HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Իսլամացված հայ որբը խոսում է թուրք թոռնուհու շուրթերով

Ամբողջ կյանքի ընթացքում որևէ բառ չասելով իր հայ լինելու մասին, իննսունն անց տիկին Օգյութը կյանքի վերջին տարիներին ձեռք բերելով Ալցհեյմեր հիվանդություն՝ անգիտակից պահերին շարունակ խոսել է վաղ մանկական հիշողություններից եկող մի պատկերի մասին, որից իր ընտանիքը տեղյակ չի եղել:

«Նա դրվագներ էր պատմում, որ իրենք թունելում են ու փախչում են քրդերից ու զինվորներից, որոնք կրակելով նրանց հետևից՝ սպանում են ծնողներին,- «Հետքին» պատմում է տկն Օգյութի թոռնուհին՝ Էվրիմ Հիքմեթը,- հետո ինքը լաց է լինում, ու զինվորները, լսելով նրա ձայնը, մոտենում ու վերցնում են նրան»:

Այս դրվագը տիկին Օգյութը պատմել է մինչև իր մահը, իսկ երբեմն էլ արթնանալով՝ գոչել է, որ տեսել է մոր ստվերը լուսամուտի ապակու վրա:

Տիկին Օգյութը մեծացել է Ստամբուլի ամենաբարեկեցիկ թաղամասերից մեկում՝ Նիշանթաշում, մեծահարուստների ընտանիքում, որն այն ժամանակ ապրել է Նիշանթաշի հայտնի Մաչկա (Maçka) պալատում, որտեղ այժմ հայտնի «Արմանի» բրենդի խանութն է:

Սակայն, մեծանալով թուրք մեծահարուստի տանը, տիկին Օգյութը դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտեր, և նրան ամուսնացրել են մի աղքատ ծառայողի հետ, որը, թոռնուհու հավաստմամբ, նույնպես անգրագետ է եղել ու շատ աղքատ. այս հանգամանքը Էվրիմը ընդգծեց՝  հղում անելով մոր խոսքերին, որը դստերը պատմել է իր երիտասարդ տարիների աղքատ կյանքի մասին:

Էվրիմն ասում է, որ իրենք գլխի են ընկել, որ տատը որդեգրված է եղել այդ ընտանիքի կողմից, բայց մտածել են, որ ընտանիքն իր հոգեզավակին լավ չի վերաբերվել. տիկին Օգյութին նույնիսկ օժիտ չեն տվել: Նա երեք երեխա է ունեցել, որից մեկն էլ Էվրիմի մայրն է:

«Տատիկիս գրագիտության հարցն ու նրան իրենց շրջապատից դուրս մեկի հետ ամուսնացնելը մեզ համար միշտ էլ հարց է եղել,- ասում է Էվրիմը,- ես գիտեմ, որ տատիկս չի ցանկացել ամուսնանալ պապիկիս հետ, քանի որ նրան չի ճանաչել մինչև ամուսնանալը»:

Տիկին Օգյութի որբ լինելը վկայում է նաև նրա անձնագրում նշված ծնողների անունները՝  Ֆաթիմա և Աբդուլահ: Էվրիմն ասում է, որ Թուրքիայում բոլորը գիտեն, որ վաղ հանրապետական շրջանում կամ Օսմանյան կայսրության ժամանակ, երբ չի իմացվել երեխայի հոր ու մոր անունը, տարածված է եղել երեխայի անձնագրում ծնողների անվան դիմաց գրել այդ անունները. «Այս մասին նույնիսկ կարելի է տեսնել ժամանակակից թուրքական սերիալներում»:

Տիկին Օգյութը Ցեղասպանությունից փրկված հայ որբերից մեկն էր, որոնց հավաքել ու հանձնել են հարուստ ընտանիքներին: Այս ենթադրության համար հիմք կարող է ծառայել նաև այն փաստը, որ տիկին Օգյութի մայրը եղել է Էրզրումից: Էվրիմի խոսքով՝ նրանք չգիտեն, թե որտեղից այդ տեղեկությունը, բայց վստահաբար գիտեն, որ իրենց նախատատը Էրզրումից էր: Մինչդեռ տիկին Օգյութի անձնագրում նշված է, որ ծնվել է Մանիսայում, որը գտնվում է Իզմիրի մոտ, սակայն թոռնուհու խոսքով՝ նրանք հավաստի տեղեկություն չունեն, թե որտեղ է նա ծնվել:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր «Իսլամացված հայերի խնդիրների շուրջ» ուսումնասիրության մեջ անդրադառնալով Ցեղասպանությունից փրկված երեխաների հարցերին՝ նշում է, որ օսմանյան իշխանությունների հրամանով և նախաձեռնությամբ հայ որբերին բաժանել են մուսուլման ընտանիքներին կամ ուղարկել են թուրքական որբանոցներ, որտեղ էլ նրանք մեծացել են որպես մամհեդականներ:

«Օսմանյան արխիվում պահպանված է 1915թ. հուլիսի 10-ով թվագրված պաշտոնական հրամանը, որտեղ ասվում է, որ իսլամացված որբ հայ երեխաներին պետք է հանձնել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին: Իսկ եթե երեխաների թիվը մեծ է, նրանց պետք է հանձնել դժվարությամբ ապրուստը հոգացող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար ամսական 30 քուրուշ վճարել նրանց»,- նշված է հետազոտությունում:

Էվրիմն ասում է, որ իրենց համար տատի զառանցանքները հավաստի են, որովհետև նա թունելում կատարված իրադարձությունների ժամանակ խոսել է նաև այն մասին, որ զինվորները կրակել են իր ոտքերին, ու տիկին Օգյութի մի կրունկում խորը հետք է եղել: Բացի այդ, տիկին Օգյութն ամբողջ կյանքում քրդերին չի սիրել:

«Մենք միշտ իմացել ենք, որ նրա կրնկի մեջ հրացանի պարկուճ է եղել, բայց երբ ես երեխա ժամանակ հարցնում էի, թե ինչ է եղել, նա ասում էր, որ փոքր ժամանակ ինչ-որ մեկի հետ խաղացել է հրացանով, ու վերջինս կրակել է իր ոտքին, բայց չի հիշում մանրամասները»,- ասում է Էվրիմը:

Տիկին Օգյութն ամբողջ կյանքում խոսել է նաև ոսկե քամարների ու արծաթեղենի մասին, որ պատկանել է իրեն, բայց սեփականացվել է իր մորաքրոջ ընտանիքի կողմից: Մեծանալով Նիշանթաշի մեծահարուստի տանը՝ ինը տարեկանում այդ ընտանիքի զարմուհիներից մեկի հետ գնացել է Ճապոնիա, որովհետև այդ զարմուհին օպերային երգչուհի էր, իսկ ամուսինը՝ դիվանագետ: Նրանք Ճապոնիայում մնացել են  5 տարի, ապա վերադարձել են. այս ուղևորության արդյունքում նա սովորել էր ճապոներեն խոսել:

Էվրիմը պատմում է, որ իրենք ոչինչ չգիտեն այդ ոսկե քամարների մասին, ինչպես նաև՝ որևէ կապ չունեն այդ մեծահարուստ ընտանիքի հետ, սակայն մայրը պատմել է, որ երբ ինքը եղել է մոտավորապես 20 տարեկան, այդ օպերայի երգչուհի զարմուհին մեկ օր նրանց այցելության է եկել, ու նրանք միմյանց հետ վիճել են:

«Հետո նա գնացել է, ու նրանք այլևս երբեք չեն տեսնվել, իսկ մայրս ոչինչ չի հասկացել այդ վեճի մասին, որովհետև նրանք խոսել են ճապոներեն»,- ասում է Էվրիմը:

Նա ասում է, որ մայրն իր մոր անցյալի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով ցանկացել է գտնել այդ հարուստ ընտանիքին, սակայն չի կարողացել, ու ընտանիքն իր հոգեզավակի հետ որևէ կապ չի պահել. ամուսնությունից հետո նրանց հարաբերություններն ընդհատվել են: Սակայն, նրանց հայտնի է, որ այդ ընտանիքն այժմ էլ Ստամբուլում մեծ բիզնեսներ ունի, այդ թվում՝ հիվանդանոցներ:

Այսքանով ավարտվում է Էվրիմի հայկական արմատների մասին պատմությունը, որն ընտանիքին մտորումների առիթ է տվել:

«Երբ ողբորս այդ մասին պատմեցինք, նա կատակեց, թե անցյալ տարի ես թուրք էի, այս տարի դարձա հա՞յ,- ասում է Էվրիմը,- սակայն մինչև տատուս հիվանդանալը մենք երբեք չենք մտածել, որ նա թուրք չէ»:

Տիկին Օգյութի ճակատագրին արժանացել է առնվազն 63 000 հայ որբ. Պոլսո պատրիարքարանի պատրաստած 1921թ. զեկույցում նշված թվին հղում անելով՝ գրում է Ռուբեն Մելքոնյանը: Այս թիվը համադրելի է 1921թ. օգոստոսի 30-ին Լիգայի խորհրդին ներկայացված զեկույցի թվերի հետ, համաձայն որի՝ մուսուլմանների տներից ազատվել է 90.819 հայ երեխա և կին, սակայն շուրջ այդքան էլ դեռ մնացել է մահմեդական ընտանիքներում:

Էվրիմն ասում է, որ նա ոչինչ չի փնտրում իր տատի անցյալի մասին, ու կարևոր չէ իր հայ, թուրք կամ այլ արմատ ունենալը, սակայն կարևոր էր բազմազանության մասին իմանալը, որովհետև Թուրքիայի պես երկրի համար բազմազան լինելն օրինաչափ է:

«Մենք ստեղծել ենք այս երկիրը միասին՝ բոլորով, ու նորմալ է այսպիսի երկրում ունենալ տարբեր արմատներ, բայց վատ է, որ մենք ստիպված ենք եղել անտեսել այդ բազմազանությունն ու իմանալ միայն թուրքականի մասին»,- ասում է նա:

Նա ասում է, որ իր ընտանիքն ապրել է որպես թուրք, որը Թուրքիայում առավելություն է, ու իր ընտանիքը, չլինելով անգամ ազգայնական, փաստորեն, օգտվել է այդ առավելությունից:

«Բայց այդ առավելությունը եկել է վշտալի փաստերից, ու մենք վայելել ենք այդ առավելությունը՝ առանց իմանալու, որ այն կառուցվել է ուրիշների վշտի վրա»,- ասում է նա:

Էվրիմը մասնագիտությամբ երաժշտագետ է, երաժշտություն է դասավանդում Ստամբուլի Միմար Սինան համալսարանում, ներկայումս ուսումնասիրում է  իրաքյան միգրանտների երաժշտությունը: Նա մեծացել է Բեշիքթաշում, որտեղ որևէ մեկի հասցեին հայ ասելը համարվել է վիրավորական և նշանակել է լինել սոցիումից դուրս:

«Ու հիմա ես մտածում եմ, որ այդ ամենը սուտ էր, դա վերաբերում է ոչ միայն իմ ընտանիքին, այլ շատերին, ու մենք ապրում ենք այդ մեծ ժխտման մեջ,- ասում է նա,- կարծում եմ, որ առաջին հերթին մենք պետք է բաց լինենք ու հրապարակայնորեն քննարկենք այս ամենն ու իմանանք մեր արմատների ու անցյալի մասին»:

 

Մեկնաբանություններ (5)

Ազգային մաքուր գենի հեքիաթը
Ա՜յ ժողովուրդ, այս տառապած մարդկանց հանգիստ թողեք: Որքա՜ն խոզը պտտաձողի վրա տուրնիկ կխաղա կամ էշն օպերայի արիա կերգի, այնքան էլ հիվանդահին երևակայությամբ թուրք, ճապոնացի կամ որևէ այլ ազգի ազգայնամոլն իր անցյալը կվերանայի, կատարած ոճրագործությունների համար քրիստոնյա հայ, հույն, ասորի կամ այլ ժողովուդներից ներողություն կխնդրի: իսկ մեկը լրջորեն չի հարցնում, իսկ որքա՞ն հայացած թուրքեր կամ մասսամբ թուրքեր և այլազգիներ կան հայերի մեջ: Մաքուր գենի հեքիաթը բոլորն են պատմում, իսկ իրականում ո՜չ մաքուր ազգ կա, ո՜չ էլ մաքոր գեն: Հիմանականում կան պատմական, մշակույթային ու կրոնական հավաքականություններին պատկանող անհատ անձեր: Մնացյալը հեքիաթ է: Այս կոնտեքստի մեջ ես ո՜չ հայ - վրացական, ո՜չ հայ - թուրքական և նույնիսկ ո՜չ հայ - ռուսական բարեկամությանն եմ հավատում: Մեզ նոր մոտեցումներ են հարկավոր, որի համար հավի ուղեղով մտածելուց պետք է հրաժարվել և արժեքներն ու պատմական իրադարձությունները վերանայելու համարձակություն ունենալ: Բայց դե հեքիաթ պատմելը հեշտ է, մանավանդ որ այդ պատմողներն ապուշների հաշվին հացի խնդիր են լուծոմ: Ի դեպ՝ ոչ միայն թուրքիայում կամ ճապոնիայում, այլև ամենուր:
Eamad mazouri
GB you need to read the correct history of Arab invasion of Iraq And Iran and the resistance they received on Kurdish hands especially in Ahwaz, nahrawan and all the other battles that took place.it was a war between a weak but civilized empire and barbarian but united Arabs.they triumphed due to the violence they used and the fear they spread in a very short time just like isis did when taking over mosul. So please check your historical facts before stating them next time.thx
Aram
I believe (particularly earlier) history is written by individuals and is mostly subjective. Could it be that both of you ( GB and Eamad Mazour) are mostly (or partly) correct?
,, Schön für Sie,
«Ու հիմա ես մտածում եմ, որ այդ ամենը սուտ էր, դա վերաբերում է ոչ միայն իմ ընտանիքին, այլ շատերին, ու մենք ապրում ենք այդ մեծ ժխտման մեջ,- ասում է նա,- կարծում եմ, որ առաջին հերթին մենք պետք է բաց լինենք ու հրապարակայնորեն քննարկենք այս ամենն ու իմանանք մեր արմատների ու անցյալի մասին»: Գերմանացին կասեր ,, Schön für Sie,, գեղեցիկ կամ օգտակար է ձեզ համար:
GB
The entire Turkish population (minus Kurds) are forcefully Islamized people . They built a country on the bones of Christian civilization of Eastern Roman Empire, Armenia, and Pontic Greeks!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter