HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը՝ պարտապան. մաս 1

Հայաստանի պետական պարտքի հարցը շարունակում է մնալ տնտեսական ամենացավոտ թեմաներից մեկը։ Հատկապես՝ արտաքին պարտքի մասով երկիրը բավականին ծանր բեռի տակ է։ Այս մասին վերջերս հիշեցրեց «Jubilee Debt Campaign» հետազոտական կենտրոնը, որի նոր ուսումնասիրությունը հրապարակել է բրիտանական «The Guardian» հեղինակավոր պարբերականը։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանը փաստացի գտնվում է պարտքային ճգնաժամի մեջ։ Որքանո՞վ է այս եզրակացությունը արտացոլում իրականությունը՝ չափազանցվա՞ծ է, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես կա, այլ հարց է։ Բայց որ պետպարտքի խնդիրները լուրջ են, գաղտնիք չէ։ Վերջին տարիներին այն զգալի ավելացել է։ Եվ առավել կարևոր է հասկանալ՝ արդյոք այդ պարտքերն արդյունավետ են օգտագործվել, տնտեսության որ ճյուղին են զարկ տվել և այլն։ Լավ կլիներ, որ հետազոտական կազմակերպությունները կենտրոնանային հենց այս հարցերի պատասխանները գտնելու վրա։

Առաջիկա մի քանի հոդվածներով «Հետքը» կփորձի ներկայացնել, թե Հայաստանը որ կառույցին որքան է պարտք, տարիների ընթացքում ինչպես են մարվել ու կուտակվել այդ պարտքերը և ինչին են ծառայել։

Մինչ ներկա պատկերին անցնելը, մի քանի նախադասություն պետական պարտքի կուտակման մասին։ Հայաստանը աշխարհից պարտքեր է վերցրել դեռևս անկախացմանը հաջորդող տարիներից։ Առաջին վարկատուներն են եղել Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ռուսաստանի Դաշնությունը։ Պարտքը սկսել է հատկապես արագ կուտակվել 1996 թվականից հետո։

1999-ին արդեն Հայաստանի ընդհանուր պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասել է մոտ 50 %-ի։ Հետո շարունակաբար նվազել ու 2008-ին հասել 16 %-ի։ Դա պայմանավորված էր այդ ժամանակահատվածում բարձր տնտեսական աճով: Հետագայում՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճել է մինչև 40,4 % (2010 թ.): Պարտքի այսպիսի կտրուկ աճը Կառավարությունը հիմնականում պայմանավորում էր իրական տնտեսությունը պաշտպանելու նպատակով միջազգային պահուստների, բյուջեի դեֆիցիտի ավելացմամբ ու դրամի արժեզրկմամբ: Արտաքին աղբյուրներից ներգրավվում էին փոխառություններ, որոնց մի մասն ուղղվել է մասնավոր հատվածին` վարկավորման գործառնությունների միջոցով: 2010 թ. պարտքը պայմանավորող հիմնական գործոնն, ըստ Կառավարության, առաջնային դեֆիցիտն էր, ինչպեսև նախաճգնաժամային տարիներին:

2014-ը Հայաստանն ավարտել է 4,4 մլրդ դոլար պետական պարտքով և ՀՆԱ-­ի 10,88 մլրդ դոլար ցուցանիշով։ Արդյունքում պետական պարտք­ը կազմել է ՀՆԱ-ի 40,4 %-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) եռամսյակը մեկ տրամադրում է տվյալներ, թե երկրի արտաքին պետական պարտքի վարկատուները որ կառույցներն են։

Պետական պարտքի մասին վերջին ցուցանիշները այս տարվա մայիսինն են։ Ամսվա վերջի դրությամբ՝ ՀՀ պետական պարտքը կազմում է ավելի քան 4,63 մլրդ դոլար, որից 3,946 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքն է, 683 մլն դոլարը՝ ներքին։

Իսկ հունվար-մարտի ցուցանիշներում ներկայացված են նաև արտաքին պետական պարտքի վարկատուների անունները։ Այսպիսով, այս տարվա մարտի վերջի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը (չհաշված ներքին պարտքը) կազմել է 3,924 մլրդ դոլար, որից 3,493 մլրդ դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 430 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկինը։ Պետական արտաքին պարտքի ընդհանուր ցուցանիշում գերակշռում են բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում ստացված վարկերը (ընդհանուրի 64 %-ը), 12,2 %-ը երկկողմանի վարկերն են, 0,4 %-ը՝ առևտրային բանկերից ստացվածները ու 23,4 %-ը՝ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերն են։

Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր վարկատուն է

Բազմակողմանի վարկային ծրագրերում Հայաստանին ամենամեծ ծավալի վարկեր տրամադրել է Համաշխարհային բանկը (ՀԲ), որը կազմված է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (IBRD) և Զարգացման միջազգային ընկերակցությունից (IDA): Այս տարվա մարտի տվյալներով՝ Համաշխարհային բանկին Հայաստանի պարտքը կազմում է երկրի ընդհանուր արտաքին պարտքի 39,6 %-ը կամ 1,555 մլրդ դոլար։ Դրա 29 %-ը պարտք ենք Զարգացման միջազգային ընկերակցությանը, մնացած 10,6 %-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին։

Վերջին տարիներին ՀԲ-ին Հայաստանի պարտքն ունի հետևյալ դինամիկան։

Ինֆոգրաֆիկայից հստակ երևում է, որ տարիների ընթացքում ՀԲ-ի նկատմամբ Հայաստանի կուտակած պարտքը զգալիորեն աճել է։

ՀԲ հայաստանյան գրասենյակի այս տարվա մարտի 16-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ 1992-ից ի վեր, այսինքն՝ ՀԲ-ին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար այս կառույցի կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է ավելի քան 2,066 մլրդ ԱՄՆ դոլար գումար:

ՀԲ-ի տրամադրած վարկերով իրականացված նախագծերն ուղղված են եղել Հայաստանում էներգետիկայի, ճանապարհաշինության, գյուղական շրջանների, պետական կառավարման, դատական համակարգի, կրթության, առողջապահության, ոռոգման համակարգերի զարգացմանը։

Նախորդ տարեվերջյան ամփոփիչ հանդիպմանը ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին հայտնեց, որ իրենք մտադիր են 2015-ին ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։

Այս տարի արդեն հաստատվել են մի քանի ծրագրերի համար տրամադրվող վարկեր։ 30 մլն դոլար կհատկացվի՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին: 8,55 մլն դոլարի դրամաշնորհի կհատկացվի Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար։ Նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյոք էլեկտրաէներգիայի արտադրության համար և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։ Հաստատվել է նաև Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» համար 52 միլիոն դոլար արժողությամբ վարկը:

ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրված առաջին վարկի համաձայնագիրը ստորագրվել է 1993 թ. ապրիլի 7-ին՝ «Ինստիտուցիոնալ համակարգեր» ծրագրի շրջանակներում: 2013 թվականի մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է այդ վարկի մայր գումարի մարման գծով վերջին վճարումը: Այսինքն՝ այս կառույցի կողմից Հայաստանին տրամադրված առաջին վարկն ամբողջությամբ մարվել է 2013 թվականին։ Վարկի գումարը կազմում էր 12 մլն ԱՄՆ դոլար, որից փաստացի օգտագործվել էր 10,7 մլն ԱՄՆ դոլարը:

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում այլ կառույցներից ստացված վարկերի չափն ու դինամիկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter