HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու անտառներում արջ մեկ-մեկ է երևում, վայրի խոզերը վերացել են, վտանգված է եղնիկների գենոֆոնդը

Իրիկունը արջը ձորից դուրս եկավ, իրեն տվեց ուրթի մեջտեղը: Շուն, կաթ, կթվոր իրար խառնեց  ու`էլի ձորը` հետը տանելով  դասատու Գևորգ Աբովյանի  տատի, ամոթ է ասելը, էնիքը, էն էլի, որ տատերը հագնում են փեշի տակից: Այդտեղ վրանի մոտ, հրացանը ձեռքին կանգնած էր դասատուն: Իրար տեսան, արջն ու ինքը կանգնեցին իրար երեսի նայեցին, հետո արջն աչքով արեց, վարտիքը վերցրեց ու`ձորը: Դասատուն  հրացանը ձեռքին ընկել  էր  ու ծիծաղից գալարվում էր…

                                                                      Հրանտ Մաթևոսյան «Ահնիձոր» 

Դսեղի, Լալվարի և Ջիլիզայի անտառտնտեսություններին պատկանող Մոտկորի, Շնողի, Շամլուղի և  Ջիլիզայի  անտառներում  արջ մեկ-մեկ  է երևում, վայրի խոզերը  վերացել են, վտանգված է նաև եղնիկների գենոֆոնդը: «Անկախության գործընթացը որ եղավ, ամեն տեղ  ժողովրդի ձեռքը զենք ընկավ: Սոված ժողովուրդ, զենքը ձեռքին, ո՞նց կլինի:  Գել ու աղվես էլ էին խփում ու միսն ուտում, ինչ մնաց արջ, կխտար ու վայրի խոզ չխփեին: Մեր անտառների կենդանիների 80 տոկոսը վերացել է»,- ասում է  նախկին  որսագետ  Գագիկ Անտոնյանը:

«Լալվարի» անտառտնտեսության պատասխանատուները մեզ հայտնեցին ,որ  վերջին տարիներին վայրի խոզերի վերացմանը նպաստել է  նաև ժանտախտը: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Բարդուխ  Գաբրիելյանի   ու ՀՀ բնության պահպանության միության նախագահ Մամիկոն Ղասաբյանի ուսումնասիրություններն ասում են, որ կենդանական աշխարհը վերանում է  նաև մասայական անտառահատումների, Թեղուտի և Շամլուղի բաց հանքերի ու պոչամբարների պատճառով:

Թեղուտի հանքի շրջակայքում գիտնականները 2014թ.-ին   ուսումնասիրություններ են կատարել:  «Հանքի տարածքում կենդանիները վերացել էին: Հանքի վերևներում մի քանի կենդանիներ նկատեցինք, դրանք էլ կվերանան հանքի շահագործումից հետ»,- վստահեցրեց  Բարդուխ Գաբրիելյանը: Մամիկոն Ղասաբյանն էլ ասաց, որ այդ   ուսումնասիրությունները  կատարվել են այն ժամանակ, երբ  հանքավայրի աշխատանքերն ավարտվել և բնապահպանական լուրջ վնասներ էին առաջացել:  

«Մեր  Դուքանաձորում  արջը, կխտարն  ու վայրի խոզը անսահման են եղել: Թեղուտի  հանքավայրը  սփռված է հենց Դուքանաձորում: Հանքավայրում էդքան  տեխնիկա  է աշխատել ու անտառ է հատվել, էլ Դուքանաձորում արջ, եղնիկ ու վայրի խոզ կմնար»,-ասաց Շնողի անտառապետ Սերգեյ Շախկյանը:  Մամիկոն Ղասաբյանը  նկատեց, որ օրենքով սահմանված ժամկետում`5 տարին մեկ անգամ, նաև ըստ անհրաժեշտության, անտառներում կենդանական աշխարհի պետական հաշվառում և մոնիտորինգ չի իրականացվում, որի պատճառով չեն կանխվել կենդանիներին  սպառնացող սպառնալիքները:

«Բնապահպանական ծրագրով նախատեսվում է կենդանինների մոնիտորինգի և հսկողության իրականացում, սակայն դա չենք իրականացնում` պետբյուջեից մեզ գումարներ չհատկացելու պատճառով»,-մեր հացմանը այսպիսի պատասխան տվեց բնապահպանության նախարարության  բնապահպանական ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանը:

«Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը իրականացվում է կենդանինների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների, էկոհամակարգերի որակի ամբողջականության գնահատման, բացասական երևույթները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով»,- գրված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում:

Որսագետ Գ. Անտոնյանը  հիշում է, որ խորհրդային ժամանակներում Մոտկորի, Շնողի, Ծաղկաշատի Աջրա և Չաթինդաղի անտառներում բնակվում էին մեծ  քանակությամբ արջեր, վայրի խոզեր, եղնիկներ, գայլեր, աղվեսներ, նապաստակներ ու  կզաքիսներ: Ամենաորսառատը Մոտկորի ու  Շնողի անտառներն են եղել:  Որսագետի պատմելով՝ ժամանակին իրեն  30-40 հատով վայրի խոզերի խմբեր են  հանդիպել Մոտկորում ու Շնողում:

«Հիմա մեր անտառներում  համարյա կարելի է ասել արջը հատուկենտ է երևում, եղնիկ դեռ կա: Արջը մի տարածքում չի նստում, ման է գալիս: Որտեղ կեր` աճար և կաղին կա, նրանք անտառի այդ տարածքներում են ման գալիս:  Անցյալ և նախանցյալ տարիներին հետքերը երևացել են: Ծաղկաշատի Աջրա հանդումը արջ տեսնողներ են եղել»,- ասաց որսագետը: Վերջինս  դժգոհեց  որսորդներից, որ ամառ, գարուն հաշվի չեն առնում, հրացանն ուսերին  մտնում են անտառ, ինչ հանդիպում է, խփում  են:

«Իսկ մեր ժամանակաշրջանում գարունը եկել է, զենքը  յուղել ենք մի կողմ ենք դրել, մինչև ծառի տերևի թափվելը»,-հիշեց  նա:  Նրա ասելով, հիմա եղնիկի որսն ազատ է`տեր ու տիրական չկա: Գ.Անտոնյանը  նաև մտաբերեց, որ  2013թ.  «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը եկել է «Լալվարի»  անտառտնտեսություն ու ասել, թե ամբողջ Հայաստանի որսագետների կազմը`մոտ 70 մարդ, կրճատվել է: «Եթե  ամբողջ որսագետների կազմը կրճատվում է, էլ անտառում կենդանի  կմնար»,-հարցրեց  Գագիկը:  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների պահպանության և պաշտպանության  բաժնի  պետ Արտաշ Մանասերյանից հեռախոսով մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ Լոռու անտառների կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության վիճակի մասին:

 «Մարտուն Մաթևոսյանը հանրապետությունում չէ, գլխավոր անտառապետ Պետրոսյանն էլ տեղում չէ, առանց նրա թույլտվության չեմ կարող տեղեկություններ հաղորդել, ինձ համար անախորժություններ կառաջանան»,- ասաց Ա. Մանասերյանը:

Շնողի անտառապետության անտառապետ Սերգեյ Շախկյանն ասաց, որ որսագետներին  կրճատելուց հետո վայրի կենդանիների   պահպանությունը հանձնվել է  անտառապետերին: Ս. Շախկյանը վստահեցրեց, որ վերջին մի քանի ամիսներին  ուժեղացված հսկողություն է սահմանվել Լալվարի անտառտնտեսության  անտառներում: «Իրականում մենք  տեղյակ չենք, թե մեր անտառներում ինչքան վայրի կենդանիններ կան:  Մենք այդպիսի հաշվառում չունենք: Տեղյակ չենք ապօրինի որսագողության փաստերի, այդպիսի հսկողություն չենք իրականացրել»,- խոստովանեց Դսեղի անտառտնտեսության պետ Վահե Քառյանը:

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Անտառը արդեն կործանել են, իսկ հանքերը ?...Ովա պատասխան տալու դրա համար? հերիք չի ավիրեն ու փչացնեն.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter