Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Սիլիկոնային հովտից՝ Արագյուղ. Հայաստանում կարտադրվի բնական կոսմետիկա


Կոտայքի մարզի Արագյուղ տանող ճանապարհին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ տաքսու վարորդը մատնացույց է անում դաշտերը: Ասում է՝ պատերազմի տարիներին այդ դաշտերը ցորենի հիմնական մատակարարներից էին: Իսկ հիմա դրանք լքված են: Գյուղի ավազոտ ճանապարհով հասնում ենք երկաթյա դարպասների մոտ: Մեզ դիմավորում է մաթեմատիկոս, ծրագրավորող Արա Մարկոսյանը, ապա ուղեկցում դեպի կարի նախկին արտադրամասի բակ: Այդ շենքը 1930-ականներին դպրոց է եղել: Շենքի ներսում և դրսում եռուզեռ է, շինարարարական աշխատանքները պետք է հասցնեն ավարտին: Օգոստոսին Մարկոսյան ամուսիններն այդտեղ բնական կոսմետիկայի արտադրություն են սկսելու:

Ամուսինները՝ Սիլիկոնային հովտից

Բակի բացօթյա տաղավարում մեզ միանում է Արա Մարկոսյանի կինը՝ Անահիտը: Նրանք Երևանից են: Արան ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա, ապա վերադարձել է Հայաստան՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում պաշտպանելով թեկնածուականը: Մինչ 1992-ը դասավանդել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Այնուհետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ աշխատել է Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող: Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ: Իսկ կինը՝ Անահիտը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել), մի քանի տարի զբաղվել է լազերային ֆիզիկայով, այնուհետ մեկնել են ԱՄՆ: Նա ևս աշխատել է Սիլիկոնային հովտում, թեև, ասում է, ծրագրավորողի մասնագիտությունը հարազատ չէր իրեն:

«Ամուսնուս հետ միասին աշխատում էինք Սիլիկոնյան հովտում որպես ծրագրավորողներ: Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա  երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը: Նա նշում է, որ ամուսնու հետ հաճախ էին գալիս Հայաստան գործնական նպատակներով: Եվ երբ զբոսնում էին բնության մեջ, սկսում էին համեմատել Կալիֆոռնիայի կամ Շվեյցարիայի Ալպերի հետ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնությունն ավելի բազմազան ու հարուստ է, որի պոտենցիալը դեռևս չի գնահատվում: «Մարդիկ, կարծես, ապրում են հարստության վրա, բայց չգիտեն, ինչպես օգտագործել այն»,- նկատում է Անահիտը:

Բնական կոսմետիկայի հայկական բրենդը

Բնական կոսմետիկա արտադրելու մտահղացումը, ինչպես նաև ընկերության անվանումը պատկանում է Արային: Անվանումը՝ «Նաիրիան», սիմետրիկ պոլինդրոմ է (այն թե՛ աջից, թե՛ ձախից նույն բառն է): 2012-ին Երևանի «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնի հարևանությամբ նրանք հիմնել են լաբորատորիա: Գիտական խումբ է ձևավորվել, որտեղ աշխատում է նաև գիտնական Սամվել Ավոյանը: «Հայկական առաջին բնական կոսմետիկայի բարձրորակ բրենդի վերաճեց միտքը: Թեև այն փոքր նշաձող է միջազգային կոսմետիկայի շուկայում, բայցև շատ արագ աճող»,- նշում է Արան:

Հոտն ազդում է մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա

Անահիտն ասում է, որ դեռևս երիտասարդ ժամանակից իր մոտ խնդիր է առաջացել սինթետիկ նյութերի հոտերի հանդեպ: Սկսել է օգտագործել բնական եթերային յուղերից պատրաստված կոսմետիկա: Ասում է՝ որոշ գիտելիքներ էր ձեռքբերել եթերային յուղերի, բնական կոսմետիկայի մասին, իսկ վերջին 3 տարիներին ԱՄՆ-ում անցել է արմոթերապիայի (թերապիա եթերային յուղերով) դասընթացներ:

Ըստ Անահիտի՝ աշխարհում կոսմետիկական ընկերությունների մեծ մասը արհեստական հոտեր են դնում ապրանքատեսակների մեջ: Եվ այդ հոտերից շատերն իրենց ազդեցությունն են ունենում մարդու և՛ հոգեկան աշխարհի, և՛ էնդոկրին համակարգի վրա: Հոտը զգալուց մարդու օրգանիզմում որոշակի քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Որոշ հոտեր, օրինակ, կարող են առաջացնել վախի զգացում կամ կորտիզոլ (հորմոն, որն առանցքային դեր ունի սթրեսի նկատմամբ պաշտպանողական ֆունկցիաներում) լցնել արյան մեջ: Միաժամանակ կան նուրբ ազդեցություններ, որոնք երկարատև ժամանակ են պահանջում: Որոշ հոտեր գլխացավ կարող են առաջացնել, ինչի պատճառ կարող է լինել, ասենք, գործընկերոջ օծանելիքի բույրը:

Վնասակար ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն հոտը, այլև կոնսերվանտը: Անահիտի խոսքով՝ վերջերս կոսմետիկայի մեջ շատ են օգտագործում պարաբեններ: Դրանք առկա են քսուքների, շամպունների մեջ, որոնք մաշկի միջոցով անցնում են արյան մեջ: ԱՄՆ-ում, օրինակ, կրծքի քաղցկեղի կառուցվածքն ուսումնասիրելիս պարզել են, որ այնտեղ մեծ քանակությամբ պարաբեններ են կուտակված: Զրուցակիցս շեշտում է, որ չնայած դրան, դեռևս գիտական հետազոտություններ չկան, որոնք ապացուցում են, որ պարաբենները կարող են առաջացնել քաղցկեղ կամ նպաստել դրա աճին:

Աշխարհում կոսմետիկա արտադրող 10-20 ընկերություն կա, որոնք աշխատում են առանց արհեստական նյութեր ավելացնելու: Քանի որ բնական հումքով, եթերային յուղերով պատրաստվող կոսմետիկան թանկ հաճույք է, ընկերություններից շատերն ավելացնում են արհեստական հոտեր, եթե նույնիսկ կոսմետիկան պատրաստում են բնական հումքով: Պատճառն այն է, որ եթերային յուղով պատրաստվող կոսմետիկայի գինը բարձր է: Իսկ որոշ ընկերություններ եթերային յուղի փոխարեն արհեստական հոտ են ավելացնում՝ էժան վաճառելու նպատակով:

Ի՞նչ է տալու «Նաիրիանը» կանանց

Մարկոսյան ամուսիններն ասում են, որ «Նաիրիանն» առաջին բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է դառնալու Հայաստանում: Իրենք աշխատում են 100 տոկոս բնական հումքով, առանց արհեստական հոտեր հավելելու: Օգտագործում են բույսերից ստացած եթերային յուղեր: Յուղեր կան, որոնք բույսը ճզմելուց դուրս են գալիս, ինչպես օրինակ ձիթապտղի կամ արևածաղկի յուղը, իսկ յուղեր կան, որոնք պետք է ստանան թորման միջոցով: Օրինակ, այդ եղանակով են ստանում ուրցի կամ դաղձի յուղերը: Դրանք տարատեսակ միկրոբներից, սնկերից պաշտպանվելու միջոցներ են:

«Մեր եթերային յուղերը երկու նպատակ ունեն, բացի նրանից, որ հաճելի հոտ են հաղորդում, նաև բուժիչ ազդեցությունն ունեն մաշկի և մազերի համար: Օրինակ, նարնջի հոտն առույգ, ուրախ տրամադրություն է ստեղծում, դրա համար առավոտյան շամպուների մեջ նարնջի հոտ ենք դնում»,- նշում է Անահիտը: Օգտագործելու են ուտելիքի համար նախատեսված փափուկ կոնսերվանտներ, որոնք ունեն «ECOCERT» ստանդարտի թույլտվություն: Արան լրացնում է կնոջ խոսքն, ասում է, որ կոսմետիկան պահպանվելու է հատուկ տարաներում, որպեսզի օդի հետ շփում չունենա, երկար դիմանա առանց քիմիայի:

«Նաիրիանն» արտադրելու է 50 անուն ապրանքատեսակ (հակակնճիռային, խոնավեցնող, ձեռքերի, ոտքերի ճաքերը վերացնող, թարմացնող քսուքներ, բալզամներ, օճառներ, գունավոր բալզամ-շրթներկ և այլն): Յուրաքանչյուր բաղադրատոմս մշակվել է գիտական խմբի կողմից: Ամուսիններն ասում են՝ ապրանքատեսակներն անցել են փորձարկման փուլը: «Փորձարկում ենք, որպեսզի կայուն, մանրէասպան լինեն: Համագործակցում ենք ԵՊՀ-ի միկրոբիոլոգիայի ամբիոնի հետ: Իրենք փորձեր են անում մեզ համար, որպեսզի տեսնեն, թե մեր այդ փափուկ կոնսերվատները ոնց են դիմանում: Մի երկու տարի է՝ մարդկանց նմուշներ եմ բաժանում, իրենք ինձ ասում են՝ օգնե՞ց, թե՞ ոչ, լա՞վ է, թե՞ ոչ: Այդ ինֆորմացիան հավաքելով՝ անընդհատ փոփոխություններ էի անում, և վերջապես կանգնեցինք մի ցանկի վրա, որոնք էլ կարտադրենք»,- ասում է Անահիտ Մարկոսյանը:

«Նաիրիանի» 50 ապրանքատեսակներն էլ մրցունակ են լինելու կոսմետիկայի միջազգային շուկայում: Սրանում ամուսինները վստահ են: Օգոստոսին սկսվելու է «Նաիրիան» բնական կոսմետիկայի արտադրությունը, իսկ սեպտեմբերի այն կհայտնվի վաճառքում:

Բարձրորակ արտադրանքի համար կարևոր է նաև տեղանքը: Արա Մարկոսյանին հարցնում եմ, թե գյուղի անվանումը դեր խաղաց արդյոք ընտրության համար: Ժպտում է՝ կատակելով, թե այո, ապա քիչ անց պատմում է, թե ինչու ընտրեցին հենց Արագյուղը: Ինչպես գինեգործության մեջ, այնպես էլ բնական կոսմետիկայի պարագայում կարևոր է տեղանքի բարձրությունը: Լավ գինի ստանալու համար խաղողը պետք է աճի բարձր տեղում: Այդպիսին են նաև բույսերը:

Արագյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1560 մ բարձրության վրա: Այն, ինչպես նշում է Անահիտը, իդեալական բարձրություն է եթերային լավորակ յուղեր ստանալու համար: Ընկերությունն Արագյուղում 1,5 հա հող ունի, որտեղ աճեցնում է բույսեր՝ եթերային յուղեր ստանալու համար: Մարկոսյաններն ասում են, որ բույսեր են գնելու ոչ միայն արագյուղացիներից, այլև մյուս գյուղերից: Այս ոլորտի դժվարություններից մեկն այն է, որ 1 տոննա խոտաբույսից 1 լիտր յուղ է ստացվում: Այժմ ընկերությունում աշխատում է 30 հոգի: Արտադրությունն սկսելուց հետո այդ թիվը կմեծանա: Լաբորատորիայում և արտադրամասում աշխատանքի կընդունեն արագյուղացի կանանց և աղջիկներին:

Կոսմետիկան՝ գիտությունը զարգացնելու միջոց

Կոսմետիկայի արտադրության նախագծի մի մասը գիտության զարգացումն է: Անահիտը նշում է, որ հայկական բույսերի մասին հոդվածները շատ քիչ են: Երբ բուսաբանության ինստիտուտում փորձում էր գտնել հոդվածներ եթերային յուղերի մասին, վերջինը 1943 թ.-ին էր լույս տեսել: Այն ուրցի մասին էր: Ամուսինն ասում է, որ իրենց նախագիծը գիտական նոր ուղղություն է զարգացնելու Հայաստանում՝ եթերային յուղերի, ինչպես ինքն է բնորոշում՝ բնական քիմիայի:  Արայի խոսքով՝ եթե աշխարհում Հայաստանը հայտնի է ծիրանով և կոնյակով, ապա շուտով հայտնի կդառնա բնական կոսմետիկայով: Մարկոսյաններն ասում են, որ իրենց արտադրանքը կլինի կոսմետիկայի միջազգային գներին համապատասխան՝ 7.000-30.000 դրամ:

Զրույցից հետո շրջում ենք արտադրամասով, հողամասով: Ամուսինները երբեմն պոկում են այս կամ այն բույսի տերևները և խնդրում հոտ քաշել: Անահիտն ասում է՝ այստեղ յուրաքանչյուր բույս իր արտակարգ ազդեցությունն ունի կոսմետիկ միջոցներում, հետո կրկնում է՝ ուղղակի մենք՝ հայերս, չգիտենք, թե ինչ հարստության վրա ենք նստել: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Այս թեմայով

  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • «Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա
    Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
  • Տրիկոտաժե հագուստ արտադրող հալեպահայ ընտանիքի երկրորդ սերունդը. «Մոսինի»
    Մովսեսն ասում է, որ Սիրիայում մեծ շուկա կար, իսկ Հայաստանում գործարարների դժվարություններից մեկը փոքր շուկան է, ինչը Երևանում բիզնես հիմնելուց առաջ նաև իրենց մտահոգություններից մեկն էր:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանություններ (9)
1. Arka Gatian21:06 - 21 հուլիսի, 2015
A heartfelt wish of success for this couple. Love of country,Knowledge and education this is a winning formula. Is there a way we can cc this distinguished couple all over Armenia?
2. Norik b checkosky 02:15 - 22 հուլիսի, 2015
bravo , I'm proud of these people who shine in Armenia , and not in odar countries .god bless them , and would love buying their products .
3. Կարին14:03 - 22 հուլիսի, 2015
Հարգելի Արա եւ Անահիտ. կարող եք դիմել նաեւ գիտնական Արմեն Սահակյանին, ով երկար տարիներ Մատենադարանում ուսումնասիրում է բուսանյութերի միջնադարյան ձեռագրերը եւ մեծ իմացություն ունի նաեւ բնական կոսմետիկայի վերաբերյալ:
4. Hayk Sargsyan19:50 - 22 հուլիսի, 2015
Очень рад, что есть такой проект. Я с 25 ого Июля по 1 Авг. в Ереване. Давайте попробуем встретиться. загляните к нам на FB www.facebook/supercosmetics или на сайт www.cosmotheca.com
5. Sedrak Sargisian23:46 - 22 հուլիսի, 2015
Congratulations to Ara and Anahit with the best wishes to succeed! Can't wait to see your products out!
6. Valeriy Sukharev08:06 - 23 հուլիսի, 2015
Where is the waiting list? Want the product!!!
7. Tamara02:55 - 10 սեպտեմբերի, 2016
I have tried your product and absolutely loved it. I was wondering if I can order it on line. Thanks.
8. Елена 11:57 - 29 հոկտեմբերի, 2016
Где можно оптово приобрести косметику из Армении, для дальнейшей продажи в магазинах, торгующих армянскими продуктами
9. Карине00:14 - 3 փետրվարի, 2017
Скажите, а в Ереване уже открыт фирменный магазин вашей компании? Если да, то где? Can u tell me your store location in Yerevan?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։