Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Նինոծմինդայում արտագաղթը կանգ է առել»,-վստահ է շրջանային ժողովի ղեկավարը



Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդայի շրջանում այս տարի բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում տարբեր ոլորտներում: Թե ինչով է դա պայմանավորված՝ զրուցել ենք Նինոծմինդայի շրջանային ժողովի (սակրեբուլո) նախագահ Սմբատ Կյուրեղյանի հետ: Սմբատ Կյուրեղյանը 2006թ.-ից շրջանային ժողովի անդամ է եղել, ղեկավարել է սոցիալական հարցերի հանձնաժողովը, 2010-ին դարձել է նախագահի տեղակալ, 2013-ին ընտրվել է շրջանային ժողովի նախագահ և անցյալ տարի կրկին վերընտրվել է:

Պրն Կյուրեղյան, ի՞նչ նախագծեր եք իրականացնում այս տարի Նինոծմինդայի շրջանում:

Առաջին հերթին մեր ծրագրերի մեջ մտնում են ասֆալտապատման աշխատանքները՝ մոտ 1,7 լարի սահմաններում՝ Նինոծմինդայում, Գանձայում և կենտրոնական ճանապարհին հարակից Սաթխա գյուղում: Տարածքային կառավարման նախարարության հատկացրած գումարն է, որն այդ նպատակների համար պետք է օգտագործվի: Կոյուղու ցանցերի կիսատ աշխատանքներ կային Նինոծմինդայում անցած տարվանից, այս տարի պետք է ավարտենք: Հարթեցման աշխատանքներ են իրականացնում նաև գյուղերի հարակից ճանապարհներին: Դրանք մեծ ծրագրերն են: Ջրամատակարարման ցանցերի հետ կապված՝ երևի 90 %-ով խմելաջրի խնդիրը լուծել ենք շրջանում, միայն մնացել է մի մեծ ծրագիր, որը երրորդ տարին է՝ իրականացվում է, այս տարի պետք է ավարտվի Հեշտիա, Թորիա, Ուջմանա գյուղերում:

Ունենք 1,7 մլնանոց ոռոգման նոր ցանցի ծրագիր, գյուղնախարարության ֆինանսներով է իրականացվել, որն արդեն շահագործման փուլում է: Մոտ 2000 հա հողատարածք պետք է այդ ցանցից օգտվի: Նախկինում օգտվում էին խորհրդային ժամանակներից մնացած ոռոգման ցանցից, հիմա կառուցվեց նորը:

Նինոծմինա քաղաքում արդեն 90%-ով ավարտել ենք լուսավորության ցանցի աշխատանքները, կենտրոնական փողոցին հարակից գյուղերում նույնպես ցերեկային լուսավորման ցանցեր ենք անցկացնում, որպեսզի ֆեդերալ ճանապարհի հարակից և մեծ գյուղերը լուսավոր լինեն՝ Գանձա, Գորելովկա, Սաթխա, Խանչալի, Ջիգրաշեն, Սպասովկա, Դիլիֆ և այլն:

Ի՞նչ միջոցների հաշվին եք իրականացնում այս ծրագրերը՝ տեղական, թե այլ ռեսուրսներից:

Դրանք մեր տեղական բյուջեից են իրականացվում, իսկ նշված 1,7 մլն լարին տրամադրել է տարածքային նախարարության հատկացված գումարով:

Որքա՞ն է Նինոծմինդային շրջանի այս տարվա բյուջեն:

Տարածքային կառավարման նախարարության տրամադարծ գումարի հետ մեկտեղ այս տարվա բյուջեն կազմել է 8 մլն լարի (շուրջ 1,7 մլրդ դրամ):

Ինչո՞վ է պայմանավորված շինարարության ակտիվացումը Նինոծմինդայի շրջանում, և ինչո՞ւ նախորդ տարիներին նման ծրագրեր չէր իրականացվում:

Մենք տարեցտարի ավելացրել ենք տեղական բյուջեի ցանցերը, ավելացել է տարածքային կառավարման նախարարության հատկացրած գումարները: Այնպես, որ բյուջեի ցանցերը մեծանալու հետ մեկտեղ մեծանում են նաև մեր աշխատանքները:

Սա հատուկ է միայն Նինոծմինդայի շրջանի՞ն, թե՞ Սամցխե-Ջավախքի մյուս շրջաններին ևս:

Մենք ունենք լավ պատգամավոր, պրն Մկոյանը, երկար տարիներ պատգամավոր է, նրա օգնությամբ և մեր լավ թիմի օգնությամբ մենք կարողանում ենք պետական բյուջեից և այլ տեղերից գումարներ ներգրավել: Այսինքն՝ դա զուտ կապված է մարդկային գործոնով, մենք կարողանում ենք ինչ-որ տեղից հայթայթել գումարներ: Ես մեր շրջանի անունից կարող եմ խոսել, մյուս շրջանների մասին չեմ կարող ասել: Մեր շրջանում ամեն ինչ արվում է թիմի միջոցով: Ընթացքում լինում են նաև թերություններ, և մեր ժողովուրդը թերությունների մասին ավելի շատ է խոսում, քան լավի մասին: Մենք դա բնական ենք ընդունում:

Գյուղատնտեսական ոլորտում ինչ-որ ծրագրեր իրականացնո՞ւմ եք:

Գյուղատնտեսական ոլորտում մեր բյուջեից ծրագրեր անելու իրավունք չունենք, պարզապես այս տարի Վրաստանում կար «Մեխանիզատոր» գյուղատնտնեսական ֆիրմա, որը գյուղատնտնեսական սերվիզներ էր բացում տարբեր շրջաններում, որի հիմնական գյուղտեխնիկան կենտրոնացված էր Ախալցխայում: Մենք կարողացանք հասնել նրան, որ հիմա սպասարկման կենտրոն բացել են նաև Նինոծմինդայում՝ ամենաժամանակակից տեխնիկաներով և ագրեգատներով: Մենք հուսով ենք, որ այս տարի մեր վարելահողերի քանակը կարող ենք ավելացնել դրա հաշվին:

Մշակվո՞ւմ են այդ հողերը, և արդյոք արտագաղթ չկա՞ դեպի Ռուսաստան:

Արտագաղթն այս պահին կանգնած է: Օրինակ՝ ես Փոկա գյուղում եմ ապրում, և մեր գյուղում 7-8 տարի առաջ երևի 50 փակ դուռ կար, իսկ հիմա տուն գնելու պահանջ կա, բայց տուն չկա: Նինոծմինդայի շրջանում, իմ կարծիքով, արտագաղթը կանգ է առած:

Ձեր կարծի՞քն է, թե՞ այն ինչ-որ թվերի և տվյալների վրա է հիմնված:

Թվերը չգիտեմ, բայց գիտեմ, որ փակ դուռ էլ չունենք և գյուղերում, և քաղաքում, և ամբող շրջանում:

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ըստ Ձեզ:

Դա պայմանավորված է նրանով, որ մենք բարելավում ենք ճանապարհի, գազի, լույսի խնդիրը: Մենք նման խնդիրներ չունենք: Եթե համեմատենք մեր հարևան՝ Հայաստանի Աշոցքի շրջանի հետ, նույն ռելիեֆն ու կլիմայական պայմաններն են, նույն բնույթի հողեր, ապա մեր շրջանի սոցիալական պայմանները մի քանի անգամ ավելի լավ են, քան Աշոցքինը:

Աշոցքը Հայաստանի աղքատ շրջաններից մեկն է:

Ախալքալաքի հետ կարող ենք համեմատել, նույն կենսամակարդակն է, ուղղակի այնտեղ զբաղվում են դաշտավարությամբ, մեր շրջանում՝ անասնապահությամբ: Խորհրդային շրջանի համեմատ՝ խոշոր անասունների գլխաքանակը գերազանցում է այն ժամանակվանին: Մարդիկ սկսել են զբաղվել անասնապահությամբ: Ունենք մեծ ֆերմաներ, ես ինքս զբաղվում եմ նաև ֆերմերային տնտեսությամբ:

Ձեր շրջանի ամենահրատապ խնդիրը ո՞րն է այս պահին:

Ես կոնկրետ ոչ թե սակրեբուլոյի նախագահ, այլ որպես քաղաքացի ասեմ՝ մեր մոտ ամենահրատապը ճանապարհների խնդիրն է: Եթե այս կերպ մենք շարունակենք, կարծում եմ, որ առաջիկա 3-4 տարինեի ընթացքում մենք պետք է որ ճանապարհների խնդիր չունենանք:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ