HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ 3-րդ. “Ты думаешь это мне дали 15 суток? Нет, это нам дали 15 суток”

Բարև, սիրելի՛ Մհեր Ենոքյան։

Մի փոքր դադար գոյացավ մեր հաղորդակցության մեջ։ Հոգսե՜ր,հոգսե՜ր ճաղերից ասդին, ճաղերից անդին։ Խառնակ և մի պստլիկ հուսադրող վիճակ հայ հասարակության ընթացող կյանքում։ Իշխանությունը տեսնես գլխի՞ է, որ ևս մի քիչ և արդեն կհնչի «մա՛հ պալատներին»։ Ագահությունը լրիվ բթացրել է դրանց մտածելու կարողությունը։ Միշտ մտածել եմ՝ արդյո՞ք ի ծնե աչքածակ և ստոր մարդն է ձգտում և դառնում իշխանավոր, թե՞ իշխանություն և փող ձեռք բերելով է դառնում անուղղելի տականք։ Նողկում եմ իրենցից։

Մհեր ջան, դատավարությանդ հետևեցի տեսագրությամբ։ Առողջությունս չի ներում ներկա գտնվել։ Միշտ սիրունատես (երևի շատ աղջիկներ հեռվից հեռու սիրահարվել են վաղուց) և զարմանալու չափ կոկիկ ու ճաշակով ես՝ դու բանտախցում զգեստապահարան ունե՞ս։ Ես բանտարկյալին միշտ պատկերացրել եմ զոլավոր կամ սև գույնի, կոշտ քաթանե համազգեստով և խեղճացած։ Դու իմ քարացած կարծրատիպը կոտրեցիր։ Քո աննկուն պահվածքը տեսնելով՝ ակամա հիշեցի «Շուրիկի արկածները» ֆիլմը, որտեղ դատապարտվածն ասում է․“Ты думаешь это мне дали 15 суток? Нет, это нам дали 15 суток”.

Լավ էլ գլխացավանք ես ստեղծել դատական համակարգում։ Մտածում են` երբ կազատվեն քեզանից։                                                                                                                    

Ապրե՛ս և զորանա՛ս՝ ա՛յ, այդպես անարդար «արդարադատության» հախից արի, մինչև կհասնես բաղձալի արդյունքին։

Մհեր ջան, փորձում եմ նամակիս թեթև շունչ տալ, որ հուսադրեմ, այնուհանդերձ, երբ տեսնում եմ քանի ճակատագիր է խեղվել՝ անճրկում եմ։ Այնքան «բա որ»- ներ եմ գցում-բռնում, այնքան «ինչուներ» կատարվածի համար, ու անմխիթար տվայտվում եմ, անասելի տխրում․․․

Հա, լրիվ մոռացել էի, որ, ախր, ես պետք է քո հարցազրույցի հարցերին պատասխանեի։

Դե, ուրեմն․․․

Ի՞նչ եք կարծում՝ եթե Լեռ Կամսարն ապրեր մեր օրերում, որտե՞ղ կլիներ՝ ազատությա՞ն մեջ, թե՞ …

Էլ ո՞ւր տղա ջան․․․ Էլ տեղ կա՞․․․Կարծում եմ՝ կարգին մարդու համար քսան տարին լի ու լի է ամեն գործած կամ չգործած հանցանքի համար։ Կամսարը գերազանցությամբ ավարտել է բռնադատվածների ակադեմիան՝ 72 օր Չեկայի նկուղ, 6 ամիս Երևանի կենտրոնական բանտ, 3 տարի Վորկուտայի «փակ ճամբար», 17 տարի Բասարգեչարի աքսորավայր․․․ Իսկ ազատվելուց հետո էլ՝ ցմահ Ինքնակալանավորում, քանի որ, ինչպես ինքը կասեր, «մաթալ» էր մնացել իր ազատության ձեռքը, և իր «վայելած ազատության» ճար-ճանապարհները ցույց տվող չկար։ Ի՞նչ աներ այդպիսի ազատությունը, որ «ո՛չ սեփական պարտեզ ուներ՝ մի բան ցաներ, ո՛չ սեփական գլուխ՝ մի բան մտածեր»։

Տեղին է նաև այս մեջբերումը․«Ես՝ որպես նախկին բանտարկյալ, պարապ ժամանակս նստում եմ, ներկա «ազատ» կյանքս համեմատում եմ բանտարկյալ ժամանակվա հետ և աշխատում եմ տարբերություն գտնել։

Գտածս տարբերությունները հետևյալներն են։

Բանտում օրական մի անգամից ավելի արտաքնոց գնալու իրավունք չունեի, այն էլ՝ տասնհինգ րոպեից ոչ ավելի, հիմա կարող եմ օրական հարյուր անգամ արտաքնոց գնալ ազատ, կարող եմ արտաքնոց գնալ ու բնավ տուն չվերադառնալ։ Գիտե՞ք՝ դա ինչպիսի ազատություն է։ Չգիտեք։ Այդ կիմանաք այն ժամանակ միայն, երբ տերը հաջողի բանտ ընկնեք, սաստիկ փորհարություն ունենաք և «կլյուչնիկի» ոտներն ընկած՝ պաղատեք կես րոպեով դուրս թողնել...

Չէ՛, սա մեծ արտոնություն է, որի համար ես շնորհակալ եմ իմ կառավարությունից, որ ինձ ազատեց բանտային այս «պրոցեդուրայից»։

Ուրիշ... ուրիշ... ուրիշ համարյա ոչ մի տարբերություն։

Այնտեղ բանտից դուրս գալիս ետևներիցս անպայման մերկացրած ատրճանակներով ոստիկան պիտի հետևեր, իսկ հիմա, ազատությանս մեջ ոստիկան չկա, բայց ամենևին դուրս չեմ գալիս, որովհետև դրսում... կյա՜նք չկա։

Սա արդեն կոչվում է ինքնակալանավորում, որը վատ է աշխարհիս բոլոր կալանավորություններից...»։

Մեր ժամանակներում, անշուշտ, կլիներ ազատության մեջ, սիրելի Մհեր։ Սկզբում կըմբոշխներ իր ազատությունը՝ մամուլը նրան ձեռքից-ձեռք կխլեր, հրատարակչությունները լայն կբացեին դռներն իր առջև, ժողովուրդը կկարդար, կուրախանար, վերջապես կվերականգնվեր բաղձալի կապը իր և ընթերցողի միջև, կզգար մարդկանց անկեղծ սերը, համակրանքը, մեծարանքն ու գնահատանքն իր տեսակի հանդեպ՝ կուրախանար, կհրճվեր, որ ազատ կարողանում է գրել, արտահայտվել և պայքարել իր սվին-գրչով, մինչև․․․ մինչև կհասներ այնտեղ, ուր մենք հասանք․․․

Մի պահ շփոթված կանգ կառներ, կխորհեր և կգրեր իր վերջին խոսքը.

 «Ժողովո՛ւրդ։ Ես սա քառասունչորս տարի սոցիալիզմի դեմ պայքարելով գնում եմ դեպի կապիտալիզմ՝ դուք էլ ետևս ընկած հետևում եք ինձ։

          Բայց այսօր մի վատ բան լսեցի։

          Ասում են, որ կապիտալիզմն էլ է ճնշում անհատի ազատությունը։

          Ասում են՝ սոցիալիզմը սրով է հպատակեցնում մարդկանց, իսկ կապիտալիզմը՝ փողով։ Այս պայմաններում դեպի կապիտալիզմ գնալը նշանակում է ջրից դուրս գալ, ընկնել ջրհեղեղ։

          Իսկ աշխարհում այս երկու սիստեմներից զատ ուրիշ չկա, ի՞նչ անել։

          Հայտարարում եմ.

          Ժողովուրդ, մեր նավը փշրվեց, ու մենք գնում ենք ջրի տակ։ Ով կարող է, թող մի աշխարհայացքի բեկորի ձեռքը ձգած՝ իր կյանքն ազատի։ Ես լողում եմ դեպի Ռոբինզոնի կղզին»։

          Կասեր իր հեղինակավոր խոսքն ու․․․ ու «յալլա՜», կարտագաղթեր։

            Չէ՛, էստեղ ես անիրավ ստախոսեցի՝ նա էդքան շուտ հանձնվող տիպ չէր՝ մինչև էս իշխանության քոքը չկտրեր, չէր հանգստանա՝ ով ով, բայց ես նրա ողնուծուծը լավ եմ ճանաչում․․․Նրա մերը չմեռնի․․․

            Սա էլ այսպես, ցմահ դատապարտված սիրելի Մհեր։

          Ազատության մեջ քեզ սպասող՝ Վանուհի

03072015թ

                                                 

           

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter