HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարեկանից 23-րդ տարին բանտում գտնվող քաղաքացին դարձել է հաշմանդամ

Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ,կանխամտածված սպանության մեջ:

Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը: «Ոստիկանության քաղաքային վարչությունում բռնելուց հետո էնքան են խոշտանգել, որ գրել եմ՝ ես եմ սպանել: Եկան ասեցին՝ Վահրամ Խորխոռունին իրա շքախմբով եկել ա ու հրաման ա տվել, որ եթե չի ասում, որ ինքն ա, ուրեմն քաղմասից հանեք ու խփեք: Առավոտ գիշերով հանեցին դռան դեմը, հրեցին ու կրակեցին հետևիցս: Հիմա էլ գնդակը մարմնիս մեջ ա: Դրանից հետո ասեցի՝ ինչ կասեք, էն էլ կգրեմ: Ու իմ վրա վերցրեցի սպանությունը: Էլ ուրիշ ճար չունեի»,- պատմեց 42-ամյա Վահագն Մարուքյանը, ով արդեն 23-րդ տարին գտնվում է անազատության մեջ:

«Խցի պատերը խոնավությունից բառիս բուն իմաստով թափվում են, հոդերի հիվանդություն ունեմ, մատներիս ոսկորները ծռվել են, պատերից բռնվելով հազիվ ոտերս քարշ եմ տալիս»,- ասաց «Հետքին» «Դատապարտյալների հիվանդանոցից» ահազանգած 23-րդ տարին բանտում գտնվող ցմահ բանտարկյալ, 2-րդ կարգի հաշմանդամ Վահագն Մարուքյանը: 2,4 տարի «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող դատապարտյալն ասաց, որ մշտապես խցային վատ պայմանների հարցը բարձրացրել է:

Դատապարտյալը արդեն 3-րդ տարին բարձրաձայնում է նաև ռեժիմի փոփոխության ու պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի մասին. «Ո՛չ իմ ռեժիմն են փոխում, փակից անցնեմ գոնե կիսափակ ռեժիմ, ո՛չ էլ առավել ևս պայմանական ազատման հարց են լուծում: Անընդհատ հետաձգում են ազատման հարցը 1 տարով»:

Եթե քաղաքացիական հայցն է չազատելու պատճառը, ապա դատապարտյալը նշում է, որ պատրաստ է իր հաշմանդամության թոշակից հրաժարվել և այդ գումարով վճարել հայցը: «Էստեղ բոլորի պատասխանն էն ա, որ նախագահը համաձայնություն չի տվել, որ մեզ պայմանական ազատեն: Մինչև նախագահը հրաման չտա, մենք չենք կարա ազատենք: Լավ, բայցգոնե ռեժիմը կարան փոխեն»,-ասաց դատապարտյալը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է ՄԻՊ գրասենյակ:

ՄԻՊ-ից հարցում են արել արդարադատության նախարարություն, որտեղ, ըստ Մարուքյանի, նշված է, որ ինքը որևէ միջոցառման չի մասնակցում, չի աշխատում և այլն. «Ես երկար ժամանակ ա ասում եմ, ինձ տարեք զոնի եկեղեցին մի հատ գոնե մոմ վառեմ: Մինչև հիմա չեն տարել: Աշխատանքի մասին՝ ո՞նց աշխատեմ, որ հազիվ եմ քայլում»:  

Հ.Գ. ՀՀ դատարանների արխիվում Վահագն Մարուքյանի վերաբերյալ քրեական գործին ծանոթանալու նպատակով «Հետքը» դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ: Իսկ Վահագն Մարուքյանի հետ հարցազրույց անցկացնելու համար դիմել ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ պետին: 

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես արդեն առաջարկել եմ ցմահ բանտարկյալներին ( X տարի նստելուց հետո) պայմանագրով վերաբնակեցնել ազատագրված տարածքներում: Այդ տղաներին բանտում փտեցնելուց ոչ մի օգուտ չկա: Հարկ եղած դեպքում կարելի է հարցնել զոհերի ընտանիքների համաձայնությունը:
Վեհարի
Ձեռբակալված մարդուն ծեծել են ու վրան կրակել օրենքի պահապանները և դրա դիմաց ոչ մեկը չի՞ պատժվել: Նրա մարմնում գտնվող հին գնդակը այս 22 տարիների ընթացքում ոչ մի կերպ նոր քրեական գործ հարուցելու կամ որպես քր.Գործի վերանայման համար նոր երևան եկած փաստ չի՞ ծառաել: Այդ դեպքում ին՞չ Արդարադատություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter