HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Էլեկտրոնային լրտեսող ծրագրի պատվիրատուների շարքում են Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան

Հաքերները ձեռք են բերել 400 ԳԲ ընդհանուր ծավալով տեղեկություններ, այդ թվում՝ աշխատանքային նամակագրություններ և փաստաթղթեր, որոնք պատկանում են Hacking Team ընկերությանը, որը լրտեսող էլեկտրոնային ծրագրեր է վաճառում տարբեր երկրների կառավարություններին: Այս մասին գրված է Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (OCCRP) կայքում:

Իտալական այս ընկերության նախագծած համակարգչային ծրագիրը թույլ է տալիս տնօրինել թիրախավորված համակարգիչների և սմարթֆոնների ողջ տեղեկությունը: Ընդ որում, հասանելի են դառնում ոչ միայն էլեկտրոնային հաղորդագրությունները (այդ թվում՝ կոդավորման բարձր աստիճան ունեցող) և գաղտնաբառերը, այլև սարքավորման մեջ առկա տեղեկությունը և ցանկացած գործողություն, որ կատարում է սեփականատերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ DaVinci կոչվող հեռակառավարման համակարգը հնարավորություն է տալիս ճանաչել թիրախի տեղն ու կապերը և նույնիսկ ակտիվացնել սարքավորումների ձայնագրիչներն ու տեսախցիկները՝ առանց  սեփականատիրոջն այդ մասին հայտնելու: Այն կիրառելի է Windows, Mac, Linux, iOS, Android, Symbian և Blackberry օպերացիոն համակարգերի համար:

Ծրագրի պատվիրատուների շարքում է նաև Ադրբեջանի իշխանությունը: Հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն՝ ծրագիրը 2013թ-ին ձեռք է բերել երկրի Ազգային անվտանգության նախարարությունը[1]: Ադրբեջանական Meydan TV-ի տվյալներով՝ այն արժեցել է 320 հազար եվրո, որից բացի 2014 և 2015 թվականներին վճարվել է նաև տարեկան 16 հազար եվրո գումար՝ որպես սպասարկման ծախս: Գործարքը կայացել է Կալիֆորնիայում գրանցված Horizon Global Group ընկերության միջնորդությամբ: Սա հակասում է Hacking Team-ի հռչակած քաղաքականությանը, ըստ որի՝ ընկերությունը ոչ միայն գործարքների չի գնում միջնորդների օգնությամբ, այլև ընդհանրապես ծառայություն չի մատուցում «բռնապետական ռեժիմներին»:

«Hacking Team-ը անում է հնարավորը՝ երաշխավորելու համար, որ մեր ծրագրային ապահովումը չի վաճառվում կառավարություններին, որոնք ներառված են ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և նմանատիպ միջազգային կազմակերպությունների սև ցուցակներում կամ «բռնապետական» ռեժիմներ են»,- 2013թ-ին հայտարարել էր ընկերության ներկայացուցիչ Էրիկ Ռեյբը: Ընկերությունը հավատացնում է, որ արտադրանքը վաճառելուց առաջ հաշվի է առնվում, թե արդյոք պոտենցիալ պատվիրատուն կօգտագործի հսկողության տեխնոլոգիաները՝ մարդու իրավունքների ոտնահարումները հեշտացնելու նպատակով:

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները նման փորձ արդեն ունեն: 2012թ-ին իր ննջասենյակում գաղտնի տեսագրվել էր ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով շարունակ հետապնդման էր ենթարկվում երկրի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի բիզնեսների մասին տեղեկություններ հրապարակելու համար:

«Չնայած, որ հեռակառավարման համակարգը չի օգտագործվել Իսմայիլովայի դեպքում, այն կարող է իրականացնել նմանատիպ դիտարկում՝ գաղտնի կերպով ակտիվացնելով համակարգչի տեսախցիկը, ինչպես նաև համակարգչից գողանալով անձնական տեսանյութերն ու լուսանկարները»,- հայտնում է Տորոնտոյի համալսարանի CitizenLab ինստիտուտը, ըստ որի՝ խոցելի ծրագրերի շարքում են Microsoft Office-ը, Internet Explorer-ը, Adobe Acrobat Reader և շատ ուրիշները:

Ինստիտուտն ուսումնասիրել է Hacking Team ընկերության պատվիրատուների ցանկը: Այս շարքում են նաև Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Սուդանի, Ռուսաստանի, Եթովպիայի, Բահրեյնի, Թուրքիայի, Մարոկկոյի, Ղազախստանի, Մալայզիայի, ԵՄ անդամ երկրներից՝ Լեհաստանի, Կիպրոսի, Հունգարիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Իսպանիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները: Միայն Ռուսաստանի և Սուդանի համապատասխան մարմինների դիմաց գրված է «պաշտոնապես չեն աջակցվում» արտահայտությունը, որը, ինչպես Meydan TV-ն է գրում, հասկանալի չէ, մանավանդ որ ընկերությունը հրաժարվում է հրապարակայնացնել իր պատվիրատուների անունները:

OCCRP-ն վերլուծում է գաղտնազերծված տեղեկությունը և պատրաստվում է Hacking Team-ի գործարքները բացահայտող պատմությունների շարք ներկայացնել:

գլխավոր լուսանկարը՝  AzerTAg


[1] Hacking Team-ի պատվիրատուների ցանկում Ադրբեջանի դիմաց նշված է Ազգային պաշտպանության նախարարություն, որն Ադրբեջանի նախարարությունների ցանկում չկա: Meydan TV-ն այս թեմայով հրապարակման նախնական տարբերակում պատվիրատու գերատեսչությանը ներկայացրել էր որպես Պաշտպանության նախարարություն, ինչն ավելի ուշ ուղղվել է՝ դառնալով Ազգային անվտանգության նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter