HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ՝ «Թումանյանի շաուրմա»-ի մասին

Դիմում եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Հայաստանի գրողների միությանը, Լեզվի պետական տեսչությանը, Թումանյանի տուն-թանգարանին, հանրապետության բոլոր բուհերի հայ գրականության ամբիոններին, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Երևանի Թումանյանի անվան դպրոցին, Լոռու մարզպետարանին, Դսեղի գյուղապետարանին, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանին, Հովհաննես Թումանյանի` աշխարհի ցանկացած վայրում ապրող ժառանգներին, հարազատներին, մշակութային հանդեսներին, Թումանյանի անունը կրող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններինուկազմակերպություններին, «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Մեր աչքի առաջ տեղի է ունենում մի երևույթ, որը հակիրճ ու դիպուկ կերպով որակվում է որպես սրբապղծություն:

Արդեն 18 տարի է` Երևանի կենտրոնում գործում է «Թումանյանի շաուրմա» հասարակական սննդի օբյեկտը: Արաբաթուրքական «շաուրմա»-ն, ամենայն հայոց բանաստեղծի անվան ընկերակցությամբ, որպես արագ սննդի օբյեկտի ցուցանակ` վաղուց արդեն «զարդարում է» Երևանի սիրտը: Այդ երկու բառերի համակեցությունն այնաստիճան անընդունելի է ու անընկալելի, որ թվում էր, թե պատկան մարմինները կանդրադառնան խեղված մտածողության այս արգասիքին: Բայց, ցավոք սրտի, ժամանակն ի վնաս գործեց այն իմաստով, որ ոմանց ականջին տարօրինակաբար սովորական դարձավ «Թումանյանի շաուրմա» արտահայտությունը, իսկ, ժողովրդի լեզվով ասած` շաուրմայանոցը, բարգավաճեց, ընդլայնվեց ու դարձավ ցանց: Եթե նախկինում շաուրմայի բիզնեսով զբաղվող այս սրբություն չունեցողները պատճառաբանում էին, թե իրենց օբյեկտը Թումանյանի փողոցում է գտնվում, դրա համար է այդ անունը ստացել (ի դեպ` ժամանակին մորմոնական կրոնական կազմակերպությունը նույն պատճառաբանությամբ Երևանում գրանցել էր իր «Կոմիտաս» և «Գարեգին նժդեհ» մասնաճյուղերը), հիմա քաղաքի տարբեր մասերում բացված սննդի կետերը նույնպես անվանում ու ցուցանակում են նույն կերպ: Թումանյանի շաուրման ահավասիկ «բրենդ» է, այն կարող եք վայելել նաև Կոմիտասի պողոտայում ու Մանթաշյան փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծի անվան տակ այս վայրերում պատրաստում ու վաճառում են բազմազան ուտելիքներ` գրիլ, քյաբաբ, ֆրի և այլն:

Այս ամենին իր մասնակցությունն է բերում նաև հեռուստառադիոեթերը, որը կոչված է նպաստելու գրագետ խոսքի, մշակույթի, հատկապես` ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրության ու հարգանքի ձևավորմանը: Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ հայկական եթերը գովազդ պիտի հնչեցնի` վերջում հանդիսավոր հայտարարելով` «Թումանյանի շաուրմա» կամ «Թումանյանի քյաբաբ բուրգեր», չէինք հավատա: Մինչդեռ այսօր եթե այդ ամենևին ոչ մարմնանպաստ սննդատեսակի սիրահար պատանիներին ու երիտասարդներին թերի ձևակերպված մի հարց տան` «Թումանյանի ի՞նչ…»,  անխտիր բոլորը կպատասխանեն` «Շաուրմա»: «Գուգլ» տեղեկատվական կայքի հայկական բաժնում որոնման հրահանգ տվեք «Թումանյանի» բառով: Ամենաորոնվածը «Թումանյանի շաուրմա»-ն է: Դրան  հաջորդում է հայոց մեծ բանաստեղծի անունը կրող քյաբաբը, որից հետո միայն Թումանյանի պոեմներն են, քառյակները, բանաստեղծությունները: Դրանից հետո է նաև Թումանյանի կյանքը, որ ամբողջովին ոգենպաստ նվիրում է իր երկրին ու իր ժողովրդին:

Ակամա լսում ես Թումանյանի հառաչանքը:

Բայց չէ՞ որ բառը, խոսքը մտածողություն են ձևավորում: Դպրոցում մեծ գրողի անունը լսելիս ձևավորվող սերունդը «Գուգլ»-ի նման առաջինը շաուրման պիտի հիշի: Ո՞վ կհավատա, որ եթե այդ որկրաբիզնեսը ուրիշ անունով կոչվեր, այցելուների պակաս էր ունենալու: Պարզապես ի սկզբանե պետք էր սրբապիղծ չլինել:

Թումանյանի առողջության ու ստեղծագործական արգասավորության վրա չարաբաստիկ հետք է թողել հայերի ցեղասպանությունը: Մեծ գրողն իր կյանքը նվիրել է հայ որբերի հոգու ու մարմնի փրկությանը: Մանկատան որբերից ամեն մեկը նրա համար երևի իր անծնող, մերկ ու քաղցած Գիքորն էր, որին տաք գիրկ էր պետք ու մի կտոր հաց: Իսկ գուցե շաուրմայի բիզնեսով զբաղվողները սոված Գիքորի կերպա՞րն էլ օգտագործեն: Մանավանդ Հայոց եղեռնի 100-ամյակի տարում ենք ապրում, ուաշխարհից մարդիկ են գալիս Հայաստան: Կարելի է «Գիքորի բրդուճ» արագ սննդի ցանց ստեղծելու համար «Էստի համեցեք» հիմնադրամ ստեղծել:

Մի՞թե կարելի է հոգով այսքան քաղցած լինել: Այնքան քաղցած, որ պատրաստ լինել խժռելու ու վիրավորելու այն հանճարի սրբազան անմահությունը, ով իր ժողովրդին ասում էր. «Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս»:

Աշխարհում ոչ մի ազգ իր մշակութային սրբության հանդեպ այսպիսի անփառունակ վերաբերմունք չի դրսևորի: Ասենք, թե մեր երկրի լեզվական ու վարչական  օրենսդրությունը ժամանակին նման արտառոց դեպքերը կանխարգելելու իրավական գործիքներ չի նախատեսել: Բայց օրենսդիրն իրավասու է նախադեպը  նկատի ունենալով օրենքներում փոփոխություններ կատարել: Ցուցանակի հետ կապված` մեր երկրի «Լեզվի մասին» օրենքը բովանդակային խնդիր չի դնում, և տնտեսվարողին ներկայացվող պահանջը սոսկ հայատառ գրության ապահովումն է: Բայց «Թումանյանի շաուրմա»-ն ցուցանակ դառնալուց առաջ իրավական գրանցում է ստացել: Որպես առկա փաստ շենքի ճակատային մասում դրսևորվելուց առաջ Երևանի քաղաքապետարանն իր գրավոր համաձայնությունն է տվել մեր մեծ գրողի հիշատակն այսպես ոտնահարելուն ու պղծելուն: Իսկ, ասենք, վրացիները, որ լեզվի օրենք ու տեսչություն չունեն էլ, Թբիլիսիի կենտրոնում կգրե՞ն «Ռուսթավելու փիթիանոց»: Բայց նման բան ոչ միայն մեր հարևան երկրում, աշխարհի ոչ մի վայրում չես տեսնի:  Թե’ քաղաքացիները, թե’ պետությունը, հարգում են իրենց արժեքները, հարգում են իրենք իրենց: Հավատացեք, անգամ բանը չի հասնում այնտեղ, որ պետությունը միջամտի ու արգելի նման երևույթները: Տնտեսվարողն ինքը թույլ չի տանման անարգանք…

Բոլոր այն պետական մարմիններին ու անհատներին, որոնց հիշատակել եմ վերևում, գումարում եմ աշխարհի բոլոր վայրում ապրող հայերին: Բարձրացրեք ձեր ձայնը, քանի դեռ մեր սրբազան բանաստեղծը չի դարձել հայկական Անքլ Բենս: Հայաստանի այսօրվա խնդիրների դիմաց Հովհաննես Թումանյանի անունն այսպես հեգնելը գուցե ոմանց աննշան թվա, բայց հավատացեք, շատ կարևոր խնդիրներ փոքր խնդիրներից են սկիզբ առնում: Եթե, իհարկե, սա փոքր խնդիր է:

Ռազմիկ Մարկոսյան

20.07.2015 թ. 

Մեկնաբանություններ (8)

President
Իսկ ի՞նչ կա որ, Դավիթը հավանաբար դպրոց չի գնացել, հետևաբար` ճիշտ էլ նկատել է` թումանի պահով: Մի ուրիշ քեզ հուշեմ, հարգելիս. : Դրա ստուգաբանության մեջ մի՛ մտիր...
Armine
Շատ դիպուկ և Ճիշտ եք ասում պարոն Մարկոսյան: Իսկապես մեր ազգին հարիր չէ, իրոք ամոթ է: Թումանյանը` հայոց մեծ ազգային բանաստեղծը սերունդներին կրթելու, որպես ուղեցույց ունենալու համար է, այլ ոչ թե էժանագին ուտեստի հետ ասոցացվելու: Խնդրում ենք թույլ մի տվեք նման երևույթ: Մաքրագործեք Թումանյանի սրբատառ անունը:
Խորէն Քէշիշեան
Պարոն Մերուժան Յարութիւնեանին Ռազմիկ Մարկոսեանը գրած է երկու տասնեակ յօդուածներ : Եթէ դրանք կարդաք կը տեսնէք թէ այս յօդուածի նիւթը իր միակ ցաւը չէր եւ վստահ եմ որ կը հասկանայիք թէ ինչ խոր կապ կայ այս վերջին յօդուածի նիւթի եւ Հայաստանի բոլոր ցաւերու միջեւ որոնք ձեզ եւ մեզ եւ բոլոր հայերիս կը յուզեն: Այդ խոր կապն այն է որ մենք անսկզբունքային ազգ ազգի ենք վերածուել : Ամենակարեւոր արժէքներու եւ սրբութիւններու կորուստը մեզ հասցրել է ինքնացեղասպանութեան եզրին : Թումանեանի պէս մեծութիւնն ու սրբութիւնը շաուրմային հաւասարացնելը այդ ազգակործան ախտ երեւոյթի մաս կը կազմէ :
Մերուժան Հարությունյան
Էս ողբերգական մաջալին էս պրն Ռազմիկ Մարկոսյանը Հայաստանում էլ ուրիշ դարդ ու ցավ չի՞ տենում...
Gevorg
Այ ցավներդ տանեմ էլ բան ու գործ չկա հա ? Ենքան դարդ ու ցավ կա էս երկրում թողել եք ընկել շարուրմայի անունի հետեվից հա ? Հիմա, եթե ասենք թե էդ շաուրմայի տերն ասի, որ իրա ազգանունը Թումանյանա ու էդ պատճառովա անունը դրել Թումանյանի շաուրմա, կամ ել ասենք, թե ասի, որ ուղղակի էդ պողոցի վրայա շաուրմայանոցն եղել դրա համարա տենց անուն դրել էդ ժամանակ ինչ եք անելու ? Ես լինեմ կասեմ լավ եմ արել դրել եմ, դու ով ես վափշե ? Ինչ անուն կուզեմ կդնեմ, եդ խիա քեզ թվում, որ Հովհաննես Թումանյանի համար եմ եդ անունը դրել ?
Խորէն Քէշիշեան
շաուրմա որկրամոլներ 2- ազգայնականներ 1
Հմայակ
Դավիթ, հիմարություններ դուրս տալուց առաջ՝ գոնե ամիսը մեկ Թումանյան կա՛րդացեք: Պարոն Մարկոսյանի հետ համաձայն եմ, կան արժեքներ, որոնք մարդու համար պիտի վեր լինեն ամեն նյութականից, քանզի հենց նրա իսկ էության պահպանմանն են նպաստում:
Դավիթ
արի ու մի ասա, ախր այ Ռազմիկ Մարկոսյան, ինչ էք փրփուռներից կախել, իբր Թումանյանի ազգանունը պարսկական արմատ ունեցող, դրամի միավոր թուման բառից չի առաջացել Խնդրում էմ մի տուֆտեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter