HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ժամանակավորապես կասեցվել է Շիրակի մարզի Նոր կյանք համայնքի մանկապարտեզի գործունեությունը

Այս տարվա հունիս ամսից Շիրակի մարզի Նոր կյանք համայնքի մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է շենքային և կենցաղային անբարենպաստ պայմանների պատճառով: 1930-ականներին կառուցված միահարկ շինությունը, որի ճակատը դեռ շարունակում է զարդարել մուրճն ու մանգաղը, մինչև 1968թ-ը ծառայել է որպես դպրոց, հետագայում տրամադրվել է մանկապարտեզին:

Մշտական խոնավությունը, հոսող ջրի բացակայությունը, սանհանգույցի` շենքից դուրս գտնվելու հանգամանքը մանկապարտեզի տնօրենին ու համայնքի ղեկավարին վաղուց էին անհանգստացնում, սակայն այլընտրանք չունենալու պատճառով փորձել են անել առավելագույնն առկա սուղ պայմաններում:

Կատյա Մանուկյան

«Ես 40 տարի է ղեկավարում եմ այս մանկապարտեզը, որևէ արտառոց դեպք մեր մոտ չի գրանցվել,-ասում է Նոր կյանքի մանկապարտեզի տնօրեն Կատյա Մանուկյանը,- ճիշտ է, ջուրը դրսից բերելով է, զուգարանն էլ դրսում է, բայց մենք համաճարակ, վարակի դեպքեր չենք ունեցել: Ուղղակի Արմավիրում, երեխաների շրջանում, որ այդ բռնկումն եղավ, սուր աղիքային ինֆեկցիայի, մեր մարզի մանկապարտեզներում էլ սանէպիդը ստուգումներ սկսեց ու մեր գործունեությունը ժամանակավորապես կասեցրեցին»:

Նոր կյանք գյուղի մանկապարտեզ հաճախում է 45 երեխա, ևս 15 դիմում տնօրինությունն ունի հարևան Վարդաքար համայնքից, որին ընթացք չեն տվել՝ հաշվի առնելով շենքային անհարմարությունները: Նոր կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանն ասում է, որ ավագանիների հետ բազմիցս են քննարկել մանկապարտեզ ունենալու հարցն ու լուծում չեն գտել: Գրեթե ամեն տարի կոսմետիկ վերանորոգումներ են իրականացրել բյուջեի հաշվին, սակայն դա խնդիրը միայն մասնակիորեն է լուծել:

«Գյուղում որևէ ազատ հարմար շենք չկա, որ տեղափոխենք, նորը կառուցելն էլ համայնքի ուժերից վեր է,- ասում է Արա Սուքիասյանը,- մի կողմից լավ էր, որ հանձնաժողով եկավ, ստուգումներ արեցին ու ժամանակավոր կասեցմանն էլ դեմ չեմ, սակայն մանկապարտեզ փակելու մտքի հետ համաձայն չեմ: Գյուղում մանկապարտեզ միշտ գործել է, ու ես այն փակելու մտադրություն չունեմ, մանավանդ որ ելքը գտնվել է»:

Համայնքապետի մատնանշած ելքը մանկապարտեզը ժամանակավոր դպրոցի շենքում տեղավորելն է՝ հարց, որ արդեն լուծում է ստացել Շիրակի մարզպետի միջամտությամբ: 2011 թ-ին հիմնանորոգված եւ լրացուցիչ կառույցի հաշվին ընդարձակված դպրոցի շենքը նախատեսված է 300 աշակերտի համար:

«Այնպես էր ծրագրած, որ մեր գյուղի դպրոց պիտի հաճախեին նաև հարևան Վարդաքարի դպրոցականները, սակայն ծնողները հրաժարվեցին երեխաներին ուղարկել Նոր կյանք ու մենք ներկայում 160 աշակերտ ունենք հաճախող: Դպրոցում ազատ տեղ կա, հենց այնտեղ էլ պիտի ժամանակավորապես տեղափոխենք մանկապարտեզը»,- հայտնում է Արա Սուքիասյանը:

Մինչև սեպտեմբեր, շաբաթը մեկ անգամ, մանկապարտեզի բակում բակային ճամբարի սկզբունքով հավաքվում են սաները, երգում, պարում, կրկնում նախկինում սովորածը: Մանկապարտեզի տնօրենն ասում է, որ դա անում են հատկապես նախադպրոցական խմբի երեխաների շահերից ելնելով՝ օգոստոսի վերջին հրաժետի հանդես ունեն, իսկ մանկապարտեզի տեղափոխումը կազմակերպվելու է սեպտեմբերին:

«Չենք ուզում, որ երեխաներն ինչ սովորել են մոռանան այս ընթացքում, դրա համար էլ շաբաթվա մեջ մի օր հավաքում ենք բակում, մինչեւ կեսօր, հետո ծնողները երեխաներին տուն են տանում»,-ասում է մանկապարտեզի տնօրենը:

Ավելի հարմարավետ կառույց տեղափոխվելուց հետո, Կատյա Մանուկյանի հավաստմամբ, իրենք մանկապարտեզ կընդունեն նաև վարդաքարցի փոքրիկներին և ևս 10 մանկահասակ երեխայի Նոր կյանքից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter