HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին 10 տարում մանկական մահացությունը նվազել է 70 տոկոսով. Արմեն Մուրադյան

Հայաստանում արձանագրվում է միջազգային չափորոշչին համապատասխանող միջին կյանքի տևողություն և տարեցտարի նվազող մանկական ու մայրական մահացություն։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի ամփոփիչ նիստի ժամանակ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ` Ա.Մուրադյանը նշել է, որ նախարարությունում քննարկվում են ոչ միայն մայրական մահացության, այլև կրիտիկական բոլոր այն դեպքերը, որոնք մահվան ելքով չեն ավարտվել։ Ըստ նրա` բազմաթիվ ծրագրերի, սկրինինգների շնորհիվ վերջին 10 տարում մանկական մահացությունը մեզանում նվազել է 70 տոկոսով։ 

Ա.Մուրադյանը նաև նշել է, որ կանխարգելիչ պատվաստումների 92 տոկոս ծածկույթի արդյունքում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.9%։

Ըստ Ա.Մուրադյանի` միայն  հիվանդանոցաշինությամբ և բժշկական օգնության որակի բարելավումով համակարգն այսօր ի վիճակի չէ հաղթահարելու ծառացած բոլոր մարտահրավերները։

Շեշտադրելով հանրային առողջապահության կարևորությունը` Արմեն Մուրադյանը շեշտել է, որ զարգացած բոլոր երկրները նախընտրել են կանխարգելման, վաղ հայտնաբերման ճանապարհը։

«Երբ մենք այդ շրջադարձը կատարեցինք և հանրային առողջապահության ոլորտում փորձում ենք իրականացնել կանխագելիչ բազմաթիվ ծրագեր, ի հայտ են գալիս լրջագույն խնդիրներ` հիմնականում կապված կրթական մակարդակի և հանրային կարծիք ձևավորելու հետ»,- ասել է նախարարը:

Հուլիսի 2-4-ը Երևանում կայացած համագումարի Սփյուռք-Հայաստան պլենար նիստին մասնակցել է նաև բարերար Ռուբեն Վարդանյանը, ով նշել է, որ արդեն 200 մլն դոլարի ներդրում է կատարվել միայն Դիլիջանն արևմտյան չափորոշիչներին համապատասխան կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու համար։ Ռուբեն Վարդանյանը կարևորել է, որ առողջապահության ոլորտում աշխարհում առկա մարտահրավերները հաղթահարելուց զատ Հայաստանի բժիշկները ևս պետք է պատրաստ լինեն բժշկական տուրիզմի զարգացմանը և անգլերենից բացի տիրապետեն այլ լեզուների։

Ռուսաստանի Դաշնությունից շատերը մեկնում են Իսրայելում բուժվելու, որովհետև այնտեղ բուժաշխատողների զգալի մասը տիրապետում է ռուսերենին։ Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը կարևոր հիմք են Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար։

«Բժշկական տուրիզմը մեր երկրում կզարգանա այն պարագայում, երբ կկարողանանք ապահովել բժշկական օգնության որակի միջազգային մակարդակ, չափագրելի որակ, որը նաև իրավական գնահատական կստանա»,- ասել է Ա.Մուրադյանը ։

Որպես դրա վառ օրինակ Մուրադյանը ևս մատնանշել է Իսրայելը, որ նույնպես ունի սփյուռք։ Ունենալով ընդամենը 25 հիվանդանոց և 8 մլն բնակչություն` այս երկիրը կարողանում է հսկայական բժշկական տուրիզմ ապահովել` չափագրելի որակի շնորհիվ։ Նախարարը շեշտել է, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունն ի շնորհիվ այս Հայաստան-սփյուռք համագործակցության։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter