Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հայաստանի միլիոնատեր և միլիարդատեր մարզպետները


Քրիստինե ԱղալարյանԳրիշա Բալասանյան

Երբ ուսումնասիրում ես ՀՀ մարզպետների ներկայացրած հայտարարագրերը, թվում է, թե նրանց մեծ մասը միայն աշխատավարձով ապրող մարդիկ են: Բայց նույն մարզպետները թանկարժեք մեքենաներ են վարում, ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք և ներգրավված են տարբեր բիզնեսներում:

«Հետքն» ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը: Պարզվում է՝ նորանշանակ և ամենաերիտասարդ մարզպետ Կարապետ Գուլոյանը ամենահարուստն է: Իր դիրքերը Գուլոյանին է զիջել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ամենաերիտասարդ միլիարդատեր մարզպետը՝ Կոտայքից

2008թ.-ից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետ Գուլոյանը 2015թ.-ին նշանակվեց Կոտայքի մարզպետ: Վերջինս ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի փեսան:

2014թ.-ի վերջին նա ունեցել է 1,4 մլրդ դրամ և 94 հազար դոլար: Մինչդեռ նրա աշխատավարձը կազմել է 2,6 մլն դրամ:

Պաշտոնը ստնանձնելու առթիվ ներկայացրած հայտարարագրում մարզպետ Գուլոյանը հայտարարագրել է ավելի քան 1,3 մլրդ դրամ և 81,5 հազար դոլար: Սակայն այստեղ արդեն Կարապետ Գուլոյանը նաև գույքն է հայտարարագրել. հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը իր տնտեսական շինություններով և բազմաբնակարան շենքում ունեցած բնակարանը:

Նշենք, որ Կարապետ Գուլոյանի և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի (վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է) կանայք քույրեր են, և Գուլոյանների ընտանիքը համատեղ բիզնես ունի Աբրահամյանների և նրանց հարազատների հետ:

Սուրիկ Խաչատրյանը միլիարդների հասնող փոխառություններ է տալիս 

Սուրիկ Խաչատրյանն իր քաղաքական կարիերան սկսել է Գորիսից՝ 1996թ. դառնալով Գորիսի քաղաքապետ: 1995, 1999, 2003թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Իսկ 2004թ. նշանակվել է Սյունիքի մարզպետ, և մեկ տարվա ընդմիջմամբ (2013-2014թթ.) վերանշանակվել և մինչ օրս ղեկավարում է մարզը: 

Սուրիկ Խաչատրյանի հայտարարագրած կարողությունները հսկայական են: Նա հայտարարագրել է ավելի քան 215 մլն դրամի եկամուտ: Այս գումարից միայն 1,6 մլնն է նրա աշխատավարձը: Իսկ ավելի քան 16 մլն դրամը վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումն է եղել, շուրջ 200 մլն էլ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը: 1,5 մլրդ դրամ էլ կազմել են փոխառության գումարները:

Սուրիկ Խաչատրյանի եկամուտները, ըստ հայտարարագրերի, տարերային բնույթ են կրում: 2011թ-ի հայտարարագրում  նա ընդամենը 2,4 մլն դրամի աշխատավարձ է ստացել: 2012-ին նա 4 մլրդ դրամի բաժնետոմս է ձեռք բերել, և 7 մլրդ դրամի էլ բաժնեմաս է օտարել: Նույն տարում նա 2,5 մլրդ դրամի դրամական միջոցներ է ունեցել և 1 մլն դոլար: 1,5 մլրդ էլ կազմել են հանձնված փոխառությունները:

2014թ.-ի պաշտոնը ստանձնելու ժամանակ նա հասարակական նշանակության շինություն ունեցել, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց և բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում:  1,6 մլրդ դրամի հանձնած փոխառություն է ունեցել, որի դիմաց ստացվել է 148 մլն դրամ: 12 մլն դրամ էլ եղել է վարձակալության դիմաց ստացված վճարը:

Արագածոտնի մարզի Սահակյան եղբայրները

Սարգիս Սահակյանը 2009 թվականից մինչ օրս զբաղեցնում է Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Այս տարիների ընթացքում նա հասցրել է պետական գնումների ոլորտ ներգրավել եղբորը` Նաիրի Սահակյանին: Վերջինս «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիրն է և Արագածոտնի մարզում հիմնականում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով կնքում է պայմանագրեր հենց եղբոր ղեկավարած մարզպետարանի հետ:

Սարգիս Սահակյանն ասում է, որ իր եղբոր սիրտն ավելի շատ է ցավում իր համար, լավ գործ է անում, հետևաբար պետգնումների պայմանագրերի մի մասը կնքվում է հենց նրա հետ, որպեսզի բարեխիղճ աշխատի և իրեն ամոթով չթողնի:

 Արագածոտնի մարզպետարանը Նաիրի Սահակյանի ընկերության հետ պայմանագիր է կնքում առանց մրցույթի՝ բանակցային ընթացակարգով:  «Ես և Նա» ընկերության հետ կնքվում են հիմնականում խոշոր պայմանագրերը, որտեղ գումարային արժեքը մեծ է:

Սարգիս Սահակյանը իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում ցույց է տալիս, որ ապրում է միայն աշխատավարձով, այլ եկամուտներ չունի:

2011թ. Սարգիս Սահակյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 250 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 2,5 մլն դրամ: Մեկ տարի անց` 2012թ. մարզպետն իր հաշվին ունեցել է 400 հզար դրամ, իսկ եկամուտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը`մոտ 3 մլն դրամ:

Արագածոտնի մարզպետը 2013թ. իր հաշվին դրամական միջոց չի ունեցել, իսկ եկամուտը դարձյալ աշխատավարձն է՝ 2,5 մլն դրամ: Անցյալ տարի մարզպետի վիճակը ավելի վատ է եղել, նա դրամական միջոց չի ունեցել, իսկ աշխատավարձը կազմել է 4,8 մլն դրամ:

Մարզպետի կինը` Մելինե Գենջոյանը, 2011թ. ոչ եկամուտ է ունեցել, ոչ էլ դրամական միջոց: 2012թ. նա հայտարարագրել է 0 դրամ, իսկ 2013թ. միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 528 հազար դրամ:

Մելինե Գենջոյանի 2014թ. հայտարարագիրը մնացել է անփոփոխ՝ մոտ 528 հազար դրամ աշխատավարձային եկամուտ և 0 դրամ դրամական միջոց:

Եկամուտ, որ գոյանում է նվիրատվությունից

Ռուբիկ Աբրահամյանը 2014թ. գարնանն է ստանձնել Արարատի մարզպետի պաշտոնը:  մինչ այդ եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Նա պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 8-ի  դրությամբ ունեցել է հողամաս և FORD COURRIER VAN 1.3 մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Նրա եկամուտը կազմել է մոտ 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, իսկ հաշվին ունեցել է 7.6 մլն դրամ, 33.000 դոլար և 15,000 եվրո:

Կինը՝ Նաիրա Ներսիսյանը, 2014թ. ունեցել է 25.000 դոլարի «այլ եկամուտ», իսկ իր հաշվին եղել է 15 մլն դրամ, 21.000 դոլար և 16.000 եվրո:

Մարզպետի որդին՝ Գոռ Աբրահամյանը, 2014թ. դրամական միջոց չի ունեցել, սակայն եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 4 մլն դրամից և 11,000 դոլար նվիրատվությունից:

Մյուս որդին՝ Էմին Աբրահամյանը, որպես եկամուտ հայտարարագրել է միայն 10 մլն դրամ, որը դարձյալ նվիրատվություն է: Նա իր հաշվին որևէ դրամական միջոց չի ունեցել:

Արարատի մարզում Ռուբիկ Աբրահամյանը ևս գնումների գործընթացից անմասն չի մնացել: Նա «լավություն» է անում իր կուսակից՝ ՀՀԿ-ական գործարարներին: Օրինակ՝ 2014թ-ին խոշոր պայմանագրեր են կնքվել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ:

«Չոր» աշխատավարձ, բայց մի քանի բնակելի տներ

Աշոտ Ղահրամանյանը «հնաբնակներից» է: Նա մարզպետ է նշանակվել 2008թ. դեկտեմբերին: Աշոտ Ղահրամանյանն իր ունեցվածքով աչքի չի ընկնում, իր անունով բիզնես չունի, սակայն, բնակելի տներ ունի Երևանում, Արմավիրի մարզում, ամառանոց Կապան քաղաքում:

Արմավիրի մարզում Աշոտ Ղահրամանյանը «ձևավորել» է իր շրջապատը և պետական ծրագրերը իրականացնում է նրանց ընկերությունների միջոցով: Օրինակ՝ իր ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ին է վստահվում մեծ ծրագրերը: Դրանք իրականացվում են հատկապես Արմավիրի տարածքում, իսկ Էջմիածնում և հարակից գյուղերում ակտիվ է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն:

Աշոտ Ղահրամանյանը 2011թ. որպես դրամական միջոց, հայտարարագրել է 15,6 մլն դրամ, իսկ եկամուտները կազմել են 4,4 մլն դրամ, որից 1,7 դրամը կենսաթոշակն է, իսկ մնացածը` աշխատավարձը:

Աշոտ Ղահրամանյանի 2012թ. եկամուտի աղբյուրը և ստացած գումարը նույնն է՝ 4,4 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցն ավելացել է` կազմելով 16,7 մլն դրամ:

2013թ. Արմավիրի մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 3.6 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 18,3 մլն դրամ:

Նախորդ տարի Աշոտ Ղահրամանյանը որպես աշխատավարձ ստացել է 5,6 մլն դրամ: Դա եղել է իր միակ եկամուտը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, որպես այդպիսին հայտարարագրելէ 21,3 մլն դրամ:

Աշոտ Ղահրամանյանի կինը՝ Արփիկ Ղահրամանյանը, ով Արմավիրի «Դար-21» հիմնադրամի տնօրենն է, 2011թ. իր հաշվին ունեցել է 18,7 մլն դրամ, իսկ եկամուտը գոյացել է 1,2 մլն դրամ աշխատավարձից: Նշենք, որ այս հիմնադրամը տեղակայված է Արմավիրի մարզպետարանի շենքում:

Արփիկ Ղահրամանյանը 2012թ. եկամուտ չի ունեցել, սակայն հաշվին պահվող դրամական միջոցներն ավելացել են հասնելով մոտ 19,5 մլն դրամի:

2013թ. ստացել է 1,2 մլն դրամ աշխատավարձ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 20,6 մլն դրամ:

Մարզպետի տիկնոջ 2014թ. եկամուտի աղբյուրը և ստացված գումարը նույնն է՝ մոտ 1,2 մլն դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 21,3 մլն դրամ:

Պատգամավոր էր, հետո դարձավ մարզպետ ու գումարները նվազեցին

Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր, 2012թ. հունիսի 28-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ:

Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերը, պարզվում է, որ նա 2011թ. հայտարարագրել է մոտ 7 մլն դրամ եկամուտ, որից 4 մլն դրամը եղել է գույքի օտարումից ստացված միջոցները, իսկ մնացածը աշխատավարձն է: Ռ. Գրիգորյանի հաշվին որևէ դրամական միջոց չի եղել, սակայն տարվա վերջում ունեցել է տված փոխառություն՝ 8 մլն դրամի չափով: Բացի այդ,  Ռ. Գրիգորյանը այդ տարի ձեռք է բերել 18 մլն դրամ արժողության NISSAN MURANO 2.0 մակնիշի ավտոմեքենա:

2012թ. ոչ փոխառություն է ունեցել, ոչ էլ դրամական միջոց: Միակ եկամուտը եղել է 5,7 մլն դրամ աշխատավարձը, սակայն մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում նշել է 7 մլն դրամ փոխառություն: Մարզպետն ունի անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով, ինչպես նաև երեք հողամաս:

2013թ. Ռաֆիկ Գրիգորյանը, որպես եկամուտ, ստացել է 2,8 մլն դրամ աշխատավարձ: Նույնքան դրամական միջոց էլ հայտարարագրել է որպես բնամթերքով ստացված եկամուտ: Անցյալ տարի Գեղարքունիքի մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 6,6 մլն դրամ:

Արթուր Նալբանդյանը հարուստ մարզպետների ցանկում է

Արթուր Նալբանդյանը 2011 թ. հուլիսի 28-ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Մինչ այդ եղել է Ալավերդու քաղաքապետը:

2011թ. նրա եկամուտները կազմել են 52.7 մլն դրամ և 80 000 դոլար, որից աշխատավարձը կազմել է 2 718 634 դրամը, մնացածը եղել է նվիրատվություն: Նշված տարում նրա հաշվին եղել է 53 մլն դրամ և 82 000 դոլար:

Ա. Նալբանդյանի 2012թ. եկամուտը կազմել է 5,7 մլն դրամ, որից 2,8 մլն դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն են, իսկ մնացածը՝ աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել է 2,4 մլն դրամ և 208 350 դոլար:

8,7 մլն դրամի եկամուտ ստացել է 2013թ., որից մոտ 5 մլն դրամը տրված փոխառություններից ստացված եկամուտն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Հաշվին եղել է 1,6 մլն դրամ և 220 781 դոլար:

Արթուր Նալբանդյանի 2014թ. եկամուտը կազմել է 10,3 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը տրված փոխառություններից ստացված տոկոսագումարն է, իսկ մնացածը՝ աշխատավարձը: Լոռու մարզպետի հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 1,2 մլն դրամ և 229 862 դոլար:

Արթուր Նալբանդյանի կինը՝ Նաթելա Մաթոսյանը, 2011թ. որպես եկամուտ հայտարարագրել է 600 000 դրամ աշխատավարձ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են մոտ 6 մլն դրամ:

2012թ. միակ եկամուտը երկու աղբյուրից ստացված աշխատավարձն է՝ 633 782 դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ:

Նաթելա Մաթոսյանը 2013թ. ստացել է մոտ 800 000 դրամ աշխատավարձ, իսկ հաշվին ունեցել է 6 մլն դրամ:

Նախորդ տարվա նրա աշխատավարձը կազմել է 820 000 դրամ, իսկ հաշվին առկա դրամական միջոցները մնացել է նույնը՝ 6 մլն դրամ:

Աշխատավարձի հույսին՝ Վայոց ձորի մարզպետը

Հարություն Սարգսյանը 2014թ.-ի նոյեմբերին նշանակցվեց Վայոց ձորի մարզպետ: Իսկ մինչ այդ՝ 2008թ.-ից նա զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը:

Մարզպետի պաշտոնը ստանձնելու պահին Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց, ավտոտնակ և MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի ավտոմեքենա և 2 մլն դրամ աշխատավարձ: 

Պաշտոնը ստնանձնելուց հետո Շիրակի մարզպետի դրամական միջոցներն աճել են

Ֆիլիկս Ցոլակյանը Շիրակի մարզպետ նշանակվել է 2013թ.-ին: Պաշտոնը ստանձնելու ժամանակ նրա դրամական միջոցները կազմել են 13,8 մլն դրամ:  10,6 մլն դրամ էլ նա աշխատավարձ է ստացել: Ֆելիկս Ցոլակյանի դրամական միջոցները փոքր-ինչ աճել են մարզպետ դառնալուց հետո: Վերջին՝ 2014թ. հայտարարագրում նրա դրամական միջոցները հասել են շուրջ 17 մլն դրամի, 7,6 մլն էլ կազմել է աշխատավարձն ու մարզպետի թոշակը: Իսկ մինչ այդ նա ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էր:  

Կինը՝ Զինաիդա Բարսեղյանը այս տարիներին հատատուն գումար է հայտարարագրել՝ 6,6 մլն դրամ:

3 մեքենա՝ նույն տարում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ընտանիքում

Հովիկ Աբովյանը մարզպետ է նշանակվել 2014թ. մայիսին: Հենց նույն տարում էլ նա ձեռք է բերել 7,5 մլն դրամանոց TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մեքենան: 31,3 մլն դրամ և 110 հազար դոլար  կազմել են նրա դրամային միջոցները, Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը ընդամենը 2,8 մլն դրամ է եղել:  Հիշեցնենք՝ Հովիկ Աբովյանը մինչ մարզպետ դառնալը զբաղեցրել է Գուգարքի մաքսատան պետի պաշտոնը:

Պակաս հարուստ չէ նաև մարզպետի կինը՝ Աննա Ազատյանը: 101 մլն դրամ և 400 հազար դոլար եղել են նրա դրամական միջոցները, ընդ որում՝ տիկին Ազատյանը որևէ տեղից աշխատավարձ չի ստանում:

Մարզպետի որդին՝ Աշոտ Աբովյանը 2014թ. ձեռք է բերել MERCEDES-BENZ G55 AMG մեքենան 20 մլն դրամով: Դրամական այլ միջոցներ որդին չի հայտարարագրել, իսկ աշխատավարձը կազմել է ընդամենը 1,3 մլն դրամ:

Եվս մեկ մեքենա էլ նույն տարում ձեռք է բերել Հովիկ Աբովյանի դուստրը՝ Անուշ Աբովյանը: Քանի որ դուստրը որևէ եկամուտ չի հայտարարագրել և չի աշխատում, ըստ ամենայնի, Հովիկ Աբովյանն է գնել TOYOTA RAV 4 2.0 GAS  ավտոմեքենան դստեր համար՝ վճարելով 15 մլն դրամ:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. ԱՐմինե Մելքոնյան11:37 - 12 ապրիլի, 2016
Կոնկրետ գեղարքունիքի մարզպետի եկամուտից գոնե 1000 դրամը ժողովորդից թալանված չէ. Նրա եկամուտները դրսից են գալիս. Ռաֆիկ Գրիգորյանը ,եթե այս ժողովրդին չտա ինքը չի վերցնի. ՈՒ հերիք տափակություններ գրեք, հատկապես որ չգիտեք,նրա եղբայրներն ու եղբորորդիները ինչքան գումա են փոխանցել,չհաշված ,որ հիմա սահմանում կանգնած են. Ձեր ուղարկած գումարի չափն էլ գրեք,,, բացի քննադատելը ուրիշ բան անել չգիտեք:::
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։