Կիրակի, 23 սեպտեմբերի

Պետական գնումներ՝ Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի և Վարդենիսի քաղաքապետի հարազատների ընկերություններով



ՀՀ Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի գումարներով իրականացված ծրագրերը տարիների շարունակ բաժին են հասնում Բնապահպանան պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ, Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալի հարազատներին, չի բացառվում՝ նաև իրեն:

Հանրապետական կուսակցության անդամ Արտուշ Ղուկասյանը մարզպետարանում երկար տարիներ է աշխատում՝ 1996 թվականից: Այդ ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Ամենաերկարը աշխատել է մարզպետի տեղակալի պաշտոնում՝ 2003թ-2012թթ.: Դրանից հետո երեք տարի նա եղել է Հանրապետական կուսակցության Գեղարքունիքի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ: Այս տարի էլ նշանակվել է տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի պաշտոնում: Ըստ ամենայնի, վերջինս լավ է ծառայել իշխանություններին, ինչի շնորհիվ էլ 2006 թ.-ին խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

2014թ. Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունը հատկացել է 771,3 մլն դրամ: Կառավարության կողմից ընդունված որոշումներով գնման ձև է սահմանվել բանակցային ընթացակարգը՝ առանց հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:

2014թ-ին Երանոս համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն: Ծրագիրն արժեցել է 32,2 մլն դրամ: Ընկերության 95 %-ի բաժնետերը Արտուշ Ղուկասյանի եղբայրն է՝ Արմեն Ղուկասյանը: Արտուշ Ղուկասյանի մյուս եղբայրն էլ՝ ՀՀԿ-ական Ռուբիկ Ղուկասյանը զբաղեցնում է նրանց ծննդավայր Վերին Գետաշենի համայքապետի պաշտոնը: Ընկերության մնացյալ՝ 5 %-ի բաժնետերը գյուղապետի դստեր ամուսինն է` Սասուն Բաղդասարյանը: Ընկերության տնօրենը Արմեն Ղուկասյանն է: 

Գեղարքունիքի մարզպետարանում իրականացրած ստուգումների արդյունքում դեռևս 2006-2008թթ.-ին Վերահսկիչ պալատը արձանագրել է հավելագրումներ և անորակ աշխատանք՝ կատարված  «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի կողմից:

Վարդենիսի հիվանդանոց տանող ճանապարհի հիմնանորոգման համար ստացած 57,7 մլն դրամից  568 հազար հավելագրում է հայտնաբերվել: Բացի դրանից, 13,3 մլն դրամի չափով կատարված աշխատանքներն անորակ են եղել:

Ձորագյուղի կամրջի համար տրամադրված 17 մլն դրամ գումարի ծրագրում հավելագրումը կազվել է 1,5 մլն դրամ: Վարդաձոր-Ձորագյուղ կամրջի կառուցման նպատակով տրամադրված 15 մլն դրամից 2 մլն դրամը հավելագրում է եղել: Մարտունու զորամասից թիվ 3 դպրոց տանող ճանապարհի համար տրամադրված 28,7 մլն դրամից 1 մլն դրամի հավելագրում է արձանագրվել, իսկ 232 հազար դրամի աշխատաքները անորակ են որակվել:

Մարտունու հիվանդանոցի ճանապարհի նորոգման համար տրամադրված 43 մլն դրամից Վերահսկիչը 1,2 մլն դրամի հավելագրում է հայտնաբերել և 91 հազար դրամի անորակ աշխատանք:  Ներքին Գետաշենի երկրորդ դպրոցի համար տրամադրված շուրջ 36 մլն դրամանոց ծրագրից 378 հազար դրամի համելագրում է արձանագրվել: Հավելագրում եղել է նաև Մադինայի ոռոգման համակարգի համար հատկացված 21 մլն դրամից:

Սակայն այս ամենից հետո էլ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն շարունակում է մասնակցել պետական գնումներին և առանց մրցույթների պետական բյուջեից գումարներ ստանում:

2013 նույնպես ընկերությունը Մարտունի համայնքի Պռոշյան փողոցի ասֆալտապատում է իրականացրել և 30,2 մլն դրամի չափ գումար ստացել:

Չափազանց արդյունավետ փոխմարզպետի հարազատների համար եղել է 2012 թվականը. այդ տարի Գեղարքունիքի մարզպետարանը 7 տարբեր պայմանագրեր է կնքել «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը 22 մլն դրամի չափով Մ-10-Երանոս ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար է գումար ստացել: Ավելի քան 100 մլն դրամ պետբյուջեից հատկացվել է Մ-10-Երանոս ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար: Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման և Մ-11 Վաղաշեն ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է 113 մլն դրամ:

Նույն տարում շուրջ 26 մլն դրամի պայմանագիր էլ մարզպետարանը կնքել է Ղուկասյանների ծննդավայր Վերին Գետաշեն համայնքի մանկապարտեզի վերանորոգում իրականացնելու համար:  Եվս 35 մլն դրամի պայմանագիր էլ կնքվել է նունն մանկապարտեզի հիմնանորոգման համար: 

Այդչափ գումարի պայմանագիր կնքվել է նաև Գեղարքունիքի ներհամայնքային ճանապարհի նորոգման և Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար:

Եվ վերջապես 121 մլն դրամանոց հատկացմամբ իրականացվել է Ծովասարի խմելաջրի ներքին ցանցի, Ծովասարի ոռոգման ջրագծի կառուցումը, Ներքին Գետաշենում Արգիճի գետի հունի մաքրման և ափերի ամրացումը և Մարտունու քաղաքի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատումը:

Պաշտոնատար անձանցից միայն Արտուշ Ղուկասյանը չէ, որ օգտագործում է իր դիրքն ու հնարավորությունները հարազատ-բարեկամների բիզնեսին աջակցելու համար: Անմասն չի մնացել նաև Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:

Գեղարքունիքի մարզպետարանը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Արա» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմում է 14 մլն դրամ: Այս գումարով ընկերությունն իրականացրել է Այրքի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգում:

«Արա» ՍՊԸ-ի 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբորն ու եղբորորդուն՝ Ֆիրդուս և Արա Խլոյաններին: Քաղաքապետի եղբորորդին նաև ընկերության տնօրենն է: 

Լուսանկարում՝ ձախից Արտուշ Ղուկասյանն ու Վոլոդյա Խլոյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ