HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախլաթյանցիները որոշել են կաթը լցնել գյուղի փողոցները

Ախլաթյան գյուղում կռիվ է ընկել. գյուղացիները որոշել են, որպես բողոքի ցույց, կաթը լցնել գյուղի փողոցները, համայնքապետը չի համաձայնում: «Ժողովո՛ւրդ,  դրանից  ոչինչ չի փոխվի, փոխարենը հակասանիտարական վիճակ կստեղծվի գյուղում»,- հորդորում է նա: 

«Ես նրանց մտահոգությունը կիսում եմ: Ախլաթյանցիներիս ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է,  բայց վերջերս կաթի գինը կտրուկ իջավ, որի պատճառով մարդիկ ֆինանսական մեծ կորուստներ են կրում,- ասում է Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ գյուղում օրական 4 տոննա կաթ է արտադրվում, որը մինչև վերջերս հանձնում էին տեղում գործող կաթի ընդունման արտադրամասին կամ «Աշտարակ կաթ» ընկերությանը, բայց մայիսից սկսած մթերողները 1 լիտր կաթի դիմաց վճարում են 90-100 դրամ՝ նախկին 150-ի փոխարեն: Դրա հետ միասին վճարումները տրվում են ուշացումներով: Համայնքի ղեկավարին մտահոգում է այն, որ վերջին ամսվա ընթացքում գյուղում 30-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն են մորթել:

«Դոլարից սկսած, ամեն ինչի գինը բարձրացրել են, նախկինի համեմատ ամեն ինչին մեկին տաս ենք տալիս, իսկ կաթի 1 լիտրն անգամ խանութում վաճառվող խմելու սովորական ջրի գին չունի: Օդանավակայանում մեկ շիշ «Ջերմուկը» 10 լիտր կաթի հախա,- ասում է Վոլոդյա Եղյանը:

Հակոբ Հակոբյան

Զայրութը չի զսպում նաեւ արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Հակոբյանը, ով հայհոյախառն անհասցե բառերի տարափից հետո հանկարծ միանգամից խեղճացած ասում է. «Ես չեմ, դու ես, որտեղի՞ց սալյարկա, թել ճարեմ, տանեմ խոտս կապեմ, էլ բանկ չկա, որ վարկ չունենամ, ամսվա լրիվ օրերին վարկ եմ փակում, բայց չեմ կարում կաթը ծախեմ, որ էրկու կոպեկ ձեռքս ընկնի, էդ ծախսերն անեմ»:

Համայնքի ղեկավարը հաստատում է Հակոբի ասածը, որ գյուղում գրեթե ընտանիք չկա, որ վարկ չունենա: Նրա մոտավոր հաշվարկներով՝ ախլաթյանցի վարկառուները մի քանի հարյուր միլիոն դրամ վարկ ունեն, մեծ մասը՝ ժամկետանց:

«Դեռ բանկեր կան, որտեղ որոշ մարդիկ ժամկետանց պարտքեր ունեն, որի պատճառով մյուսներին այլևս չեն վարկավորում: Հիմա վարկը ոնց որ գյուղացու համար աշխատավարձ լինի, ամեն ամիս մի տեղից վարկ են վերցնում՝ մյուսը մարում, որովհետև իրենց տնտեսություններից եկամուտ չեն ստանում»,- նշում է համայնքապետը: Վերջինիս ասելով՝ մարդիկ կան, ովքեր իրենց գրավադրված անշարժ գույքը կորցրել են:

Նման իրավիճակում համայնքային իշխանությունը, արդյոք, միայն դիտորդի՞ կարգավիճակում է, մեր հարցին համայնքի ղեկավարը պատասխանում է, որ համայնքային բյուջեում ոչ մի դրամ չի նախատեսվում սոցիալական օգնությունների համար, և արդեն հինգերորդ տարին է, բյուջեի այդ հոդվածի համապատասխան տողը դատարկ է մնում: Միակ պատճառն, ըստ համայնքապետի, սուղ բյուջեն է, եկամուտներն էլ հավաքագրվում են 75%-ով, մինչև տարեվերջ հազիվ 80%-ի շեմը հաղթահարեն:

Արմեն Բեգլարյան

Եկամուտների հավաքագրումը կազմակերպելու համար որևէ վարչարարություն չի կիրառվում, քանի որ, ըստ համայնքի ղեկավարի, մարդիկ հնարավորություն չունեն վճարելու: Մյուս պատճառն, ըստ նրա, այն է, որ հողի սեփականատերերից ոմանք տարիներ առաջ արտագաղթել են և հարկ չեն վճարում: Տեղական իշխանությունն էլ չի կարողանում անգամ դատական կարգով հողակտորները հետ վերցնել:

Համայնքի ղեկավարը նշում է, որ երբեմնի աշխույժ Ախլաթյանը դատարկվում է, 130 տան համարյա մեկ քառորդի դուռը փակ է, 2015-ի առաջին կիսամյակում վեց ընտանիք է արտագաղթել:

«Մնան ի՞նչ անեն,- քիչ առաջվա վրդովված ձայնով հարցնում է Հակոբը,- Երևանի ցենտրում նստած մեր ճակակատագիրը որոշում են: Կաթի փոշու բազար ա, պրծավ: Չէն էլ հըմանչում, տելեվիզերավ կաթի փոշու ռեկլամ են անում: Կիրի, թող լսեն, գոնե ջանս դինջանա, փոխանակ օգնեն էդ համայնքին, մանկապարտեզ սարքեն, խմելու ջուր անցկացնեն, հացներս էլ կտրում են»:

«Ես հասակս առած մարդ եմ, արդեն գերեզմանիս քարն էլ ա պատրաստ, որ երեխեքիս նեղություն չտամ, սհենց որ գնաց, ինձ թաղելի միջոց էլ չի ինելու: Գյուղացուն կովի մինակ աթարն ա օգուտ մնում, մնացածավ հազիվ խոտ ենք առնում, արոտի փող տալիս: Էնքան բարձիթողի վիճակ ա, վեր ճահիճի, տիղմոտ ջուր ենք խմում: Մի քչված գյուղապետ ունենք, նրա ծերքին հինչ կա, կեսօր ա, փոխանակ մարդիկ հանդ գնան, խոտը հըվաքեն, եկալ ենք Բեգլարյանի իրեսը պուկում ենք, սա հինչ անի, ամեն կարգադրություն վերևից ա, սա էլ ա մեզ նման որոշալ իրա ունեցած անասունները մորթի»,- գյուղում ստեղծված իրավիճակը մեկնաբանում է Վոլոդյան:

Կաթի իրացման ցածր գնի պատճառով անասունների մորթը համայնքի ղեկավարը չի արդարացնում, բայց պնդում է, որ մարդկանց սոցիալական խնդիրներն ավելանում են և ըստ նրա, աբսուրդ է, որ հազարից ավելի խոշոր անասուն ունեցող գյուղում մարդիկ խոսում են օրվա հաց վաստակելու մասին:

«Մեր միակ հույսը հողերի միավորումն է, կոոպերատիվի ստեղծումը, որը հնարավորություն կտա միավորել մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Դրա հետ միասին կան մարդիկ, ովքեր փորձում են  կրճատելով անասնագլխաքանակը, այգիներ հիմնել, ինչպես օրինակ, սկսել են մեծաթիվ ընկուզենիներ տնկել, նոր մշակաբույսեր ցանել, և այդ գործում խորհրդավություն են տրամադրում Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները»,- ասում է Արմեն Բեգլարյանը:

Համայնքի ավագանու հինգ անդամները ֆերմերներ են և ավագանու նիստերին նրանց խոսակցության հիմնական ու միակ թեման իրենց տնտեսություններն են: Միջոցներ չկան եւ խոսք էլ չկա օրինակ, մշակույթի տունը նորոգելու, մանկապարտեզ կառուցելու կամ որ ավելի հրատապ է, գյուղը խմելու ջրով ապահովելու մասին: Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, թե հարց լուծող են, որոշում կայացնող, այլևս հուսահատ են և գյուղում հեռանկար չեն տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter