HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երբ երկխոսության չեն գնում հանրային տիրույթ ստեղծելու համար, մարդիկ իրենք են գրավում այդ տարածքը

Ինչ է տեղի ունենում ընտրությունից ընտրություն, տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) ինչպես են աշխատում քաղաքացիների հետ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Այս հարցերն էին քննարկվում երեկ Աղվերանում, եւ երկու օր առաջ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած «Տեղական ժողովրդավարություն. քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» մարզային համաժողովում: Համաժողովի երկու օրերի ընթացքում հանրապետության 10-ը մարզերի մոտ 200 համայնքների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ համատեղ քննարկեցին մասնակցային կառավարման լավագույն փորձն ու գործիքները, կառավարման կարեւորությունն ու արդյունավետությունը, մասնակցության խթանման մակարդակները:

Միջազգային փորձագետները տարբեր երկրներում կիրառված օրինակներով  համայնքների ղեկավարներին ջանում էին համոզել, որ փոքր ռեսուրսներով նույնպես կարելի է շատ ծառայություններ մատուցել համայնքին: ՏԻՄ-երը բոլոր երկրներում էլ հիմնականում սահմանափակ կարողություններ ունեն, սակայն մոտիվացված քաղաքացիների հետ միասին կարելի է լուծումներ գտնել: «Մասնակցությունը ոչ միայն դրամով կարող է լինել, այլեւ` ժամանակով, գաղափարներով: Մասնակցությունը պատասխանատու է դարձնում համայնքի բնակչին: Քաղաքացիների հետ աշխատելը բերում է նրան, որ համայնքը դառնում է շատ ավելի հաջողված, անկախ նրանից` մե՞ծ է, թե՞ փոքր»,- խորհուրդ տվեցին փորձագետները:

Համայնքների ղեկավարները դժգոհում էին, որ բնակիչները միայն անձնական հարցերով են դիմում համայնքի ղեկավարին: «Երբ մարդիկ գալիս են համայնքապետարան եւ անձնական հարցերից են խոսում, պատճառն այն է, որ երկխոսության չեք գնում հանրային տիրույթ ստեղծելու համար: Մարդկանց ընկալումների վրա պետք է աշխատել»,- հակադարձեց Իտալիայի Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Անտոնելլա Վալմորբիդան:

Նա նշեց, որ նույնիսկ ամենափոքր համայնքներում բարդ խնդիրներ կան եւ համայնքի ղեկավարը միայնակ չի կարող այդ խնդիրները լուծել, անհրաժեշտ է մոբիլիզացված համայնք, որը երկխոսություն է քաղաքացիների եւ տեղական իշխանությունների միջեւ: Պետությունից չեն գալիս գաղափարները, բայց նրանք պետք է ֆիանանսավորեն եւ աջակցեն քաղաքացիների լավ գաղափարը: Քաղաքացիների ճնշումը շատ կարեւոր է ձեր աշխատակազմերի լավ աշխատանքի համար: Առանց ինֆորմացիայի չկա մասնակցություն, ինչպես եք դուք տեղեկացնում ձեր քաղաքացիներին, ինչ հաճախականությամբ եք հանդիպումներ կազմակերպում բնակչության հետ:

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան  ներկայացրեց Հայաստանում կատարված ուսումնասիրությունների պատկերը. Հայաստանում քաղաքացիների մասնակցության մեծ ավանդույթ չկա եւ հաճախ չի խրախուսվում: Գործնականում օրենքները չեն կիրառվում, փոքրաթիվ համայնքներ են մասնակցության կարգ ընդունել: Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր գործիքներ կիրառել տեղական ինքնակառավարման մեջ քաղաքացիների մասնակցությունը խթանելու համար:

«Հայաստանի իշխանությունը մեծ կամք ունի քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարամանը խթանելու հարցում, որպեսզի բարձրանա քաղաքացիների վստահությունը տեղական իշխանության նկատմամբ»,- վստահեցրեց կոնգրեսի փոխնախագահը: Նա նշեց, որ համաժողովը նպատակ ունի օգնել համայնքներին` նշված դրույթները կիրառելու հարցում:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ օրենսդրությամբ քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը երաշխավորված է, սակայն պետք է ակտիվացնել այդ իրավական կարգավորումները, ինչից միայն ՏԻՄ-ը կշահի: «Համայնքների ղեկավարները պետք է կարողանան ընկալել, որ ակտիվ ժողովրդավարության համար ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է պետք: Սա մեր բոլորի նպատակը պետք է լինի եւ հատկապես ձեր, որովհետեւ միայն այս դեպքում է, որ ձեր իշխանությունը շանս կունենա արդյունավետ լինելու»,- հայտնեց փոխնախարարը:

«Ամեն ինչ պետք է անել, որ բնակչության մասնակցությունը խթանող միջոցառումները գործնական լինեն: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մենք դրա կարիքն իսկապես ունենք, եւ բնակչությունը չպետք է կտրված լինի տեղական իշխանությունից: Շատ դեպքերում թվացյալ խաղաղության տակ բոլովին այլ տրամադրություններ են բնակչության մոտ, խնդիրները լուծելու միակ ճանապարհը բնակչության ակտիվ մասնակցությունն է, որը մենք պետք է խթանենք»,- ավելացրեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե եվրոպական երկրներում տեղական լրատվամիջոցներն ինչպես են աջակցում մասնակցային կառավարմանը, Իտալիայի Կոիմբրայի համալսարանի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, մասնակցության գծով անկախ մարմնի փոխնագահ Ջիովանի Ալեգրետին հայտնեց, որ տեղական ժողովրդավարության ոլորտում լրագրությունը համեմատաբար վատ որակի է: «Հանրապետական մակարդակի լրատվամիջոցները լավ զինված են, բայց շատ էլ հետաքրքրված չեն եւ ավելի շատ են տրվում քաղաքական եւ կրոնական շրջանակների վատ ազդեցություններին: Տեղական լրատվամիջոցները լավ զինված չեն, ցածր որակի են եւ չեն կարողանում ազդել որոշումների ընդունման վրա»,- հայտնեց պրն Ալեգրետին:

Միջազգային փորձագետները լավատեղյակ էին մեր երկրում ընթացող վերջին գործընթացներից եւ, հիշեցնելով ElectricYrevan-ը, ասացին. «Մարդկանց հրավիրում են մասնակցության կամ մարդիկ գրավում են այդ տարածքը: Մասնակցությունն սկսվում է լսելուց եւ ավարտվում է սիրով, մարդիկ այդ տիրույթում նույնիսկ ամուսնացան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter