HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտուն Հակոբյան․ «Մենք երկիր ենք շենացնում, դուք էլ գրում եք, թե բնություն ենք փչացնում»

«ՄԱՍԿՕ ՄԱՅՆ»  ՓԲԸ-ին պատկանող Ախթալային  լեռնահարստացման կոմբինատի  տնօրեն Մարտուն  Հակոբյանը հուլիսի 13-ին հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց. «Մենք երկիր  ենք շենացնում, դուք էլ գրում եք, թե բնություն ենք փչացնում»,- հեռախոսով զայրացած  պատասխանեց նա:

Հիշեցնենք,  որ ԼՀԿ-ի  Նահատակ  ձորում գտնվող Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը տարիներ շարունակ չի  աշխատում: Կոմբինատը  լեռնահարստացուցիչ  ֆաբրիկայի  թունավոր պոչանքերը Ախթալայի բնակելի  թաղամասերով անցնող առուներով տարիներ շարունակ ուղղում է դեպի  Դեբեդ:

Ախթալայի նախկին պահածոների գործարանի մոտով  անցնող առվի հարևանությամբ ապրող բնակիչները դժգոհում են, որ իրենց երեխաների համար լուրջ վտանգ է ներկայացնում հոսող պոչանքները:

«Երեխեն որ ընկնի էս կանավի մեջը, ով ա տերը:  Երեկ  իրիկուն  կանավի  կեսով մեկ, պոչանքը վարար գներ, ինչ ենք անելու»,- հայտնեց թաղամասի բնակիչ  Միշա  Ամիրջանյանը:

«Ամբողջ  թաղամասը տհաճ հոտ է ընկնում: Մեր տունը հենց էս կանավի մոտ ա: Թող բերեն  ծածկեն էս կանավը, կամ ցանցապատեն, որ երեխեքը չընկնեն մեջը»,- ասում է Միշայի  որդին` Գարիկը:

Այսօր Ալավերդիում գտնվող  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը  խոստացան լուծել պոչանքային առվի մոտ խաղացող երեխաների անվտանգության խնդիրը: Այս տարի մարտի 17-ին  ԼՀԿ-ում բանվորների  նախաձեռնությամբ ստեղծվել է   արհեստակացական կազմակերպություն:

«Ստեղծվելուց  հետո երկու անգամ տնօրեն Մարտուն Հակոբյանին նամակ ենք ուղարկել` հանդիպելու  համար:  Նամակին կցել ենք Արդարադատության  նախարարությունում մարտի 18-ին գրանցված կազմակերպության լիցենզիան և կանոնադրությունը: Երկու անգամն էլ մեզ չեն պատասխանել: Երկու անգամ էլ փորձել ենք մտնել տնօրենի մոտ, մեզ չեն թողել: Տնօրենի օգնական Սևակ Բաղդասարյանը մեզ պատասխանում է, թե այդպիսի կազմակերպություն իրենք չեն ճանաչում»,- այսօր մեզ հայտնեց արհեստակացական կազմակերպության  նախագահ, Ախթալայի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը: 

ԼՀԿ-ն հումքի լուրջ խնդիրներ  ունի: Դեռ այս  տարվա հունվարին Մ.Հակոբյանը  «Հետքին» հայտնել է, որ  ընկերության հանքերը  համարյա ավերված են` ճիշտ  չշահագործելու  պատճառով: Տարեսկզբին կոմբինատում պլանավորել է մշակել ամսական 50 հազար  տոննա հանքաքար: Պլանային առաջադրանքերը ամեն գնով կատարելու և հումքի հեռանկարային խնդիրները լուծելու համար «ՄԱՍԿՕ ՄԱՅՆՆ» այս տարի 60 մլն. դրամ է  հատկացրել` Շամլուղի բաց և ընկերության 3 փակ հանքերում վերջնահաշվարկ կատարելու համար. «Այդտեղից կերևա ամեն ինչ: Բայց արդեն գիտենք, որ 3 տարվա պաշար կա: Ճիշտ շահագործման դեպքում նորից կարող  ենք երկարացնել Շամլուղի բաց հանքի կյանքը: Այս պահին մեր  հաշվարկներով դեռ մի 5-10 տարվա հանքային պաշարներ  ունենք»,- հավաստիացրնում էր Մ.Հակոբյանը: Հանքային պաշարները  կանոնակարգելուն զուգահեռ դեռ նախորդ տարվանից ընկերությունը նախապատրաստական աշխատանքեր էր կատարում ֆրանսիացիների կողմից օգտագործված փակ հանքերը վերագործարկելու համար: Արդեն հանքային պաշարների հետախուզում է սկսվել Շամլուղի բաց հանքավայրի հարակից տարածքներում: Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը երեկ մեզ հայտնեց, որ իր տեղեկություններով փակվում է Շամլուղի բաց հանքը և ընկերության փակ հանքերը: Արդեն մի քանի ամիս է՝ շահագործվում է ֆրանսիացիների օգտագործած փակ հանքը:

«Շամլուղի հանքի պաշարների մասին ես ինքս նույնպես լսել եմ: Շամլուղում այնքան պաշարների, որքան հանքանյութի մեջ պղնձի և ոսկու ծավալների   նվազելու խնդիր կա, որը միջազգային շուկայում պղնձի գների անկման հետ    ԼՀԿ-ի համար ֆինանսական խնդիրներ է ստեղծել: Հիմա  ուսումնասիրություններ են կատարվում, ինձ թվում է  ուսումնասիրություններից հետո արդեն պարզ կլինի հանքանյութի մեջ ոսկու և  պղնձի քանակի նվազելու պատճառներն ու բաց հանքի ճակատագիրը»,- այսօր բացատրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հանքափորներ Մերուժան Գալստյանը և Վարուժան Ադամյանը հանքային 3-րդ հոսքում պայթեցողներ են աշխատում. «Լավ չի հանքում վիճակը: Կրճատումներ է նախատեսվում: Մեզ` 215 հոսքագծի հանքափորներիս մինչև  օգոստոսի 4-ը ժամկետ են տվել, որ մեզ կրճատելու են գործից: Սամվել Դավիթավյանի հոսքագծում ենք աշխատում»,- ասաց Մերուժանը:

Սամվել Դավիթավյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Գնացեք կանտորա, էնտեղ կպատասխանեն ձեր հարցերին»,- ասաց նա:  

Մերուժանի ասելով փակ հանքում ծանր է աշխատանքը. «Ուղղակի հանքից  մենք ուշ ենք դուրս գալիս, գործը շատ  է: Վեց հատ զաբոյա, 6 հոգի  ծակում են, մենք` ես ու Վարուժանը, պայթեցումներն ենք անում: Վտանգավոր  աշխատանք է պայթեցնողի աշխատանքը, ամեն  րոպե քար կարող է ընկնել»,-բացատրեց Մերուժանը:

Հանքափորները դժգոհեցին, որ 90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, վարկի տակ են, չեն կարողանում ապրել: «Եթե ես 150 հազար դրամ աշխատավարձ ստանայի, կյանքում վարկ չէի վերցնի: Համարյա 1մլն. դրամ վարկ եմ վերցրել»,- ասաց Մերուժանը: Վարկ է վերցրել նաև Վարուժանը: Վերջիններիս զարմացնում էր, որ փակ հանքում իրենց հետ նույն աշխատանքը կատարող որոշ մարդիկ ստանում են 300-400 հազար դրամ աշխատավարձ, իսկ իրենք նույն աշխատանքի համար ստանում են 90 հազար դրամ: Արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանի ասելով` ԼՀկ-ի տնօրինությունը օգոստոսի 4-ին աշխատանքից ազատվելու մասին նախազգուշական գրություն է ուղարկել փակ հանքի 50 աշխատողների. «Դրանցից մի քանի հոգու են տեղավորել աշխատանքի, մնացածները սպասում են օգոստոսի 4-ին»,- հայտնեց  Ս. Վարդումյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter