում հնարավոր կլինի «կանխել» ՆԽԱ-ի ամենաշատը 30-40 դեպքը: Եթե հաշվի առնենք, որ սննդի հարստացումից հետո ԱՄՆ-ում ՆԽԱ ցուցանիշը կրճատվել է մոտ 30%-ով (այն էլ հիմնականում կամավոր հարստացման ժամանակ և գլխավորապես հիսպանիկների շրջանում), ապա շատ ավելի իրատեսական է, որ Հայաստանում գուցե հնարավոր լինի հասնել ՆԽԱ նվազման ոչ ավելի քան տարեկան 25-30 դեպք: Այս իրավիճակում, Հայաստանում յուրաքանչյուր «կանխված» ՆԽԱ դիմաց սինթետիկ ֆոլաթթվի ազդեցությանն է ենթարկվելու գրեթե 75000-120000 մարդ: Հիշեցնենք, որ ֆոլաթթուն ինչպես նաև երկաթ պարունակող համակցություններն ու ցիանոկոբալամինը (վիտամին B12) Հայաստանի հիմնական դեղերի ցանկում գրանցված են որպես հակասակավարյունության դեղեր՝ 64 համարի տակ 2 ):

Բնական ֆոլատի նյութափոխանակությունից տարբերվող փուլեր անցնելուց հետո, այնուամենայնիվ, սինթետիկ ֆոլաթթուն ձևափոխվում է մարմնի համար պիտանի տեսակի ֆոլատի և օգտագործվում մարմնի կողմից: Դրա, էժանության, ինչպես նաև կայուն միացություն (ֆոլաթթուն լիովին օքսիդացած է ի տարբերություն հակաօքսիդանտ բնական ֆոլատի) լինելու շնորհիվ, ֆոլաթթուն օգտագործվում է սննդի հարստացման համար, ինչպես նաև սննդային հավելումներում: Սակայն, բազմաթիվ հետազոտություններով պարզվել է ֆոլաթթվի նույնիսկ առավելագույն անվտանգ չափաբաժնից (1000մկգ) ցածր քանակով ընդունելու բացասական հետևանքները: Հայտնի է, որ օրական շեմային 200մկգ-ից ավել ընդունած ֆոլաթթվի չմետաբոլացված մասը հայտնվում է արյան շրջանառության համակարգում և ֆոլաթթվի կանոնավոր սպառումը հանգեցում է կուտակային ազդեցության: Լյարդի միջինից ցածր գործունեություն ունեցողների մոտ չմետաբոլացված ֆոլաթթվի արյան շրջանառության մեջ հայտնվելու շեմը միջին 200մկգ-ից ցածր կլինի: Այնպես, որ ինչ-որ ժամանակ անց մարդու օրգանիզմում կարող է հայտնվել այնքան չմետաբոլացված ֆոլաթթու, որը համարժեք կլինի շատ բարձր չափաբաժնով ընդունած ֆոլաթթվի հետևանքով կուտակվածին: Փաստն այն է, որ ԱՄՆ-ում պարտադիր հարստացման մեկնարկից 17 տարի անց իրավիճակը հենց այդպիսին է՝ արյան շիճուկի մեջ չմետաբոլացված ֆոլաթթվի միջին քանակը 2,5 անգամ ավելի է քան նախքան հարստացումը, ճիշտ նույն հարաբերակցությունն է, ինչ 10 անգամ հանձնարարելի օրական չափաբաժինը գերազանցող քանակն ընդունածների մոտ: Նշենք, որ ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության Սննդային հավելումների գրասենյակի պատասխանատուներն ընդունում են, որ «քիչ բան է հայտնի ֆոլաթթվի բարձր չափաքանակների երեխաների վրա ունեցած երկարաժամկետ հետևանքների մասին»: Մեծ Բրիտանիայի «Առողջապահության, սոցիալական ծառայությունների և հանրային անվտանգության դեպարտամենտը» ևս համոզված է, որ «չմետաբոլացված ֆոլաթթվի երկարաժամկետ կենսաբանական ազդեցությունները մարդկանց վրա անհայտ են»: Ավելին, կան բազմաթիվ առողջական վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է ֆոլաթթվի և/կամ երկաթի ընդունումը:

Անվտանգության կապակցությամբ ունեցած մտահոգություններն էին պատճառը, որ Դանիան դադարեցրեց երկաթի միացությամբ ալյուրի հարստացումը 1987թ. ( 3 , 4 ), իսկ Շվեդիան՝ 1994թ. ( 5 ): Ողջ Եվրոպայում ալյուրը ֆոլաթթվով և երկաթով պարտադիր հարստացնում են միայն Մոլդովան և Կոսովոն, իսկ բազմամյա քննարկումներից և հետազոտություններից հետո Մեծ Բրիտանիան մինչ օրս ֆոլաթթվով չի հարստացնում ալյուրը ( 6 ): Հատկանշական է նաև, որ ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու ծրագիրը երկարամյա քննարկումներից հետո այդպես էլ չընդունվեց և Իռլանդիայում և Նոր Զելանդիայում: Ի դեպ, Նոր Զելանդիայում այն չընդունվեց հացթուխների բողոքի արշավներից հետո: ԶԼՄ-ները բազմաթիվ մտահոգություններ էին բարձրացրել ֆոլաթթվով ալյուրի հարստացման անվտանգության կապակցությամբ: Որպես հետևանք, ծրագիրը սառեցվեց ու մինչ օրս չեն վերսկսում այդ հարցի քննարկումները ( 7 , 8 , 9 ):

Այն զարգացած երկրներում, որտեղ ալյուրը պարտադիր հարստացնում են, գործում են հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանն ուղղված համընդգրկուն սքրինինգային լուրջ ծրագրեր, որոնց միջոցով մշտական մոնիտորինգ է իրականացվում հիվանդությունների վաղ հայտնաբերման և ալյուրի պարտադիր հարստացման հնարավոր բացասական ազդեցությունները նվազեցնելու համար: Դա վերաբերվում է նաև քաղցկեղին, որը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում, կարելի է ասել, բուժելի է: Սակայն, դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի նման զարգացած երկրում հղիության արհեստական ընդհատման պատճառը պարտավոր չեն նշել և թե արդյոք 2011թ. իրականացված 1,1 մլն աբորտներից (կամ բոլոր հղիությունների 16.9%-ը) քանի՞սն էին պայմանավորված ՆԽԱ-ով և արդյո՞ք այդպիսիք հաշվառվել են ՆԽԱ վիճակագրության մեջ, հայտնի չէ 10 ): Նշենք, որ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համապատասխան կառույցներն ընդունում են, որ նաև այդ պատճառով չեն կարողանում ՆԽԱ լիարժեք հաշվառում իրականացնել: Այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է պնդել թե ՆԽԱ ցուցանիշները կրճատվել են ինչ-որ կոնկրետ տոկոսով:

2008 թ.-ին, Եվրոպական «Սննդի անվտանգության գործակալության» (European Food Safety Authority - EFSA) աշխատանքային խումբը գնահատելով թե արդյո՞ք ֆոլաթթուն կարող է պատճառել քաղցկեղ, հատկապես կոլոռեկտալ քաղցկեղ, եզրակացրել է. «ներկայումս բավարար տվյալներ չկան հիմնավորելու այդ կապը, սակայն չկան նաև այդ ռիսկը վստահորեն բացառելու ապացույցները»: Զեկույցը նշում է, որ քիչ երկրներ ունեն ազգային համակարգեր ՆԽԱ բոլոր հղիությունները, այդ թվում ընդհատվածները հաշվառելու համար: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել ՆԽԱ արձանագրումը բարելավելու համար, որպեսզի ՆԽԱ տուժած հղիությունների տվյալները հուսալի լինեն: Քաղցկեղի ռիսկի հետ կապված անորոշություններն ընդգծում են մոնիտորինգի համակարգերի ստեղծման կարևորությունը՝ գնահատելու համար ֆոլաթթվի (հարստացված սննդից և հավելումներից) ընդունումը, ֆոլատի կարգավիճակը, և քաղցկեղի դեպքերը: Բացի այդ, կարևոր է նաև ունենալ հուսալի մոնիտորինգի համակարգեր ՆԽԱ-ների համար: Նաև շատ կարևոր է տարբերակել տարբեր աղբյուրներից ստացվող ֆոլաթթուն՝ հարստացված սննդից և հավելումներից, քանի որ ֆարմակոկինետիկան (pharmacokinetics) կարող է տարբերվել կախված կիրառման ձևից և դեղաչափից ( 12 ):

Ալյուրի պարտադիր հարստացման դեպքում վտանգի տակ են հայտնվելու առողջական տարբեր խնդիրներ, հատկապես քաղցկեղ ունեցողները: Հայաստանում, 2013թ.-ին կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված (չարորակ) նորագոյացություններով հիվանդների թիվը մինչև 15 տարեկան երեխաների շրջանում եղել է (48) 380 և 15-ից բարձր տարիքի անձանց շրջանում (7911) 9663 նոր դեպք: Տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը եղել է 36660 ( 13 , էջեր՝ 30, 34, 94): Մտածելն անգամ սարսափելի է, թե ինչ վտանգավոր վիճակում կհայտնվեն տարեկան այդ ավելի քան 10000 հոգուց մի քանի հարյուրը` միայն այն պատճառով, որ նրանց մարմնում արդեն առաջացած քաղցկեղի շատ արագ տեմպերով աճը դրդող չմետաբոլացված ֆոլաթթու կլինի: Իսկ գուցե և մի քանի հազա՞րը… Որևէ մեկը կարո՞ղ է վստահաբար պնդել, թե դա չի կարող լինել: Երեխաները և տարեցներն առանձնակի ռիսկի կենթարկվեն, քանի որ եթե առաջին դեպքում միավոր քաշի դիմաց երեխաները շատ են ուտում և, հատկապես, հացաբուլկեղեն, ապա ծերերի պարագայում հացը նրանցից շատերի հիմնական սնունդն է, ինչ արդյունքում էլ ավելի մեծ քանակով չմետաբոլացված ֆոլաթթու է հայտնվելու նրանց արյան մեջ: Այս մտահոգությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ քաղցկեղն ինկուբացիոն շրջան ունի և բավական երկար ժամանակ կլինիկորեն չի արտահայտվում: Երկրորդ, սկրինինգային համընդգրկուն ծրագրեր Հայաստանում չկան, դրանք վաղ նախաքաղցկեղային շրջանում հայտնաբերելու համար, և, ցավալիորեն, որպես կանոն Հայաստանում բժշկական հետազոտությունների չեն գնում մինչև «դանակը ոսկորին չհասնի»: Այնինչ, ֆոլաթթուն նպաստում է արդեն առաջացած ուռուցքների արագ աճին:

Բնական ֆոլատների և սինթետիկ ֆոլաթթվի տարբերությունների, ֆոլաթթվի վնասների, և բնական ֆոլատներով հարուստ բնամթերքների մասին մանրամասներ ներկայացվել է «Հետքի» (փետրվարի 23, 24, 27, 2015թ.) «Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր» հոդվածում ( 14 ), որի լույս տեսնելուց հետո արված բացահայտումների մի ծաղկաքաղ ներկայացնում ենք սեփական և իր հարազատների առողջությամբ մտահոգ ընթերցողի ուշադրությանը:

Սինթետիկ ֆոլաթթվի մոլեկուլները ֆոլատի մետաբոլիկ շղթայում «մրցակցային առավելություն» ունեն

Ֆոլաթթուն լիովին սինթետիկ նյութ է, արդյոք որևէ վնաս չի՞ տալիս առողջությանը: Եկեք դիտարկենք մի բաղադրյալ նյութ, որը հայտնի մարդասպան է. ածխածնի օքսիդը (Carbon Monoxide): Ածխածնի օքսիդը սպանում է, քանի որ այն առաջնահերթ (preferentially) է միավորվում հեմոգլոբինի հետ՝ 210 անգամ ավելի ուժեղ, քան թթվածինը ( 15 ): Սա նշանակում է, որ ածխածնի օքսիդի առկայության դեպքում ձեր հեմոգլոբինը չի կարող ամուր միանալ թթվածին: Որքան բարձր է ածխածնի օքսիդի խտությունը, այնքան պակաս թթվածին է կապում հեմոգլոբինը՝ առաջացնելով թթվածնի դեֆիցիտ և բջիջների մահ:

Արդյո՞ք ֆոլաթթուն նույն բանն է անում: Այո, եթե դուք ուսումնասիրեք, թե ինչպես է ֆոլաթթուն միավորվում մարդու մարմնի ֆոլատ կապող (միացություն կազմող) սպիտակուցների (որոնք իրականացնում են ֆոլատի շրջապտույտը մարդու մարմնում և կրծքի կաթում) և ֆոլատի ռեցեպտորների հետ (folate receptors – որոնք քաշում են ֆոլատը դեպի բջջի ներսը և դուրս մղում այն արյան մեջ): Ֆոլաթթուն ևս առաջնահերթ է միանում ֆոլատ կապող սպիտակուցների և ֆոլատի ռեցեպտորների հետ: Սա նշանակում է, որ մարմնի ֆոլատին միացող սպիտակուցները և ֆոլատի ռեցեպտորները, որոնք նախատեսված են բնական ֆոլատի հետ միանալու համար, ավելի հավանական է, որ միանան սինթետիկ ֆոլաթթին: Ի՞նչ է տեղի ունենում արյան մեջ շրջանառող ֆոլաթթվի հետ: Ֆոլաթթուն, ի վերջո, ձևափոխվում է ֆոլատի, բայց դա շատ երկար է տևում, և կախված է այլ սնուցիչների առկայությունից ու հասանելիությունից և պատշաճ գործող ֆոլատ ձևափոխող (դիհիդրոֆոլատ ռեդուկտազի, Dihydrofolate reductase - DHFR) ֆերմենտների ակտիվության աստիճանից: Խնդիրն այն է, որ մինչ ֆոլաթթուն շրջանառում է, այն միանում է ֆոլատ կապող սպիտակուցների և ֆոլատ ռեցեպտորների հետ, այդպիսով նվազեցնելով ակտիվ բնական ֆոլատի հնարավորությունը ( 16 ):

«Սնուցման տարեկան տեսություն» (Annual Review of Nutrition) ամսագիրը 1990թ. հրապարակել է մի հոդված որը նշում է. «ֆոլատներ կապող ամուր կապակցության (high-affinity) սպիտակուցների մի մեծ խումբ, գերադասորեն և ավելի ամուր կապով միանում են ֆոլաթթվի հետ ի համեմատ ձևափոխված ֆոլատների (reduced folates – ֆոլաթթվի ձևափոխումից ստացված օգտագործելի տեսակների ֆոլատներ): Ամուր կապեր ստեղծող լուծվող սպիտակուցների տարատեսակները առկա են շիճուկի և կրծքի կաթի մեջ: Ֆոլատ կապող սպիտակուցները ծառայում են ձևափոխված ֆոլատների միացությունները կաթի մեջ կուտակելուն և կայունացնելուն: Նրանք կարող են նաև հեշտացնել ֆոլատների կլանումը նորածինների աղիքային լորձաթաղանթի (mucosa) կողմից: Եթե ֆոլատի հետ ամուր կապեր/միացություններ ստեղծող սպիտակուցները միավորված են սինթետիկ և ոչ ակտիվ ֆոլաթթվին, դրանից ի՞նչ օգուտ կա զարգացող երեխայի համար: Իրականում, սա նշանակում է, որ կարող է վնաս լինել, քանի որ ԴՆԹ արտադրելու, մեթիլացիան հավասարակշռելու և երեխայի նյարդային համակարգի զարգացմանը աջակցելու համար ձևափոխված ֆոլատներ են անհրաժեշտ: Այնինչ երեխան չի ստանում դրանք, քանի որ ֆոլատ կապող սպիտակուցներին ֆոլատների փոխարեն առաջնահերթորեն միացած են ֆոլաթթվի մոլեկուլների հետ, որոնք վնասում են երեխայի աղիների նուրբ և գերզգայուն լորձաթաղանթը: Սա նվազագույնը երեխայի մոտ դրդելու է թուլացած աղիքային համակարգ, որի պատճառով սննդային ալերգիաները միանշանակ աճելու են ( 17 ): Հատուկ ընդգծենք, որ սինթետիկ ֆոլաթթվի ջրում վատ լուծվող, լիովին օքսիդացած մոլեկուլները բյուրեղային կառուցվածք ունեն ( 18 ), ինչն ինքնին լորձաթաղանթի վնասման դրդիչ է: Նույն պրոցեսներն ընթանում են բոլորի մոտ, անկախ տարիքից, քանի, որ մարդու բջիջներն անընդհատ թարմանում, վերարտադրվում են:

Այսպիսով, սինթետիկ ֆոլաթթվի մոլեկուլներն ունենում են «մրցակցային առավելություն» ֆոլատ ռեցեպտորների, տեղափոխողների, տետրահիդրոֆոլատ ռեդուկտազ ֆերմենտի մոլեկուլների հետ միավորվելու և նյութափոխանակության բոլոր փուլերին մասնակցելու համար, արգելակելով բնական ֆոլատների մասնակցությունն այդ ցիկլերին (նկար 1): Բջիջների մեծ մասը ստանում է անհրաժեշտ ֆոլատը անիոնային ուղով, որը կոչվում է ձևափոխված ֆոլատ կրող (reduced folate carrier), որը թույլ կապակցություն ունի ֆոլատի հետ: Այսպիսով, նորմալ բջիջների մեջ գոյություն ունեն շատ քիչ կամ բոլորովին չարտահայտված

ֆոլատի ռեցեպտորներ: Փոխարենը, այն բջիջները, որոնք ունեն շատ ֆոլատի անհրաժեշտություն, օրինակ, քաղցկեղային բջիջները կամ սաղմի բջիջները, ֆոլատ ռեցեպտորների հետ ուժեղ կապ ունեն ( 19 , 20 ): Այսպիսով, ֆոլատ ռեցեպտորները մեծամասամբ արտահատված են քաղցկեղային բջիջներում և ֆոլաթթուն նախապատվորեն զավթում, գրավում է ֆոլատ ռեցեպտորների մարմնի ռեսուրսները, զրկելով բնական ֆոլատին նորմալ բջջային գործընթացներին մասնակցելու հնարավորությունից:

Չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը կրծքի կաթի մեջ և նորածնի պորտալարի արյան շիճուկում

Չմետաբոլացված ֆոլաթթուն հայտնվում է ոչ միայն մոր արյան պլազմայում այլև, ինչպես պարզվում է կրծքի կաթի մեջ, ինչպես նաև նորածնի պորտալարի արյան շիճուկում:

Հետազոտվել է չմետաբոլացված ֆոլաթթվի առկայությունը հասուն և վաղաժամ ծնված նորածինների պորտալարի շիճուկում: Ծննդյան օրը չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է բոլոր (n=11) նորածինների մոտ: Կրկնակի հետզոտության համար հաջորդ անգամ շիճուկի նմուշ (n=9) վերցվել է 4 օր անց կաթնային խառնուրդով սնված երեխաներից: Բացի այն, որ չմետաբոլացված ֆոլաթթու առկա է եղել յոթ նորածինների շիճուկում, նրանցից վեցի մոտ դրա քանակն ավելացել էր: Հեղինակները եզրակացնում են, որ Իռլանդիայում, որտեղ պարտադիր հարստացում չի իրականացվում, նորածինները ծննդյան պահին հնարավոր է, որ ունենան չմետաբոլացված ֆոլաթթու (մայրերի ֆոլաթթվի համլրումների կամ կամավոր հարստացված սննդի պատճառով): Նորածինները ենթարկվել են չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցությանը նաև արհեստական կաթնային խառնուրդով (որոնք հարստացվում են տարբեր վիտամիններով, ներառյալ ֆոլաթթու, և հանքանյութերով) կերակրման արդյունքում: Հեղինակները եզրափակում են՝ չիմանալով հանդերձ, թե արդյոք պորտալարում առկա ֆոլաթթուն բացասական հետևանքներ կարող է ունենալ թե ոչ, անվտանգության նկատառումներից ելնելով կարելի է եզրահանգել, որ ինչքան երկար տևի չմետաբոլացված ֆոլաթթվի ազդեցությունը, այնքան ավելի մեծ է պոտենցիալ վնասի ռիսկը ( 21 ):

Կանադայում, որտեղ սննդամթերքի պարտադիր հարստացում է կիրառվում, կրծքով կերակրող 69 կնոջ պատահականորեն նշանակվել է 6 [S]-5-methylTHF (416մկգ/օր) կամ պլացեբո կամ ֆոլաթթու (400մկգ/օր) հետծննդաբերական 1-ին շաբաթվա ընթացքում: Կրծքի կաթի ընդհանուր ֆոլատի, ֆոլատ կապող սպիտակուցի (ՖԿՍ), և չմետաբոլացված ֆոլաթթվի կոնցենտրացիաները չափվել են փորձարկման սկզբում և 16-րդ շաբաթվա ընթացքում: Չմետաբոլացված ֆոլաթթու հայտնաբերվել է ուսումնասիրված կաթի նմուշների 96%-ում՝ ներկայացնելով կաթի ընդհանուր ֆոլատի կոնցենտրացիայի ≈8%: Կաթի մեջ ընդհանուր ֆոլատի և ֆոլատ կապող սպիտակուցի մակարդակները, չմետաբոլացված ֆոլաթթվի մասնաբաժինը շատ չէին տարբերվում ըստ խմբերի: Սակայն, ՖԿՍ խտությունը զգալի պակաս էր, քան սննդի պարտադիր հարստացումից առաջ էր գրանցվել: Այսպիսով, սինթետիկ ֆոլաթթվի ընդունումը հանգեցրել է չմետաբոլացված ֆոլաթթվի հայտնվելուն մայրական կաթի մեջ, և ֆոլատ կապող սպիտակուցների սինթեզի նշանակալի նվազմանը 22 ): Այսպիով, ավելցուկ ֆոլաթթուն չմետաբոլացված վիճակում ուժեղ կապով առաջնահերթորեն միավորվում է ֆոլատ կապող սպիտակուցների հետ, որի պատճառով ձևափոխված ֆոլատի մոլեկուլները դուրս են մնում մետաբոլիկ ցիկլից: Եթե երեխան չի ստանում անհրաժեշտ քանակով ֆոլատներ, ապա նրա մոտ վնասվում են բջիջների մեթիլացիան և ԴՆԹ արտադրությունը: Այս իրավիճակում, բնավ զարմանալի չէ, որ սննդային ալերգիաները, նյարդաբանական խանգարումներն ու մտավոր/հուզական խնդիրներն սրընթաց վերելք են ապրում հատկապես սննդային հավելումներ շատ օգտագործող երկրներում: Դժվար է առողջ երեխա ունենալ իրենց մարմնում օգտակար ֆոլատի նվազ քանակությամբ և շեղված մեթիլացիայով:

Ֆոլաթթվի նույնիսկ ցածր դեղաչափերով կանոնավոր ընդունելը երկարաժամկետում համարժեք է բարձր դեղաչափերով այն ընդունելուն

Ֆոլաթթվի շատ սպառման հնարավոր բացասական հետևանքները դրդել են շատ հետազոտողների ուսումնասիրել դրա ազդեցությունը առողջության վրա: Օրինակ. կենդանիների փորձարկումը ցույց է տվել, որ հղիություն կորուստները և սրտի արատները ավելի տարածված են հանձնարարելի օրական չափաբաժինը (ՀՕՉ, Recommended Dietary Allowance - RDA) 10-անգամ գերազանցող քանակով (10 × ՀՕՉ) ֆոլաթթու ստացած մկների մոտ: Ընդ, որում նրանց մոտ շիճուկի ֆոլատը ≈2.5 անգամ ավելի բարձր է եղել, քան ՀՕՉ սնված մկների մոտ է ( 23 ): Չնայած մկների հետազոտության արդյունքները չի կարելի ուղղակիորեն տարածել մարդկանց վրա, սակայն այս կարգի հետազոտություններն ընդգծում են լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտությունը և հնարավոր ուղղությունները, հաշվի առնելով ֆոլաթթվի աճող սպառումը տարբեր երկրների մեծաթիվ բնակչության կողմից:

Ֆոլաթթվի ազդեցությունը ֆոլաթթվի նյութափոխանակության առաջնային օրգան լյարդի վրա հիմնականում անհայտ է: Կլինիկական սնուցման ամերիկյան ամսագրում (American Journal of Clinical Nutrition) 2015թ. մարտին տպագրված «Ֆոլաթթվի մեծ քանակով սպառումը մկների մոտ հանգեցնում է MTHFR-ի կեղծ դեֆիցիտի, լիպիդային նյութափոխանակության փոխոխման և լյարդի վնասվածքի» հոդվածում հեղինակներն առաջարկում են, որ ֆոլաթթվի բարձր (10 × ՀՕՉ) սպառումը նվազեցնում է MTHFR սպիտակուցի և դրա գործունեության, այսինքն մեթիլացիայի մակարդակները` ստեղծելով MTHFR կեղծ դեֆիցիտ: Այս դեֆիցիտը հանգեցնում է հեպատոցիտի (լյարդի բջիջներ, hepatocytes) վնասվածքների, քանի որ մուտացիայի ենթարկված հեպատոցիտները չեն կարողանում հարմարվել լիպիդային խաթարումներին ու բջջաթաղանթի ամբողջականության փոխոխմանը, որոնք առաջանում են ֆոսֆոլիպիդ-լիպիդային նյութափոխանակության փոփոխությունների հետևանքով: Այս նախնական արդյունքները կարող են ունենալ կլինիկական հետևանքներ բարձր դոզաներով ֆոլաթթու սպառող անձանց համար, մասնավորապես նրանց, ովքեր MTHFR պակաս ունեն, քանի որ սննդակարգ-գենոտիպ փոխազդեցությունը հայտնի է որպես MTHFR C677T անհատների հիվանդության ռիսկի մոդուլյատոր: Մի կարևոր դիտարկում. ճիշտ այնպես, ինչպես մկների մոտ ֆոլաթթվի (10 × ՀՕՉ) չափաբաժինը բարձրացրել է շիճուկի ֆոլատը ≈2.5 անգամ, օրական 4000մկգ ֆոլաթթու (այսինքն 10 × ՀՕՉ) ստացած կանանց մոտ, շիճուկի ֆոլատը ևս բարձրացրել է ≈2.5 անգամ, ի համեմատ 400մկգ/օր (ՀՕՉ) ընդունածների: Շիճուկի ֆոլատի միջին հաշվով ≈2.5 անգամ աճ գրանցվել է նաև ԱՄՆ բնակչության մոտ պայմանավորված 1998թ. սկսված սննդի պարտադիր հարստացմամբ և վիտամինային հավելումներով (1999–2010թթ. ի համեմատ 1988–1994թթ.) ( 24 , 25 ): Այսպիսով, նախ՝ ֆոլաթթվի հանձնարարելի օրական չափաբաժինը 10 անգամ գերազանցող քանակ ընդունելու արդյունքում շիճուկի ֆոլատը ≈2.5 անգամ աճում է: Շիճուկի ֆոլատի ≈2.5 անգամ աճ գրանցվել է նաև ԱՄՆ-ում սննդի հարստացման հետևանքով: Այսինքն, ֆոլաթթվի նույնիսկ ցածր դեղաչափերով երկարատև ընդունելը երկարաժամկետում համարժեք է բարձր գերդեղաչափերով այն ընդունելուն՝ համապատասխան հետևանքներով: Տեղին է նշել, որ Հայաստանում շատ հղիների նշանակվում է ոչ թե 10 × ՀՕՉ, այլ 5000մկգ ֆոլաթթու՝ առանց հստակ անհրաժեշտության: Նրանց և իրենց երեխաների առողջության հետագա ուսումնասիրությունը որևէ մեկը կատարե՞լ է: 

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter