HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պատրաստվում են կրկնակի դատահոգեբանական փորձաքննության միջնորդություն ներկայացնել

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի քրեական գործի դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանի միջնորդության քննությամբ: Փաստաբանը դատական նիստը վարող դատավոր Վարդան Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:

Ըստ Թամարա Յայլոյանի՝ Վարդան Գրիգորյանը չի կարող անաչառ եւ անկողմնակալ քննել գործը, քանի որ նախկինում՝ փաստաբան աշխատած տարիներին, մտերմիկ-ընկերական հարաբերություններ է ունեցել ամբաստանյալի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հետ:

Դատավոր Վարդան Գրիգորյանը նկատեց, որ 2000-2014թթ. ինքը եղել է Փաստաբանական պալատի անդամ, ընկերական, մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր գործընկերներից շատերի հետ, այդ թվում՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի եւ հիմա էլ շարունակում է իր գործընկերային հարաբերությունները, սակայն դա որեւէ կերպ չի կարող ազդել գործի քննության վրա:

Դատավորը նշեց, որ որպես փաստաբան ճանաչում է նաեւ Թամարա Յայլոյանին: Վարդան Գրիգորյանը խնդրեց փաստաբանին նշել աղբյուրը կամ էլ հիմնավորել նշած մտերմության փաստը ամբաստանյալի պաշտպանների հետ: Թամարա Յայլոյանը հայտարարեց, որ ինքը նման տեղեկատվությունը հաստատող աղբյուր ունի, սակայն չի ցանկանում հրապարակել:

Մեղադրող դատախազ Լեւոն Պետրոսյանն անհիմն համարեց միջնորդությունը, նույն կարծիքին էին նաեւ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդության ոչ հիմնավոր լինելը բացատրեց նրանով, որ միջնորդությունն ընդունելու դեպքում դատավոր Վարդան Գրիգորյանն ընդհանրապես որեւէ գործի դատաքննությամբ չպիտի զբաղվի, քանի որ տարբեր գործերով ներգրավվող փաստաբանները նրա նախկին գործընկերներն են:

Թամարա Յայլոյանի ներկայացրած միջնորդությունը մերժվեց, եւ դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը: Մեղադրող Լ. Պետրոսյանն առաջարկեց նախ հետազոտել գործում առկա գրավոր ապացույցները, հետո լսել վկաներին, ապա կրկին անդրադարձ կատարել ապացույցներին, այնուհետեւ հարցաքննել տուժողի իրավահաջորդին եւ վերջում՝ ամբաստանյալին: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դեմ չէր նման կարգի սահմանմանը, միայն թե միջնորդեց ապացույցներն ամբողջությամբ հետազոտելուց հետո նոր անցնել վկաների հարցաքննությանը: «Հատկապես հեռախոսազրույցների վերծանությունների հետազոտությունը մեզ թույլ կտա առավել ճշգրիտ հարցեր ուղղել վկաներին»,- պարզաբանեց Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Արման Կատունյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանություն եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք զինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը: Սակայն հետագայում առաջադրված մեղադրանքը փոխվել էր: Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 4 տարի ժամանակով: Խափանման միջոց կալանավորումն եւս փոխվել էր եւ ամբաստանյալը ստորագրությամբ բաց էր թողնվել:

Դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո, ըստ որի մեղսունակ համարվող Արման Կատունյանի մոտ սպանության պահին արձանագրվել է աֆեկտի վիճակ, տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի պաշտպանները միջնորդեցին դատական նիստը հետաձգել, քանի որ իրենք պատրաստվում են կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնել եւ ժամանակ խնդրեցին այն քննարկելու համար:

Դատավորը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter