HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քշիշտոֆ Զանուսի. «Ես ֆեմինիզմին դեմ չեմ, բայց ֆեմինիզմը նման է խոլեստերինի»

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ ՄԿՓ-ի շրջանակներում Երևան էր ժամանել լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Այցելության մեկ օրվա ընթացքում ռեժիսորը վարպետության դաս անցկացրեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար:

«Կինոն ծնվում է խոսքից: Քանի դեռ մենք խոսքի աշխարհում ենք, մենք կենդանի աշխարհում ենք: Հայտնվեց խոսքը, և մենք անցանք մարդկային աշխարհ: Ժամանակակից կինոյի անգրագիտությունն ինձ արդեն այնքան է տանջում, որ ուզում եմ հիշեցնել`մենք բոլորս եկել ենք խոսքից», - ասում է Զանուսին:

Անրադառանալով հայկական կինեմատոգրաֆին` լեհ ռեժիսորը նշում է, որ Հայաստանում դիստրիբյուցիան սահամանափակ է, հետևաբար պետք է մտածել համատեղ արտադրության մասին, կամ էլ ստեղծել ֆիլմեր, որոնք կունենան համամարդկային կոչ:

«Ձեր արտադրության ամենաթույլ կողմը դիստրիբյուցիան է և ցուցադրությունը. դուք չունեք վայրեր`ցույց տալու ձեր ֆիլմերը: Գիտեմ, որ ձեր հեռուստաընկերություններն էլ չեն վճարում այնքան, որպեսզի ձեր ֆիլմերը տնտեսապես լինեն մրցունակ, - ասում է Ք. Զանուսին: - Դուք կարող եք մնալ շատ տեղական թեմաների շրջանակներում, կարևոր չէ, բայց մտածեք գլոբալ»:

Իսկ Հայաստանում իր այս տարվա բացահայտումը Ք. Զանուսին համարում է Ռոման Բալայանին: Նա խոսոտովանում է, որ միայն վերջերս է կարողացել նայել Ռ. Բալայանի ամբողջկան գործերի հավաքածուն, և հիացած է, որ հայազգի կինոռեժիսորին հաջողվել է այդքան ճշգրտությամբ նկարահանել իր ֆիլմերը:

«Նայեցի նրա գործերի մեծ մասը և պարզապես զարմացած էի, որ կա այդքան լավ ռեժիսոր, և կան կինոնկարներ, որտեղ խաղում են այդքան լավ դերասաններ, - ասում է Ք. Զանուսին: - Իմ տարվա բացահայտումը ձեր Ռոման Բալայանն է»:

Այժմ Ք. Զանուսին միջազգային տարբեր փառատոների է մասնակցում`ներկայացնելով իր վերջին`«Foreign body» ֆիլմը: Այս ֆիլմը մեծ զայրույթ է առաջացրել ֆեմինիստների շրջանում:  

«Ես ֆեմինիզմին դեմ չեմ, բայց ֆեմինիզմը, ըստ իս, նման է խոլեստերինի. կա լավ և վատ խոլեստերին, ինչպես և ֆեմինզիմը: Լավ ֆեմիզնիզմը պահանջում է հավասար հնարավորություններ, հավասար աշխատավարձ կանանց համար, վատը, երբ այն կնոջն առաջարկում է լինել տղամարդու պես», - ասում է Ք. Զանուսին:

Վարպետության դասի ժամանակ Զանուսին քննարկում էր կինոյին, արվեստին առնչվող հարցերն ու արտահայտում իր տեսակետները:

Կինոյում ամենակարևորը դերասանների ընտրությունն է:  Դա ավելի կարևոր է, քան հետո նրանց հետ աշխատելու ունակությունը: Եթե դերասանները լավ են ընտրված, և ռեժիսորը չի խանգարում, իրենք գիտեն` ինչ խաղալ: Եթե վատ են ընտրված, սկսում են խնդիրները, և ռեժիսորը պետք է փրկի իրավիճակը, որպեսզի չերևա, որ դերասանը դերին հարմար չէ:

Կինոն այն մշտական գերեզմանատունն է, որտեղ մենք թաղում ենք մեր լավ մտադրությունները:

Ես զարմանում եմ, որ իմ բախտն այսքան բերել է, որովհետև մեր մասնագիտության մեջ, ցավոք, ստիպված ես աշխատել կարճ: Մեծ թվով իմ կոլեգաներից և ուսանողներից անում են մեկ, երկու կինոնկար, և հետո արդեն ոչ ուժերն են բավարարում, ոչ էլ հնարավորությունները:

Ուսանողներին խնդրում եմ ֆիլմերում պատմել իրենց կյանքից, իրենց ընտրության մասին, ինչպես են երկընտրանքի առաջ կանգնել:  Ընտրության պահը միշտ ամենահետաքրքիրն է դրամատուրգիայի համար: Մի անգամ մի երիտասարդ բարեհամբույր ինձ պատասխանեց` գիտեք պրոֆեսոր, ես կյանքում միայն մի դժվար ընտրություն եմ ունեցել, երբ ընտրում էի գնել` Motorola, թե Nokia: Ասացի` եթե տեսնում ես, թե դա որքան զվարճալի է, և դու այլ ընտրություն չես ունեցել, ֆիլմ արա, թե ինչպիսի անհետաքրքիր կյանք ունես. ֆիլմը կարող է հետաքրքիր լինել:

Արվեստի զարգացումը միշտ ընթանում է ալիքներով:  60, 70-ական թթ.-ին մեծ վերելք էր, զարգացած էր կինեմատոգրաֆի լեզուն: Դա Ֆելինիի, Պազոլինիի, Գոդարի, Կասսավետիսի լեզուն էր: Այժմ կինոյի լեզուն մեծ քայլով հետ է գնացել: Այստեղ ոչ մի վատ բան չկա. արվեստում այդպես պատահում է: Կինոն ավելի տարածված է, հասանելի, բայց այն բարձր կինոն, որը հիշեցնում է դիլիկատես, այսօր շատ քիչ է: 

Դոստոևսկին է ասել, որ մարդկության կարևորագույն հարցերից է` արդյոք Աստված գոյություն ունի, թե ոչ:  Ժամանակակից աշխարհը հաճախ շրջանցում է այդ հարցը, որովհետև այն անհարմար է: Իսկ ես փորձում եմ անել այդ հարցադրումը: Եթե Աստված գոյություն չունի, դա բավականին տհաճ է, եթե Նա կա, դրա հետ էլ հեշտ չէ համաձայնվել:

Դա իմ բնավորությունն է, ես հաճախ պրովոկացիա եմ անում:  Ինձ միշտ նյարդայնացնում են այնպիսի նորաձև բառերը, ինչպիսին է, օրինակ` հանդուրժողականությունը: Կարծես թե այն մարդկության մեծագույն ձեռքբերումն է: Իհարկե, ավելի լավ է լինել հանդուրժող, քան ոչ հանդուրժող: Բայց հաճախ դա ունենում է կասկածելի իմաստ: Նշանակում է` ես համամիտ եմ չարի հետ. այնքան հանդուրժող եմ, որ եթե հարևանս ծեծում է իր երեխաներին կամ կնոջը, ես հանդուրժողականորեն դրան ուշադրություն չեմ դարնձնում: Դա այնքան էլ գեղեցիկ չէ, և հաճախ մարդիկ սխալ են հասկանում հանդուրժողականությունը:

Պարզապես թեսթ արեք` ինչպիսին էիք նախքան ֆիլմի դիտումը կամ գրքի ընթերցումը, և ինչպես եք Ձեզ զգում, երբ այն ավարտվում է: Եթե Ձեզ զգում եք ավելի լիարժեք, ավելի լավ եք հասկանում Ձեր տեղը տիեզերքում, ուրեմն շփվել եք ինչ-որ լավ բանի հետ: Իսկ եթե նույնն եք մնացել, ապա դա ժամանակի կորուստ էր:

Հաճախ երիտասարդներին թվում է, թե սերը զգացմունք է: Հիմարություն: Սերն ամենօրյա ծանր աշխատանք է: Զգացմունքը քամի է, կիրք: Ես ունեմ 9 շուն, որոնք ունեն ուժեղ զգացմունքներ, բայց չգիտեն` ինչ է լուրջ սերը: Մարդկային սերն այն է, երբ մեծ ցանկություն ունես, որ կողքիդ սիրելի մարդու համար ավելի լավ լինի, և նա ավելի լավ մարդ լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter