HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժումը համակարգող նոր խումբը պնդում է նախկին պահանջները

«Հետքի» խմբագրությունը Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի էլեկտրոնային հասցեից ստացել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ​պայքարի մասնակիցների ընդունած հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Արդեն 13-րդ օրն է, ինչ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի է ունենում համաժողովրդական ընդվզում։ Ժողովրդի բողոքը ընթանում է ինքնակառավարմամբ՝ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավական նորմերին  և ժողովրդավարական ոգուն համապատասխան։ Եվ բնականոն է, որ պայքարը տարբեր փուլերում համակարգվում է ակտիվ քաղաքացիների տարբեր խմբերի կողմից։ Հետևաբար՝ խելամիտ չէ շահարկել շարժման քաղաքականացված կամ միասնական լինել-չլինելու հարցը։

Ակնհայտ է, որ ժողովրդի պահանջները չեն բավարվել առ այսօր, հետևաբար՝ պայքարը շարունակվում է։

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դեռ անհայտ է, թե թանկացվելիք 6.93 դրամը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, սակայն ակնարկել է արտաբյուջետային աղբյուրների մասին։ Հիշեցնում ենք, որ շարժումը սկզբունքորեն դեմ է սակագնի բարձրացմանը, հետևաբար չի ընդունելու սակագինը թանկացնելու և ցանկացած միջոցներով փոխհատուցելու որոշումը:

Սերժ Սարգսյանը տնտեսական հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ հարկավոր է աուդիտ անցկացնել՝ կանխավ համոզմունք արտահայտելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է։ Այս պնդումն ի սկզբանե, մեղմ ասած, անվստահություն է առաջացնում։ Նաև հայտարարում է, որ այդ աուդիտորական կազմակերպությունը պետք է ժողովրդի ներկայացուցիչների հետ համատեղ որոշվի։

Շարժումը պատասխանում է, որ վստահության բացակայության պայմաններում աուդիտի թեման հետզհետե վերածվում է կեղծիքները կոծկելու, քան դրանք բացահայտելու միջոցի:

Պատկան մարմիններից ակնկալում ենք վերոնշյալ խնդիրների հստակ պարզաբանում և միաժամանակ հիշեցնում շարժման պահանջները՝

1.      Չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հակասոցիալական որոշումը

2.      Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ

3.      Վերանայել սակագինը՝  նվազեցման միտումով

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter