HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարի կինն ընդդեմ «Հրապարակ» թերթի. պահանջը հերքումն է

Այսօր Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց պաշտպանության նախարարի կինն ընդդեմ «Հրապարակ» թերթի գործով նախնական նիստը. պահանջը հերքում տպագրելն է:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 21-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձ կա տարիներ առաջ տեղի ունեցած մի դժբախտ պատահարի, որին, ըստ լրատվամիջոցների, առնչություն է ունեցել Ռուզաննա Խաչատրյանը: Մայիսի 23-ին «Հրապարակը» տպագրել է «Հանրությունն ուզում է իմանալ-2» հրապարակումը, որտեղ հեղինակ Սյուզան Սիմոնյանը ներառել է նաև Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարած հասարակական կազմակերպության պատասխանը: Այսինքն՝ նյութը պարունակում է նաև պատասխանող կողմի տեսակետը:   

Լրագրող Սյուզան Սիմոնյանն, ով որպես պատասխանող ներգրավված է այս քաղաքացիական գործով, նշեց, որ մայիսի 25-ին է փոստատարը նամակ բերել Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանից, որտեղ եղել է նրանց պատասխանը: Սակայն Կարեն Մեժլումյանը նշեց, որ նույն պատասխանը պարունակող նամակը ուղարկել է նաև օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի էլեկտրոնային հասցեներով: Պատասխանող կողմը նշում էր, որ փաստորեն նույն օրը՝ մայիսի 25-ին իրենք ստացել են պատասխան նամակը, նույն օրն էլ Կարեն Մեժլումյանը դատարան է դիմել: Այսինքն՝ այն 7-օրյա ժամկետը, որը սահմանված է ԶԼՄ-ների մասին օրենքով դեռ չանցած՝ դիմել են դատարան: Այս հանգամանքը Կարեն Մեժլումյանը պարզաբանեց քաղաքացու՝ դատարան դիմելու իրավունքով: Փաստաբանը ներկայացրեց դատարան դիմելու հիմքն ու պահանջը: Ըստ այդմ, հայցվորը խնդրում է դատարանից պարտավորեցնել թերթին հերքում տպագրել՝ գտնելով, որ այն պարունակում է իր վստահորդին՝ Ռուզաննա Խաչատրյանին զրպարտող տեղեկատվություն: Կարեն Մեժլումյանը պահանջում է նաև, որ կայքից հանվեն երկու հոդվածները:

Դատավոր Ռուբեն Վարդազարյանը հարցեր ուղղեց կողմերին, իրենց հերթին կողմերը հարցեր ուղղեցին միմյանց: Մասնավորապես՝պատասխանող Սյուզան Սիմոնյանը հարցրեց, թե կոնկրետ ինչ գործողություն պիտի կատարի ինքը, ինչ է պահանջում հայցվորն իրենից: Հայցվորը նշեց, որ իրենց պահանջը հերքումն է, որ այդ հերքումը այս պահին էլ թերթը կարող է անել: Հետևաբար այդ հիմքով լրագրող Սյուզան Սիմոնյանը միջնորդեց դատարանին, որ իր մասով գործը կարճվի: Սակայն դատավոր Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, որ այդ միջնորդությանը, ինչպես և վաղօրոք հնչած «Հրապարակի»ներկայացուցչի միջնորդությանը՝ գործն ամբողջությամբ կարճելու մասին, կանդրադառնա դատական ակտ կայացնելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter