HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետարանը պետական գնման պայմանագրեր է կնքում մարզպետի եղբոր ընկերության հետ

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրով ՀՀ կառավարությունը 2014թ. Արագածոտնի մարզպետարանին հատկացրել է 300 մլն դրամից ավել գումար: Արագածոտնի մարզպետարանն այդ գումարի շրջանակներում իր կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման մի քանի պայմանագրեր է կնքել մարզպետի եղբոր՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ:

«Ես և Նա» ընկերությունը հիմնադրվել է 2006թ.-ին, որի 100% բաժնեմասը պատկանում է Արագածոտնի մարզպետի եղբորը: Նաիրի Սահակյանն է հանդիսանում նաև ընկերության տնօրենը: 2009թ., երբ Սարգիս Սահակյանը նշանակվեց մարզպետ, դրանից հետո եղբոր ընկերությունը սկսեց էլ ավելի ակտիվ ներգրավվել պետական միջոցներով իրականացվող ծրագրերում:

Տարիներ առաջ մարզպետ Սահակյանն անձամբ էր իր եղբոր ընկերության հետ պայմանագրեր կնքում, այժմ ավելի «օբյեկտիվ» է դարձել և այդ գործառույթն իրականացնում է Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչիկ Գևորգյանը: Օրինակ, 2011թ. հրատապ ծրագրով մարզի Գեղաձոր համայնքի դպրոցի հիմնանորոգման համար մարզպետ Սարգիս Սահակյանն անձամբ եղբոր ընկերության հետ կնքել է մոտ 103 մլն դրամ արժողության շինվերանորոգման պայմանագիր: Նույն տարում Սարգիս Սահակյանի բարձր հովանու ներքո  դարձյալ խոշոր պայմանագիր է կնքվել «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ, այս անգամ՝ 156.5 մլն դրամով վերանորոգվել է մարզի Արագածավան համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, իսկ 76.5 մլն դրամով վերանորոգվել է Կայք համայնքի դպրոցը:

«Ես և Նա» ընկերության և մարզպետ Սարգիս Սահակյանի հաղթարշավը շարունակվել է նաև 2012թ.: Նշված տարում դարձյալ հրատապ ծրագրով, մարզպետարանը Եղիպատրուշ համայնքի դպրոցի մասնակի վերանորոգման պայմանագիր է կնքել ընկերության հետ, որի արժեքը կազմել է մոտ 39 մլն դրամ: 6.5 մլն դրամով ընկերությունը մասնակի վերանորոգել է Շամիրամ համայնքի դպրոցը, 33 մլն դրամով՝ Օհանավան համայնքի դպրոցը, 31 մլն դրամով վերանորոգել է Ագարակավան համայնքի մշակույթի տունը:

Սահակյան եղբայրները ծնունդով մարզի Դիան գյուղից են: 2012թ. մարզպետը պայմանագիր է կնքել եղբոր ընկերության հետ, որպեսզի վերանորոգեն հայրենի գյուղի խմելու ջրի արտաքին ջրագիծն ու կապտաժները: Այս պայմանագիրն արժեցել է 2.6 մլն դրամ: Նշված տարում մոտ 28 մլն դրամով «Ես և Նա» ՍՊԸ-ն վերանորոգել է նաև Ճարճակիս համայնքի միջնակարգ դպրոցի շենքը, 24 մլն դրամով էլ՝ Բերքառատ համայնքի մշակույթի տունը:

2014թ. առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրերում  մարզպետի եղբոր ընկերությունը դարձյալ մասնակցություն է ունեցել: Արդեն աշխատակազմի ղեկավար Հրաչիկ Գևորգյանը անցյալ տարի «Ես և Նա» ընկերության հետ ընդհանուրը 150 մլն դրամից ավելի գումարով պայմանագրեր է կնքել: Մասնավորապես՝ 31 մլն դրամով «Ես և Նա»-ն վերանորոգել է Վ. Բազմաբերդ համայնքի դպրոցի շենքը, 66 մլն դրամով ամրացրել ու վերանորոգել է Եղնիկ համայնքի միջնակարգ դպրոցի շենքը, 42.5 մլն դրամով՝ Դավթաշեն գյուղական համայնքի դպրոցի շենքը, 10.5 մլն դրամով իրականացվել է Եղնիկ համայնքի հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:

Նշենք, որ «Ես և Նա» ընկերության իրականացրած ցածրորակ շինաշխատանքների մասին ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը տարիներ առաջ բազմիցս ահազանգել է, հրապարակային հանդես է եկել հայտարարություններով, սակայն ապարդյուն:

Հաջորդ ընկերությունը, որի հետ Արագածոտնի մարզպետարանը խոշոր պայմանագրեր է կնքում «ԳՐԷԴՇԻՆ» ՍՊԸ-ն է: Սեփականատերը Փարպի գյուղի բնակիչ Գրիգոր Կարապետյանն է: Նա Սահակյան եղբայրների մտերիմն է:

Հրատապ ծրագրով 2014թ. մարզպետարանը «ԳՐԷԴՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 26 մլն դրամով կնքել է Ձորագլուխ համայնքի դպրոցի վերանորոգման աշխատանքների պայմանագիր, 9 մլն դրամով ընկերությունը վերանորոգել է Ոսկեթաս համայնքի հանդիսությունների տունը:

Մարզպետ Սարգիս Սահակյանի հետ լավ հարաբերությունների արդյունքում է, որ «Մեդիսոն Էյբլ»ՍՊԸ-ն Արագածոտնի մարզում ակտիվ ներգրավված է պետական միջոցներով իրականացվող ծրագրերում: Այս ընկերությունը անցյալ տարի մոտ 18.5 մլն դրամով վերանորոգել է Աշնակ համայնքի կենցաղի տան շենքը:2012-2013թթ ևս մի շարք պայմանագրեր են կնքվել ընկերության հետ: 9.3 մլն դրամով վերանորոգել է Ռյա Թազա համայնքի դպրոցի հատակը, 19 մլն դրամով վերանորոգել է Օշական համայնքի կամուրջը և այլն:

«Հետքը» մի քանի անգամ գրավոր դիմել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որպեսզի վերջինս տրամադրի տեղեկություններ պետական միջոցներով իրականացված շինաշխատանքների վերաբերյալ: Ամեն անգամ մարզպետ Սարգիս Սահակյանը հրաժարվել է տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ դրանք ամբողջությամբ՝ այդ թվում կնքված պայմանագրերը տեղադրված են մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքէջում: Մարզպետի հիշատակած կայքէջում տեղեկություններ գրեթե չկան, իսկ մարզպետ Սահակյանի խուսափողական մարտավարությունը պարզ է. նա չի ցանկանում «իր ձեռքով» տրամադրել այն փաստաթղթերը, որի մասնակիցը իր եղբոր ընկերությունն է: «Հետքը» նշված տեղեկատվությունը մարզպետարանից ստանալու նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter