HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շողեր Հակոբյան. «Մենք ընտանիքով ենթարկվում ենք քաղաքական հետապնդման»

Պահեստազորի մայոր, հայոց բանակում 20 տարի ծառայած 39-ամյա Արմեն Հովհաննիսյանը 1 տարի 6 ամիս է՝ բանտում է: Անցյալ տարի նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման «Արժեքների հեղափոխության» կամ ինչպես ասում են` «Շանթ Հարությունյանի ու ընկերների» գործով: Այս տարվա նոյեմբերի 5-ին լրանում է Արմեն Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը: «Վարդաշեն» ՔԿՀ վարչական հանձնաժողովը նրան ներկայացրել է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն անկախ հանձնաժողովը մերժել է` հաշվի չառնելով նրա անցած մարտական ուղին: Այս մասին մեզ տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանի կինը` Շողեր Հակոբյանը` նշելով, որ վերջերս էլ դիմել է բանտի ղեկավարությանը, որ իրեն էլ տեղափոխեն Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի խուց:

Արմենը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հայաստան, ապրել են Քաջարան քաղաքում: Դպրոցն ավարտելով՝ ապագա զինվորականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու տեղի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում: Ապա նա վերադարձել է հայրենիք, անցել ծառայության՝ մոտ 20 տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ Իջևանում, Սովետաշենում, Կապանում ու Վայքում: Վերադաս հրամանատարության կողմից բնութագրվել է որպես կարգապահ, բարձր պրոֆեսիոնալիզմով զինվորական: Բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Արմեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», արիության համար 1-ին, 2-րդ աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20 տարվա հոբելյանական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Շողեր Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում ոչ միայն ամուսինը, այլև ինքը: Մասնավորապես` թե պետական, թե մասնավոր սեկտորում գործատուները հրաժարվում են նրան աշխատանքի վերցնել` այդպիսով նա դժվարությամբ է կարողանում Կապանում հոգալ անչափահաս երեխայի կարիքները. «Կապանը փոքր քաղաք է: Մարդիկ ամեն ինչ գիտեն իրար մասին: Ինձ վախեցած ասում են, ախր, որ քեզ գործի վերցնենք, հարկայինը կգա, ստուգումներ կսկսի: Ու իսկապես, նման նախադեպ եղել է, երբ մի քանի ամիս մի գործատուի մոտ անցա աշխատանքի, կարճ ժամանակ անց հարկայինը ստուգումներ սկսեց: Կապանում նաև ասում են, որ Արմենը դուրս գա, լավ կլինի գնաք: Բայց մենք մեր երկրում ենք ուզում մնալ»,- պատմեց Շողեր Հակոբյանը: Հարցին, թե ինչպես է կարողանում հոգալ ֆինանսական հարցերը առանց ընտանիքի կերակրողի, պատասխանեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել. «Կենցաղային հոգսերն այնքան չեն մտահոգում, ինչքան անարդարությունը, քաղաքական հայացքի համար մարդուն դատապարտելը»:

Շողեր Հակոբյանն աշխատել է նաև որպես զինվորական: Այս փուլում պատրաստել է բոլոր փաստաթղթերը, որ զորամասերից մեկում դարձյալ անցնի ծառայության, քանի որ թափուր հաստիք է եղել. «Ինձ ասացին, որ ամեն բան նորմալ է, շուտով կարող եմ անցնել աշխատանքի: Մի քանի ամիս սպասելուց հետո հասկացա, որ արհեստականորեն խոչընդոտում են, հասկացա, որ Արմենի քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև իմ նկատմամբ: Հետո համակարգի հետ սերտ կապեր ունեցող մի քանի մարդիկ, ովքեր խնդրել են իրենց անունները չհրապարակել, ինձ ասացին, որ իմ գործերի ընթացքը կասեցրել են հակահետախուզությունից: Փաստացի ստացվում է, որ մենք ընտանիքով ենթարկվում ենք քաղաքական հետապնդման»,- մեզ հետ զրույցում ասաց Շողեր Հակոբյանը:

Մեկնաբանություններ (5)

Լուսինե Վայաչյան
Վարազ, կարծում եմ Կապանն ամենավախեցածն ա Հայաստանի ռեգիոններից, որովհետեւ հեռու ա ավելի շատ ու մարդիկ էլ կզել են ֆեոդալներից, ղափանցին դառավ կապանցի կորցրեց իրան, իմ մեծացած քաղաքՂափանն ու էս Կապանը տարբեր բաներ են, համբերությւոն եմ ցանկանում բոլորի գիտակից մարդկանց ովեքր էդ կապկանում են դեռ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լուսինե(3) - Կապանի Երևանից հեռու լինելը ես, ընդհանրապես, համարում եմ դրական բան, քանի որ Երևանը թուրքակա՛ն բարքերով ապրող ու գողակա՛ն մի քաղաք է: Թուրքիայից փախած հայերը թուրքական բարքեր բերեցին, իսկ Սովետից գողական բարքերը եկան: Ինչքան էլ ներկեն ու «եվրոպական» ձևանան,միևնույնն է՝ Երևանը նույն Անկարան է. ուղղակի Անկարան ավելի մեծ ու հարուստ է. այնտեղ իրար միս ավելի քիչ են ուտում:.......................................................... Կապանի պրոբլեմն այն է,որ քաղաքում ՄԻՋԻՆ ԽԱՎ չի ձևավորվում: ԱՆԿԱԽ քաղաքացիներ քաղաքում քիչ են: Իսկ քաղաքի ՊԵՏԱԿԱՆ կառույցները ոչ թե պետությա՛ն, այլ ՀՀԿ-ի կողմից են հսկվում. նույնիսկ տեղի առաքելական եկեղեցին է de facto դարձել ՀՀԿ-ի մաս: Այսինքն՝ անկախ միջին խավ ու անկախ քաղաքացիական հասարակություն պիտի ստեղծվի: Ու ամեն օրինախախտման դեպքում պիտի ԴԱՏԻ տալ՝ անկախ վերջնական արդյունքից ու դատարանի անկախ չլինելուց: Քաղաքացին իր իրավունքները պիտի ՆՎԱՃԻ. դա պրոցես ու պայքար է. Եվրոպայում էլ նույնն էր:
Մաքսիմ Ասատրյան
Խորհուրդ տալը իհարկե ավելի հեշտ է, քան գալ ու մասնակցել՝ ազգակործան հրեշավոր ռեժիմի հեռացմանը՝ դեկտեմբերի 1-ին։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվ՝ վերջապե՛ս՝ ժամանակն է,որ մեկը վեր կենա ու ԱՆԿԵՂԾ ասի,որ սյունեցիների գոնե մի մասը միշտ էլ ծախված տականք է եղել: Ավելի շատ սյունեցի (բոլշևիկների կողքին) կռվում էր Նժդեհի դե՛մ, քան Նժդեհի կողքին:.........................................................Այնպես որ՝ հարգելի Շողեր և Արմեն, մնացեք ձեր քաղաքում, պինդ կացեք ու շարունակեք պայքարել: Սյունեցիների մյո՛ւս՝ հայրենասեր մասը, ձե՛ր կողքին է: Եթե պետք է, օգնության դիմեք իրենց. ամոթ չէ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանը,ցավոք, այսօր բռնազավթված է նեո-բոլշևիկյան տակա՛նքի կողմից: Քաղաքը բացարձակ չի՛ զարգանում: Շրջեք քաղաքի քայքայվող փողոցներով ու կհամոզվեք,որ մաֆիան ատամներո՛վ պահում է,որ քաղաքում անկա՛խ տնտեսական ուժ չզարգանա,որպեսզի իրենց դեմ «խաղ չլինի»: Ամբողջ օրը (առանց ամոթի) Նժդեհից են խոսում ո իրար ձևական-ցուցադրական պատվոգիր/մեդալ տալիս: Սովետակա՛ն բարքերն են Կապանում դեռ գործում: Իբր թե սյունեցին միշտ «անկախ ու անվախ» է: Եթե մի մարզի մարզպետը նախկինում 3 անգամ պաշտոնապե՛ս դատված Լիսկան լինի, պատկերացրեք արդեն թե այդ մարզն ու մարզկենտրոնը ինչ վիճակում կլինեն: Ամեն սարի տակ մի հանք են փորփրում, բայց քաղաքի բնակչության 2/3-ը աղքատ է,իսկ 1/3-ը՝ Ռուսաստանում նոքարություն է անում: Հանքային մաֆիոզների ու (չաղ ջիպերով շրջող) մականունավոր տականքների դրախտավայր. ու սրանց արանքում՝ նեո-բոլշևիկյան տիպի մի քանի ՀԿ-ներում «կեր որոնող» կոմսոմոլ երիտասարդներ: Բայց, համոզված եղեք, սրանց վերջն էլ անպայման գալու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter