HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը Աշոտ Եղիազարյանի ատենախոսության պաշտպանության վերաբերյալ

Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և այն վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին

I. Քաղաքացի Աշոտ Եղիազարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.

  • 2014թ. հոկտեմբերի 21-ին կայացել է Աշոտ Եղիազարյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության հրապարակային պաշտպանությունը և Տնտեսագիտության 008 մասնագիտական խորհուրդը որոշել է վերջինիս շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովին (այսուհետ` ՀՀ ԲՈՀ)` համապատասխան վկայագիր տալու միջնորդությամբ: Որակավորման գործը Աշոտ Եղիազարյանի կողմից ՀՀ ԲՈՀ է հանձնվել 2014թ.-ի նոյեմբերի 10-ին:
  • Տնտեսագիտության 008 խորհրդի նախագահ Ա. Դարբինյանին ուղղված ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լ. Արզումանյանի 2015թ.-ի փետրվարի 4-ի թիվ 39-01 գրության համաձայն` ԲՈՀ-ի կողմից ընդունվել է գործի վերաբերյալ 2015 թվականի փետրվարի 4-ի թիվ Հ.16-Ա կարգադրությունը` հիմք ընդունելով որակավորման գործի ուսումնասիրությունը: Նշված կարգադրության համաձայն` ենթադրվում է Տնտեսագիտության 008 խորհրդում կազմակերպել ատենախոսության կրկնական քննարկումը` աշխատանքը վերամշակելուց հետո, որին կցվել է նաև համապատասխան կարծիքը:

II. Դիմումի կապակցությամբ մեր կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարություն կատարված հարցումներին ի պատասխան՝ ստացվել են հետևյալ պարզաբանումները.

  • Աշոտ Եղիազարյանը 21.10.2015թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ԲՈՀ-ի Տնտեսագիտության 008 մասնագիտական խորհրդում:

ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, համաձայն գործող կարգի, աշխատանքն ուղարկել է Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ` կրկնական քննարկման` ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 34-րդ կետով. «Եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են սույն կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է խորհուրդ՝ կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով»:

  • Փորձաքննության կարծիքը և ԲՈՀ-ի կրկնական քննարկման կարգադրությունը խորհրդի նախագահին ուղղված ուղեկցող նամակով ուղարկվել է Մասնագիտական խորհուրդ: Բոլոր նյութերը խորհուրդը ուղարկել է հայցորդին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

2. Վարչական վարույթի նյութերին ծանոթանալու հնարավորությունը պետք է տրվի համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:

Վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերից կարող են կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ:

  • Աշոտ Եղիազարյանի գործում առկա բոլոր նյութերը /ուղեկցող նամակ մասնագիտական խորհրդի նախագահին, կարգադրություն կրկնական քննարկում կազմակերպելու մասին, որին կցված է համապատասխան կարծիք/ տրամադրվել են թե մասնագիտական խորհրդին և թե դիմումատուին:

III. ՀՀ կրթության և գիտության նախարարության գործողությունների /անգործության/ վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական գնահատականը.

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների /անգործության/ հետևանքով խախտվել են քաղաքացի Ա. Եղիազարյանի իրավունքները: Մասնավորապես դիմում-բողոքի քննարկման շրջանակներում տրված պարզաբանումների և փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ խախտվել է քաղաքացի Ա. Եղիազարյանի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի /այսուհետ՝ Կոնվենցիա/ 13-րդ հոդվածով ամրագրված իրենց իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված իրավունքի իրականացման տեսանկյունից պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած, այդ թվում՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարվող խախտումները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է իրավական պաշտպանության հասանելիություն ազգային մակարդակով՝ կիրառելու կոնվենցիան այնտեղ, որտեղ դա կարող է անհրաժեշտ լինել ներպետական ազգային իրավունքի շրջանակներում պաշտպանված լինելու համար: 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության միջոցը պետք է նույնքան արդյունավետ լինի ինչպես գործնականում, այնպես էլ՝ օրենքի տեսանկյունից, մասնավորապես, այն իմաստով, որ պետության գործողություններն ու բացթողումները չպետք է անարդարացիորեն խոչընդոտեն դրա կիրառմանը (Հուսեյն Աբու Զաբայդան ընդդեմ Լեհաստանի գործով 24.07.2014թ.-ի որոշումը):

  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 4-րդ մասի ուժով` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Ըստ նույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի` վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:

Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:

ՀՀ վարչական դատարանի` Ա. Եղիազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին 2015թ. մարտի 16-ի որոշման (ուժի մեջ չի մտել) համաձայն` դատարանի գնահատմամբ ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լ. Արզումանյանի 2015թ.-ի փետրվարի 4-ի թիվ Հ. 16-Ա կարգադրությունը հանդիսանում է ներքին իրավական ակտ` ուղղված ներքին ընթացակարգային հարցերի կարգավորմանը:

Այսպիսով, դատարանի դիրքորոշումը հիմք ընդունելու դեպքում ստացվում է, որ ԲՈՀ-ի կողմից չի պահպանել վարչական վարույթի շրջանակներում Օրենքով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես` վարչական վարույթի շրջանակներում Օրենքով նախատեսված ժամկետներում չի ընդունել համապատասխան վարչական ակտը, ինչն առաջացնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, համաձայն որի` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում` վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

  • Ըստ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` եթե գործի քննարկումը կատարվում է վարույթի մասնակիցների, վկաների, փորձագետի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինն արձանագրում է քննարկումները: Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արձանագրությունը պետք է պարունակի`

ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի անվանումը.

բ) վարույթն իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.

գ) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.

դ) քննարկվող հարցի բովանդակությունը.

ե) վարույթի մասնակիցների և վարույթում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

զ) ընդունված որոշման եզրափակիչ մասը:

Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:

Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Օրենքի 38-րդ հոդվածի ուժով` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

Հարկ է նշել նաև, որ Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն`

1. Եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:

2. Որպես փորձագետ` կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքներին տիրապետող անձը:

Փորձագետն իր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնում է եզրակացություն:

3. Վարույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը:

4. Վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների պահանջով փորձագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տա փորձագիտական եզրակացության վերաբերյալ:

Փաստորեն, վարչական վարույթի նյութերում միայն ԲՈՀ-ի կողմից ընդունված 2015 թվականի փետրվարի 4-ի թիվ Հ.16-Ա կարգադրության առկա լինելուց հետևում է, որ ԲՈՀ-ի կողմից չեն պահպանվել նաև վերը թվարկված հոդվածների դրույթներով նախատեսված պահանջները:

Պաշտպանի գրությանն ի պատասխան` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնել են, որ ԲՈՀ-ը, ելնելով փորձաքննության արդյունքից, համաձայն գործող կարգի, աշխատանքն ուղարկել է Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ` կրկնական քննարկման` ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 34-րդ կետով:

Պետք է նշել, որ համաձայն վերոհիշյալ կետի՝ եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են սույն կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է խորհուրդ՝ կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով: Ավելին, ՀՀ ԲՈՀ-ի 1997թ. նոյեմբերի 12-ի հրամանով հաստատված «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ»-ի 4-րդ գլխի 21-րդ կետի համաձայն՝ խորհուրդը ատենախոսության կրկնական քննարկումը կազմակերպում է ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն, մինչդեռ բողոքի մասնագիտական խորհրդի աշխատանքի կրկնական քննարկման որևէ կարգ սահմանված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով`

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների գործողություններով /անգործությամբ/ խախտվել են քաղաքացի Ա. Եղիազարյանի իրավունքները:

2. Առաջարկել`

2.1 ընդունելու համապատասխան վարչական ակտ Աշոտ Եղիազարյանի օգտին.

2.2 ձեռնարկելու արդյունավետ և բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

3. Որոշումն ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարություն և դիմումատուին:

Մարդու իրավունքների պաշտպան` Կարեն Անդրեասյան

10.06.2015թ. 

Լուսանկարը` lragir.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter