HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Փափազյանի «գողացած» մատանին

Աննա Բաբաջանյան 

Գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրվող նմուշների շարքում այցելուների ուշադրությունը կարող է գրավել մի մատանի, որը դիտելիս թերեւս մեծամասնությունը կպնդի, որ այն կանացի զարդ է: Սակայն, որքան էլ տարօրինակ է, պարզվում է, որ այն կրել է նաեւ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: Իսկ ամենահետաքրքիրը մատանու` նրա մոտ հայտնվելու պատմությունն է:

Զարդն ի սկզբանե պատկանել է  հայտնի դերասանուհի Սիրանույշին: Ասում են` Փափազյանն այնքան է հրապուրված եղել նրա խաղով եւ մարդ տեսակով, որ դերասանուհու  գրիմանոցի սեղանի վրայից  պարզապես  գողացել է  նրա մատանին` Սիրանույշից իր մոտ մի «մասնիկ» ունենալու համար:  Եվ  շատ տարիներ անց  միայն նա  պատմել է այդ մասին: Մինչեւ 1965  թվականը մատանին եղել է Փափազյանի մոտ: Հետագայում նա թանկագին մասունքը նվիրել է  նկարիչ Խաչատուր Եսայանին: Վերջինիս ուղղված  նամակում Փափազյանը գրել է. «Սիրելի Խաչիկ ջան, այս անճոռնի մատանին 14 թվի  ամռանը  «Մեդեա»  ներկայացումից հետո  ստացել եմ Սիրանույշից, ծառայել է ինձ երկար տարիներ «Օթելլոյում», եւ տարիների կեղտը վրան, իմ մեղքերիս հետ թաթախված, հիշատակ լինի քեզ այս մատանին: Պահիր, անդրաշխարհում մեղադրանքներից ինձ պաշտպանիր:

Վ.Փ.

1965 թիվ,  10  սեպտեմբեր»:

Դժվար է միանշանակ ասել, թե ինչ մեղքերի կամ մեղադրանքների  մասին է խոսում Փափազյանը, արդյոք նա նկատի ունի հենց մատանին գողանալու հանգամանքը, թե այս տողատակերում այլ բան է թաքնված, ամեն դեպքում, Եսայանը կատարում է նրա կամքը եւ  երկար տարիներ խնամքով պահպանում է  զարդը:

Արդեն 1986-ին Խաչատուր Եսայանի մտերիմ անձանցից մեկը` Աստղիկ Մամբրեյանը, մատանին հանձնում է Գրականության եւ արվեստի թանգարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter