HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

«Ոսկե ծիրանում» «Մանդարիններ» և «Խենթ պատմություն», մալյարություն և կինո

«Մանդարիններ» ֆիլմի տասներորդ րոպեից արդեն հայտնի էր, թե ինչ է լինելու. փոխհրաձգությունից վիրավորված երկու կովկասցի թշնամիները, որոնց փրկել ու իր տանը խնամում է էստոնացին, պիտի ընկերանան, ախպերանան ու իրար պաշտպանեն իրենց վրա հարձակվողներից:

Կանխատեսելի ֆիլմ, կարելի էր արդեն չնայել, դուրս գալ դահլիճից, բայց դուրս չեկա, պետք էր պարզել, թե պարզունակ «հումանիստական» խաղը էլ ինչ կոպիտ, կացնային միջամտություններով է կինոն ծառայեցնելու քաղաքականությանը: Մի «հումանիզմ», որի տակ թաքնված է մի կողմից Եվրոպա-էստոնական վերևից նայված դրսի հայացքը՝  կովկասյան հակամարտությունները իրարից չտարբերվող վայրենիների անիմաստ կռիվ է, և որ իրենք բացատրում են վայրենիներին, որ իրար չկոտորեն, բայց գլուխները չի մտնում, և մյուս կողմից շոյում է վրացիների գավառական ինքնասիրությունը՝ ճիշտ է, մենք վայրենի ենք, բայց բարի սիրտ ունենք, որ լավ բացատրեք, գլուխներս կմտնի:

Էստոնա-վրացական «Մանդարիններ» ֆիլմը նկարահանվել է 2013թ., անցյալ տարվա Օսկարի օտարալեզու ֆիլմերի մեջ հավակնորդ է եղել: Ոսկե ծիրանի շրջանակում հուլիսի 16-ին ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Զազա Ուրուշաձեն «լայեղ չարեց» իր իմացած ռուսերենով ֆիլմը ներկայացնել ու, իրեն կոտորելով, չիմացած անգլերենով խոսեց:

Աբխազիայում եղել է էստոնական գյուղ, որի բնակիչներին վրաց-աբխազական պատերազմի ժամանակ էստոնական կառավարությունը էվակուացրել է Էստոնիա:

Ֆիլմում էստոնական գյուղում մնացած երեք էստոնացի տղամարդիկ են, պատերազմում նրանք միակ քաղաքակիրթ, ազնիվ, բարի, մարդասեր, հոգատար մարդիկ են: Մյուս բոլորը վայրենիներ են: Բայց վայրենիներն էլ են տարբեր լինում: Փոխհրաձգությունից փրկված վրացի զինվորը ու աբխազական կողմից կռվող չեչեն վարձկանը «լավ» վայրենիներն են, սկզբում չեչեն Ահմեդը ուզում է սպանել վրացի Նիկոյին, բայց խոհուն, իմաստուն էստոնացի Իվոն թույլ չի տալիս, ու նրա հումանիստական դասերն այնպես են սերտում չեչենն ու վրացին, որ վերջը ընկերանում են, դառնում մարդասեր ու հոգատար, մի խոսքով՝ եվրոպացի: Մի խոսքով՝ նրանք «լավ» վայրենիներն են: Արանքում կան ուրիշ վայրենիներ՝ աբխազ զինվորները, որ անդուր են, նրա՞նք էլ վրացու ու չեչենի պես կարող էին «հասկանալ», որ մարդ սպանելը վատ բան է. հայտնի չի, ռեժիսորը շանս չի տալիս աբխազներին Իվոյի խրատները ստանալու ու լավը դառնալու: Ուրեմն, աբխազները մի բան չեն: Իսկ ամենավատը աբխազների կողմից կռվող ռուսն է, որ գալիս է Իվոյի տուն ու յուրայինին, իրենց՝ աբխազական կողմը ներկայացնող Ահմեդին ուզում գնդակահարել: Բայց այստեղ վրա է հասնում վրացի տղեն՝ Նիկոն ու փրկում Ահմեդի կյանքը, ինքն էլ զոհվում: Զոհվում է նաև բարի, էստոնացի Մարկուսը, ով երազում էր իր մանդարինները ծախել ու մեկնել Էստոնիա: Հա, երրորդ էստոնացին էլ բժիշկ է, որ Իվոյի տանը պառկած վրացուն է բուժում, սա խորհրդանշական է՝ եվրոպացին բուժում է վայրենուն: Հա, նաև, որ այնպես չթվա, թե վրացին շատ վայրենի է, պարզվում է, որ նա դերասան է, Թիֆլիսի թատրոնում է խաղացել: Ո՜նց կլիներ՝ դրական վրացին հանկարծ սլեսար լիներ:

Ֆիլմի արտաքին կոնտեքստը սա է՝ պատերազմը հիմարություն է, հակամարտող կողմերի զինվորներին իրար դեմ թշնամացրել են, բայց նրանք ներքուստ բարի են, որ մեկը նորմալ բացատրի, որ արածները հիմարություն է, կհասկանան, էլ իրար չեն սպանի: Նաև՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի թեզերը՝ մարդն ունի կյանքի իրավունք և այլն:

կադր «Մանդարիններ» ֆիլմից

կադր «Մանդարիններ» ֆիլմից

Բայց վրացիների հակաաբխազական ու հակառուսական մոլուցքը էնքան հիվանդագին է, որ հումանիստական տրաֆարետը, թե անկախ ազգությունից՝ ամեն զինվորի մեջ մարդ է թաքնված, չի կիրառվել աբխազների նկատմամբ: Բայց քանի որ հումանիստական տրաֆարետի մեջ տեղավորվելու համար անհրաժեշտ է երկու թշնամի կողմերի մեջ էլ «դրական» հերոս ունենալ, վրացին կա ու կա, մնում է աբախազական կողմից դարձի եկող ու դրական հերոսի կերպարը, ռեժիսորը այդ դրական հերոսին դարձնում է չեչեն, էն էլ՝ վարձկան: Հարցը լուծվեց՝ համ տրաֆարետը լցվեց՝ աբխազական կողմից դրական հերոս, համ էլ վրացու սրտին յուղ նստեց՝ էդ դրականը աբխազ չի:

Ուրեմն, ֆիլմն ունի մեկ այլ կոնտեքստ, ավելի ճիշտ՝ ոչ թե կոնտեքստ, քանի որ ոչ մի հիմնավորում չունի, այլ պրոպագանդա, հակաաբխազական ու հակառուսական պրոպագանդա:

Ռեժիսորը պրոպագանդա է անում՝ աբխազների կողմից կռվում են ռուսներ ու վարձկաններ, իսկ այ՝ վրացին տունը թողել, մորն էլ չի ասել, որ ճակատ է մեկնում ու անշահախնդիր նետվել է հայրենիքը պաշտպանելու (դե ինչպես հաղթեին, եթե կռվում են հզոր Ռուսաստանի ու փող ստացող վարձկանների դեմ), որ չեչենները, որոնց ճնշում են «վատ» ռուսները, մարդկային գծեր ունեն, ու որ վրան մի եվրոպացի աշխատի, հումանիստ կդառնան, էն էլ ինչպիսի՜ հումանիստ՝ համ երեկվա թշնամու հետ կընկերանա, համ էլ կհասկանա, որ պատերազմի վրա փող աշխատելը վատ բան է, կհանի վարձը, կտա էստոնացի Մարկուսին, որ նա մեկնի Էստոնիա: Իսկ Մարկուսը հո վայրենի չի, շատ ազնիվ է, ուրիշ փողի վրա աչք չի գցում, չի վերցնում փողը, այ, իր սեփական մանդարինները կվաճառի փող կունենա: Բայց այ՝ ռուսները անհույս սրիկաներ են, ինչքան էլ վրաները էստոնացի աշխատացնես, մարդ չեն դառնա ու նույնիսկ յուրայինին պատրաստ են գնդակահարել:

Բայց եթե ռեժիսորին հարցնես՝ ինչի են ռուսներն ու աբխազները վատը, չի կարող բացատրել, չկա հիմնավորում, կասի՝ ես նման բան չեմ ասել, չեմ ասել, որ էն սրիկան ռուս է (արտաքինից ու մաքուր ռուսերենից է երևում, որ ռուս է), ես ցույց եմ տվել, որ երկու կողմերում էլ վատեր էլ կան, լավեր էլ:

Եթե ստեղծագործական խումբը այդ պրոպագանդիստական նպատակից ազատված լիներ ու հումանիստական կոնտեքստը միայն աշխատացներ, ոչ թե հսկա փողեր կծախսեին Վրաստանի տարածքում էստոնական գյուղի դեկորացիա կառուցելու վրա (ռեժիսորը ասեց, որ բոլոր դեկորներն ու տները կառուցվել են հատուկ ֆիլմի համար), այլ Աբխազիայի հետ կհամաձայնեցնեին, կնկարեին աբխազա-վրացա-էստոնական ֆիլմ հենց Աբխազիայում՝ էստոնական գյուղի տարածքում:

Մի ուրիշ հակաաբխազական ֆիլմ էլ՝ Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» 2009-ին ոսկե ծիրան մրցանակ ստացավ (այդ մասին այստեղ՝ «Ոսկե ծիրանը ծառայեցվում է թուրքերի ու վրացիների շահերին»):

Հենց ֆիլմը ավարտվեց,  ինձ դուրս նետեցի, որ չլսեմ հոտնկայս ծափահարող հայ հանդիստատեսի հիացմունքը: Բայց հիացողները ամենուր են, հիացողների վրա ազդել է ոչ միայն հակապատերազմական դրաման, այլև ասում են՝ ֆիլմը շատ պրոֆեսիոնալ է նկարված, դերասանները լավ են խաղում, մոնտաժը վարպետորեն է արված: Իսկապե՞ս, այնպես պրոֆեսիոնալ, ինչպես եվրոռեմոնտ կանի փորձառու վարպե՞տը: Բայց կարծեմ կինոն մալյարություն չի, որ գնահատես միայն վարպետությունը: Կինոն, արվեստը, այն միակ բնագավառն է, որտեղ բացի պրոֆեսիոնալիզմից նաև այլ բան է անհրաժեշտ, մի այլ անհանգստություն, որը այս ֆիմում չկար, փոխարենը հումանիզմի անվան տակ քողարկված էստոնական սնափառություն ու վրացական այլատյացություն ու պրոպագանդա էր:

Ռոբեր Գեդիգյան

«Ոսկե ծիրանի» բացմանը ցուցադրվեց Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմությունը», նույնպես երկու ժողովուրդների հակամարտության թեմայով, բայց  վրացական ֆիլմի հակապատկերը, այստեղ չկան դրական ու բացասական, «ճիշտը» իմացող ու «ճիշտը» չիմացող պարզունակ հերոսների տափակ բաժանումներ: Այս ֆիլմը ոչ միայն տուրք չի տալիս համընդհանուր հումանիստական տրաֆարետային ցենզուրային, մարդու իրավունքների դեկլարացիաներին, այլև խիզախորեն  սպանության գործիք դարձած տեռորիստների ճշմարտությունը վերլուծում ու հաճախ հաստատում է, ոչ թե ենթարկվում է «մարդ սպանելը վատ բան է» շահեկան դիրքին, այլ  զոհին է խոսացնում, որ ամբողջ կյանքը վրեժի զգացումով է ապրել՝ հայ տատիկը թոռան համար օրորոցային է երգում՝ երբ մեծանաս կկոտորես բոլոր թուրքերին, իսկ մյուս թոռանն էլ հորդորում է՝ Մարսելի բոլոր թուրքերին  ճաշի կհրավիրես, ճաշի մեջ թույն կգցես, որ բոլորը մեռնեն: Սա ջարդերի ժամանակ ընտանիք կորցրած ու թուրքերից բռնաբարված կնոջ ճշմարտությունն է, որին տեր է կանգնում թոռը՝ Արամը ու դառնում ահաբեկիչ, էստոնական տափակ հումանիստական քարոզները այստեղ չեն անցնում, էստոնացի Իվոն չի կարող համոզել երկիր, հարազատներ կորցրած, բազմիցս բռնաբարված կնոջը, ում դահիճները անպատիժ իշխում են, որ Մարսելի անծանոթ թուրքին պետք չի սպանել: Սա «խենթ պատմություն է», այն խենթերի պատմությունը, որոնք չեն ենթարկվել լիբերալ քարոզչությանը, օրինապահության դաստիարակությանը, և որոնց չեն կարող «բուժել» եվրոպացի բժիշկները: Արամը պայթեցնում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին, ծանր վիրավորվում է մի ֆրանսիացի անցորդ՝ Ժիլը:

Ֆիլմը քննարկման նյութ է դարձնում ոչ միայն ահաբեկության արդարացիությունը, այլև թե ինչքան էլ արդար լինի տեռորը, արդյո՞ք հնարավոր է արդարացնել այն, երբ խլում է նաև անմեղ մարդկանց առողջությունը կամ կյանքը, եթե ահաբեկության պահին հնարավոր են անմեղ  զոհեր, ապա պե՞տք է ահաբեկությունը իրականացնել, թե՞ ոչ: Հեծանիվի վրա Ժիլը սպասում է, որ թուրք դեսպանի մեքենան շարժվի, Արամը տեսնում է Ժիլին ու տատանվում՝ պայթեցնել, թե ոչ: Ի վերջո սեղմում է կոճակը:

Ժիլը հաշմվում է, վրեժով լցված փնտրում է նրան ով իրեն հաշմանդամ է դարձրել, և ի վերջո Բեյրութում հանդիպում է Արամին. «Ես քեզնից որպես մարդ ներողություն եմ խնդրում, բայց չեմ զղջացել արարքիս համար»,- ասում է նրան Արամը:

Բայց ինչքա՞ն կարելի է անմեղ զոհեր տալ, ահաբեկիչների խենթությունը սահմանները անցնում է, դաժանությունը կանգ չի առնում, սկսում են այլևս իրենց հաշիվ չտալ, չափն անցնում են, և նրանց կազմակերպությունը պառակտվում է, հեռանում են նրանք ովքեր դեմ են, որ թափվի անմեղ մարդու արյունը:

կադր «Խենթ պատմություն» ֆիլմից

Ֆիլմի սկզբում ներկայացվում է, թե ինչպես է Սողոմոն Թեյլերյանը սպանում Թալիաթին ու դատարանի դահլիճում արդարացվում: Ապա անցում է կատարվում յոթանասունականների հայկական ահաբեկչական շարժումներին որպես Թեյլերյանի արդարացի վրեժի ժառանգություն, որ Հայ գաղտնի բանակը Թեյլերյանի և մյուս վրիժառուների նույն գործն է շարունակում: Ահաբեկչությունը սկսվում է այն բանից հետո, երբ ֆրանսիական կառավարությունը թուրք դեսպանի պահանջով արգելում է ցեղասպանության հիշատակի երթ կազմակերպել: Ուրեմն, ևս մի պատասխանատու անարդարության համար՝ այն ժամանակ դեռ ցեղասպանությունը չճանաչած Ֆրանսիան, ու ֆիլմը այլ բարդ հարցադրումներ է դնում, թե ի՞նչ է նշանակում անմեղ զոհ, այն քաղաքացին ով անտեղյակ է մեծ ոճրին, և ում կառավարությունը աջակցում է դահճին, արդյո՞ք հարյուր տոկոսանոց անմեղ է: Ու Ժիլը այդ մեղքն ընդունողի կերպարն է, ցեղասպանությունը ճանաչող Ֆրանսիան, որ Արամի մոր՝ Անուշի հետ գալիս է Հայաստան ու թաղում նրա մոր մոխիրը:

Ֆիլմը այս է, խիզախ, մարդու իրավունքների դեկլարացիաները հարցականի տակ դնող, չներգրավված քաղաքական պատեհապաշտության մեջ, որ խոսում է այն դիրքից, այն ճշմարտությունը, որը ճզմված է հզոր երկրների քաղաքական շահերի տակ:

Ֆիլմից ոգևորված դուրս եկա ու տեսնեմ դժգոհները շատ են,  չեն հավանել և շատերը էն նույն չափանիշներով, որոնցով հիացել էին ուրիշները «Մանդարիններով». մասնագիտական թերություններ կան (ռեժիսոր ընկերս ասեց՝ ոչ պրոֆեսիոնալ տեղերը շատ են), դերասանական խաղը էն չի, տեսարանները մշակված չեն և այլն: Չեմ վիճի, բայց չեմ կարող չհիշել  տպավորիչ տեսարանները՝ ռումբի պայթյունից հեծանիվի թռնելը, աղջկա ծննդին հայերի պարը, Բեյրությում մարտիկների ու հոգևորկանի խմբով «Ընկեր ջան գինի լից» երգելը:  

Գեդիգյանը մի բան լավ գիտի, որ կինոն մալյարություն (ներկարարություն) չի, ուրեմն, այնքան էլ կարիք չունի կենտրոնանալ ու ժամանակ ծախսել դետալները կատարելագործելու, հղկելու վրա, ինչպես մալյարը մայակ կանի գաջած պատը, սալիկագործը համաչափ կշարի սալիկները: Ինչպես հեղեղն ուշադրություն չի դարձնում, որ սիմետրիկ հղկի իր հունը, աչքի համար հաճելի լինի, քանի որ նպատակը միայն հունը բացելն է, այնպես էլ Գեդիգյանի ուղերձը, ֆիլմի ճշմարտությունը այնքան ազդեցիկ է, որ երկրորդական ու նաև աննկատ են դարձնում հունը ձևավորող թերությունները:

Գլխավոր լուսանկարը՝ կադր «Խենթ պատմություն» ֆիլմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter