HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՀԷՑ-ը տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Լույս» հիմնադրամին

ՀԷՑ-ը, որը վնասով էր աշխատում եւ կուտակել է մեծ չափի պարտքեր, հսկայական գումարներ է փոխանցել զանազան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների։ Դրանց թվում է նաեւ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմանդրամը: Հիմնադրամին խնդրել էինք տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները եւ նշել, թե իր գործունեության ընթացքում որքան ֆինանսական օժանդակություն է ստացել ՀԷՑ-ից։ Հիմնադրամից պատասխանել են, որ «Լույսը» յուրաքանչյուր տարի azdarar.am կայքում հրապարակում է իր գործուենության մասին հաշվետվություն։ «Հիմնադրամի մասին Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունն առկա է այդ կայքում»,- ասված է գրավոր պատասխանում։

azdarar.am-ում հրապարակված են հիմնադրամի վերջին չորս տարվա հաշվետվությունները, սակայն միայն 2013 եւ 2014 թթ․ հաշվետվություններում է երևում, թե որքան գումար է հատկացրել ՀԷՑ-ը «Լույսին»։

ՀԷՑ-ը 2014 թվականին 1 միլիարդ 500 մլն դրամ է փոխանցել «Լույս» հիմնադրամին, իսկ 2013 թվականին՝ 1 միլիարդ 300 մլն դրամ:

2011 եւ 2012 թվականներին նույնպես փոխանցել է, սակայն հայտնի չէ՝ որքան։ «Լույս» հիմնադրամի կայքում այդ հաշվետվությունները չկան։ Գումարների չափը մեր գրավոր հարցմամբ էլ չհաջողվեց պարզել։

«Լույս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով։ Դրա հիմնադիրներն են նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս հիմնադրամի աջակից ընկերների ցանկում հանրությանը հայտնի մարդիկ կան, ինչպես նաեւ հայտնի կազմակերպություններ։ Չգիտեմ՝ նրանք երբեւէ իրենք իրենց հարցրե՞լ են, թե ինչու է ռուսական այդ ընկերությունը այդքան մեծ գումարներ փոխանցում իրենց հիմնադրամին, եւ արդյո՞ք դա ինքնուրույն որոշում է, թե՞ ՀԷՑ-ը պարտադրված է կատարել այդ հատկացումները։

Հիմնադրամի կայքի «Հովանավորներ» բաժնում բացակայում է իրենց ամենից շատ գումար հատկացնողի՝ ՀԷՑ-ի անունը։ Եվ ամենագլխավոր հարցադրումը՝ «Լույս» հիմնադրամից կրթաթոշակ ստացածները գիտեի՞ն ՀԷՑ-ի ֆինանսավորման եւ էլեկտրաէներգիայի թանկացումների մասին։ 

Մեկնաբանություններ (1)

Աննա
Փաստորեն գտնվեց սուբսիդավորման աղբյուրներից մեկը, եթե ՀԷՑը չփահի սերժի կանտորաներից մեկը, ապա մեր փողերից թանկացված էլեկտրաէներգիան սուբսիդավորելու կարիքը չի լինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter