HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհնար չէ «մարդ» մնալը

Բարև, սիրելի Մհեր։

Չնայած, Երևանից ու քեզանից բավական հեռու եմ, բայց մտքերս ու տագնապներս քո և բոլոր նեղ տեղ գտնվողների հետ են, բայց դրանից ո՞ւմ ի՞նչ օգուտ։

Մհեր, քո կարծիքով քրեակատարողական հիմնարկները պատժելո՞ւ, թե՞ մարդուն ուղղելու գործառույթ ունեն։ Հանցավորին օրենքն ուզում է պատժե՞լ և նրանից վրե՞ժ լուծել կատարածի համար, թե՞ սխալական մարդուն՝ դարձի բերել։ Մարդուն պետք չէ՞ արդյոք վերափոխվելու շանս տալ, մանավանդ, որ օրենքը կարող է սխալվել և անարդար դատավճիռ կայացնել։

Մինչ դու իմ հարցին կպատասխանես, փորձեմ պատասխանել հարցազրույցիդ երրորդ հարցին։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ դպրոցական ծրագրերում չկան Լեռ Կամսարի գործերը:

Ոչ մի դիտավորություն, Մհեր ջան, ուղղակի սովորույթն ու իներցիան է գործում։ Դասագրքերի ծրագրեր կազմողները և իրագործողները դեռևս «հոմո սովետիկուս» են՝ սովոր չեն ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու։ Արդեն վաղուց ընդունված տրաֆարետն է գործում, որտեղ Լեռ Կամսարն արգելված էր և անցանկալի։ Այդ մարդիկ ո՛չ դպրոցում, և ո՛չ էլ  համալսարանում չեն ծանոթացել երգիծաբանի հետ, չեն սերտել և անգիր արել հայտնի գրականգետների գնահատականները նրա մասին։ «Սավոկին» որևէ արժեք կլլել տալու համար պետք է ամեն ինչ ծամել, և ամենակարևորը՝ մեջբերումներով հիմնավորել և հաստատել օտարազգի հեղինակությունների գնահատանքներով և լցնել ուղեղը, որ համոզվի՝ քանզի բարդույթավոր է, կասկածում է իր ընկալումների վրա։ Ճիշտ է գրողի իզն ու թոզը վերացրել էին Խորհրդային Հայաստանում, բայց սովետի տապալումից (արդյո՞ք տապալվել է) հետո Կամսարի մոտ մեկ տասնյակ գիրք է լույս տեսել անտիպ և արգելված ձեռագրերից։ Ա՜խ, եթե ժամանակ ունենար կարդալու դասագիրք կազմող չինովնիկը։ Դե, հիմա սուղ է նրա ժամանակը՝ հո չենք խեղդելու։ Հույսս այն է, որ երբևէ կթարգմանվի Կամսարը, կհայտնվի մի նոր Բրյուսով՝ արևին կտա հայ գրականության քունջն ու պուճախը, փոշուց կթոթափի Լեռ Կամսար գրողին և մեզ պարզելով կբացականչի․ ««Մոլոդե՛ց», կարգին ազգ եք եղել, որ սովետական բռնատիրության ժամանակ այս աստիճան ազատ մտածող գրող եք ունեցել»։

Եթե դա էլ չլինի, շատ դարդ չանես, Մհեր ջան։ Մթությանից ծնված, բայց ազատության թթվածինը ռունգերում, անկախության սերունդն է գալիս՝  լուսավորություն բերելու մեր խավարամած երկրին։ Որ դուրս գաս քո զնդանից, հաճելիորեն կզարմանաս նրանց տեսնելով։ Նրանք այլևս քո, առավել ևս իմ իմացածներից չեն։ Շշմելու սերունդներ են գալու և ամեն ինչ դնելու են իրենց տեղը։

Սիրելի Մհեր, շատ էլ, որ Կամսարը չկա պարտադիր ծրագրերում։ Իրեն և իր աշակերտներին հարգող ամեն մեծատառով Ուսուցիչ իր ծրագրում լրացուցիչ դասաժամեր է հատկացնում «ազատության մահապարտին»։ Գիտեմ, որ մայր բուհում դոկտոր-պրոֆեսոր  Սամվել Մուրադյանը, Ակադեմիայում Քրիստինե Հովհաննիսյանը և այլոք Կամսարով սերունդ են արթնացնում։ Ինչքանով տեղյակ եմ Բլեյանի ավագ դպրոցում էլ դասաժամեր կան։ Հունաստանից Յարութիւն Քիւրքճեանը վարժարանի իր հեղինակած դասագիրքն էր ուղարկել Կամսարով համալրված։ Ընդհանրապես ավանդական Սփյուռքը շատ նախանձախնդիր և ավելի սրտացավ է երգիծաբանի նկատմամբ։ Չեմ կարող չառանձնացնել լուսահոգի Ռուբէն Պարսումեանին և Պողոս Սնապեանին։ Լույս իջնի նրանց շիրիմներին։ Ռոբեր Հատտէճեանը մենագրություն ունի՝ «Լեռ Կամսար՝ այս անծանօթը»։ Կարպիս Ջրբաշյանի հովանավորությամբ երկու գիրք է լույս աշխարհ եկել։ Դեռ ինչե՜ր, ինչե՜ր են լինելու։ Սուրբ տեղը ե՞րբ է թափուր մնացել։

Նույնիսկ սովետական շրջանում, իմ հայ գրականության դասախոս Վահագն Մկրտչայնը դասի ժամին, երբ պրոլետարական գրականության ջատագովների մասին էր պատմում, մեկ էլ հանկարծ  ծիծաղելով անցավ Լեռ Կամսարի կսմիթներին, որ ավելի ցայտուն ծաղրի պրոլետ գրողներին։ Վախից կանաչեցի և ամաչելով շշնջացի․

-Ես նրա թոռնուհին եմ։

Չնայած առաջին նստարանին էի նստած, վախեցած ձայնս չհասավ նրան։ Կողքիս նստած վաղամեռիկ լեզվաբան Վահան Սարգսյանը գոչեց․

-Ահա՛, այդ անվախ մարդու թոռնուհին։

Դասախոսիս աչքերն ուրախությունից փայլեցին, և շուտով դարձա բոլոր դասավանդողների սիրելին։ Իսկ ես, հիմարս, ամաչում էի այդ անունն վերցնել ինձ վրա, կարծելով, որ կհամարեն ազգի թշնամի։

Եթե դնենք Լեռ Կամսար գրողի համամարդկային և բարձրարվեստ գրականությունը մի կողմ և վերցնենք միայն նրա մարդու տեսակը, նրա ապրած կյանքը, ապա դա բավարար կլինի ճիշտ մարդ կերտելու համար։

Որ չմտածես, որ ես այս բոլորն ասում եմ արյան կանչով, մեջբերեմ հարգարժան Հրանուշ Խառատյանի կարծիքը․ «Լեռ Կամսարն իսկապես այն բացառիկներից  (քչերից) էր, ով ամենատարբեր իրավիճակներում միշտ մարդկային առաքինության ամենաբարձր նշանաձողից չիջավ: Դա սկզբունքորեն չափանիշի նման է, նա չափանիշ է սահմանել և իր ապրած կյանքով վկայել/վավերացրել, որ անհնար չէ «մարդ» մնալը: Սահմանել է «մարդ» մնալու ցուցանիշ: Իրականում նրա ապրած կյանքի մասին տեղեկությունների ու գրածների տարածումը ամենամեծ քարոզչությունը կլիներ այսօրվա Հայաստանի բարոյա-հոգեբանական նկարագիրը բարձրացնելու խնդրում: Այսօրվա համար խորապես այժմեական է նրա ապրած կյանքի օրինակով բարոյական մարդու, առհասարակ առաքինության և պատվի ու արժանապատվության նման կարևորագույն արժեքներն ընդգծելու: Կարծում եմ սոցիալական մշակույթի մեր տարտամության պայմաններում Մշակույթի նախրարության և գրողների միության կողմից Լեռ Կամսարի ապրած կյանքի բարձրաձայնումը, նրա երկերի հրատարակությունը և երկրում առկա «պատվո շքանշաններով» Լեռ Կամսարին վերահանրայնացնելու քայլերը միայն կնպաստեին այդ հիմնարկների հեղինակությանը: Հիմնարկները և մարդիկ վախենում են «փշոտներից», բայց սոցիալական մշակույթը սովորաբար շահում է «փշոտներից». Լեռ կամսարի կերպարի վերահանրայնացման միջոցով թերևս հաստատուն դառնան նաև պատվի, արժանապատվության, առաքինության մշակույթի վերաներթափանցումները հայաստանյան իրականություն»:

Սիրելի Մհեր, ավարտեմ նամակս երգիծաբանի հարցումով․ «Աստված, - կըսեմ, - եթէ վաղը հրաշքով մը ազատվենք այս կառավարութենէն և հաստատվի բնականոն կյանք՝ բայց ո՞վ կսովրեցունէ ներկա մեր սերունդին մարդ ըլլալ»։

Ըհը, էս հարցն էլ թողնենք Աստծո հույսին ու սպասենք։

Սա էլ էսպես․․․

Ջերմ բարևներով՝ Վանուհի  

20․07․2015  ք․ Ջերմուկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter