HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատասխան տալու ժամանակը գալու է

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ստեղծել է մի վարչություն, որը պետք է ապահովի հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձը: Այսինքն՝ պետությունից գողացված, պաշտոնական դիրքի չարաշահմամբ կուտակված փողերի վերադարձն է ապահովելու այս կառույցը: Իհարկե, Ավակովը նման բան ստեղծելիս պետք է մտածեր, որ առաջինն այդ կառույցով պետք է անցնի երկրի նախագահ, օլիգարխ Պետրո Պորոշենկոն։ Հիմա Ավակովից այնքան էլ քաջություն չի պահանջվում նախկիններին «կուլակաթափ» անել։ Հիմա դժվար է ներկաների հետ այդպես վարվելը։ Թե չէ կստացվի, որ ամեն հաջորդը կգա ու կուլակաթափ կանի նախորդին։

Հայաստանում վաղ թե ուշ ստեղծվելու է նման մի կառույց, եւ այսօրվա պաշտոնյաները պետք է  հասկանան, որ թալանով կուտակած իրենց հարստությունը վերադարձվելու է պետությանը: Իսկ այսօր կիսասոված անկողին մտնող երեխաների համար առանձին պատիժ են ստանալու: Ընկերներս ասում են, որ ես այդպես էլ չհասունացա, կյանքից հետ մնացի, իմ ասածը հեքիաթի է նման: Իսկ ես շարունակում եմ ասել նույն բանը` պատասխան տալու ժամանակը գալու է:

Երբ քո աչքի առաջ ՀԷՑ-ի կոռուպցիոն մանրակերտն է, երբ պարզում ես, թե տարիներ շարունակ փողի ինչպիսի ստվերային հոսքեր են եղել այդտեղից դեպի տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ, զարմանում ես պաշտոնյաների «հանճարեղությամբ»: Բիբինն էլ ընկել էր մեղրի ամանի մեջ, որի շուրջ իրենց տարբեր տրամաչափի տարրաներով հերթ էին կանգնել պաշտոնյաները:

Իսկ ՀԷՑ-ին միշտ հավատարիմ ծառայած եւ իր հավատարմության չափով շռայլորեն վարձատրված Ռոբերտ Նազարյանին նոր պաշտոն է սպասվում: Նա հիմա հրեղեն ձիու վրա է, նույնիսկ ըմբոստ ելույթներ է ունենում: Դե Բիբինը հո չի ասելու, թե որքան էր վճարել նրան ամեն անգամ: Դրա համար Նազարյանը հիմա թամբին է նստել եւ ոտքերով խփում է ձիու կողերին: Իշխան Զաքարյանը միլիոնանոց դղյակ է սարքում, ասում են՝ փողը մի բարերար է տվել: Այդ բարերարը սոված երեխաներին չի տեսնում Հայաստանում, նա Հայաստանի բնակչությունից ընտրել է մեկին` հազվագյուտ տեսակին, վերահսկիչ պալատի նախագահին:

Իրենց աշխատավարձով, որով հազիվ պիտի գոյատևեին, միլիոններ են կուտակել, միլիոնավոր դոլարների դղյակներ կառուցել: Նայում ես պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին, մի մասը նվերներ են ստացել, հսկայական չափերի նվերներ, եւ այդ նվեր տվողները ընտրել են հենց այդ պաշտոնյաներին, հենց նրանց՝ այդ հազվագյուտ տեսակին: Նրանք այնքան երկարակյաց են իրենց պաշտոններում, որ չեն էլ պատկերացնում, որ յոթ դրամը մարդկանց համար կարեւոր է, որ հաց ու կարտոֆիլով սնվող բնակչության երեսուն տոկոսի համար դա հսկայական գումար է: Իսկապես այդպես է, նրանք չեն պատկերացնում, նրանք չեն էլ կարող պատկերացնել: Նրանց երեխաները երբեք սոված չեն քնել, նրանք հոսանքի, գազի փող վճարելիս, եթե իհարկե, իրենք են վճարում, երբեք չեն մտածել, որ մեծ է գումարը:

Հիմնականում այդ նույն կիսասոված ընտանիքների տղաներն են այսօր քառասուն աստիճան տապին զիվորական համազգեստով ժամերով հակառակորդի ուղղությամբ նայող զինվորները. այդ պաշտոնյաների տղաները չեն ծառայում սահմանին: Իսկ երեկ մի լրագրող ինձ հրավիրում էր ստուդիա, որպեսզի «ամփոփենք Բաղրամյան փողոցի ակցիաները»: Ես ասում եմ` բայց ես ով եմ, որ ամփոփեմ այդ ակցիան: Ես ընդամենը Հայաստանը նորմալ երկիր չկառուցած մի քաղաքացի եմ, ուրեմն վատ քաղաքացի, որովհետեւ վատ երկիր կառուցելուն եմ նպաստել: 

Մեկնաբանություններ (10)

Ray
Half of Armenia is starving while these crooked oligarchs rob the innocent and the unfortunate. I am an American of Armenian descent and I would love to go to Armenia and start a charity assisting the needy, but the current regime and the broken political system Armenia has is forcing me to hold back until a later time (if ever). The Armenian people need to be stronger than they are right now, they need a true leader who cares for his/her countrymen/women. Enough is enough!
Լևոն
Իմ կարծիքով ամենասկզբում պետք է առանց հայհոյելու յուրաքանչյուր սրիկայի ասել թէ ով է ինքը։ Օրինակ այսինչ դու Աշոտյան ես... Ու ասել դա ազգովի
Ինչ լավատես եք
Հա բա՞, գալու է.... էշ մի սատկի գարուն կգա յոնջա կուտես... էս ա սրանք նորից ու նորից են վերարտադրելու իրենք իրենց մինչև որ Հայաստանը լրիվ հայաթափ լինի, սրանք էլ ռադները քաշեն իրենց ամերիկաներն ու ռուսաստանները
ավելի շեշտադրենք օրինապահ մարդ, քաղաքացի լինելու հանգամանքը.
Օրինական պետություն ստեղծելը թթու թան չի, ամեն մարդու բան չի, բա՞ հայեր ջան: Եթե քիչ կենտրոնանանք հայ լինելու որակի վրա և ավելի շեշտադրենք օրինապահ մարդ, քաղաքացի լինելու հանգամանքը, ապա այդ գործընթացը էլ ավելի կարագանա և դրանից հայի որակը հաստատ չի տուժի: Հակառակ դեպքում ստացվում է շիլա շփոտ և սայլը տեղից չի շարժվում: Մեզ բոլորիս համբերություն, ժամանակի ընթացքում ամեն ինչ հաստատ լավ կլինի:
Վեհարի
Այո ինչ որ բարերար կոչվածներ հատկապես դրամ են տալիս հատուկ ընտրված անուղեղ չիբուրաշկաների որոնք սկսում են թալանել, սպանել, երկիրը կործանել: Այսօր Հայաստանում ձևավորված դավաճանների իշխանական ամբողջ համակարգը ծառայում է դրսից եկող ,,բաժանիր, որպեսզի տիրես,, սկզբունքին: Զոհի վերածվող մեծամասնությունը կարող է ամեն ինչ հաշված օրերում ուղղել, եթե իհարկե հասկանա, որ իրենք և ճշտությունը ավելի հզոր ուժեր են քան նրանց ունեցած գումարներով նրանց դեմ գործող ջրցան հրանոթներով, զենքով ու անօրինությամբ զինված իշխանությունը: Մեծամասնությանը պարզապես անհրաժեշտ է համախմբվել Ազատության գաղափարի շուրջը և հրաժարվել 5000-ական ընտրակաշառքներից, ,,Բարերարների,, շեղող ծրագրերից, .... և պայքարել հանուն սեփական ապրելու իրավունքի:
Xunsap'ha
I do not blame the Turk or others for the misfortunes of my people. I blame the the leadership, who have only cared for themselves and have never cared for the welfare of the people. That has been the trademark of the Armenian ruling class all through history. They have all seen leadership as an opportunity for self care and self aggrandizement and not one for serving the common people. Both secular and religious bodies are guilty of this criminal attitude.
Saqo
its coming, people are sick of this up to their neck!
Վահե
Գալու է անշուշտ հատուցման դառնագույն պահը, բայց երբ ու ինչ գնով? Տխուր է, որ անգետ ու չտես տեսակը շատ եղավ մեր մեջ, որոնք կուրացան ու բթացան բախտի ընձեռնաց հնարավորությունից: Կենդանական բնազդով նրանք ավերեցին երկիր եւ հայրենիք, ղեկավարվելով լափելու մղումով միայն, չգիտակցելով սպանդանոցի գոյության մասին:
yura
Ապրես Էդիկ:
Երեւանի Էլեկտրիկ
Որպեսզի չստացվի որ ամեն նոր իշխանություն նախորդին ա կուլակաթափում, նախ պիտի ստեղծեն անկախ դատարաններ, եթե խելքները էդքան հասնի: Դատարանները կօգնեն կուլակաթափումը գոնե բեսպրեդելի չանցնի, այլ օրենքի (այսինքն` ինչ-որ խաղի կանոնների) սահմաններում մնա: Արեւմուտքը էս մտքին հասել ա 200 տարի առաջ, եթե ոչ ավել, մեզ համար դեռ առջեւմ ա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter