HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ոստիկանությունն աչք է փակում տեխնիկական սարքերով հայտնաբերված խախտման վրա

Հայաստանում մի շարք ավտոմեքենաների սեփականատերեր օգտագործում են մեկ համարանիշ՝ մի քանի ավտոմեքենաների համար, ինչը արգելված է օրենքով և նախատեսում է 100.000 դրամի չափով տուգանք: «Հետք»-ի ունեցած փաստաթղթերը վկայում են, որ  համարանիշը կեղծելու, փոխարինելու կամ այլ անձի հանձնելու համար նախատեսված տուգանքից ազատվելուն աջակցում է ճանապարհային ոստիկանությունը:

Մի շարք վարչական ակտերում տուգանք է նշանակված այն մակնիշի ու գույնի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ, որն այդ նույն ակտի մաս կազմող լուսանկարում բացակայում է: Օրինակ՝ վարչական ակտերից մեկում խախտում իրականացրած տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններն են՝ կարմիր Cadillac, մինչդեռ հիմնական ապացույց լուսանկարը պատկերում է Lexus LX 570 մակնիշի սև մեքենա: Իսկ 01 ZZ 001 համարանիշը, որ ըստ փաստաթղթի՝ պատկանում է Moskvich մակնիշի սպիտակ մեքենայի, տեսնում ենք Mercedes, իսկ համացանցում եղած մեկ այլ լուսանկարում՝ Range Rover մակնիշի ավտոմեքենաների ամրացված:

Որոշ թանկարժեք մեքենաներ գրանցված են որպես սովետական արտադրության Վազ 2101, Վազ 2102 և այլն: Mercedes-Benz G500 մակնիշի այս ավտոմեքենաների միայն պետհամարանիշներն արժեն 5 մլն և 8 մլն դրամ: Վարչական ակտերի տեքստի համաձայն՝ դրանք պատկանում են ավտոմեքենաների, որոնց շուկայական գինը կես միլիոն դրամի էլ չի հասնում:

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերից ստացած այս պատկերների և փաստաթղթային տեղեկությունների տարբերությունը զուտ տեխնիկական խնդիր չէ: Վարչական ակտը կազմում են մարդիկ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Նրանք համադրում են տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշները, և երբ դրանց համապատասխանությունը կասկած չի հարուցում, ընդունում են վարչական ակտը և այն ուղարկում հասցեատիրոջը: Նրանք նաև մթնեցնում են լուսանկարներում արձանագրված կողմնակի անձանց պատկերները, այսինքն որոշակի աշխատանք են տանում մեքենայի լուսանկարի հետ և, փաստորեն, չեն կարող չնկատել, որ 77 ZZ 777 համարանիշով ավտոմեքենան «դեղին գունատ բեժագույն» Վազ 2101 չէ: Իսկ եթե նկատում են ու չեն տուգանում՝ համարանիշը կեղծելու, փոխարինելու կամ այլ անձի հանձնելու համար, ուրեմն մասնակցում են իրավախախտմանը:

Նման խախտումների մեջ հայտնված որոշ մեքենաների սեփականատերերի ինքնությունը հուշում է, որ այս անճշտությունը ամենևին էլ պատահականություն չէ: Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անունով գրանցված է 70 ՕՕ 007 համարանիշով սև Toyota LC 150 4.0 GAS ավտոմեքենա, մինչդեռ վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ պատկերված են սև Mercedes-Benz և սպիտակ Range Rover մեքենաներ, ընդ որում՝ դրանց շահագործման ամսաթվերը չեն հաջորդել իրար, և միևնույն ամսում տուգանվել են նույն համարանիշի երկու մեքենաներն էլ:

  

Անձեռնմխելի մեկ այլ անձ է, այս անգամ՝ ի պաշտոնե, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Խորհրդարանի ծառայողական 013 ՕՕ 11 համարանիշը (013-ը ընտրատարածքն է, ՕՕ 11-ը՝ ԱԺ ծառայողական մեքենաների սերիան) գրանցված է որպես Գազ 31105 մակնիշի մեքենայի համարանիշ, սակայն Սեդրակյանն այն օգտագործում է սեփական Rolls-Royce Ghost մեքենայի համար: Սեդրակյանը, «Հանրային ծառայության մասին օրենքի» համաձայն, պարտավոր էր իր գործունեության առնչությամբ տրամադրված պետական գույքը (համարանիշը) օգտագործել բացառապես ծառայողական նպատակներով:

  

Նմանապես «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող, «մեծ պահանջարկ ունեցող» (3 մլն դրամ արժեքով) 008 ՕՕ 08 համարանիշը, ըստ ոստիկանության փաստաթղթերի, կցված է Toyota Land Cruiser ավտոմեքենայի, մինչդեռ վարչական ակտերում երևում է, որ դրանով երթևեկում են Range Rover և Rolls-Royce մակնիշի ավտոմեքենաների վարորդները:

 

Այս գործելաոճով առաջնորդվում են ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների կենտրոնի տարբեր տեսուչները, ովքեր կազմում են սխալ վարչական ակտերը և ուղարկում դրանք հասցեատերերին: Սա ենթադրում է, որ ոստիկանությունն առաջնորդվում է համարանիշների մի ցանկով, որը արտոնյալ կարգավիճակ է տալիս որոշ մեքենաների սեփականատերերի՝ ներկայացնելով կոռուպցիոն ռիսկեր: Գործող օրենքն ընդամենը տարբերակում է մեծ պահանջարկ ունեցող համարանիշները՝ չսահմանելով որևէ առավելություն հերթական համարանիշների նկատմամբ, մինչդեռ վերը նշված օրինակներն այլ բան են հուշում: Այլ կերպ ասած, եթե փոխենք հայտնի ստեղծագործության բառերը՝ «Բոլոր մեքենաները հավասար են, սակայն որոշ մեքենաներ ավելի հավասար են, քան մյուսները»: 

Վարչական ակտերից դուրս մյուս լուսանկարները վերցվել են Facebook-ի Armenian Cars խմբից

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Փաստորեն եթե Դոդի-Գագոին, Սաշիկին և Լֆիկին վերացնենք, ապա մեր երկիը կծաղկի Ընդամենը 3 հոգու պատճառով մեր երկիրը այս օրին է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter