HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեական գործ խմբագրի դեմ՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու դատարանի որոշումը չկատարելու համար

Օրեր առաջ ilur.am լրատվական կայքի խմբագիր, «Ստարտ Մեդիա» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Խանումյանը տեղեկացել է, որ ՀՀ քննչական կոմիտեում իր դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով (Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը):

Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, հունիսի 26-ին դռնփակ նիստում բավարարել էր Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գ. Բեգոյանի միջնորդությունը՝ քրեական գործով երկու՝ «Հրապարակ» և ilur.am լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտադրելու պահանջի մասին:

Մայիսի 9-ին մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ մայիսի 7-ին Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի եւ մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի է ունեցել  վիճաբանություն, որի ժամանակ ոսիկանության մարզային վարչության պետն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:

Սկզբում որոշվել էր քրեական գործ չհարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն օրեր անց՝ 2014թ. մայիսի 30-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ilur.am և «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների աղբյուրի բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռք բերելուն, քանի որ «սպառվել են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:

2014թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր iLur.am-ի և «Հրապարակ» օրաթերթի բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Քրիստինե Խանումյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, նախաքննական մարմինը հենց սկզբից չի ցանկացել գործը բացահայտել և դա չանելու համար իրենց «լեգիտիմ» առիթ էր պետք:

«Առիթը հետևյալն է՝ արշավել այդ լուրը գրած ԶԼՄ-ների դեմ, ասեն, որ առանց աղբյուրի բացահայտման չեն կարող ոչինչ անել, տվեք մեզ աղբյուրը, ու եթե մենք տայինք՝ ըստ երեւույթին, սուտ մատնության համար աղբյուրի դեմ քրեական գործ կհարուցեին, իսկ եթե ոչ՝ ինչպես և արեցինք, արդեն գործը թողած մեզ պիտի հետապնդեն: Ու հիմա էլ, ուզում են այնպես անել, որ այդ «լեգիտիմ» առիթն ունենան, որ այնքան տանեն-բերեն, որ մենք ստիպված ասենք, թե երկար ժամանակ է անցել, չենք հիշում, գործը կարճեն, իսկ հետո էլ, եթե հարցնեն, թե ինչո՞ւ չբացահայտվեց, ասեն, որ լրագրողներն են գրել, հետո ասել են աղբյուրը մոռացել ենք, այսինքն, չի եղել նման բան»,-ասում է Քրիստինե Խանումյանը:

Խմբագրի կարծիքով՝ այս ամենը պատասխանատու լրատվամիջոցի համբավի հարց է, իրենք չեն կարող հայտարարել, թե մոռացել են, որովհետև նախ՝ չեն մոռացել, և հետո, անկախ ամեն ինչից, աղբյուրը չբացահայտելու իրավունք ունեն:

«Մեր մասով պարզ է՝ հիշում ենք ու չենք հրապարակում: Եվ երկրորդ՝ պարզ չէ, թե ինչով է դատարանի վճիռը առնչվում կոնկրետ ինձ, որովհետեւ վճիռը կայացված է «ilur.am»-ի մասով, այսինքն՝ պիտի պարտադրեն, որ «ilur.am»-ն ասի, որը իրավաբանական անձ չէ, բայց թող իրենից ուզեն, իմ մասով վճիռ չկա, հետևաբար որևէ իրավական հիմք չկա մեղադրանք առաջադրելու»-նշում է Քրիստինե Խանումյանը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բայց եթե լրատվամիջոցներն իրենց տեղեկատվությունների աղբյուրները բացահայտեն,ապա սա պա՛րզ կերպով մի բան կնշանակի. անկա՛խ լրատվամիջոցների վախճան ՀՀ-ում: Իսկ հասարակության համար անկա՛խ լրատվամիջոց ունենալու շահը ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ է, քան որևէ քրեական գործի բացահայտումը: ՀՀ դատաիրավական մարմինները ԻՐԵՆՑ գործը պիտի անեն, այլ ոչ «շուստրիություններով» փորձեն «անհնազանդ» լրատվամիջոցների «հախից գալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter