HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հարց քննչական կոմիտեին

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը պարզել է Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետեւանքով մահացել էր 36-ամյա Հայարփի Շահբազյանը:

Կոմիտեն պարզել էր, որ վերելակների անվտանգ տեխսպասարկման և շահագործման վերահսկման կազմակերպման համար պատասխանատուն «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենն է, ով պատասխանատու է եղել Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1-ին շենքի մարդատար վերելակի տեխնիկական վիճակի զննման և անվտանգ շահագործման համար։ Սա այն ընկերությունն է, որին բնակիչները գումար են վճարում վերելակի ամենօրյա սպասարկման համար: Գործով մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության էլեկտրատեխնիկին` տեխնիկական սպասարկումը թերի իրականացնելու համար:

Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 1-ին շենք. վթարային վերելակն այժմ փակ է, փոխարենը գործում է նույն շենքի բեռնատարը

Քննչական կոմիտեն այս գործով արել է ևս մեկ բացահայտում, որի համար սակայն մեղադրանք չի առաջադրել պատասխանատու կողմերին:

Հայտարարության մեջ նշված է, որ վերելակը 2014թ. չէր անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:  

Արտադրական վտանգավոր օբյեկտների, այդ թվում` վերելակների ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման վերահսկողը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն է(ՏԿԱԻՆ):

ՏԿԱԻՆ-ի` 2006թ. ստեղծված Տեխնիկական անվտանգության կարգավորման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի լիազորությունն է իրականցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված վերելակների տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն: Եթե վերելակ շահագործողն իր ենթակայության օբյեկտը չի ներակայացնում ամենամյա փորձաքննության, ապա, ըստ օրենքի, լիազոր մարմինը` ՏԿԱԻՆ-ը պետք է նրան նախ ուղարկի համապատասխան կարգադրագիր:

Կարգադրագիրը լիազոր մարմնի` ՏԿԱԻՆ-ի կողմից ընդունված իրավական ակտ է, որը վերելակի շահագործումն արգելելու ուժ ունի, քանի որ այն սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

Նույն օրենքով` այս կարգադրագիրը չկատարելը վերելակը շահագործողի համար առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Հետքը հարցում էր ուղարկել ՏԿԱԻՆ` պարզելու համար, թե վերելակ շահագործողների դեմ 2009-2015թթ. քանի վարչական վարույթ է հարուցվել և որքան տուգանք է նշանակվել իր ենթակայության վերելակը փորձաքննության չներկայացրած յուրաքանչյուր շահագործողի:

«Բոլոր այն դեպքերում, երբ վերելակներում տեղի ունեցած վթարներն ուղեկցվել են մարդկային զոհերով, նախաքննություն են իրականացրել քննչական մարմինները: Հետևաբար, տեսչության կողմից այդ դեպքերով վարչական վարույթներ չեն իրականացվել»,- պատասխանել է ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը: Նշանակված տուգանքների մասին, բնականաբար խոսք չկա:

 Հայարփի Շահբազյանը

Հարց քննչական կոմիտեին. Ինչու Հայարփի Շահբազյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք չի առաջադրվել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը վերահսկող լիազոր մարմին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 1-ին մուտքի վերելակի ամենամյա փորձաքննության իրականացման նկատմամբ իր լիազորությունները չկիրառելու համար:

Վերելակն ամենամյա փորձաքննության պետք է ներկայացներ վերելակ շահագործողը: Սովորաբար դրանք համատիրություններն են, սակայն այս շենքն ընտրել է օրենքով սահմանված կառավարման այլ տարբերակ` լիազորագրային կառավարիչ: Վերելակի շահագործման պատասխանատուն, ՏԿԱԻՆ-ից տրամադրած տեղեկատվության համաձայն, լիազորագրային կառավարիչն է: Ըստ օրենքի` Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը վերելակի փորձաքննությունը պետք է իրականացներ լիազորագրային կառավարչի հետ կնքած պայմանագրի հիման վրա:

Լիազորագրային կառավարիչը նույն շենքի բնակիչ Աշոտ Հայրապետյանն է: Նրան ևս մեղադրանք չի առաջադրվել: Ինչու` կարող է պատասխանել դարձյալ քննչական կոմիտեն:

Լուռ զոհաբերություն վերելակներին.

ամենաթողության սխեման

Քննչական կոմիտեի «օբյեկտիվ և բազմակողմանի» նախաքննությունը, ինչպես տեսնում եք, բաց է թողել վերելակի ամենամյա փորձաքննության համար պատասխանատու երկու կողմերին:

Հիշեցնենք, որ քննիչները նույն ձեռագրով ևս մեկ գործ էին քննել և հանձնել դատարանին դեռևս 2009թ: Ուղիղ 20 տարի փորձաքննություն չանցած վերելակի պատճառով զոհված Աղավնի Կիվրիկյանի գործով մեղադրանք չէր առաջադրել ոչ վերելակը շահագործողին` համատիրության ղեկավարին, ոչ էլ ՏԿԱԻՆ(այն ժամանակ` ԱԻՆ) որևէ պաշտոնյայի:

Գործը այդպես «հաջող» էլ ավարտվեց դատարանում. միակ ամբաստանյալ էլեկտրատեխնիկն էր, ով 350 հազար դրամանոց տուգանքով դուրս եկավ դատարանի դահլիճից:

                                            

 

Մեկնաբանություններ (2)

Մարինե Մադաթյան
Լևոն, շնորհակալություն, վրիպակ էր, ուղղված է
Levon
Նվազագույն աշխատավարձի 2-հազարապատիկի չափը 2 մլն դրամն է, այլ ոչ թե մոտ 80 մլն դրամը :Ճ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter