HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արիան Ասկարիդ․ «Երբ գտնում եմ իմ կերպարին համապատասխան կոշիկներ, գիտեմ, որ կգտնեմ նաև կերպարը»

Արիան Ասկարիդը ֆրանսիացի դերասանուհի է, ծնունդով ՝ Մարսել քաղաքից: 1998 թվականի  «Սեզար» մրցանակաբաշխությունը նրան մեծ հաջողություն բերեց․ Արիանը արժանացավ իր կողակցի՝ Ռոբեր Գեդիգյանի՝ «Մարիուս և Ժանետ» ֆիլմում Ժանետի դերակատարման համար «լավագույն դերասանուհի» տիտղոսին: Նա ամուսնու մուսան է, նկարահանվել է Ռոբեր Գեդիգյանի բոլոր ֆիլմերում: 2006 թվականին Հռոմի կինոփառատոնում «Ճանապարհորդություն դեպի Հայասան» ֆիլմի համար արժանացել է «լավագույն դերասանուհի» կոչմանը:

Օրերս Երևանում անցկացված «Ոսկե ծիրան» տասներկուերորդ կինոփառատոնի ժամանակ Արիանը, ինչպես Ռոբեր Գեդիգյանը, հանդես եկավ միջազգային խաղարկային ֆիլմի ժյուրիի կազմում: Փառատոնի բացման ժամանակ ցուցադրվեց Գեդիգյանի՝ հայոց ցեղասպանությանը նվիրված «Խենթ պատմություն» ֆիլմը, որտեղ Արիանը մարմնավորում է գլխավոր հերոսի մոր  կերպարը:

Դերասանուհու հետ մեր հանդիպումը անակնկալ ստացվեց: Չնայած զբաղվածությանը և պայմանավորվածություններին, նա սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ: 

-Վաղուց  հետևում եմ ՁԵր խաղին, շատ ֆիլմեր եմ դիտել, իհարկե բոլոր վերնագրերը չեմ կարողանա հիշել․․․ՁԵր ֆիլմերում դուք մայր եք, ուսուցիչ, դժբախտ կամ երջանիկ կին, իսկ կնոջ համար Ձեր խաղին հետևելը  պարզապես հաճույք է: Հետաքրքիր է՝ որ դերն է ՁԵզ ավելի նման եղել , արդյո՞ք կհիշեք մի ֆիլմ, որտեղ դուք խաղում ենք ինքներդ Ձեզ: 

-Պիտի ասեմ, որ բոլոր դերերն էլ ինձ նման են և միևնույն ժամանակ ամենևին նման չեն, ես գուցե Ձեզ տամ, ինչպես Ֆրանսիայում են ասում, նորմանդացու պատասխան:Այդ դերերն ինձ նման են ֆիզիկապես, հետևաբար ես եմ, բայց  ունեմ աշխատելու մի ձևաչափ, որը շատ պարզ է. երբ որոշում եմ մարմնավորել մի դեր, իմ գլխից հանում եմ ամբողջ գույքը, ասես տեղափոխվում եմ,  կահավորում եմ միտքս նորովի՝ իմ կերպարին համահունչ: Ծրարը ես եմ, արտաքինից ես եմ, ձայնը իմն է, իսկ հետո թե ինչպես իրեն կդրսևորի կերպարը, կախված է պատմությունից: Չկա մի դեր, որ ես գերադասեմ մյուսից : Դա նույն բանն է, որ ինձ հարցնեք, թե իմ երեխաներից ում եմ նախընտրում:

-1980 թվականից սկսած նկարահանվում եք ՁԵր ամուսնու՝ Ռոբեր Գեդիգյանի, ֆիլմերում:Պատահե՞լ է, որ առաջարկ ստանաք որևէ ռեժիսորից և, միևնույն ժամանակ, Ձեր ամուսնու հետ աշխատելու պատճառով ստիպված լինեք մերժել այդ առաջարկը:

-Այո, նման բան եղել է։ Ռոբերի հետ առաջին ֆիլմի նկարահանման ժամանակ, ֆրանսիացի մի հռչակավոր ռեժիսոր ինձ առաջարկեց խաղալ իր ֆիլմում, և ես հրաժարվեցի: Այդ ռեժիսորն ինձ հետ տասնհինգ տարի չխոսեց: 

-Էքս-ան-Պրովանսում դուք ուսանել եք սոցիոլոգիայի ֆակուլտետում :Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է տեղի ունեցել սոցիոլոգի մասնագիտությունից դեպի թատրոն ու կինո անցումը: 

-Կա մի բան, որ պետք է իմանալ: Ութ տարեկանից ես սկսել եմ թատրոնով տարվել: Հայրս սիրողական թատրոնով էր զբաղվում, եղբայրներս և ես հարկադրված էինք հետևել նրան: Թատրոնը միշտ եղել է իմ կյանքում։ Ավելի շուտ՝ կարելի է խոսել թատրոնից սոցիոլոգիա անցում կատարելու մասին, ոչ թե հակառակը: Ես սովորել եմ սոցիոլոգիայի բաժնում, ինչի համար գոհ եմ: Ինչ-որ չափով դա ինձ օգնում է հասկանալ իմ կերպարներին հատկապես հոգեբանական և սոցիալական կողմով: Իհարկե կերպարի խառնվածքը հաշվի է առնվում: Ես միշտ պատմում եմ, որ գտնում եմ իմ կերպարներին իրենց կոշիկների միջոցով: Երբ գտնում եմ իմ կերպարին համապատասխան կոշիկներ, գիտեմ, որ կհասկանամ նրան և կգտնեմ նաև կերպարը: Այդ կոշիկները մենք ընտրում ենք ոչ թե պատահական, այլ ելնելով կերպարի ճաշակից, այսինքն՝ հաշվի առնելով սոցիալական դիրքը, որ նա ունի, քանի որ ճաշակը պայմանավորված է նաև սոցիալական շրջանակով: Ինչ մասնագիտություն ունի կերպարը, ինչ անելիք, եթե պիտի ամբողջ օրը ոտքի վրա լինի, ուրեմն չպետք  է բարձրակրունկ կոշիկներ կրի և այլն․․․ Քո գործողությունն է որոշում, թե ով ես։

-Անցյալ տարի նկարահանված «Ժառանգները» ֆիլմը, որտեղ մարմնավորում եք գլխավոր հերոսուհու՝ ուսուցչի կերպարը, մեծ հաջողություն ունեցավ : Հայտնի է, որ այն իրական պատմություն ունի և Ֆրանսիական Լեոն Բլում լիսեի մասին է, որտեղ ուսուցիչներից մեկն իր աշակերտներին առաջարկում է մասնակցել մրցույթի՝ «Երեխաները և պատանիները Նացիստական համակենտրոնացման ճամբարում» թեմայով : Կպատմե՞ք նկարահանման ընթացքից մի դիպված, որն ամենաշատն է տպավորվել: 

-Առաջին օրը մենք նկարահանեցինք իմ՝ լսարան մուտք գործելու տեսարանը: Ես խաղացի այնպես, ինչպես սովորոբար պատկերացրել եմ ուսուցչի դերը: Երբ  հայտնվեցի լսարանի առջև, որտեղ կար 24 երիտասարդ դերասան, ես շփոթվեցի: Նրանք մեծ ուժ էին ներկայացնում: Ես շատ վատ խաղացի այդ օրը, շատ մոլորված էի, չէի մտածել հենց այդ ուսուցչի մասին․ ինչ պետք է նա լիներ, ով պետք է դառնար․․․ այսպիսով, մենք վերսկսեցինք այդ օրվա նկարահանումը: Ես իհարկե վրդովված էի, բայց, կարծում եմ, ճիշտ էր վերսկսելը:

Հարցազրույցը՝ Ծովինար Բանուչյանի 

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter