HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական պայքարի ներկան ու ապագան

Սարո Սարոյան, քաղաքական մեկնաբան

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում երկու շաբաթ տեւած քաղաքացիական անհնազանդության գործողություններն ավարտվեցին։ Հանրությունն այդ գործընթացի սկզբնավորման, ընթացքի ու արդյունքների շուրջ միանշանակ գնահատականներ չունի։ Ժողովրդի ակտիվ դիմադրության արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի հարցում գործող վարչախմբի կատարած որոշակի զիջումները հանրության մի մասը համարում է հաղթանակ, իսկ մյուս մասը՝ պարտություն։ Նմանապես վեճերի առարկա է պայքարի սկզբնավորման ու ընթացքի հարցը։ Կան պայքարի ինքնակազմակերպմանը հավատացող քաղաքացիներ, բայց կան նաեւ պայքարի՝ գործող վարչախմբի կողմից սկզբնավորման կամ հետագայում լիովին ուղղորդման կողմնակիցներ, որոնք միմյանց փորձում են ապացուցել իրենց արտահայտած կարծիքների ճշմարտացիությունը։

Հարկ է նշել, որ նման խնդրի ի հայտ գալը կապված է մարդկանց ակնկալիքների հետ եւ ունի հոգեբանական բացատրություն։ Քանի որ լիարժեք չեն բավարարվել այն սպասելիքները, որոնք քաղաքացիներն ունեցել են այս պայքարից, քանի որ արձանագրվել են այնպիսի արդյունքներ, որոնք ինչ-որ չափով անհամապատասխան են եղել հանրային ցանկությունների հետ, բնական է, որ իրականության եւ ցանկալիի միջեւ եղած խզվածքը շատերի համար պետք է բացասական կամ հիասթափեցնող գնահատականների առիթ հանդիսանար։ Բացի այդ, կան քաղաքական կոնկրետ շահագրգռություններ, որոնք հիմք են տալիս սուբյեկտիվ գնահատականների համար։ Քաղաքացիական պայքարը շատ կուսակցությունների ու կուսակցականների զրկում է ինքնադրսեւորվելու հնարավորությունից, կործանում է նրանց քաղաքական ծրագրերը, ստեղծում է հարաբերությունների այնպիսի դաշտ, որտեղ շատ դժվար է լինում կեղծ քաղաքական թեզեր շրջանառելն ու օրակարգեր ստեղծելը։ Ուստի քաղաքացիական պայքարի ցանկացած հարաբերական արդյունք այդ անձանց կողմից գնահատվում է որպես պարտություն կամ ներկայացվում է բացասական լույսի ներքո` ստվերելու համար քաղաքացիական պայքարի ճանապարհը եւ հաղթահարելու համար կուսակցական գործունեության նկատմամբ քաղաքացիների մոտ եղած անվստահությունը։

Այսօր, իհարկե, քաղաքացիական հանրությունը կարող է դժգոհել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել: Եւ իրապես սակագինը չի վերանայվել, կամայական ու անօրինական թանկացմանը չի տրվել իրավաքաղաքական գնահատական, չեն պատժվել երկրի էներգետիկ համակարգը փլուզման առաջ կանգնեցրած պաշտոնատար անձինք ու ՀԷՑ-ի ղեկավարները, քրեական պատասխանատվության ու պատժի չեն ենթարկվել ոստիկանության այն ծառայողները, ովքեր խաղաղ անհնազանդության դիմած քաղաքացիների եւ իրենց մասնագիտական պարտքը կատարած լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառել եւ այլն։ Այդ իսկ պատճառով տվյալ արդյունքների բացակայության պայմաններում շատերի համար դժվար է ընդունել, որ գրեթե ամբողջ հանրապետությունը ոտքի հանած քաղաքացիական այս պայքարը ունի ոչ միայն իրավիճակային ու լոկալ, այլ նաեւ էական ու շրջադարձային հաջողություններ։

Չնայած հանրային առանձին շրջանակների չբավարարված ակնկալիքների եւ քննադատական մոտեցումների առկայությանը, անհաջողությունների ու թերացումների շուրջ եղած օբյեկտիվ նկատառումներին՝ Բաղրամյան պողոտայի քաղաքացիական պայքարը քաղաքական տեսանկյունից ունի բոլորովին այլ նշանակություն։ Այստեղ ոչ այնքան հանրային ակնկալիքներն ու քաղաքացիական պայքարի մարտավարական անհաջողություններն ու հաջողություններն են կարեւոր, որքան ապագային միտված հնարավորությունները։ Չէ որ բոլորի համար պարզ է, որ երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրները խոր արմատներ ձգած սոցիալ-քաղաքական ճգնաժամի հետեւանքն են։ Մի ճգնաժամ, որը բացատրվում է Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի եւ մոնոպոլ տնտեսության առկայությամբ, գործող վարչախմբի՝ արտաքին ուժերի կողմից հովանավորչությամբ ու դրա դիմաց ազգային կապիտալի արտահանմամբ, բնակչության արտագաղթով եւ այլ հանգամանքներով։

Ի՞նչ տվեց այս պայքարը Հայաստանում սոցիալ-քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Երկրում համակարգային փոփոխություններին միտված  լայն քաղաքացիական համախմբման տեսանկյունից որո՞նք են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դրական ու բացասական կողմերը։ Ահա այս հարցերն են, որոնք իրենց պատասխանին են սպասում եւ որոնց միջոցով հնարավոր կլինի քաղաքացիական այս ընդվզումը արժանացնել առավել ընդգրկուն գնահատականների։

Ակնհայտ է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քաղաքացիական պայքարի մասշտաբները շատ ավելի մեծ էին։ Բողոքի ցույցեր ու երթեր միաժամանակ անցկացվում էին Հանրապետության տարբեր քաղաքներում՝ պայքարին հաղորդելով համապետական բնույթ։ Չնայած պայքարի համաժամանակյա գործող մի քանի օջախների առկայությանը, սակայն ցավոք տարբեր նախաձեռնող խմբերի մոտ չնկատվեց իրենց գործողությունները համակարգելու, միասնաբար ու ծրագրավորված գործելու պահանջ եւ ցանկություն։ Կարծես թե բոլորի հայացքներն ուղղված էին նրան, թե ինչ է կատարվելու Բաղրամյան պողոտայում։ Դրա արդյունքում էր, որ երբ ոստիկանության կողմից բացվեց Բաղրամյան պողոտան, մյուս օջախներում նույնպես դադարեցին ակտիվ գործողությունները՝ հանրային բողոքի էներգիան փողոցից կրկին վերադարձնելով բնակարաններ։

Բաղրամյան պողոտայում կիրառված աղբամանների միջոցով ճանապարհի արգելափակման հնարքը Հայաստանում կիրառվող քաղաքացիական անհնազանդության ընդհանուր ձեւերի մեջ տեխնոլոգիական լուծման մի նոր աստիճան էր: Վերջինս քաղաքացիների կողմից ճանապարհները փակելու եւ նստացույցի դիմելու մեթոդի առավել արմատական ու բարդ տարատեսակն է եւ էությամբ արդեն այն տրամաբանության արտահայտությունն է, որ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների դեմ պետք է նույնքան ադեկվատ տեխնիկական միջոցներ կիրառել:

Մյուս հաջողված արդյունքը, որն ունի հեռանկարային նշանակություն, Բաղրամյան պողոտայի հետ մեկտեղ բանուկ մեկ այլ տարածքի` Ֆրանսիայի հրապարակի, փակելու գործողությունն էր: Դրա արդյունքում հաջորդ օրերին ոստիկանության պետի վարքագծում ի հայտ եկան խուճապային տրամադրություններ, որոնք արտահայտվեցին սեփական անձի գերկարեւորման, դեպի Բաղրամյան պողոտա պարբերական շրջայցեր կատարելիս էքսցենտրիկ գործողությունների, «սաստող» խոսքերի ու «մեղմիկ» զրույցների ձեւով: Սակայն հենց երկու տարածքների համաժամանակյա փակման քայլը այդուհետ դարձավ այն տեսական հիմքը, թե ինչպես կարելի է ընկճել վարչախմբին եւ պարտադրել` կատարելու հանրության ներկայացրած պահանջները:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիական հանրության էական հաջողությունների թվում պետք է նշել պայքարը նախաձեռնող խմբի ինչ-որ մի պահից մեկ այլ խմբով փոխարինվելու փաստը: Ի տարբերություն հայաստանյան կուսակցական պրակտիկայի` քաղաքացիական պայքարը դրանով ցույց տվեց իր առավել կենսունակ` չքարացած ու չճահճացած բնույթը: Դասական քաղաքացիական շարժումներին համահունչ` այս պայքարը ապացուցեց, որ նախաձեռնողները, կազմակերպիչները, ղեկավարները անցողիկ են, երբ չեն համապատասխանում Շարժման ոգուն: Սկզբնական նախաձեռնող խմբի Բաղրամյան պողոտայից հեռանալուց հետո նոր նախաձեռնողների ի հայտ գալը վկայեց, որ ընդհանուր առմամբ քաղաքացիական առավել ընդգրկուն պայքարի համար հանրությունն ունի  բավարար կամք ու գիտակցություն` նման իրավիճակները հաղթահարելու համար:

Սակայն բացի նշված դրական կողմերից` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը ունեցավ որոշակի էական բացեր ու թերացումներ: Կարելի է նկատել, որ նախաձեռնելու եւ գործելու կամքն այսօր առավել առաջ է ընկել քաղաքական մտքից: Քաղաքացիները կարող են ինքնակազմակերպվել, հաղթահարել խուճապային տրամադրությունները, ոստիկանության հետ գիտակցված ու զգույշ փոխհարաբերությունների մեջ լինել, չընկրկել իրենց դեմ կիրառված հատուկ միջոցներից, չվախենալ ոստիկանության բաժիններում հայտնվելուց, բայց ի վերջո չձեւակերպել քաղաքական մի որեւէ տեսլական, թե ինչպես են հասնելու իրենց պահանջների կատարմանը:

Հատկապես նախաձեռնող խմբերի տեխնոլոգիական անկարողությունները քաղաքական մտքի ամլության վառ արտահայտությունն են: Երկշաբաթյա փողոցային պայքարի ընթացքում ի հայտ չեկավ որեւէ հռետոր, ով «հրապարակում» միտք կարտադրեր եւ կկարողանար  հանրությանը գաղափարներ կամ պայքարի մարտավարական ինչ-որ լուծումներ առաջարկել:

Բացի նշվածներից, այսօր քաղաքացիական նախաձեռնությունների համար լրջագույն խնդիր է պայքարի ընթացիկ կազմակերպման հարցը: Արդեն մի քանի տարվա պայքարի փորձառություն ունեցող քաղաքացիական հանրությունը կարծես թե պետք է ավելի բծախնդիր լիներ իր աշխատանքները ռացիոնալ կարզմակերպելու,  ընդհանուր պայքարը համակարգելու տարրական պահանջները պահպանելիս: Սակայն, հիմնական գործը սկսվում եւ ավարտվում էր հրապարակային կամ սենյակային խորհրդակցություններով, որտեղ իրավիճակի մակերեսային գնահատականների եւ շաբլոնային մտքերի շրջանառությունը գործնականում ոչ մի արդյունք չէր ապահովում:

Քաղաքացիական պայքարի այս հանգրվանն աչքի առաջ ունենալով` կարելի է եզրակացնել, որ պայքարի հիմնական անկատարությունը Հայաստանում ինտելեկտուալ գործիչների սովն է: Վերջինս հիմք է տալիս հետագայի համար շատ մեծ հարցականներ ու մտավախություններ ունենալ: Նկատելի է, որ քաղաքացիական գիտակցությունը «վարակել» է զանգվածների, ովքեր իրենց պահանջների կատարումը վարչախմբին պարտադրելու համար ունակ են դիմել հոգեբանական առումով առավել դժվար քաղաքացիական անհնազանդության մեթոդների` տեխնիկական միջոցների, այդ թվում` ավտոտրանսպորտի միջոցով ճանապարհների, հրապարակների լիակատար շրջափակմանը, խցանումներ առաջացնելուն: Սակայն առայժմ չկան այն գործիչները, ովքեր կկարողանան արդյունավետ համակարգել ու կազմակերպել նման գործողությունները: Նախաձեռնողական վարք ցուցաբերելուց հետո ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներն արդեն այսօր կանգնում են այն փաստի առաջ, որ իրենք անկարող են պայքարող հանրությանը գաղափարներ սնուցել, քաղաքական տեքստեր մշակել ու հանրայնացնել, գործող վարչախմբին հաղթել ինտելեկտուալ ճակատամարտերում, իրենց հետ կապի դուրս եկած պաշտոնատար անձանց հիմնավոր պատասխաններ տալ, ոստիկանության հետ հրապարակային բանավեճերում իրավունքի ուժը ցուցանել, չընկրկել սպառնալիքներին, չընկնել վարչախմբի պառակտիչ ծուղակների մեջ եւ այլն: Հաջորդ քաղաքացիական պայքարի հանգրվանում, երբ տեսանելի են տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում կանգնելու եւ ակտիվ պայքարելու հեռանկարները, ինտելեկտուալ գործիչների պակասը հիմնական խնդիրն է դառնալու:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ ձեւավորված քաղաքացիական շարժումը չնայած չի հասել նրան, որ բարձրացրած պահանջները գործող վարչախմումբն ամբողջովին կատարի, բայց կարողացել է առավել շատ ակտիվ քաղաքացիներ մոբիլիզացնել փողոցում, կիրառել նոր հնարքներ ու լոկալ խնդիրներին տալ նոր լուծումներ: Սակայն ոչ մի անօրինական, հանցավոր վարչախմբի հնարավոր չէ քաղաքացիական կազմակերպված պայքարի միջոցով հաղթել, եթե քաղաքացիական հանրության տանող ուժերը` նախաձեռնող խմբերը, իրենց ինտելեկտուալ ներուժով վարչախմբի հետ համեմատած կանգնած չեն հավասար կամ առավել բարձր դիրքերում: Սա է, որ քաղաքացիական հանրության մտահոգության առարկան պետք է դառնա առաջիկա ամիսներին:

Մեկնաբանություններ (2)

Hrach
Հնարավոր չի հաջողուտյուն արձանագրել եթե պայքարը տարվում միայն մի ուղությամ, արգելել, չթողնել, բարիկադներ դնել: Իհարկե այդ պայքարը անհրաժեշտ է, բայց բավարար չի րեալ հաջողություններ ունենալու համար: Վոչ ի կոխքին պետք է ունենալ Արարել եվ միասին կոլլեկտիվ ձեւով արարել կարքախոսը: Այսինքն եթե հազարավոր մարդիկ միավորվում են որ պատնեժ դառնալ անարդարությանը ուրեմն այդ հազարավոր մարդիկ կարող են միավորվել կառուցելու , արարելու շուրջ եվ միասին մեխանիզմներ գտնեն կոլլեկտիվ եվ միասնական ձեւով կառուցելու եւ ստեգծելու: Օրինակ Եթե 3 գյուղ կարողանում են միավորվել որ իրենց ջուրը չգողանան ապա այդ 3 գյուղը կարող են միավորվել վոր փոխոցները շենացնեն, բիզնեսներ ստեգծեն կոոպերատիվե սկզբուինքով եւ այլն ... Խնդիրը քանակի մեչ է եթե հնարավոր է մեց քանակուտյամբ մարդկանց մասնակից դարցնել ծրագրին ուր բաշխումներյ կատարվում են ճիշտ ապա ոչ մի ոլիգարխ, իշխանուտյ-'յուն ոտար կորպորացիաներ չեն կարող իրենց սեխմել, հակառակը: Ինձ համար քաղաքացիական շարժումը այս երանգնել պետք է յնդգրկի իր գոռցունեյության մեչ:
Barekam
Ձեր միջոցով ուզում եմ առաջարկել հունիսի 23-ին տուժած լրագրողներին: Ինչ կլինի, եթե գործարք առաջարկեն Սերժ Սարգսյանին, որ լրագրողները և բոլոր տուժած քաղաքացիները հրաժարվում են իրենց պահանջներից’ կապված ոստիկանների գործողությունների հետ, պայմանով , որ Սերժ Սարգսյանը ներում շնորհի Շանթին և իր ընկերներին: Չեմ կարծում որևէ ոստիկան պատժվելու է, իսկ էսպես կլինի համարժեք գործարք: Եթե գործարքը գլուխ բերվի, բոլորն էլ շնորհակալ կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter