HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70-ամյա կնոջը վտարելու են իր 50 տարվա տնից

Յուլիա Զաքարյանը Զաքարյանների տուն հարս է եկել ավելի քան 50 տարի առաջ՝ 1962 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր նա ապրել է Աբովյան 5՝ նախկինում՝ Շմիդտի 5 հասցեում՝ այնտեղ մեծացնելով երեք երեխաներին (նույն բակում երկու տուն են ունեցել Զաքարյանները): Սակայն հուլիսի 27-ին նա պետք է լքի իր կեսդարյա օջախը: Այդպիսի պահանջ դրվել է դատարանի կողմից, քանի որ Յուլիա Զաքարյանի տունն այլևս իր տունը չի համարվում: Տունը օտարվել է, սակայն, ըստ պայմանագրի, փոխհատուցում նա չի ստացել:

Իմ այցելության պահին տիկին Յուլիան իրերն էր հավաքում. «Հեռուստացույցով տեսնում եմ՝ ոնց են մարդկանց դուրս շպրտում, չեմ ուզում էդպես, ես ինքս նախօրոք կհեռանամ, որ էդ պահը չլինի, ծանր է ինձ համար… ամեն կերպ, կարծես, փորձում են մարդկանց տեղահան անեն»,-ասում է կինը՝ հազիվ թաքցնելով հուզմունքը: 70-ամյա կինը պնդում է, որ իր ընտանիքը խաբեության զոհ է դարձել, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:  

«Պարզվում է՝ 70 տարեկանում այնքան միամիտ եմ, որ դեռ հավատում եմ մարդկանց»,- ինձ հետ զրույցում ասաց Յուլիա Զաքարյանը:

Այս պատմությունը սկսվել է դեռևս 20 տարի առաջ, երբ 1995 թ.-ին հայտնվել է շինարար Վլադիսլավ Մանգասարյանը:

«Հետքը» բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Վլադիսլավ Մանգասարյանի գործողությունների մասին, գրել այնպիսի դեպքերի մասին, երբ մեկ բնակարանը օտարվել է տարբեր քաղաքացիների: Խոսքն այն նույն Վլադիսլավ Մանգասարյանի մասին է, ում 2013 թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացում և կանխամտածված սնանկություն։ Այս գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ Մանգասարյանը մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո, ըստ օրենքի, ստորագրությամբ դուրս է եկել ազատություն: Այս մասին տեղեկացրեց սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի (ով տուժել է Մանգասարյանի գործողությունների հետևանքով) փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«20 տարի առաջ Վլադիսլավ Մանգասարյանը քաղաքապետարանից մի  որոշում էր բերել, որ մեր տան տեղում պիտի բնակելի շենք կառուցի»,-պատմեց տիկին Յուլիան: Զաքարյանները բանակցությունների արդյունքում եկել են այն համաձայնության, որ կառուցվելիք նորակառույց շենքում 4 բնակարան (յուրաքանչյուրը 130 քմ) և 4 ավտոտնակ (յուրաքանչյուրը 20 քմ ) կտրամադրվի իրենց: Պայմանագիրը կնքել են, սակայն 4 տարի անց Մանգասարյանը տիկին Յուլիային հայտնել է, որ չի կարող 4 բնակարան տալ, կտա 2-ը. «Պատճառաբանեց, որ գործերը լավ չեն: Ցույց տվեց մեր երկու բնակարանները, տղաս էլ բերեց երկաթե դուռ տեղադրեց: Որոշ ժամանակ անց մի անձնավորություն՝ Ժորես անունով, եկավ ու ասաց, որ դա իր բնակարանն է»,-պատմեց տիկին Յուլիան:

Իմանալով, որ իրենց տրված բնակարաններից մեկն այլ քաղաքացու է պատկանում, Յուլիա Զաքարյանը դիմել է դատարան. «Խաբված էինք, ի՞նչ անեիք, պահանջում էի մեր 4 բնակարանները»: Կողմերը եկել են հաշտության՝ Մանգասարյանը պարտավորվել է տալ 3 բնակարան՝ 4-ի փոխարեն և 4 ավտոտնակի գումարը փոխհատուցել: Սակայն կարճ ժամանակ անց էլ Զաքարյանները պարզել են, որ առաջարկվող բնակարաններից մեկը գտնվում է Պուշկին-Տերյան խաչմերուկում, որը կիսակառույց է եղել: Հետո էլ իմացել են, որ այդ բնակարանը ևս ուրիշին է պատկանում:

Այժմ Յուլիա Զաքարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց. «Այն, որ Յուլիա Զաքարյանին տրամադրված բնակարանը հանդիսացել է մեկ այլ անձի սեփականություն, դասական խարդախություն է»,-ասաց փաստաբան Բաղդասարյանը: Նա դիմել է ոստիկանություն, որ քրեական գործ հարուցվի, սկզբում մերժվել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով, հետո փաստաբանը բողոքարկել է, և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը վերացրել է մերժման որոշումը: Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ 4 ամիս քննում են գործը, բայց դեռևս ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ:   

2009թ. Մանգասարյանը Յուլիա Զաքարյանին է ներկայացրել իր մտերիմ ընկերոջը՝ Ղևոնդ Ղալումյանին. «Ասեց՝ ինքը «քցող» չի, ինչ ասի, կանես… ասում էր՝ ես հավատացյալ եմ, ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, ասում էր՝ չեմ խաբի քեզ»:

Ղևոնդ Ղալումյանը ոստիկանության նախկին աշխատակից է, պաշտոնաթող գնդապետ: Նա աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում: Երևանի կաբելի գործարանի հիմնական բաժնետերն է, բաժնետոմսերի 80%-ը պատկանում է նրան, ունի նաև շինարարական կազմակերպություններ, քաղաքի կենտրոնում կառուցում է էլիտար շենքեր:    

«Ու Վլադը (Վլադիսլավ Մանգասարյանը) կորավ, պարզվեց 1 տարի կալանավորված է եղել: Ղևոնդ Ղալումյանն ասեց, որ տունը օտարեմ իրեն, ասեց, որ շենք պիտի կառուցի, որպես փոխհատուցում մեզ նորակառույց շենքում պիտի տա բնակարան»,- պատմեց Յուլիա Զաքարյանը՝ նշելով, որ հետագայում են պարզել, որ ամբողջ տարածքը՝ մոտ 1200 քմ, այդ թվում՝ իրենց տարածքը՝ տղայի ավտոտնակների 1/3-ի չափով տրված է Ղևոնդ Ղալումյանին (Հենց Ղալումյանն էլ վտարման պահանջով մտել է դատարան և հուլիսի 27-ին ԴԱՀԿ-ն պետք է կատարի վտարման պահանջը):

Նույն օրը պիտի քանդեին Յուլիայի որդուն՝ Արարատ Զաքարյանին պատկանող օրինական շինություն հանդիսացող ավտոտնակը, որտեղ Զաքարյան եղբայրներն արդեն 15 տարի ընտանեկան փոքր բիզնես են վարում: Ավտոտնակների ապամոնտաժման գործընթացը կասեցվել է օրերս նախաքննության փուլում գտնվող խարդախության հատկանիշներով հարուցված գործի հիմքով:      

 «Օրինական մեր տարածքն է, հարկեր ենք վճարել, աշխատատեղեր ունեցել, բայց հիմա վտանգված է բիզնեսը, քանդման, փակման վտանգի առաջ է… երևի երկրից արտագաղթողներից մեկն էլ մենք կդառնանք շուտով»,-ասում է Արարատ Զաքարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter