HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեղական ժողովրդավարություն. համաժողովում ներկայացվեցին մասնակցային կառավարման լավագույն փորձն ու գործիքները

«Մասնակցությունը նման է սիրո: Դրա միջոցով հնարավոր է դառնում համատեղ անել այնպիսի բաներ, որոնք միայնակ նույնիսկ չէիք պատկերացնի, որ երբեւէ կանեք»,- սա  մասնակցային կառավարման մասին մի պորտուգալացու բանաձեւն է, որը Իտալիայից հրավիրված փորձագետ Ջիովանի Ալեգրետին փոխանցեց Եղեգնաձոր քաղաքում, հուլիսի 14-ին հրավիրված համաժողովի մասնակիցներին:

«Տեղական ժողովրդավարություն. քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» երկօրյա համաժողովի նպատակը Հայաստանում համայնքային բնակչությանը տեղական ինքնակառավարման որոշումների կայացմանը մասնակից դարձնելն է: Հայաստանի հինգ մարզերի (Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք), մոտ 100 ներկայացուցիչներ` համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ, տեղական իշխանութունների ասոցիացիաներ, միջազգային եւ տեղական փորձագետներ համատեղ քննարկեցին մասնակցային կառավարման լավագույն փորձն ու գործիքները, կառավարման կարեւորությունն ու արդյունավետությունը:

Իտալիայի Կոիմբրայի համալսարանի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, մասնակցության գծով անկախ մարմնի փոխնագահ Ջիովանի Ալեգրետին իր խոսքում նշեց, որ վերջին տասնամյակում «քաղաքացիական մասնակցությունն» ակտիվացնելու գաղափարը միջազգային մակարդակում լայն տարածում է գտել եւ առանցքային նշանակություն է ձեռք բերել քաղաքական ու մշակութային քննարկումներում:

«Եթե մենք ձգտում են ավելի արդյունավետ մասնակցության, այլ ոչ թե ավելի շատ մասնակցության, ապա դա պետք է լինի գործընթացի վաղ փուլերում, երբ դեռեւս հնարավոր է ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործում»,- նշեց փորձագետը: Ըստ նրա` արդյունավետ մասնակցությունը պետք է լինի`  համընդհանուր շահի ապահովմանը նպատակաուղղված եւ շահերի հավասարակշռությունը խթանող, ընդգրկուն, չընդատվող, արձագանքող, տեսանելի արդյունքներ ապահովող:   

Հայտնեց նաեւ, որ մի շարք դեպքերում «քաղաքացիական մասնակցություն» գաղափարի համար արգելք է դարձել ազգային մտածելակերպը, եւ այն սահմանափակվել է տեղական (քաղաքական կամ միայն վարչական) հարաբերությունների տիրույթում: Հետեւաբար, մասնակցային գործընթացի շրջանակներում պետք է ապահովվի մասնակիցների կարծիքները լսելու մեխանիզմ, եւ մասնակցային գործընթացը պետք է անընդհատ զարգանա՝ բավարարվածությունը պահպանելու նպատակով:

Մասնակցային կառավարումը կամրապնդի ՏԻՄ-երի նկատմամբ վստահությունը, քաղաքական ծրագրերն առավել արդյունավետ եւ քաղաքացիների կարիքներն առավել համահունչ կձեւակերպվեն, բնակիչները հանրային տարածքներն ավելի լավ կտնօրինեն, քաղաքացիները կավելացնեն հարկերի վճարման ծավալը, ընտրություններին ավելի շատ քվեարկողներ կմասնակցեն:

Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 2014թ. մարտի 26-ին  ընդունած «Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի մասին թիվ 351(2014) հանձնարարականը» Հայաստանի իշխանություններին առաջարկում է տեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ եւ բնակչության շրջանում հետաքրքրություն առաջացնել իրենց աշխատանքի եւ ձեռքբերումների նկատմամբ: Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին ՏԻԵԽ-ի լրացուցիչ արձանագրությունը, որն ընդունվել է 2009թ·-ին, Հայաստանը վավերացրել է 2013թ․ մայիսի 13-ին։ Ներպետական օրենսդրությունն ընդունվեց 19.06.2013թ·-ին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը լրացվեց մի քանի հոդվածներով:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդունեց, որ մասնակցային կառավարումը դեռեւս գործնական կիրառում չի ստացել: Նշեց, որ այս համաժողովը մասնակցային կառավարման գործիքներին տիրապետելու հնարավորություն կընձեռի եւ կօգնի, որպեսզի ՏԻՄ-երը, որոշումների կայացման գործընթացում ներգրավեն քաղաքացիներին: Նշենք, որ Կոնգրեսն այս տարի առաջին անգամ աջակցեց հայաստանյան չորս համայնքների` քաղաքացիների մասնակցության նախաձեռնությունների իրականացման գործում, որոնց փորձը կարող է օրինակելի դառնալ այլ համայնքների համար:

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան ներկայացրեց քաղաքացիների մասնակցության վերաբերյալ Կոնգրեսի մոտեցումները, ինչպես նաեւ այն հանձնարարականները, որոնք ստանձնել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները: «Մասնակցությունը կարիք ունի աջակցության  եւ կարգավորման՝  ուղեկցվելով իրազեկման բարձրացմամբ, ֆինանսական ներդրումներով, կառավարության գնահատմամբ եւ պարզ գործընթացներով»,- հայտնեց նա:

Տկն Ջ. Հոջան նշեց, որ Տեղական ինքնակառավարման խարտիայի վավերացման տեսանկյունից Հայաստանում առաջընթաց արձանագրվել է իրավական դաշտում, որը կարեւոր է, բայց միակը չէ տեղական մասնակցությունը խթանելու համար: «Կարծում եմ, այսպիսի քննարկումները շատ կարեւոր են ոչ միայն միմյանցից սովորելու, այլեւ՝ միմյանց աջակցելու համար»,- ասաց նա:

Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան տեղական մակարդակում քաղաքացիների մասնակցայնությունը երկակի է դիտարկում: «Մի կողմում ՏԻՄ-ն է, մյուսում՝ բնակչությունը, դրանք պետք է հզորացվեն հավասարապես»,- ասաց նա:

Լիագումար նիստից հետո համաժողովի մասնակցիները  միջազգային եւ տեղական փորձագետների հետ քննարկեցին հետեւյալ թեմաները. համայնքներում մասնակցային բյուջետավարման կազմակերպման եւ իրականացման քայլերը, համայնքի ավագանու դերը եւ արտոնյալ դիրքը քաղաքացիների ներգրավման եւ համատեղ որոշումների կայացման հնարավորություններ ստեղծելու գործում, մասնակցություն քաղաքացիական հասարակության հետ համատեղ. դժվարությունների հաղթահարման գործելակերպի եւ փորձի ներկայացում եւ մասնակցություն՝  էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ:

Համաժողովն իր աշխատանքը կշարունակի հուլիսի 16-ին, Աղվերանում: Համաժողովի ավարտին Հայաստանի համայնքների համար կմշակվի «Քաղաքացիների մասնակցության ուղեցույց»՝ հիմք ընդունելով այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք կներկայացվեն ու կքննարկվեն երկօրյա  համաժողովների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter