HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեւորները բողոքում են Սեւան-Չկալովկա-Նորաշեն երթուղու աշխատանքից

Արփինե Մինասյան

Սեւան-Չկալովկա-Նորաշեն երթուղին մեկ ավտոբուս է սպասարկում, որի աշխատանքից էլ ուղեւորները դժգոհ են: Նրանցից մի քանիսը նշում են, որ հատկապես ամռանը ավտոբուսը կանոնավոր չի աշխատում: 

«Ինչքան կարելի է, միշտ նույն վիճակն է: Ավտոբուսը հաճախակի տարբեր ժամերի չի գալիս, հատկապես ամռանը եւ շաբաթ, կիրակի օրերին: Շատ հաճախ ճանապարհին փչանում, կանգնում է: Դեպքեր են լինում, որ նույնիսկ գնալուց կամ վերադառնալուց Չկալովկա չի մտնում: Իջնողները վարորդին հարցնում են` հաջորդ ռեյս լինելո՞ւ է, թե՞ ոչ: Սեւանից 8:10, 8:15 շարժվում է, մինչեւ հետ է գալիս, Սեւան աշխատանքի եկողները ուշանում են»,- Սեւան-Չկալովկա-Նորաշեն երթուղու սպասարկման վիճակից բողոքեց ուղեւորներից մեկը:

«Շատ դժգոհ ենք ավտոբուսի աշխատանքից: Ես Չկալովկայից եմ, երբ դպրոցում դաս չի լինում, ավտոբուսը գյուղ չի մտնում, շրջանցում գնում է Նորաշեն: Վարորդներն ասում են, որ նստող չկա, գյուղ մտնենք, ի՞նչ անենք: Գյուղի տակ ենք իջնում` տրասին, ու ոտքով գնում ենք տուն: Որ ժամին որ ավտոբուսը չի գալիս, ստիպված Գավառի ավտոբուսով ենք գնում, էլի ճանապարհին իջնում»,- նշեց մեկ այլ ուղեւոր:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում երթուղու ոչ կանոնավոր աշխատանքը պայմանավորեց տեխնիկական վիճակով:

«Երթուղին հիմականում աշխատում է, հնարավոր է լինի մեկ-երկու բացառություն, որ մեքենայի անսարքության պատճառով տվյալ չվերթը չիրականացվի»,- ասաց նա:

Այնինչ ուղեւորների խոսքով` ավտոբուսը հաճախակի փոխադրում չի իրականացնում, մեծամասամբ էլ ճանապարհին փչանում է:

Գ. Խաչատրյանի տրամադրած տեղեկության համաձայն` Սեւան քաղաքից դեպի Նորաշեն ավտոբուսն օրվա ընթացքում 4 ուղեւորափոխադրում է իրականացնում` առավոտյան ժամը 7:30-ին, 11:00-ին, 14:30-ին եւ 18:30-ին: Վերջինիս խոսքով` Չկալովկան միջանկյալ երթուղի է: Ավտոբուսը ճանապարհի եզրին կանգառ է կատարում եւ շարունակում ճանապարհը դեպի Նորաշեն: Սեւանից դեպի Չկալովկա տոմսի արժեքը 150 դրամ է, դեպի Նորաշեն` 220 դրամ:  

Տվյալ երթուղին սպասարկում է «ԱԱԱ Տրանսեւ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Անուշավան Ղազարյանի խոսքով` երթուղին ուղեւորափոխադրում իրականացնում է ըստ չվացուցակի:

«Մեխանիզմ ա, կարա եւ փչանա: Բայց ընենց չի, որ անընդհատ փչանում է: Բացառվում է, որ տարբեր ժամերի ավտոբուսը չգնա, Դուք առաջին մարդն եք, որ նման բան եմ լսում: Եթե նման բան լիներ, գյուղերում ապրող հարազատներ ունենք, ինձ կտեղեկացնեին: Ինչքան որ հիշում եմ, մեր երթուղին Սեւան-Նորաշեն է, Չկալովկայի մոտ կանգառ են արել, ժողովուրդը նստել է, ուղղակի ժամանակ է եղել, որ ժողովրդի խնդրանքով մեքենան Չկալովկա է մտել: Ավտոբուսը նորմալ տեխնիկական վիճակում է: Մեր երթուղու արժեքները 10 տարի առաջվա երթուղու արժեքներն են: 10 տարվա ընթացքում, ամեն ինչ, սկսած յուղանյութից, վառելիքից թանկացել է: Ամառ-ձմեռ սպասարկում ենք: Ձմեռվա պայմաններում շատ դեպքերում ճանապարհը կարա փակ ըլնի, բայց եթե հնարավոր է տեղից շարժվել, մեքենան գնում է, հազար անգամ էղել ա, որ մնացել ա, փչացել ա, ջարդվել ա: Գնացել ենք բուքսիր, բայց անկախ ամեն ինչից մենք աշխատում ենք»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց «ԱԱԱ Տրանսեւ» ՍՊԸ-ի տնօրենը` ավելացնելով, որ կանոնավոր ուղեւորափոխադրմանը կարող են խանգարել կլիմայական պայմանները, ավտոբուսի տեխնիկական վիճակը:

Վերջինիս խոսքով` հնարավոր է օրվա ընթացքում ընդամենը մեկ ուղեւորափոխադրում չիրականացվի, ավել դեպքերը բացառվում են:   

«Մենք վաղուց ենք էս գիծը սպասարկում, եւ էս առաջին դեպքն ա, որ չգիդեմ խի, չերեզ Ձեզ ա ինձ հասնում, որովհետեւ ես էս ժողովրդի հետ շատ եմ շփվում: Ես համայնքի ղեկավարների հետ էլ կապի մեջ եմ լինում, որ հարցեր են լինում, ինձ տեղյակ են պահում»,- ասաց նա:   

Տվյալ ընկերությունը Սեւանի տարածաշրջանում սպասարկում է Սեւան-Զովաբեր, Սեւան-Սեմյոնովկա, Սեւան-Գեղամավան, Սեւան-Գագարին, Սեւան-Նորաշեն, Սեւան-Վարսեր  եւ Սեւան-Գավառ երթուղիները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter