HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Summertime. Օպերային արիա, որը աշխարհը գրավեց որպես ջազային գլուխգործոց

Նաիրա Հայրապետյան

Summertime,

An’ the livin’ is easy

Fish are jumpin’

An’ the cotton is high…

Դժվար է գտնել որևէ միջին երաժշտասերի, նույնիսկ հակված եմ այդպիսին չգտնել պասիվ հանդիսատեսի շարքում, որ գոնե մեկ անգամ լսելով այս քառատողը, անմիջապես չհիշի այն հայտնի մեղեդին: Որովհետև այն  հնչել է ջազի, ռոքի, բլյուզի, ռեգիի, փոփի, սոուլի… ամենահնարավոր ու անհնարին ժանրերում: Իսկ առավել հայտնի ու դասական տարբերակը լեգենդար Լուի Արմսթրոնգի և Էլլա Ֆիցջերալդի դուետն է՝ անփոխարինելի, անկրկնելի ու անչափ սիրելի այդ «Summertime»-ը:

Քչերին է հայտնի երգի ստեղծման պատմությունը և այն, որ «Summertime»-ը օպերային արիա էր՝ գրված 1933թ.:

1925թ. ամերիկացի գրող, վիպասան Դյուբոս Հեյվարդը գրեց «Փորգի» վեպը: Հարավային Ամերիկայում բնակվող հաշմանդամ մուրացիկի պատմությունը, որը բավականին համարձակ անդրադարձ էր այն ժամանակներում, ցնցեց ընթերցողներին: Հեյվարդի հերոսը սևամորթ էր, իսկ պատմությունը հիմնված էր իրական փաստերի վրա, ուստի մի ցավոտ կտոր էր՝ ամերիկյան իրականությունից: Այս վեպը մեկն է այն բացառիկներից, որ պատկերում էր սևամորթների կյանքը և մշակույթը «սպիտակ» հեղինակի կողմից, իսկ մարդկային այս մոտեցումը 20-ականներին բոլորովին նոր երևույթ էր: Մեծ աղմուկ բարձրացրած այս սգիրքը բեսթսելլեր դարձավ և մինչ օրս համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը: Երկու տարի անց, գրողի կնոջ` դրամատուրգ Դորոթի Հեյվարդի նախաձեռնությամբ, վեպի մոտիվներով նրանք միասին ստեղծեցին համանուն պիեսը՝ չորս գործողությամբ: Այս նոր գործում հեղինակները ավելի ամրապնդեցին հերոսուհու՝ Բեսի կերպարը, ապա գործողություններում ներգրավեցին ժողովրդական երգեր՝ առավել ընդգծելու չարլսթոնյան միջավայրը, որտեղ ապրում էին հերոսները:

Նույն թվականին՝ 1927-ին, համաշխարհային կինոյի նախահայրերից մեկը՝ Ռուբեն Մամուլյանը առաջարկ ստացավ Բրոդվեյում բեմադրել այն: Բրոդվեյյան «ամրոցի» վրա սևեռված թատերական աշխարհի և մամուլի աչքերը քարացան զարմանքից, երբ ականատես եղան ներկայացմանը. Մամուլյանը հրաժարվել էր գրիմավորված սպիտակամորթների ծառայություններից և իրականացրել էր իր խենթ գաղափարներից մեկը՝ բեմ բարձրացրել ոչ պրոֆեսիոնալների մի խումբ, այն էլ՝ սևամորթներ:  Մամուլյանի այս քայլը համարձակ և հզոր ապտակ էր, միևնույն ժամանակ՝ հեղափոխություն ժամանակի քաղքենի ընկալումներում:

Այդ նույն ժամանակահատվածում արվեստի մեկ այլ հսկա՝ ամերիկացի հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար, 20-րդ դարի երաժշտության դասական երևույթներից մեկը՝ Ջորջ Գերշվինը, «Փորգի»-ի շուրջ մտմտում էր նոր գաղափար: Դեռ պիեսի աշխատանքները ամբողջովին ավարտված չէին, երբ նա իր նամակներով աշխատասեղանից դեպի փոստատարն էր ուղղորդում Հեյվարդին՝ իր նոր մտահղացման շուրջ համագործակցելու բանակցություններով: Գերշվինը վեպը կարդացել էր 1926թ-ին և  հասկացել, որ այն հրաշալի օպերային բեմադրություն կարող էր դառնալ՝ ֆոլք երաժշտության մոտիվներով: Նա անմիջապես նամակ գրեց Հեյվարդին, որտեղ նշում էր, թե մեծ ցանկություն ունի հեղինակի հետ աշխատել այս ուղղությամբ: Մի քանի նամակ-բանակցությունից հետո գրողը ի վերջո համաձայնեց:

Պիեսին զուգահեռ՝ ինչ-որ քայլեր այդ ընթացքում նրանք փորձեցին անել, բայց քանի որ երկուսն էլ աշխատանքային և ստեղծագործական հագեցած գրաֆիկ ունեին, աշխատանքները դեռ կարգին չսկսած՝ ստիպված եղան անընդհատ հետաձգել: Հատկապես Գերշվինի՝ տարբեր ծրագրերում (կոմպոզիտորական, դիրիժորական) ընդգրկված լինելու պատճառով «Փորգի»-ի օպերային կյանքը հետաձգվեց մինչև 1934թ-ը:

1933թ-ի վերջին նրանք նյույորքյան «Guild Theatre»-ի հետ պայմանագիր կնքեցին և մի քանի ամիս անց սկսեցին խորասուզված աշխատել: Երաժշտությունը գրելու համար կոմպոզիտորը հատուկ տեղափոխվեց Հարավային Կարոլինա` տեսնելու և շրջապատվելու այն մշակութային մթնոլորտով, որում ապրում էին վեպի հերոսները: Գերշվինն այստեղ բացահայտեց նաև աֆրիկյան երաժշտության ազգային ռիթմերը, որոնք արդեն մշակված, բայց իրենց գունեղ երանգներով տեղավորվեցին ապագա օպերայում: «Երաժշտությունն իմ կարծիքով չքնաղ է այնքան, որ հավատս չի գալիս, թե ես եմ այն գրել»,- ասել է Գերշվինը իր երկար սպասված օպերայի համար:

1934թ. ստեղծվեց հանրահայտ «Փորգի և Բես» (Փորգին և Բեսը) օպերան: Այն բեմադրվեց 1935թ-ի սեպտեմբերին: Լիբրետոյի և երգերի տեքստի հեղինակներն էին՝ Դյուբոս Հեյվարդը և Այրա Գերշվինը՝ Ջ. Գերշվինի եղբայրը: Այս երկար սպասված ստեղծագործությունից մի քանի հայտնի արիաներ հետագայում դասական երգեր դարձան և ոսկե այցեքարտեր՝ ունկնդրի համար բացելու Փորգիի և Բեսի պատմությունը: Դրանցից ամենահայտնիներն են «It Ain’t Necessary So»-ն, «My Man’s Gone Now»-ն և «Summertime» –ը: 

«Summertime».  Աշխարհում ամենահայտնի ջազային ստանդարտներից մեկի պատմությունը թերևս նախատեսված չէր այդքան մեծ լինել: Այն սկզբում արիա էր՝ արդեն վերջնական փուլում գտնվող «Փորգի և Բես» օպերայի երկրորդական կերպարներից մեկի` Կլարայի համար:  Ջ. Գերշվինը «Summertime»-ի համար երաժշտությունը սկսել էր գրել դեռ 1933թ-ին, փորձելով նրանում ներառել աֆրոամերիկյան մոտիվներ: Այս մոտեցումը երբեմն պատճառաբանվում էր նրանով, որ արիայում աֆրոամերիկյան բառապաշար էր գործածվում՝ գալահական բարբառով: Ողջ ներկայացման ընթացքում արիան հնչում է չորս անգամ. սկզբում՝ որպես օրորոցային, որը Կլարան երգում է իր փոքրիկի համար: Երկրորդ անգամ այն հնչում է երգչախմբի կատարմամբ, որն ուղեկցված է ակտիվ խաղարկային մասով: 2-րդ գործողության մեջ Կլարան երգում է միայն կրկներգը, իսկ 3-րդ գործողության սկզբում այն կատարում է արդեն Բեսը, որպես օրորոցային Կլարայի երեխայի համար:

Այսպես հայտնվեց «Summertime»-ը, որն այսօր համարվում է աշխարհում ամենագեղեցիկ, ամենահայտնի, ամենաշատ մեկնաբանված երգը: Այն միաժամանակ ինչ-որ առումով երաժշտական հիմն է՝   հատկապես ջազում ապրողների համար: Երաժշտական քննադատներից մեկի բնորոշմամբ՝ արիան «ոչ միայն օրորոցային է, այլև հոգևոր երգ», քանի որ  խոսքը  ներծծված է «կրոնական պատկերաբանությամբ»:  http://www.jazzstandards.com/compositions-0/summertime.htm : Չնայած Գերշվինն ինքը չէր հաստատում իր ստեղծագործության մեջ նախկինում ստեղծված և հայտնի հոգևոր  որևէ երգի առկայություն,  «Summertime»-ը հաճախ նույնականացնում են աֆրո-ամերիկյան «Sometimes I Feel Like a Motherless Child» հոգևոր երգին, որը գործածվել էր «Փորգի» թատերական ներկայացման վերջում: Կարծիքներից մեկի համաձայն էլ, այս արիայի  երաժշտությունը Գերշվինը գրել է ուկրաինական մի օրորոցային երգից ներշնչված, որը  լսել էր Նյու-Յորքում` ուկրաինական ժողովրդական երգչախմբի կատարմամբ: http://www.ukrweekly.com/old/archive/1998/219816.shtml

Իր հայտնությունից անմիջապես հետո ժամանակի ընթացում այս արիան կատարվեց ամենատարբեր վոկալ-գործիքային մեկնաբանություններով, սակայն մեծ հնչեղություն և ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ երգը կատարվեց ջազային այնպիսի մեծությունների կողմից, որպիսիք են Լուի Արմսթրոնգը և Էլլա Ֆիցջերալդը, Չարլի Փարքերը, Մայլս Դևիսը, Օսկար Պետերսոնը, Ջոն Քոլթրեյնը և ուրիշներ: 1936թ. այն առաջինը ձայնագրեց Բիլլի Հոլիդեյը, և երգը անմիջապես հայտնվեց ամերիկյան երաժշտական շքերթներում: 1957թ. հայտնվեց  Սեմ Քուկի cover-ը, մեկ տարի անց՝  Մայլս Դևիսը ներկայացավ իր տարբերակով: Հետաքրքիր մեկնաբանություններից են համարվում  ամերիկյան «The Marcels» խմբի (1961թ.), Ջենիս Ջոփլինի (1968թ.), «The Doors»-ի, Նինա Սիմոնի, Նորա Ջոնսի մեկնաբանությունները:  Իր յուրահատուկ մեկնաբանության համար «The Zombies», խումբը հաղթող ճանաչվեց 1964թ կայացած  բրիտանական երիտասադ խմբերի մրցույթում, միաժամանակ շատ հայտնի դարձնելով հենց այս կատարումը ևս:

Իր յուրահատկությամբ, հզորությամբ, կատարողական անկրկնելի խաղով և զգացմունքային հորդող էներգետիկայով ինձ համար բարձրակետում է ջոփլինյան «Summertime»-ը:

Կատարումների և մեկնաբանությունների առատությամբ «Summertime»-ը շրջանցել է նույնիսկ բիթլյան հանրահայտ «Yesterday» –ը, որի ձայնագրությունների թվաքանակը գերազանցում է 3000-ը: Արիայի ձայնագրման միջազգային կոլեկցիոներական խումբը, որն առավել շատ հայտնի է «The Summertime Connection» անվանումով, գրանցել է երգի ավելի քան 50 672 հրապարակային կատարում, որոնց թվում՝ 41 444-ը ձայնագրված տարբերակներ են ունեցել:

Այս արիան թարգմանվել է բուլղարերեն, չեխերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն, իսպաներեն, իդիշ, զուլու և աշխարհի այլ հին ու նոր լեզուներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter