Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ջուլիանա Հոջա․ «Հայաստանում հասարակությունն ավելի շատ արձագանքող է, քան մասնակից»



Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսը Հայաստանում ուսումնասիրել էր տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության հարցը եւ արձանագրել, որ մեր երկրում մասնակցային կառավարման մեծ ավանդույթ չկա եւ հաճախ չի խրախուսվում: Հայաստանի իշխանություններին առաջարկվել է գործիքներ կիրառել տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունը խթանելու համար: Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան այս օրերին Հայաստանում անցկացվող «Տեղական ժողովրդավարություն. քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» երկօրյա համաժողովի մասնակիցն էր եւ նրա հետ մեր զրույցը վերաբերում է մասնակցային կառավարումը մեր երկրում տեղայնացնելու հնարավորություններին:

Հայաստանում մասակցային կառավարումն ընդունվեց օրենսդրորեն համայնքային իշխանություններն ընդունեցին բնակչությանը տեղական ինքնակառավարմանը մասնակից դարձնելու մի փաստաթուղթ, որի մասին, սակայն բնակչությանը չծանուցեցին: Ի՞նչ արդյունավետ մեխանիզմներ կարող եք առաջարկել տեղական ինքնակառավարմանը բնակչության գործնական մասնակցությունն ապահովելու համար:

Նախեւառաջ սա այդքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Մասնակցությունը պրոցես է եւ պահանջում է, որ ինքնին էվոլուցիայով անցնի: Քանի որ շատ տարբեր կողմեր են ներառված այս գործընթացում` տեղական ինքնակառավարման մարմիներ (ՏԻՄ), մյուս կողմից՝ քաղաքացիների տարբեր խմբեր, ուստի միշտ չէ, որ հեշտ է իրականացվում: Ոչ միայն այստեղ, Արեւմտյան երկրներում էլ այդքան հեշտ չէ մասնակցային կառավարում իրականացնելը: Ամենակարեւորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը գիտակցեն, որ դա լավագույն տարբերակն է աշխատելու, եւ դրան այլընտրանք չկա: Դրա համար կան հիմնավոր պատճառներ· ընտրված մարդիկ՝ տեղական իշխանությունները, չորս տարի շարունակ պետք է որոշումներ կայացնեն առանց համաձայնեցնելու իրենց ընտրողների հետ, նրանք պետք է նաեւ խորհրդակցեն ընտրողների հետ:

ՏԻՄ-երը, ինչպես նաեւ պետական կառավարման մարմիններն ընտրովի են եւ մեծամասնությունն է նրանց ընտրում, նրանք կառավարում են բոլորին եւ ոչ միայն նրանց, ովքեր իրենց ձայն են տվել: Մասնակցային պրոցեսների միջոցով կառավարումն ապահովում է նաեւ ՏԻՄ-երի լեգիտիմությունը: Մարդկանց ներառելով կառավարմանը՝ նրանք դառնում են ավելի լեգիտիմ: Նաեւ ապացուցված է, որ մարդկանց որոշումներ կայացնելու գործընթացում ներառելը՝ միանշանակ ավելացնում է այդ որոշումների կատարման հնարավորությունը: Իհարկե, ես հասկանում եմ այն մտահոգությունները, որ գոյություն ունեն օրենդրական դաշտի հետ կապված, եւ դրա համար օրենսդրությունը բարելավելը մեր ծրագրի մաս է կազմում, բայց օրենդրություն, իրավական կարգավորում ունենալը միակ բանը չէ, որ կարեւոր է: Կարեւոր է նաեւ գործնական կիրառումը:

Հավասարակշռության համակարգը պետք է գործի․ ՏԻՄ-երը պետք է իրենց աշխատանքը կատարեն՝ ծառայություններ մատուցեն, իսկ բնակչությունը պետք է կարծիքներ հայտնի, լուծումներ առաջարկի, նաեւ՝ մոնիտորինգի ենթարկի նրանց աշխատանքը: Այս պրոցեսում տարբեր քաղաքացիական հասարակություններ, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման ասոցիացիաները, տարբեր դեր են կատարում: Քաղաքացիական հասարակությունները կարեւոր դեր ունեն մարդկանց մոբիլիզացնելու հարցում, կարող են միջնորդ հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության միջեւ: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է կարողությունների զարգացում բոլոր կողմերի համար, ինչպես նաեւ անհրաժեշտ է ուսումնասիրել մասնակցության կիրառումը այլ երկրներում, այլ համայնքերում, որովհետեւ կան լավ օրինակներ, նորարարական տարբեր մոտեցումներ, որոնք կարելի է վերցնել: Իհարկե, մենք սովորում ենք ուրիշներից, բայց ցանկացած դեպքում կարեւոր է երկրի պրակտիկան տեղական պայմաններին համապատասխան զարգացնելը, որովհետեւ ամեն ինչ չէ, որ կարելի է վերցնել:

Մեր երկրում ակտիվ քաղաքացիական խմբերը պարբերաբար պայքարում են համընդհանուր շահի ապահովման համար, սակայն դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որոշում կայացնողներն արդեն հրապարակել են անցանկալի որոշումները: Ո՞րտեղ է նրանց բացթողումը:

Ընդհանրապես ես խուսափում եմ «դեղատոմսեր» առաջարկելուց, որովհետեւ կարծում եմ, որ շատ բան կախված է երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային պայմաններից: Էվոլուցիա պետք է տեղի ունենա ե՛ւ ՏԻՄ-ում, ե՛ւ քաղաքացիական հասարակությունում: Ձեր նկարագրած իրավիճակը տիպիկ է երիտասարդ ժողովրդավարական երկրների համար: Ես, իհարկե, լավ ծանոթ չեմ Հայաստանի իրավիճակին, բայց այն նման է ժողովրդավարության ուղին բռնած երկրներին, որտեղ հասարակությունն ավելի շատ արձագանքող է, քան մասնակից: Բայց այն փաստը, որ քաղաքացիական հասարակությունն արձագանքում է, արդեն իսկ դրական է, որովհետեւ լինում են դեպքեր, երբ քաղաքացիական հասարակությունը ոչինչ չի անում: Արձագանքելը պահանջում է խիզախություն, հասունություն եւ հասարակության կողմից աջակցություն: Նախաձեռնող լինելու համար ուղղակի անհրաժեշտ է տեղեկատվության մատչելիություն, նաեւ որոշակի հմտություններ, մասնագիտական որոշ գիտելիքներ: Եթե որոշումների կայացմանն ավելի վաղ ներգրավվելու հնարավորությունը կա եւ կարողությունները կան, շատ ավելի լավ, բայց եթե չկա՝ ստիպված եք արձագանքել եղածին:

Բնակչությունը համանքային կառավարմանը ներգրավվելու նախաձեռնություն չի ցուցաբերում եւ պատճառը միայն չիմացությունը չէ: Շատ հաճախ դա մշակութային է· տեղացի լինելու, այլոց կողմից չընկալվելու հանգամանքն ավելի մեծ դեր է խաղում, որից էլ օգտվում են կառավարողները: Ի՞նչ պետք է անել այս վիճակը հաղթահարելու համար:

Միանգամայն հասկանում եմ այդ իրավիճակը, որովհետեւ ես Ալբանիայից եմ, եւ այդ խնդիրը մենք էլ ունենք: Քաղաքացիները կամ հասարակական կազմակերպությունները, նաեւ լրատվամիջոցներն ամենակարեւոր դերն ունեն այս հարցում: Չեմ կարծում, թե կան բանաձեր, որոնք կարող են կիրառելի լինել բոլորի համար: Ինձ համար շատ կարեւոր է համագործակցությունը, փորձի փոխանակումը, կոալիցիաների ստեղծումը երկրի ներսում, նաեւ՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Ժողովրդավարության վաղ փուլերում այդպիսի պրոցեսները շատ դժվար է ինքնուրույն իրականացնել: Անհրաժեշտ է աջակցություն ունենալ նմանատիպ գործով զբաղվող մարդկանցից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ