HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարկային կազմակերպությունները սկսել են ավելի շատ վարկ տալ

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք, թե ինչ ծավալի վարկեր են տրամադրում ՀՀ առևտրային բանկերը և թե որ ոլորտներն են ամենից շատ վարկավորվում։ Հայաստանում վարկեր տրամադրում են նաև վարկային կազմակերպությունները։ Դրանց ընդհանուր թիվը, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, 32 է։

Ի տարբերություն բանկերի՝ վարկային կազմակերպություններն  ավելի փոքր ծավալով են վարկեր տրամադրում։ Այդ ծավալում գերակշռում են ՀՀ դրամով տրված վարկերը։

Այս տարվա ապրիլի տվյալներով՝ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները ՀՀ ռեզիդենտներին միասին տրամադրել են 271,3 մլրդ դրամի վարկ, որից 205,1 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով և մոտ 66,2 մլրդ դրամն՝ արտարժույթով։ Արտարժույթով վարկերի մեծ մասը տրվում են ԱՄՆ դոլարով։

Նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալն աճել է մոտ  61,6 մլրդ դրամով։ Մասնավորապես, ՀՀ դրամով վարկերն ավելացել են  53,5 մլրդ դրամով կամ   26%, իսկ արտարժույթովն՝ ավելի քան 8 մլրդ դրամով (12%-ով)։ Արտարժութով վարկերի մասով արդեն նշել ենք, որ ներկայացված ցուցանիշներն իրական աճը չեն արձանագրում, քանի որ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12,5%-ով։ Այնպես որ, արտարժույթային վարկերի իրական ծավալը գրեթե չի փոփոխվել։

Առաջին տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը հատվացված վարկերն են

 

 

Դատելով վարկային կազմակերպությունների կողմից տարբեր ոլորտներին հատկացրած վարկերի ծավալներից՝ առաջին հնգյակում են.

 Ֆինանսական և ապահովագրական գործունեությանը տրված վարկերը։ Այս տարվա ապրիլին դրանք կազմել են 104,8 մլրդ դրամ, որից մոտ 97 մլրդ դրամը ՀՀ դրամով վարկերն են։ Դրամով տրված վարկերը նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել են 38,2 մլրդ դրամով։

Հաջորդում է գյուղոլորտը (անասնապահություն, բուսաբուծություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն)։ Ապրիլին վարկային կազմակերպություններն այս ոլորտին հատկացրել են 56 մլրդ դրամ, որից մոտ  40,9 մլրդ դրամը ՀՀ դրամով։ ՀՀ դրամով վարկերը մեկ տարում ավելացել են 3,3  մլրդ դրամով։

Երրրորդ տեղում սպառողական վարկերն են։ Ապրիլին դրանց ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, որից 29,4 մլրդ դրամը տրվել է ՀՀ դրամով։ Վերջինս նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 10,1 մլրդ դրամով։

Մյուսը առևտրի ոլորտն է։ Ապրիլին այս ոլորտին տրվել է 23,3 մլրդ դրամի վարկ, որից  մոտ 11   մլրդ դրամը ՀՀ դրամով, իսկ 12,3 մլրդ դրամը՝ արտարժույթով։ Նախորդ տարվա ապրիլի համեմատ ՀՀ դրամով վարկերը ավելացել են մոտ 0,85 մլրդ դրամով, իսկ արտարժույթովը՝ 0,2  մլրդ դրամով պակասել։

Հնգյակը եզրափակում են հիփոթեքային վարկերը՝ մոտ  19 մլրդ դրամ, որից 8,7 մլրդ դրամը՝ ՀՀ դրամով և 10,25  մլրդ դրամն՝ արատարժույթով։

Նախորդ տարվա ապրիլի համեմատ ՀՀ դրամով վարկերն ավելացել են  0,6 մլրդ դրամով, իսկ արտարժույթովը՝ պակասել 1,75  մլրդ դրամով։

Ինչպես երևում է, վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ դրամով տրված վարկերն ավելացել են։ Նշենք, որ այս մեկ տարում՝ 2014-ի ապրիլից մինչև այս տարվա ապրիլ, Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների թիվը  1-ով պակասել է։ Այնպես, որ վարկերի ծավալի աճը պայմանավորված չէ վարկային կազմակերպությունների թվի ավելացմամբ։

2014-ի հունվարից սկսած պարբերաբար՝ գրեթե անշեղորեն, աճ է գրանցվել։ Դա խոսում է այն մասին, որ այս ընթացքում վարկային կազմակերպությունների դերն ու պահանջարկն աճել է։

լուսանկարը՝ allcredittips.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter