HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր». Մաս 4

սկիզբը

Գոհար Ջրբաշյան

Ֆոլատ համարժեքի օրական ընդունման չափաբաժնի վերանայումը D-A-CH երկրներում

2014թ. լույս տեսած «Ֆոլատի ընդունման հանձնարարականների վերանայումը D-A-CH  (Գերմանիա (Deutschland - D), Ավստրիա (Austria - A) և Շվեյցարիա (Switzerland - Confoederatio Helvetica - CH)) երկրներում. որքա՞ն է անհրաժեշտ» հոդվածը ներկայացնում է ֆոլատի «ռեֆերենս չափաքանակի» 400մկգ-ից 300մկգ նվազեցման հիմնավորումներն այդ երկրներում ( 90 ): Չափահասների համար 2000թ. «ռեֆերենս չափաքանակի» 400մկգ ֆոլատ համարժեքը հիմնված է եղել այն դիտարկման վրա, որ այդ չափաքանակի ընդունումը հանգեցնում է հոմոցիստեինի մակարդակի զգալի կրճատման և այն ակնկալիքների վրա, որ դրանով սրտանոթային հիվանդությունների ռիսկը կկրճատվի: Այդ ժամանակից ի վեր, պարզվել է, որ չնայած բնական ֆոլատով հարուստ սննդակարգի և քրոնիկ հիվանդությունների միջև առկա հակադարձ առնչության՝ ֆոլաթթվի ազդեցությունը սրտանոթային դեպքերի կանխարգելման նպատակով չի հաստատվում ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումներով, և որ ֆոլաթթու ընդունելու միջոցով պլազմայի հոմոցիստեինի մակարդակի նվազեցումը մինչև շուրջ 10-12մկմոլ/լ (μmol/l) չի նվազեցնում տրոմբոէմբոլիկ և սրտանոթային հիվանդությունների ռիսկն այն անձանց մոտ, ովքեր արդեն տուժել են այդ հիվանդություններից: Փաստացի, կանխարգելման ուղղվածությամբ միջամտությունների մի քանի խոշոր ուսումնասիրություններից որևէ մեկը (օրինակ. վերը ներկայացված NORVIT, HOPE և VISP ի թիվս այլոց) չի կարողացել ապացուցել հավելյալ ֆոլաթթվի և այլ B վիտամինների ընդունման որևէ առավելությունը սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի երկրորդային և երրորդային կանխարգելման համար: Արդյունքում, D-A-CH երկրներում «ռեֆերենս չափաբաժինը» վերանայվել է այն հիմքի վրա, որ հոմոցիստեինի ցածր կոնցենտրացիան այլևս առաջնային նպատակ չի հանդիսանում ֆոլատ համարժեքի «ռեֆերենս չափաբաժնի» հաշվարկի համար: Ապահովելու համար, որ բնակչության 97.5%-ը կհասնի ֆոլատի բավարար կարգավիճակի, D-A-CH երկրները օրական «ռեֆերենս չափաբաժինը» սահմանել են 300մկգ (նախկին 400մկգ փոխարեն) մինչև 65 տարեկան մեծահասակների համար ( 91 , 92 , 93 , 94 , 95 , 96 , 97 ): Այսինքն, նախկինում, օրական 400մկգ չափաբաժնի սահմանումը որպես «ռեֆերենս չափաքանակ» գլխավորապես հոմոցիստեինի մակարդակի իջեցման նպատակով է եղել:

Ընդունված սկզբունքների համաձայն «ռեֆերենս չափաքանակի» որոշումը պետք է ամբողջությամբ հիմնված լինի գիտական ապացույցների վրա: Հոդվածի հեղինակները նշում են. «Սակայն, շատ քիչ բան է հայտնի սնուցիչների փոխազդեցությունների և կենսակտիվ բուսական նյութերի համատեքստում սննդի դերի մասին՝ լիարժեք գիտական ապացույցներ ներկայացնելու համար: Սա չի նշանակում, որ նման տեղեկությունն անհրաժեշտ չէ, բայց ներկայումս չկան հետազոտություններ այս ուղղությամբ:» Փաստորեն, D-A-CH երկրների առաջատար մասնագետները ևս ընդունում են, որ նույնիսկ բնամթերքում առկա վիտամինների, միկրոտարրերի և ֆերմենտների, և այլ կո-ֆակտորների փոխազդեցությունը լավ ուսումնասիրված չէ: Առավել ևս ուսումնասիրված չեն հիմնականում բյուրեղային կառուցվածք ունեցող սինթետիկ սնուցիչների փոխազդեցությունները, որոնք որոշակի պայմաններում կարող են միավորվել և ստեղծել սուպրամոլեկուլային կառուցվածքներ, որոնց ազդեցությունը մարդու առողջության վրա բոլորովին ուսումնասիրված չէ: Նշենք, որ բնական ֆոլատը ջրալույծ վիտամին է և հետևաբար այն մարմնում պահուստներ չի առաջացնում: Այնինչ, ջրում ոչ այնքան լավ լուծվող ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում, և ամենօրյա սպառումը հանգեցնում է կուտակային ազդեցության: Դա են վկայում նաև Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ անցյալ տարի մեկնարկած ֆոլատի կարգավիճակի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են 2015թ. մարտին:

Մեծ Բրիտանիայում սննդի ֆոլաթթվով հարստացման 17-ամյա քննարկումները

Ամգլիայի Լորդերի Պալատը 1998թ.-ից սկսած պարբերաբար անդրադառնում է ֆոլատով սննդի պարտադիր հարստացման հարցին, շատ մանրակրկիտ ուսումնասիրելով հնարավոր վտանգները: Ալյուրի ֆոլաթթվով պարտադիր հարստացման հնարավոր բացասական հետևանքներն անգլիական զեկույցների համարձայն ներառում են՝ վիտամին B12 դեֆիցիտի ախտանիշերի քողարկումը տարեցների մոտ, ինչը հանգեցնում է ճանաչողական անկման; առկա քաղցկեղի աճին նպաստելը; էպիլեպսիայի բուժման համար օգտագործվող դեղերի ազդեցության փոփոխումը, ինչը կարող է հանգեցնել ցնցումների աճի; բազմապտուղ ծնունդների տարածվածության աճը; վնասակար ազդեցությունների (օրինակ. բազմաթիվ հիվանդություններ և շեղումներ ունենալու) հետ կապված գենոտիպեր ունեցող սաղմերի գոյատևման ավելացումը; և հակաֆոլատային դեղերի ազդեցության փոփոխումը: Նաև կան չմետաբոլացված ֆոլաթթվի համակարգային շրջանառության մեջ հայտնվելու ռիսկեր ( 98 , 99 ):

Անգլիայում օրական սպառած ֆոլատի միջին քանակը բարձր է այդ երկրում սնուցիչի 200մկգ հանձնարարելի չափաքանակից (Recommended Nutrition Intake - RNI) բոլոր տարիքային խմբերում, այնուամենայնիվ, առավել երիտասարդ կանանց և 65-ն անց մարդկանց մոտ ֆոլատի մակարդակը զգալի ցածր է: Չնայած Անգլիայում «ռեֆերենս չափաբաժնի» ցածր մակարդակին (200մկգ) և սնունդը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու բացակայության, 2015թ. մարտին լույս տեսած «Ազգային սննդակարգի և սնուցիչների հետազոտության» զեկույցը նշում է, որ 1,5-3տ. երեխաների 7,5%, 4-10տ – 19,2%, 11-18տ – 30,1%, 19-64տ – 32,6%, և 65+տ – 28.5% մոտ հայտնաբերվել է չմետաբոլացված ֆոլաթթու: Մեծ Բրիտանիայի «Առողջապահության, սոցիալական ծառայությունների և հանրային անվտանգության դեպարտամենտի» և «Սննդի ստանդարների գործակալության» հանձնարարությամբ իրականացված «Սննդակարգի և սնուցման ազգային հետազոտությունը» (2015թ.) վերահաստատել է Սնուցիչների գիտական խորհրդատվական կոմիտեի «Ֆոլատ և հիվանդությունների կանխարգելում» (2006թ.) զեկույցում արտահայտած հստակ դիրքորոշումը. «չմետաբոլացված ֆոլաթթվի երկարաժամկետ կենսաբանական ազդեցությունները մարդկանց վրա անհայտ են»: Այս պատճառով էլ Անգլիայի լորդերի պալատը 17 տարի քննարկումներից հետո միևնույնն է չի ընդունում սննդի ֆոլաթթվով պարտադիր հարստացման օրինագիծ: Ինչպես վերը ներկայացվեց չմետաբոլացված ֆոլաթթուն առկա է ԱՄՆ գրեթե ողջ բնակչության արյան շիճուկում, և ԱՄՆ պատասխանատուները ևս վաղուց ի վեր ընդունում են, որ «...քիչ բան է հայտնի ֆոլաթթվի բարձր չափաքանակների երեխաների վրա ունեցած երկարաժամկետ հետևանքների մասին»:

ՆԽԱ հղիությունների թերհաշվառումը և սխալ դասակարգումը գրանցված փաստ է Մեծ Բրիտանիայում, որտեղ բազմաթիվ հետազոտողների գնահատականներով` ընդհատված ՆԽԱ հղիությունների 35-56%-ը չի գրանցվում որպես այդպիսին: Անգլիայում ՆԽԱ հղիությունների մոտ 70%-ն ընդհատվում է: Ուշադրության արժանի է այն փաստը, որ Բրիտանիայում երկար տարիների ընացքում (1975-1999թթ.) գրանցված ՆԽԱ հղիությունների ցուցանիշն ավելի բարձր է եղել մինչև 20 տարեկանների մոտ ի համեմատ ավելի տարիքով կանանց: Ցուցանիշներն ամենափոքրն են եղել 40 և ավելի տարիքի կանանց մոտ, ինչը գուցե կարելի է բացատրել այս տարիքային խմբում կանանց իրենց հղիությանն ավելի գիտակից վերաբերմունքով, ու նաև բարելավված նախածննդյան ախտորոշմամբ: Ինչպես արդեն նշվել է, սեռահասունացման ժամանակահատվածում ֆոլաթթվով հարուստ սննդակարգը կարող է ազդել ԴՆԹ-ի և հիստոն մեթիլացիայի վրա, ինչը հետագա սերունդների մոտ հանգեցնում է ֆենոտիպային փոփոխությունների: Իզուր չի, որ Անգլիայում մտահոգված են բազմաթիվ հիվանդություններ և շեղումներ ունենալու հետ կապված գենոտիպեր ունեցող սաղմերի գոյատևման ավելացման ռիսկով, որը հնարավոր է ի հետևանք ֆոլաթթվով ալյուրի հարստացման:

Ֆոլատ համարժեքների օրական հանձնարարելի («ռեֆերենս») չափաբաժինները

Ֆոլատ համարժեքների օրական հանձնարարելի (կամ «ռեֆերենս») չափաբաժինները զգալիորեն տարբեր են տարբեր երկրներում: Սնուցիչի անհատական կարիքներն օրինակ տատանվում են 160-460մկգ/օր մակարդակներում ոչ հղի և չկերակրող կանանց, 300-750մկգ/օր հղիների, և 260-650մկգ/օր կերակրող կանանց համար: Ֆոլատի պահանջը, որը կբավարարի գրեթե բոլոր առողջ կանանց կարիքները հղիության ընթացքում տատանվում է 300մկգ/օր-ից Միացյալ Թագավորությունում մինչև 750մկգ/օր Մեքսիկայում: Ներկայում չկա ընդունված ստանդարտացված տերմինաբանություն, կամ օրական հանձնարարելի («ռեֆերենս») չափաբաժինները սահմանելու համաձայնեցված մոտեցում: Ֆոլատի անբավարարության սահմանի որոշման համար գիտական կոնսեսուս գոյություն չունի:

Մեծագույն դժվարությունը կայանում է նրանում, որ արյան մեջ ֆոլատի չափման կապակցությամբ գոյության ունեն մի շարք մեթոդաբանական խնդիրներ: Միկրոբիոլոգիական անալիզի պրոտոկոլների փոփոխությունները ժամանակի ընթացքում էական տարբերություններ են առաջացրել ֆոլատի մակարդակների տարբեր լաբորատորիաների գնահատումների միջև՝ ներկայացնելով լրջագույն խնդիրներ տարբեր հետազոտությունների տվյալների մեկնաբանման և համեմատության համար: Որոշ երկրներում ֆոլատի հանձնարարելի չափաբաժինների սահմանումը հենված է շիճուկում կամ արյան կարմիր բջիջներում ֆոլատի խտությունների հետ, որոնք կապված են մեգալոբլաստիկ (megaloblastic) անեմիայի կլինիկական դրսևորման հետ: Որոշ այլ երկրներ, ինչպես D-A-CH երկրները (Գերմանիա, Ավստրիա, և Շվեյցարիա) և Ֆրանսիան հիմք էին ընդունել հոմոցիստեինի խտությունը (որն աճում է, երբ ֆոլատի մակարդակը ցածր է), որպես ֆոլատի համապատասխան մակարդակ՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկի ենթադրյալ կապի հիման վրա (որն ինչպես վերը ցույց տրվեց՝ չի համապատասխանում իրականությանը): Որոշ գիտնականներ համարում են, որ էրիթրոցիտներում (արյան կարմիր բջիջներում) ֆոլատի խտությունն է ադեկվատ ցուցանիշը, քանի, որ այն ֆոլատի կարգավիճակի երկարաժամկետ մարկեր է, որը կայուն է սննդային ֆոլատի ընդունման ժամանակավոր փոփոխությունների հանդեպ, արտահայտում է ֆոլատի պաշարները, և զգայուն է ընդունման քանակի նկատմամբ ( 100 ):

Աղբյուր. Rosemary A. Stamm and Lisa A. Houghton. Nutrient Intake Values for Folate during Pregnancy and Lactation Vary Widely around the World . Nutrients. 2013 Oct; 5(10): 3920–3947. http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3820052/

Ծանոթագրություններ.

ՍՖՀ     սննդային ֆոլատ համարժեք

ՉՀՉԿ   չհղի և չկերակրող

ՍՄԿ    սնուցիչի միջին կարիք

ՍԱԿ    սնուցիչի անհատական կարիք

ՄԱԿ    Միացյալ ազգերի կազմակերպություն

ՊԳԿ     ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

ԱՀԿ     ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Աղյուսակ 1-ը ներկայացնում է չհղի և չկերակրող, հղի, և կերակրող կանանց սննդային ֆոլատ համարժեքի (հետայսու «ֆոլատ» կամ ֆոլատ համարժեք՝ բնական ֆոլատ և սինթետիկ ֆոլաթթվի ձևափոխումից ստացված ֆոլատ, Dietary folate equivalents − DFEs) հանձնարարելի օրական չափաբաժինները տարբեր երկրներում:

ԱՄՆ-ում ֆոլատ համարժեքի (այսինքն բնական ֆոլատի և սինթետիկ ֆոլաթթվի ձևափոխումից ստացված ֆալատի ընդհանուր քանակ) հանձնարարելի օրական չափաքանակներն ըստ տարիքի բերված են ստորև.

Աղյուսակ 2. Ֆոլատ համարժեքի հանձնարարելի օրական չափաբաժինները
տարիքային տարբեր խմբերի համար ԱՄՆ-ում

Նորածիններ

0 – 6 ամիս

65մկգ (փորձագիտական գնահատական)

 

7 – 12 ամիս

80 մկգ (փորձագիտական գնահատական)

Երեխաներ

1 – 3տ.

150 մկգ

 

4 – 8 տ.

200 մկգ

 

9 – 13 տ.

300 մկգ

Դեռահասներ

14 – 18 տ.

400 մկգ

Չափահասներ

19 տ. և ավել

400 մկգ

Աղբյուր. Interactions with Medications. Folate: Dietary Supplement Fact Sheet. Office of Dietary Supplements, National Institutes of Health., U.S. Department of Health & Human Services. http://ods.od.nih.gov/factsheets/Folate-HealthProfessional/#h9

Կլինիկական սնուցման ամերիկյան ամսագրում տպագրված այս հոդվածներում ներկայացվում է, որ (1) չափահաս տղամարդու համար օրական 200±68մկգ ֆոլատի ընդունումը բավարար է նրա ֆոլատի համարժեք պաշարների պահպանման համար ( 101 ), (2) oրական 200-250մկգ սննդային ֆոլատների ընդունումը բավարարում է չհղի չափահաս կնոջ պահանջները (102 ): Կենսակտիվ հավելումների մեծ մասը պարունակում են 400մկգ, որը հղիներին ԱՄՆ և ԱՀԿ չափորոշիչներով հանձնարարելի օրական չափաքանակն (ՀՕՉ) է: Հավելումների օրական 4000-5000մկգ գերդեղաչափեր են խորհուրդ տալիս նախկինում բարձր ռիսկային հղիություն (օրինակ. ՆԽԱ) ունեցած կանանց ( 103 ): Հայաստանում 4000-5000մկգ ֆոլաթթու (այսինքն հանձնարարելի օրական չափաքանակից 10-12,5 անգամ ավել) շատ հաճախ նշանակում են անկախ հղիների նախկինում ՆԽԱ կամ այլ ռիսկային գործոն ունենալու: Թե ի՞նչ և ու՞մ հաստատած ուղեցույցներով են առաջնորդվում Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգները հայտնի չէ:

Նյարդային խողովակի արատների (ՆԽԱ) ամերիկյան ոդիսականը

1992թ.-ին, ԱՄՆ «Հանրային առողջության ծառայությունը» (Public Health Service) առաջարկում է, որ վերարտադրողական տարիքի բոլոր կանայք սպառեն օրական 400մկգ ֆոլաթթու, որպեսզի նյարդային խողովակի արատով (ՆԽԱ) հղիություն ունենալու ռիսկը նվազի ( 104 ): Այնուհետև, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների «Սննդային հավելումների գրասենյակի» պաշտոնական կայքի ֆոլատին նվիրված տեղեկատվության համաձայն, 1998թ. հունվարին ԱՄՆ-ի «Պարենի և դեղերի վարչությունը» պահանջել է հացահատիկեղենից (ցորեն, եգիպտացորեն, և բրինձ) պատրաստված սննդամթերքին ֆոլաթթու ավելացնել: Ծրագրի գլխավոր ակնկալվող արդյունքը նյարդային խողովակի արատների կանխարգելումն էր նորածինների մոտ: 2015թ. հունվարին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների» (CDC) հրապարակված հաշվետվության համաձայն ԱՄՆ-ում սննդի պարտադիր հարստացմանն անցնելուց հետո սպինա բիֆիդայի տարածվածության ցուցանիշը նվազել է նախահարստացման ժամանակաշրջանի հետ համեմատած: Մասնավորվաբար, 2009-2011թթ. սպինա բիֆիդայի ցուցանիշը (7,3 դեպք 10000 կենդանի ծննդի հաշվով) 1995–1996թթ. (10,8) ցուցանիշի համեմատ նվազել է 31,7%-ով, անենցեֆալիայի տարածվածությունը նվազել է 25,7%-ով (4,8/6,5), իսկ երկուսն իրար հետ՝ 29,4%-ով (12,3/17,4): ՆԽԱ ցուցանիշը նվազել է բոլոր էթնիկ խմբերում, սակայն ամենամեծ նվազումը գրանցվել է հիսպանիկ կանանց մոտ, ում մոտ ՆԽԱ-ն ամենատարածվածն է եղել, ինչը հիմնականում բացատրվում է նրանց մոտ մեթիլտետրահիդրոֆոլատ ռեդուկտազի T ալելի գենետիկ MTHFR C677T պոլիմորֆիզմի տարածվածությամբ ( 105 ): Հետաքրքիրն այն է, որ 1999-2000թթ. ի համեմատ 1995–1996թթ. սպինա բիֆիդայի տարածվածության ցուցանիշն իջել էր 31%-ով, և անենցեֆալիայի ցուցանիշը 16%-ով: Ընդհանուր ՆԽԱ ցուցանիշի նվազումը եղել է 26% ( 106 ): Բերված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ 2000-2011թթ. ընթացքում սպինա բիֆիդայի տարածվածությունը նվազել է ընդամենը 0,7%-ով, անենցեֆալիայի ցուցանիշը 13,4%-ով, և ընդհանուր ՆԽԱ ցուցանիշը 5,7%-ով: Այսպիսով, ՆԽԱ ցուցանիշերի զգալի նվազումը գրանցվել է կամավոր հարստացման ժամանակ (1997-1998թթ.): Սա ակնառու երևում է նաև CDC հաշվետվության ներկայացրած գրաֆիկում (գծանկար 1): Մյուս կողմից, սննդի ֆոլաթթվով և երկաթով պարտադիր հարստացման, և սննդային հավելումների օր-օրի ավելացող սպառման պայմաններում ակնկալվում էր, որ ՆԽԱ դեպքերը պետք է նվազեին առնվազն 50-70%-ով, այնինչ փաստացի գրանցված ցուցանիշը (29,4%) գրեթե երկու անգամ փոքր է ակնկալվածից:

Գծանկար 1. Նյարդային խողովակի արատների (անենցեֆալիա և սպինա բիֆիդա) տարածվածությունը ֆոլաթթվով պարտադիր հարստացումից առաջ և հետո, ըստ մոր ռասայի/էթնիկ պատկանելիության - ծննդյան թերությունների վերահսկողության ներկայացուցչական 19 ծրագրեր, Միացյալ Նահանգներ, 1995-2011թթ.

Աղբյուր. Updated Estimates of Neural Tube Defects Prevented by Mandatory Folic Acid Fortification — United States, 1995–2011. http://www.cdc.gov/mmwr/preview/mmwrhtml/mm6401a2.htm

2009թ. Համաճարակաբանության ամերիկյան ամսագրում տպագրված այս հոդվածը նշում է, որ ֆոլաթթվով սննդի պարտադիր հարստացումից հետո հղիացածների շուրջբեղմնավորման (այսինքն բեղմնավորումից առաջ և հետո) ընթացքում ընդունած ֆոլաթթվի և նյարդային խողովակի արատով հղիության ռիսկի միջև կապ չի գտնվել: Հնարավոր բացատրությունն այն է, որ ֆոլաթթվով հարստացումը նվազեցրել է ֆոլաթթվով պայմանավորված նյարդային խողովակի արատները և հավելումներն այևս որևէ ազդեցություն չեն ունենում ՆԽԱ վրա ( 107 ):

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում >1տ. ողջ բնակչության 95%-ի շիճուկում առկա է չմետաբոլացված ֆոլաթթու: Սա նշանակում է, որ ամերիկացիների սպառած ֆոլաթթուն ավելին է քան մարդու օրգանիզմը կարող է ձևափոխել: Նշվեց նաև գերդոզավորումից խուսափելու անհնարինության մասին: Մյուս կողմից, ԱՄՆ-ում սպինա բիֆիդայի կրճատումը (31,7%) գլխավորապես գրանցվել է 1997-1998թթ. կամավոր հարստացման ժամանակ (31%): 2000թ. ի վեր ՆԽԱ տարածվածության, հատկապես սպինա բիֆիդայի կրճատում գրեթե չի արձանագրվել, մանավանդ սպիտակ ռասայի մոտ: Միաժամանակ, քանի որ, պարտադիր հարստացում իրականացնող որևէ երկրում, ներառյալ ԱՄՆ-ում հսկիչ խումբ չկա հարստացման ծրագրի արդյունավետությունն օբյեկտիվորեն գնահատելու համար, ապա անգամ կամավոր հարստացման շրջանում ՆԽԱ գրանցված նվազումը չի կարելի բացառապես վերագրել ֆոլաթթվին: Սրան պետք է ավելացնել նաև այն, որ հրապարակված տվյալները բնակչության ներկայացուցչական խմբերի տվյալների հիման վրա են արված, քանի որ ՆԽԱ ռեգիստր չկա: Ավելին, ԱՄՆ-ում աբորտներ անում են և այն էլ շատ (օրինակ. 2011թ. յուրաքանչյուր վեցերորդ հղիությունն ընդհատվել է), և ընդհատման պատճառը գրանցելու պարտավորություն չկա 11 ): Այնպես, որ վիճակագրության մեջ ՆԽԱ դեպքերը մեծ հավանականությամբ թերգրանցված են: Այս ամենը դրդում է կասկածի տակ առնել ՆԽԱ կրճատման վրա ֆոլաթթվի ունեցած էական ազդեցությունը՝ համատարած, երկարատև, և մեծ քանակով ընդունման դեպքում: Ֆոլաթթուն պետք է դիտարկվի որպես դեղ և նշանակվի միայն ըստ անհրաժեշտության, ավելցուկ չառաջացնող չափաբաժնով, և ընդունվի բժշկի հսկողությամբ:

Եզրակացություն

Հոդվածում բերված փաստերն ակնառու են դարձնում ֆոլաթթվի պոտենցիալ վտանգները: Բնակչության մի փոքր խմբի (25-30 նորածնի) առողջության կասկածահարույց բարելավումը ողջ բնակչության առողջությանը պոտենցիալ վնաս հասցնելու հաշվին՝ անթույլատրելի է: Ֆոլաթթվի ընդունումը պետք է լինի ըստ անհրաժեշտության, ընդ որում՝ ավելցուկ չառաջացնող չափաբաժնով: Ամեն դեպքում, բնական ֆոլատները գերադասելի են սինթետիկ ֆոլաթթվից: Այսքանից հետո, միակ տրամաբանական և ողջախոհ եզրակացությունը հետևյալն է.

Լիովին աննպատակահարմար է ալյուրի պարտադիր հարստացումը ֆոլաթթվով:

Եվ, ինչպես ասում են.

Ֆոլաթթուն հին գլխարկ է, այն պետք է դեն նետել, և ՀԵՆՑ ՀԻՄԱ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter