HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդն է միայն ճիշտն ասում, էլ մնացածին չենք հավատում»

Մարիամ Մաթևոսյան

Սյունիքի մարզի Տոլորսի համայնքային իշխանությունն առաջիկայում պատրաստվում է խմելու ջրի ցանցը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Համայնքի ղեկավար Մարատ Առաքելյանը խմելու ինքնահոս ջրերի ցանցի տնօրինումը «գլխացավանք» է համարում: «Եթե ուզում ենք, որ համայնքը որակյալ, շուրջօրյա ջրամատակարարում ունենա, պետք է ֆինանսական ներդրումներ կատարենք, բայց չունենք»: Նա վստահ է, որ բնակիչները դեմ կլինեն ցանցը հանձնելուն, որովհետեւ օգտագործելու դիմաց չեն վճարում:

«Ամռան ամիսներին ջրի հետ կապված դժգոհություններ չեն լինում: Երբ աշնանն ակունքի ջուրը պակասում է, տեսեք, թե ինչ կռիվներ են սկսվում գյուղում»,- ասում է համայնքապետը: Նրա կարծիքով՝ խնդիրը կլուծվի, եթե 102 տնտեսությունում ջրաչափեր տեղադրվեն, որը հնարավոր է իրականացնել միայն ֆինանսական ներդրումներով, որի հնարավորությունը, սակայն, բնակիչները չունեն: Այդ դեպքում համայնքը պատրաստ է հրաժարվել խմելու ջրի ցանցը մասնավոր ընկերությանը հանձնելուց եւ ջրամատակարարման ծառայություն իրականացնել:  

Տոլորսի երկու ոռոգման ջրագծերից մեկը սպասարկում է համայնքը. այն սնվում է Այրի  գետից:  Երկրորդ ջրատարը 2006 թ.-ից սպասարկում է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն, որը ոռոգման ջուր ապահովոմ է հարեւան Ախլաթյան համայնքից: Համայնքապետի խոսքով՝ կապված սպասարկման դժվարությունների հետ, համայնքը հարժարվել է այս ցանցից:

Համայնքի ֆինանսական կարողությունն ավելացնելու միակ ռեսուրսը շարունակում է մնալ հողը

Տոլորսի համայնքապետարան մտնողները կարող են կարդալ հետեւյալ նախադասությունը. «Ով չի ուզում հարկ վճարել, փնտրում է պատճառներ, իսկ ով ուզում է վճարել՝ փնտրում է ճանապարհներ»:  

Համայնքի 500 հա վարելահողերից սեփականաշնորհված է 420 հա-ը, մնացածը վարձակալությամբ է տրված: Պատճառաբանելով, որ հողերը բերրի չեն, հողագործության եկամտաբերությունը տարեցտարի նվազում է, տոլորսցիները հողերի 50% են օգտագործում: Նաեւ վարձակալությամբ հող մշակողների թիվն է նվազում:

Մարատ Առաքելյան

Վարձակալությամբ տրված 80 հա պահուստային հողից 50 հա-ը տեղի բնակչությունն է վարձակալել: Հողի հարկի տարեկան դրույքաչափը սահմանվել է 3580 դրամ: Համայնքի ղեկավարը նշում է, որ նախկինում հողերը սխալ վարչարարությամբ է վարձակալությամբ տրամադրել: Այսինքն, 5 տարվա փոխարեն 25 տարով է հատկացվել բնակիչներին, այսպիսով զգալի վնաս հասցնելով համայնքի բյուջեին. «Հողերը վարձակալությամբ են տրվել 2004թ.-ից սկսած: Այն ժամանակ ցանկացողներ գրեթե չկային, եւ վարձակալին շահագրգռելու համար պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամակետով»,-ասում է համայնքի ղեկավարը: Հիմա մարդիկ դիմում են նոր հողակտորներ վարձակալելու համար, բայց համայնքը պահուստային հող չունի: «Շտապել եմ, եթե 5 տարով հող տրամադրեի՝ հիմա լրացած կլիներ ժամկետը ու այսօր 1 հա-ի մեկնարկային գինը կսահմանեի 10 հազար դրամ, որը կավելացներ բյուջեի մուտքերը»,- նշում է համայնքի ղեկավարը:

Տոլորսի ջրամբարը ևս կարող է համայնքի բյուջեի համար եկամտի աղբյուր դառնալ: Ջրամբարի շահագործման համար 1970-ական թվականներին Տոլորս գյուղը տարհանվել է՝ ձորից տեղափոխվելով ավելի լեռնային, չոր տեղանք: Բնակիչների խոսքով՝ ներկայիս գյուղի վարչական տարածքն անբարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, քանի որ ոչ միայն լեռնային է, այլեւ հաճախակի է երաշտ ու քամի լինում: «Ներքեւի գյուղում մեկ հեկտարից հինգ տոննա բերք էինք ստանում, իսկ հիմա նույն հեկտարից՝ մեկ տոննա: Պետությունն այդպես էլ չօգնեց համայնքին ոտքի կանգնել տարհանվելուց հետո, ընդհակառակը, մեր հողերի հաշվին էլեկտրաէներգիա են ստանում, մեր վրա թանկ վաճառում»,- ասում է տոլորսցի Սերյոժա Վարդազարյանը:

Տոլորսի ջրամբարը զբաղեցնում է 350 հա տարածք, որի համար որպես ոչ գյուղատնտեսական հող, տարեկան վճարում է 840 հազար դրամ: Այսինքն, ջրամբարի զբաղեցրած 1 հա-ի դիմաց վճարվում է 2500 դրամ, որը կազմում է համայնքի հողի հարկի մեկ երրորդը: Համայնքային իշխանությունները հաճախակի վարձավճարի վերանայման հարցով դիմում են տարբեր իրավասու կառույցների, սակայն, մինչեւ այժմ պատասխան չեն ստացել:

Տոլորսը տեղով խնդիր է

«Հարյուր տարի ա, հարկերը ձեռներիցս առնում են, բայց բան չի փոխվում: Դու հիմա մեզ հարցեր տվեցիր. ի՞նչ խնդիրներ կան գյուղում, ո՞նց ենք ապրում, վստահ եմ գյուղապետարանում էլ էք էդ հարցերը տվել, չբռնավ չէ՞ իրար, որովհետեւ ժողովուրդն է միայն ճիշտն ասում, էլ մնացածին չենք հավատում»,- ասում է Սերյոժան:

Սամվել Ազնավուրյանը

Զրույցն ընդհատում է համագյուղացի Սամվել Ազնավուրյանը, ով իր մտահոգությունն է հայտնում, որ տարին անբարենպաստ էր եւ ոչ միայն իր համար: «Հարյուր բալի ծառ ունեմ, բայց գնանք հարյուր հատիկ պտուղ չեմ քաղել, չգիտեմ ոնց եմ ձմեռն անցկացնելու, որովհետեւ դա է իմ ապրուստի միջոցը»,-ասում է նա: Ապա ձեռքն ուղղելով համայնքապետարանին անկյունագծով նայող շինությանն ավելացնում է. «Բուժտեխնիկայի զավոդ էր, հազարից ավելի աշխատող կար, հիմա չորս պատերն ա մնացալ: 20 տարի աշխատել եմ, նախ՝ որպես դրոշմող բանվոր, հետո՝ զակատովչիկ: Ինչ արտադրանք ասես չէինք տալիս երկրին՝ ակնոցներ, նասոսներ, խցաններ, պլաստմասե կափարիչներ: Գործարանը վերջին շունչը 1996թ.-ին է փչել: Երկրի նախագահին ասա, որ գործարանն աշխատացնի է, ոչ թե հիմա էլ սաղ գործերը թողած Սահմանադրություն փոխի»,- նշում է Սամվելը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ իր պաշտոնավարման 18 տարիների ընթացքում համայնքում մի շարք խնդիրներ լուծվել են, մասնավորապես, մասնակի վերանորոգել են խմելու եւ ոռոգման ջրի ներքին ցանցերը, սկսել է գործել գյուղի բուժկետն ու մանկապարտեզը, «Վորլդ Վիժն» Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվել է գիշերային լուսավորություն:

2001թ.-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ Տոլորսում բացվել է առաջին կաթի հավաքման կետը, որտեղ ամռան ամիսներին օրական մինչեւ 300-400 լիտր կաթ է մթերվում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter