HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտներին են ամենից շատ վարկ տալիս բանկերը

Նախորդ տարեվերջին գրանցված ցնցումներից հետո դրամն այսօր որոշակի կայունություն է ցուցաբերում։ Դա նպաստել է, որ հայաստանյան բանկերից հիմա համեմատաբար հեշտ է վարկեր ստանան, քան, ասենք, հունվարին։ Այս տարվա ապրիլին Հայաստանում գործող 21 առևտրային բանկերը ՀՀ ռեզիդենտներին տրրամադրել են մոտ 2,048  տրլն ՀՀ դրամի վարկ (այդ թվում՝ մոտ 691 մլրդ դրամը ՀՀ դրամով և մոտ 1,358 տրլն դրամը՝ արտարժույթով):    

Նախորդ տարվա ապրիլի   (1,833 տրլն դրամ)  համեմատ այն աճել է մոտ 215 մլրդ դրամով կամ մոտ 10,5%-ով, իսկ մասնավորապես արտարժությով վարկերը՝ մոտ 16,7%-ով։ Բայց իրականում աճն այքան մեծ չէ, քանի որ այս մեկ տարում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12,5%-ով (այս տարվա ապրիլի դրությամբ  ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474,07 ՀՀ դրամ, մինչդեռ  2014-ի ապրիլին է եղել  414,31 դրամ՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության)։ Այսինքն՝ արտարժույթով վարկերի ծավալն աճել է մոտ   4,2%-ով (16,7%-ից հանած արժեզրկման 12,5%-ը)։

Դրամով տրամադրված վարկերի պարագայում այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն  ամսվա համեմատ մոտ 10,8  մլրդ դրամի նվազում է արձանագրվել։ 

Իսկ տարեսկզբից ունենք հետևյալ պատկերը. 

Նշենք, որ այս տարվա հունվարի համեմատ ապրլին դրամն արժևորվել է մոտ  1,7%-ով։ 

Սպառողական վարկերն առաջին տեղում են 

Հայաստանի կենտրոնական բանկը որոշակի պարբերականությամբ ներկայացնում է ՀՀ առևտրային բանկերի վարկավորման մասին հաշվետվություններն ու թե բանկերը որ ոլորտներն են վարկավորում։ Դրանից էլ պարզ է դառնում, թե  որ ոլորտներին են վստահում վերջիններս։ 

Ամենաթարմն այս տարվա ապրիլի ցուցանիշներն են։ Ոչ միայն ապրիլի, այլև՝ նախորդ ամիսների ու առնվազն վերջին հինգ տարվա տվյալները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բանկերը ամենից մեծ ծավալով տրամադրում են սպառողական վարկերը, մշակող արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտի և հիփոթեքային վարկերը։ 

Այսպիսով, այս տարվա ապրիլի դրությամբ առաջին տեղում սպառողական վարկերն  են՝ մոտ 331,5 մլրդ դրամը տրվել է ՀՀ դրամով, իսկ մոտ 102  մլրդ դրամը՝ արտարժույթով։ Դրանց մեջ գերակշռում են քարտային վարկերը  (80 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով և 96,6 մլրդ դրամը՝ արտարժույթով)։

Նախորդ տարվա ապրիլի համեմատ արտարժույթով սպառողական վարկերի ծավալն ավելացել է 28,6 մլրդ դրամով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ 7  մլրդ դրամով պակասել։ 

Առևտրի ոլորտին տրված վարկերը երկրորդ տեղում են՝ 61,5 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով, իսկ մոտ 310,2 մլրդ դրամը՝ արտարժույթով։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ արտարժույթով վարկերն ավելացել են 39,5 մլրդ դրամով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ նվազել  14,2  մլրդ դրամով։ 

Մյուսը մշակող արդյունաբերության ոլորտին տրված վարկերն են։ Ապրիլին կազմել են մոտ 29,6  մլրդ դրամ՝ ՀՀ դրամով և 162  մլրդ դրամ՝ արտարժությով։   2014-ի ապրիլի համեմատ ՀՀ դրամով վարկերը նվազել են 3,1  մլրդ դրամով, իսկ արտարժույթով վարկերը՝ ավելացել 14,6 մլրդ դրամով։ 

Մյուսը հիփոթեքային վարկեն են, որոնք ապիլին կազմել են 73,5   դրամ՝ ՀՀ դրամով և 97,2 մլրդ դրամ՝ արտարժույթով։  2014-ի ապրիլի համեմատ՝ արտարժույթով վարկերն ավելացել է 18,3 մլրդ դրամով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ նվազել 4,5 մլրդ դրամով։ Հիփոթեքային շուկային առաջիկայում կանդրադառնանք առանձին հոդվածով։ 

Հնգյակը եզրափակում է գյուղոլորտը (բուսաբուծություն, անասնապահություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն), որին հատկացված վարկերը ապրիլին կազմել են մոտ  48,5 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով և մոտ  118 մլրդ դրամը՝ արտարժույթով։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ արտարժույթով վարկերն ավելացել են 35,6  մլրդ դրամով, իսկ ՀՀ դրամով վարկերը՝ նվազել 2,2 մլրդ դրամով։ 

Ամենաշատ վարկավորվող ոլորտների շարքում են նաև շինարարությունը ( ապրիլին՝ 94,2  մլրդ դրամն՝ արտարժույթով, 22,69  մլրդ դրամը՝ ՀՀ դրամով), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը (  116,3 մլրդ դրամն՝ արտարժույթով, 25,4 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով)։ 

Կրթության և ջրամատակարարման ոլորտներն ամենաքիչն են վարկավորվում 

Կան ոլորտներ, որոնց  բանկերը  քիչ են վարկավորվում։ Իհարկե, միանշանակ չի կարելի է ասել, որ բանկերը չեն վարկավորում այդ ոլորտները, քանի որ չեն վստահում։ Հնարավոր է՝ այդ ոլորտները, տարբեր պատճառներից ելնելով, վարկավորվաման ավելի քիչ կարիք ունեն։ Այնպես, որ հստակ չենք կարող ասել՝ վատ է, որ քիչ են վարկավորվում, թե՞ լավ։ Ամեն դեպքում, փաստերը ցույց են տալիս, թե որ ոլորտներն են դրանք և ինչ ծավալի վարկեր են ստանում ՀՀ առևտրային բանկերից։ 

Ինչպես երևում է ներկայացված երկրորդ ինֆոգրաֆիկայից, ամենից քիչ վարկավորվող ոլորտներն են կրթությունն ու ջրամատակարարումը։ Ընդ որում՝ դա նոր երևույթ չէ։ Մեր ձեռքի տակ եղած տվյալները, որոնք սկսվում են   2011  թվականից, ցույց են տալիս, որ մնացած ոլորտների համեմատ, այս երկու ոլորտները միշտ ավելի քիչ են վարկավորվել։ 

Քիչ են վարկավորվում նաև առողջապահության, գիտության, տեղեկատվության և կապի, մշակույթի, հանգստի ու զվարճության, փոխադրումների, կեցության կազմակերպման ոլորտները։ Այս ոլորտների վարկավորման ծավալները ներկայացված են հոդվածում տեղ գտած երկրորդ ինֆոգրաֆիկայում։ 

Որ ոլորտներին են ավելի շատ արտարժույթով վարկեր տալիս 

Հայաստանում արտարժույթով վարկերի մեծ մասը տրվում են ԱՄՆ դոլարով։ Դա գլխավոր պատճառներից մեկն է, որ երբ դրամն արժեզրկվում է դոլարի նկատմամբ, արտարժույթով վարկ ստացած քաղաքացիները տուժում են։ Այնուամենայնիվ, Հայաստանում վարկերի գերակշիռ մասը տրվում են արտարժույթով։ Օրինակ, ապրիլին ՀՀ դրամով վարկերը կազմել են ընդհանուրի 33,7%-ը, իսկ մնացած 66,3%-ը արտարժույթով են, հիմնականում՝ դոլարով։ 

Ամենից շատ վարկավորվող ոլորտների դեպքում արդեն ներկայացրինք՝ որքանն են արտարժույթով ստանում, որքանը՝ ՀՀ դրամով։ Այսպիսով, դրանց շարքում սպառողական վարկերը միակն են, որոնց զգալի մասը տրվում է ՀՀ դրամով։ ՀՀ դրամով վարկերի կշիռը համեմատաբար մեծ է նաև հիփոթեքային վարկերի դեպքում՝ ընդհանուրի 40%-ից ավելին։ 

Իսկ քիչ վարկավորվողների շարքում էլ ՀՀ դրամով տրված վարկերի տեսակարար կշիռը համեմատաբար մեծ է տեղեկատվության և կապի (70%-ից ավելին), կրթության (40%-ից ավելին), ֆինանսական և ապահովագրական գործունեության (40%-ից ավելին)  ոլորտներում։ Մնացածի դեպքում ՀՀ դրամով վարկերը չեն հասնում ընդհանուրի 40%-ին։ 

Ի դեպ, տեղեկատվության և կապի ոլորտում այս տարվա ապրիլին թե մարտի, թե նախորդ տարվա ապրիլի համեմատ, զգալի ավելացել է ՀՀ դրամով վարկերի ծավալը. մարտի համեմատ՝ մոտ 10 մլրդ դրամով, իսկ 2014-ի ապրիլի համեմատ՝ մոտ 14,7 մլրդ դրամով։ 

Բացի բանկերից, Հայաստանում վարկավորմամբ զբաղվում են նաև վարկային կազմակերպությունները։ Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե ինչ ծավալի վարկեր են տրամադրում այդ կազմակերպություններն ու որ ոլորտներն են «նախընտրում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter