HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

We Are The World. Մայքլ Ջեքսոնի և Լայնլ Ռիչիի հիթը՝ անչափ մեծ սրտով

Նաիրա Հայրապետյան

1985թ. բրիտանական «Do They Know It’s Christmas?» սինգլի բուռն հաջողությունները նկատի ունենալով՝ ԱՄՆ-ն նույնպես որոշեց հետ չմնալ, որի արդյունքում ծնվեց աշխարհի անտարբերությունը կոտրող ևս մեկ ստեղծագործություն:  Հանրահայտ «We Are The World» երգը, որն իր մեծամասշտաբ ճանաչելիության շնորհիվ հիշատակվում է առավելապես Մայքլ Ջեքսոնի անվամբ, քչերը գիտեն, որ գրվել է հենց «Do They Know It’s Christmas?»-ից ազդված: Բացի այդ, եթե չլիներ երգի համահեղինակ Լայնլ Ռիչին, Ջեքսոնը հայտնի չէ՝ կընդգրկվե՞ր որպես ոչ միայն կատարող, այլև ստեղծագործական խմբի անդամ:  Սակայն նրան առավելությունը տալու փաստը մեծ իմաստով նաև արդարացի է. Ջեքսոնը մեծ նվիրումով անցավ գործի և հենց ինքն էլ ստացավ երգի վերջնական տեսքը՝ այնպիսին, ինչպիսին գիտենք բոլորս:

Նոր գաղափարի հեղինակը, ինչպես արդեն նախորդ հոդվածում նշել ենք, ամերիկացի հայտնի ակտիվիստ, երգիչ և դերասան Հարի Բելաֆոնտեն էր, ով այն իրականացնելու համար աշխատանքը վստահել էր պրոդյուսեր Քեն Քրեյգենին (Քրեյջեն): Վերջինս, քաջածանոթ լինելով  բարեգործական դրամահավաքների աշխատանքին, նախապես մտադրված համերգը փոխարինեց սինգլ թողարկելու գաղափարով և անմիջապես գործի անցավ: Քրեգենը, որպես պրոդյուսեր, աշխատում էր Լայնլ Ռիչիի և  հայտնի քանթրի երաժիշտ Քենի Ռոջերսի հետ, ուստի ձայնագրման համար առաջինը որոշեց ընդգրկել նրանց և 80-ականներին իր կարիերայի գագաթնակետին գտնվող Սթիվի Ուոնդերին: Քրեյգենը ուզում էր հնարավորինս հայտնի անուններով նախագիծը իրականացնել, որպեսզի արդյունքը նաև հայտնի աստղերի շնորհիվ կայանար:  Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Լ. Ռիչին առաջարկեց նաև ընդգրկել Մայքլ Ջեքսոնին, ով արդեն թողարկել էր կոմերցիոն մեծ հաջողություններ նվաճած հանրահայտ «Thriller» ալբոմը: Հեռախոսազրույցի ժամանակ Ջեքսոնն ասաց, որ ոչ միայն կմասնակցի ձայնագրմանը որպես երգիչ, այլև մեծ ցանկություն ունի երգը գրելու աշխատանքներին ևս աջակցել: Ի սկզբանե երգի տեքստը գրելու առաջադրանքը պրոդյուսերը մտադիր էր Ռիչիին  և Ս. Ուոնդերին տալ, սակայն վերջինս, պարզվեց,  Նյու-Յորքում է՝ խիստ զբաղված որոշ ծրագրերով: Որպեսզի աշխատանքները չհետաձգվեին,  միանգամից ընդունեցին Ջեքսոնի աջակցությունը: Տրված ժամանակը շատ մեծ չէր, ուստի զույգը լծվեց ակտիվ  գործի:    

Մի ամբողջ շաբաթ  Ջեքսոնն ու Ռիչին գրեթե դուրս չեկան Ջեքսոնների` Էնսինոյում (թաղամաս Լոս Անջելեսում) գտնվող ընտանեկան բնակարանից, որտեղ աշխատում էին և՛ տեքստի, և՛ երաժշտության վրա: Երկուսն էլ համակարծիք էին, որ երգը պետք է հեշտ երգվող, հիշողության մեջ անմիջապես տպավորվող, բայց միևնույն ժամանակ ազդեցիկ լիներ: Ջեքսոնի ավագ քրոջ՝ Լա Տոյայի վկայությամբ՝ ամենաոգևորվածն ու անհամբերը եղբայրն էր, ով ամբողջությամբ մտել էր այդ գաղափարի մեջ և ջանք չէր խնայում անելու առավելագույնը: «Աշխատելու պահին նրանք շատ հանդարտ էին, իսկ դա շատ տարօրինակ էր ինձ համար և ուզում էի սենյակ մտնել, - պատմել է երգչուհին հարցազրույցներից մեկում,- Մայքլը երգեր գրելիս սովորաբար շատ աշխույժ էր լինում: Այս մեկը շատ զգացմունքային էր նրանց համար»:

Այս ընթացքում Քրեյջենը և նրա օգնական պրոդյուսեր Քուինսի Ջոնսը, ում ներդրումն, ի դեպ, երգի ձայնագրության մեջ չափազանց կարևոր տեղ ունի, սկսել էին արտիստների ընտրության և հրավերների ուղղությամբ աշխատել: Նրանց անվանացանկում էին ամերիկյան երաժշտության այնպիսի անուններ, որոնցից ամեն մեկն առանձին պատմություն էր: Քրեյջենը, ով նպատակ ուներ 10-15 արտիստ ներգրավել, հանկարծ հայտնվեց անելանելի վիճակում: Մասնակիցների թիվը գնալով ավելանում էր. մեկը մեկից նշանավոր անուններ, որոնց անհնար էր բաց թողնել: «Վերջին շաբաթվա ընթացքում 28 հոգին միանգամից դարձավ 40,- հիշում է Քրեյջենը,- ես ստիպված եղա մերժել 50-ից 60 երգիչների, ովքեր պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու բարեգործական նախագծին»:

Այնուամենայնիվ, նրանց հաջողվել էր այդ նախագծի համար ունենալ աստղային ոսկե խումբ: 45 աստղերից կազմված խումբը լոսանջելեսյան ձայնագրման ստուդիայում պետք է լիներ 1985թ. հունվարի 28-ի երեկոյան, քանի որ նրանցից շատերը նույն օրը հրավիրված էին մասնակցելու «American Music Awards» մրցանակաբաշխությանը: Միջոցառումից անմիջապես հետո նրանք լրագրողներից աննկատ հասան հանդիպման վայրը, որտեղ էլ պետք է իրականացվեր մի աներևակայելի աշխատանք՝ ծայրահեղ տարբեր վոկալների, կատարողականության, ոճերի, նաև խառնվածքների համադրությամբ: Հենց այստեղ է կայանում Ք. Ջոնսի մեծությունը, ով ոսկերչի հմտությամբ կարողացավ ի մի բերել երգի, այսպես ասած, ամեն մի նախշը, ամեն մի հյուսքը:

Բնականաբար, ամենալարվածն ու մի քիչ էլ սարսափահարը Ջեքսոնն ու Ռիչին էին. բանն այն էր, որ նրանք երգը մի կերպ ավարտին էին հասցրել նախորդ գիշերը, ձայնագրությունից գրեթե ժամեր առաջ: Եվ հասցրել էին՝ շնորհիվ Ջեքսոնի անհամբեր բնավորության, տաղանդի և եռանդուն նվիրման:

Մի քանի օր առաջ Ռիչին երկու տարբեր  մեղեդի էր ձայնագրել և գիշերը գործընկերոջ հետ լսել էին: Երբ Մայքլը լսեց դրանք, հանկարծ սենյակից դուրս եկավ: Մի քանի ժամ անց նա վերադարձավ երգի ավարտուն օրինակով: Նույն գիշերվա մեջ նա ամբողջացրել էր երգի՝ մինչ այդ եղած աննշան աշխատանքը և լրիվ ավարտել: Երբ  այն ներկայացրեց Ջոնսին և Ռիչիին, վերջիններս ապշած մնացին. այնտեղ ամբողջացված էր տեքստը, երաժշտությունը, գործիքավորումը՝ հարվածային, դաշնամուր, լարային նվագարաններով, երգչախմբային մասը: 

«Ես սիրում եմ արագ աշխատել,- ասել է Ջեքսոնը,- չէի կարողանում սպասել և առաջ գնացի՝ առանց Լայնլի իմացության»:

Ժամեր անց, ամերիկյան հանրամատչելի երաժշտության 45 մեծագույն անուն, ոմանք՝ մեգաաստղեր,  հանդիպեցին ձայնագրման ստուդիայում: Ռեյ Չարլզ, Բոբ Դիլան, Ուիլի Նելսոն, Թինա Թըրներ,  Փոլ Սայմըն, Բրյուս Սփրինգսթին, Քենի Ռոջերս, Բիլի Ջոել, Դայանա Ռոս, Ալ Ջերո, Սինդի Լոպեր և ուրիշներ. 30 տարի առաջ՝ այդ պատմական երեկոյին, նրանց բոլորին միավորել էր մեկ ընդհանուր նպատակ՝ դադարեցնել սովը Աֆրիկայում:  Երգը կոչվում էր  «We Are The World» ՝  «Աշխարհը մենք ենք», իսկ խումբը ՝ «USA for Africa» (United Support of Artists for Africa): Երաժիշտներից շատերը այս նախագիծն իրականացնելու համար ստիպված էին դժվարություններ հաղթահարել, կիսատ թողնել  իրենց կարևոր աշխատանքները: Ոմանք այնտեղ էին շտապել անմիջապես օդանավակայանից, ժամեր առաջ ունեցած համերգից կամ ձայնագրությունից հետո: Այնուամենայնիվ, ձայնագրությունն անցնում էր շատ ջերմ և ուրախ մթնոլորտում: Նրանք անչափ երջանիկ էին, քանի որ  ոչ միայն հանդիպել էին իրենց սիրելի լեգենդներին, այլև առաջին անգամ հնարավորություն ունեին երգել միասին:  

(հատվածներ ձայնագրությունից)

Կողքի սենյակում նույնիսկ սկսել էին ստորագրություններ վերցնել մեկը մյուսից: Մուտքի մոտ նրանց ողջունում էր երեկոյի լոզունգը, որ փակցված էր ստուդիայի դռանը՝ «Խնդրում ենք, Ձեր էգոն թողեք դռներից դուրս»: Սթիվի Ուոնդերը կատակով հայտարարեց՝ եթե ձայնագրությունը մեկ փորձով չստանան, ապա ինքն ու Ռեյ Չարլզն են աստղերին տուն հասցնելու՝ մեքենան վարելով:

«Ես անչափ երջանիկ էի, որ մասնակցում էի այդ կարևոր իրադարձությանը ,- ասել է Դայանա Ռոսը,- ոչ ոք չփորձեց իր եսը առաջ տանել, քանի որ այդ ամենը ոչ թե մեր մասին էր, այլ միասնականության: … Այն աշխարհի մասին էր, որի մի մասն է կազմում մեզանից յուրաքանչյուրը»:  Փորձերն անցնում էին ուրախ մթնոլորտում: Երգի տեսահոլովակը ստեղծվեց այս ընթացքում, ձայնագրման աշխատանքները վավերագրած կադրերով:

Գիշերվա ժամը 3-ին խմբերգային հատվածը վերջապես  արդեն պատրաստ էր, և երգիչները սկսեցին աշխատել սոլո-հատվածների վրա: Կազմակերպիչների վկայությամբ՝ Բոբ Դիլանը և Բրյուս Սփրինգսթինը, չնայած վաղուց ավարտել էին իրենց աշխատանքը,  ստուդիայում մնացին ողջ գիշեր և մինչև աշխատանքի ավարտը: Ք. Ջոնսը հետագայում հիշում է. « Շոու- բիզնեսում իմ 35-ամյա կենսագրության մեջ այդ գիշերը լավագույններից մեկն էր:  Նրանցից ոչ մեկը այդ նախագծում չմասնակցեց անձնական նպատակներ իրագործելու համար»:

1985թ. ապրիլի 23-ին թողարկվեց «We Are The World» ալբոմը. պրոդյուսերներ՝ Քուինսի Ջոնս, Մայքլ Օմարթյան: Համանուն սինգլը լույս տեսավ մարտի 7-ին և վաճառվեց ավելի քան 20 միլիոն օրինակով: Այն ալբոմի 9 երգերի մեջ միակն էր, որ առանձին սինգլով թողարկվեց: Երգի հաջողությունը ոչ մի սահման չի ճանաչում, քանի որ հաղթահարել է ամեն ինչ, հասել բոլորին՝ դառնալով տարբեր տարիքի մարդկանց և տարբեր սերունդների երգը:  «We Are The World» -ը  բազմաթիվ մրցանակներ շահեց՝ ներառյալ  երեք  «Գրեմի», սակայն, ինչպես «People» ամսագիրն է բնորոշել, երգի ամենակարևոր մրցանակը  այն գումարն էր, որը կարողացավ հավաքել՝ 63 միլիոն՝ Աֆրիկայում և ԱՄՆ-ում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար:  Լրագրող, երաժշտական մեկնաբան Ջոնաթան Թեյլորը «Los Angeles Daily News»-ի համարներից մեկում երգն անվանել է «Հիթ, որը սիրտ ունի»:

Երգի անունով ստեղծվել է կայքէջ, որտեղ մինչ օրս դրամահավաք է իրականացվում բարեգործական նույն նպատակներով:

«We are the world, we are the children
We are the ones who make a brighter day so let's start giving
There's a choice we're making, we're saving our own lives
It's true we'll make a better day just you and me… »

25 տարի անց, 2010թ. հունվարի 12-ին, այս խոսքերն օգնեցին մարդկանց ևս մեկ մեծ քայլ անել՝ միմյանց նեցուկ լինելու համար:  Հայիթիի հայտնի երկրաշարժը, որը գրեթե 230 հազար կյանք խլեց, կրկին համախմբեց աշխարհի երգիչներին: Ձայնագրվեց «We Are The World»-ի նոր տարբերակը՝ նոր անձնակազմով՝ Թոնի Բենեթ, Սելին Դիոն, Բարբարա Սթրեյզնդ,  Աշեր, Ջասթին Բիբեր և ուրիշներ: Տարբեր բարեգործական կազմակերպություններ «We Are The World»-ի օգնությամբ կարողացան հավաքել ավելի քան մեկ միլիարդ դոլար՝ երկրաշարժից տուժած հաիթցիներին օգնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter