HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան. «Չի կարելի ցույց տալ ամեն բան, որովհետև հուզվելը կկորի»

Լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի հետ հանդիպում ենք «Նավավար» ձկնալի ըմպելարանում: Օդափոխիչի սառը օդով լի է սրահը: Պատերին փակցված է 15 լուսանկար՝ բանաստեղծական տողերով: «Տեսողական պոեզիա»: Վավերագրողն այսպես է անվանել իր ցուցահանդեսը: Մենք հերթով մոտենում ենք լուսանկարներին: Մեր ժամանակի 15 պոետները ուղիղ նայում են քեզ, նրանց դեմքերին նայելով՝ սկսում ես կարդալ տողերը: Հետո հակառակն է տեղի ունենում՝ տողերը կարդալով նայում ես դեմքերին: Մտածելու, զգալու տարածություն է ստեղծվում, նուրբ շերտեր են բացվում: Գերմանը մեջբերում է Բրոդկսու տողերը. «Դեմքին նայելով ավելի շատ ես հասկանում տողերը, տողերը կարդալուց ավելի շատ ես հասկանում դեմքը: Դա Բրոդսկին է գրել, օգնում է հասկանալ պոեզիան»: Գերմանը նկատում է, որ երբ Բրոդսկին աշխատում էր Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում, փորձում էր պոեզիան բերել ֆոտո:

Ավագ Եփրեմյան Արմեն Շեկոյան

«Մարդուն չես կարող ստիպել, որ պոեզիա կարդա, բայց, օրինակ, մետրոյում ժամերով կանգնած լինելով՝ ստիպված հաճույքով կկարդա այն»,- ասում է Գերմանը՝ առաջարկելով, որ հանրային տրանսպորտում, օրինակ, կարող են փակցնել մեր ժամանակի պոետների լուսանկարներն իրենց բանաստեղծական տողերով: Այդ մեթոդով մարդիկ կճանաչեն մեր պոետներին: Դա նաև Հայաստանը ճանաչելու միջոց է, երբ օտարազգի զբոսաշրջիկը ոչ թե Արարատի լուսանկարով է ճանաչում Հայաստանը, այլ մեր ժամանակ պոետների: Գերմանն ասում է՝ օրեր առաջ մի արտասահմանցի զբոսաշրջիկ գնել էր ցուցահանդեսի փոստ-քարտերը:

Տիգրան Պասկևիչյան Հուսիկ Արա

Ցուցահանդեսի գաղափարը դեռևս 1989 թ. է ունեցել, երբ աշխատում էր «Գարուն» ամսագրում (այն 125.000 տպաքանակ ուներ): Այդ տարիներին պոետներ Արմեն Դավթյանը, Վահագն Աթաբեկյանը, Տիգրան Պասկևիչյանը կարդում էին իրենց գրածը: Վավերագրողն ասում է՝ ինքը կողքից լսում էր ու մտածում լուսանկարն ու պոեզիան համադրելու մասին, սակայն ձևը չէր գտնում: Դրան զուգահետ մտածում էր ֆոտոթատրոն նկարելու մասին, որը չստացվեց: Իսկ լուսանկարներին բանաստեղծություն գրելու միտքը հուշեց Տիգրան Պասկևիչյանը: Ամեն ինչ, ըստ Գերմանի, սկսեց հենց Տիգրանի լուսանկարից, որն արել էր 1989 թ.: Այս տարվա հունվարից լուսանկարել է ցուցահանդեսի մասնակիցներին: Ասում է՝ եթե այդ լուսանկարներով գիրք պատրաստի, մի քանի լուսանկարներ ևս կանի: Հարցնում եմ, թե մշակույթի նախարարությանը գուցե դիմի աջակացության համար, Գերմանը ժպտում է, թե նրանք մտածում են սատկած էշ գտնեն, նալերը պոկեն: «Երկրում փող չկա, ես պիտի փող բերեմ, որ իրենց տամ: Հրանուշն ասում է՝ մենք փող չենք ուզում, եկեք հաշիվ բացեք այստեղ: Իրենք անցած դար են, նախարարությունը պիտի փակվի, մեխանզիմ պիտի մտածվի, շատ խելոք մարդիկ ունենք: 37-ի մնացորդներն են գրողների միությունը, մշակույթի նախարարությունը: Ստալինի սարքած սիստեմն է»,- նշում է վավերագրողը:

Հասմիկ Սիմոնյան Հրաչյա Սարուխան

Ասում է՝ ցուցահանդեսը «Նավավարում» է կազմակերպել, որպեսզի մարդիկ իր մոտ գան: «Վիզ ծռել», դահլիճ ձեռք բերել ցուցահանդեսի համար չի անի: Եթե նույնիսկ սրահ տրամադրեին, փոխարենն այլ պայմաններ կդնեին իր առջև: Պատճառը պահանջկոտ վերաբերմունքն է լուսանկարչության նկատմամբ: «Մի օր գուցե ասեն՝ Պողոսի կամ Պետրոսի ցուցահանդեսն է, չե՞ս գա նկարես: Իրենք ինձ չեն հրավիրում որպես արտիստ, որպես լուսանկարիչ: Դրա համար այստեղ եմ կազմակերպել ցուցահանդեսը: Դա ևս դիրքորոշում է: Ինձ ասում են՝ ինչո՞ւ այստեղ, կարող էիր գրողների միությունում կազմակերպել: Ասացի՝ դուք ո՞նց եք պատկերացնում, ես պիտի գամ Միլիտոնյան Էդիկից տարածք ուզեմ, ինքը կասի՝ բա ինձ ինչի՞ չես նկարել»,- նշում է Գերմանը: Հետո ժպտում է՝ մեջբերելով Տիգրան Պասկևիչյանի այն խոսքերը, որ եթե մի արտասահմանցի գա նայի ցուցահանդեսը, կմտածի, թե մշակույթի լավ նախարար է աշխատում երկրում, որ այսպիսի նախագծեր են անում: «Եթե մարդ լավ գործ է անում, միշտ կգտնվեն մարդիկ, որ պատրաստ են օգնել: «AG Print»-ի գլխավոր տնօրենը, տեսնելով լուսանկարները, երբ ես նրանց մոտ շրջանակներ ու պասպարտու էի պատվիրել, հրաժարվեց գումարը վերցնել: «Դա կլինի մեր հովանավորությունը քո նախագծին»,- ասաց Արթուր Ղանդիլյանը»,- պատմում է լուսանկարիչը:  

Մարդը՝ Գերման Ավագյանի ֆոտոնախագծերում

Գերման Ավագյանի ֆոտոնախագծերի հիմքը մարդկային պատմությունն է՝ իր ծալքերով: Պատերազմից հետո ականներից վնասվածքներ ստացած երեխաներ, պատերազմի ժամանակ հայրերի մահից հետո ծնված երեխաներ՝ «Մահից հետո ծնվածները», հոգեբուժարանի կերպարներ և այլն: Գերմանն ուսումնասիրում է մարդուն իր միջավայրում, հաճախ ընկերանում նրանց հետ: Ասում է՝ 2008-ի մարտի 1-ի առավոտյան լուսանկարիչներից միայն ինքն էր հրապարակում: Հրապարակ գնում էր երեկոյան, երբ լրագրողներից, լուսանկարիչներից շատերն արդեն այնտեղ չէին, մտերմացել էր հրապարակում հավաքված մարդկանց հետ:

Հայաստանում ֆոտոյի հանդեպ մտածելակերպը դեռևս չի փոխվել: Լուսանկարչությունը՝ որպես արվեստ, չի ընկալվում մեր երկրում: «Խաչքարից այն կողմ մտածելակերպը չի փոխվել»,- ասում է զրուցակիցս: Նրան հարցնում եմ, թե ինչու է լուսանկարում:

-Հիմա էդպիսի դոկումենտալ լուսանկարիչ չկա, որ չասի՝ ոչ մեկին պետք չէ իմ արածը, ինչո՞ւ եմ անում դա: Մենք էլ չգիտենք՝ ինչո՞ւ ենք անում, եթե դա ոչ մեկին պետք չէ այսօր: Դա, կարծես, մեր կյանքի անթրոպոլոգիան է: Այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ (լռում է, քիչ անց ավելացնում- հեղ.): Չէ, այդ հարցի պատասխանը տվել եմ՝ ես էլ չգիտեմ ինչու եմ նկարում: Եթե ֆոտոն ոչ միայն այս երկրում, այլև ամենուրեք պետք չէ, մենք էլ չենք իմանում՝ ինչո՞ւ ենք անում: 20-րդ դարում լուսանկարչությունը մեծ դեր է խաղացել՝ 40-ականներից, նույնիսկ Իսպանիայի պատերազմից սկսած՝ 1936 թ.-ից: Լուսանկարչները նույնիսկ կարողացել են կանգնեցնել Վիետնամի պատերազմը:

Հիմա այնքան շատ են ֆոտոները, որ օրինակ, ասում են՝ եթե բոլոր ֆոտոները տպես ու փռես գետնին, երևի մի 20 շերտով կարող ես փաթաթել երկրագունդը: Եվ այդ ամեն ինչի մեջ կորցրեցինք մեր օրիենտիրները: Մարդը՝ human being, կորցրել է, թե ինչպես գնահատի ֆոտոն: Իր համար միևնույնն է, օրինակ, մտնում է ռեստորան, ուտելուց առաջ լուսանկարում է ուտելիքը: Մարդն արդեն բթացել է: Եվ դա իր մեղքը չէ: Այն ժամանակ երբ խմբագիրն առաջին «Կոդակն» է տվել լրագրողին, և խմբագրի համար միևնույնն էր, թե լրագրողն ինչ կլուսանկարեր՝ առանց կոմպոզիցիայի հիմունքներն իմանալու, այդ օրվանից լուսանկարչությունն սկսել է մեռնել:

Այսօր Սովետի տարածքում (ԱՄՆ, Եվրոպա չասեմ) մի քանի լուսանկարիչներ կան, որոնք զբաղվում են վավերագրական լուսանկարչությամբ: Նրանց կարող ես հաշվել երկու ձեռքերի վրա: Իմանալով, որ պետք չէ այն, շարունակում են զբաղվել այդ գործով: Լուսանկարիչների մեծ մասը գնաց street photography-ի ուղղությամբ, մի մասը՝ թարգեց լուսանկարչությունը՝ գնալով դեպի կոմերցիա, իսկ իմ նախագծերը, որոնք տեսնում ես կամ այն, ինչ անում էր Ռուբեն Մանգասարյանը, այսօր Հայաստանում և ոչ միայն Հայաստանում՝ Սովետում, պետք չեն:

-Ինչո՞ւ:

-Պետք չեն, որովհետև հեղինակի հայացքն արդեն պետք չէ ոչ մեկին: Իսկ հեղինակը պատկերն անցկացնում է իր ուղեղի, մտածելակերպի միջով, այնուհետ տալիս է իր հայացքը:

Արփի Ոսկանյան Գագիկ Կիլիկյան

Նայեք, Չեխովը գնացել էր Սախալին: Այնտեղ մի չտեսնված էսսե էր գրել: Քանի որ շատ էր ուզում, որ Լևիտանը գնար նկարելու իրեն, բայց այդքան փող չուներ, լուսանկարիչներ է գտնում տեղում: Երեք լուսանկարիչներ են աշխատել իր համար՝ նկարելով Սախալինը: Այսօր այդ նկարների 90 տոկոսը Ամերիկայում է, 10 տոկոսն է մնացել: Իսկ Սախալինն այն ժամանակ գողերի երկիր էր: Մինչդեռ այսօր Ռուսաստանում թքած ունեն իրենց պատմության վրա: Փոխարենը հետաքրքրվում են Ռոդչենկոյով, ով պրոպագանդում էր ստալինզմը և այլն:

Հայտնի ֆոտո կար, երբ Գորկին մտել էր Բելոմորկանալ, մարդիկ էին նստել, որոնց թերթ էին տվել, ասել՝ ինչպես նստել, ինչպես բռնել թերթը: Բանտարկյալներից մեկը (ջրանցքը կառուցում էին բանտարկյալները), ի նշան պրոտեստի, թերթը թարս էր բռնել: Տարիներ անց՝ վերջերս են նկատել դա: Հիմա Ռոդչենկոն է պահանջվում Ռուսաստանում, ով ստալնիզիմի երգիչն էր: Չեխովի նկարները պետք չեն ոչ մեկին, դրա համար գումար պիտի ծախսեն: Մեզ մոտ էլ նույն պատմությունն է: 70 թ.-ին Հայաստան էր եկել մի մարդ, ով իր փողով է եկել, գիրք է տպել: Այդ գրքում այնպիսի~ դեմքեր կարող ես տեսնել… Խոսքը Արթուր Չոլակյանի մասին է, ում արած գործը գուցե շատերը չիմանան Հայաստանում: Նրա գիրքը դժվարությամբ կարողացա գտնել Կանադայում (գիրքը բերում է, թերթում ենք, Գերմանը ցույց է տալիս մի կնոջ լուսանկար, ասում է՝ Պարույր Սևակի մայրն է- հեղ.): Եթե Արթուր Չոլակյանի պես մասշտաբի մարդիկ պետք չեն այս երկրին, ես ինչի՞ մասին խոսեմ:

-Իսկ ի՞նչ է պետք էսօր:

-Մարդիկ պիտի ուզենան իմանալ իրենց պատմությունը: Կենացի ժամանակ Նարեկացուց են խոսում առանց կարդալու Նարեկացուն: Հետաքրքիր է՝ այսօր մարդուն նկարելիս չի ասում՝ նկարը կտա՞ս, ասենք, պատից կախեմ: Հարցնում է՝ «Ֆեյսբուքով» կուղարկե՞ս: Դրանից ավելի բան իրեն պետք չէ:

-Մշակութային փոփոխությո՞ւն է կատարվել:

-Մենք դեռ չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ է այդպես, փիլիսոփաներից մեկը պիտի գտնի պատասխանը: Ասենք, ներքևի սրահում ֆոտոները, որոնք կախված են, իմ ձեռքով են արված, պլյոնկայով, թվային չեն: Այսօր որ նկարում եմ, երբեք չի եղել մի դեպք, որ մեկն ասի՝ տուր-տպեմ, միշտ հարցնում են՝ ե՞րբ ես ուղարկելու: Դրա համար իմ ապարատը հաճախ չեմ հանում, հեռախոսով եմ նկարում: Ես էլ ձեզնից մեկն եմ, տարբերություն չկա: Իմ ապարատը, իմ ռեսուրսը ափսոսում եմ ծախսել ձեզ վրա: Ես հեռախոսով կնկարեմ, միևնույնն է՝ նույն «լայքն» եք դնելու, տարբերություն չկա: Բայց թե ինչ է լինելու վաղը, չգիտեմ, ասենք, եթե «Ֆեյսբուքը» փակվի, ի՞նչ պիտի արվի:

Խաչիկ Մանուկյան Մհեր Արշակյան

Ես պոետներին կանչել եմ ինձ մոտ, ասում են՝ չեմ հիշում բանաստեղծությունը, սպասիր նայեմ «Ֆեյսբուքով», բա վաղը որ չլինի այդ «Ֆեյսբուքը», որտե՞ղ ես նայելու:

-Ելք կա՞:

-Ելքը կա: Այն կրկին պայմանավորված է կոմունիկացիաներով: Երբ ֆոտոն հայտնվեց, գեղանկարչությունն ընկավ ցայտնոտի մեջ: Հիմա թվայինն է հայտնվել, ֆոտոն ընկել է ցայտնոտի մեջ: 10 տարի հետո ամեն բան իր տեղը կընկնի: Ժամանակ է պետք, ուղղակի գուցե մենք չենք լինի:

-Ի՞նչ պիտի լինի, որ քեզ հուզի: Ի՞նչը մենք չենք տեսնում, որ լուսանկարիչը նկատում է:

-Հիմա էդպիսի բան չկա: Սեպտեմբերի 11-ին երկու ինքնաթիռ խփվեց ԱՄՆ-ում: Առաջին անգամ տեսա, հուզվեցի: Երկու վայրկյանը մեկ ցույց էին տալիս այդ կադրերը, երկրորդ օրը հազար անգամ ցույց տվեցին: Հազար անգամ նայելուց հետո նայում ես դրան որպես համակարգչային խաղ, դու արդեն բթանում ես, սովորում ես դրան: Դրա համար ասում եմ՝ չի կարելի ցույց տալ ամեն բան, որովհետև հուզվելը կկորի, չես կարող շարժել մարդուն:

Դիակների լուսանկարները բաց դեմքերով չի կարելի տպել, նույնիսկ եթե ավտովթար է: Ավտովթարից տուժած մարդիկ են պատմել, որ երբ իրենք ողբերգության մեջ էին, պատգարակով տանում էին, իրենց նկարում էին: Նման բաներ չի կարելի անել: Մարդն այդ պահին ողբերգության մեջ է, ցավ է զգում, իսկ դու կողքից նկարում ես նրան:

Ռուսաստանից մի եկեղեցական գրել էր, թե հիմա այնքան շատ են նկարում, որ մահից առաջ վերջին բանը, որ դուք կտեսնեք՝ ինչ-որ մեկին սմարթֆոնով ձեզ նկարելն է լինելու:

-Ի՞նչ, օրինակ, չես նկարի:

-Մարդուն ուտելու ժամանակ, և այդ պրոցեսի հակառակը (ժպտում է- հեղ.): Առաջին ինքնասպանությունը, որ մամուլում տպվեց, 1997 թ.-ին էր, «Առավոտում»: Ոստիկաններից շուտ տեղ հասա, սկսեցի նկարել: Այն ժամանակ չհասկացա, թե ինչ եմ անում, հետո միայն գիտակցեցի, որ շատ մեծ մեղք եմ գործել, որովհետև դիակը չի կարելի նկարել (վառում է սիգարետը- հեղ.):

Վահրամ Մարտիրոսյան Կարեն Անտաշյան

Ես միայն լուսանկարիչ չեմ, ես քաղաքացի եմ: Վերջերս Բաղրամյան պողոտայի դեպքերից հետո նկարներ էին տարածում՝ մակագրված «Ամենավատ հայը»: Եթե այդպես է, ուրեմն մեր ամենալավ հայը պիտի լինի Վովա Գասպարյանը: Եվ եթե մեր ամենալավ հայը պահանջում է, որ սթափվենք, ես իրեն նույն բանն եմ ուզում ասել՝ սթափվե՛ք, պարոն Գասպարյան, վերջ տվեք, մի տպեք ինֆորմացիա, արտակարգ իրավիճաների նախարարությանն եմ դիմում՝ մի տարածեք ինֆորմացիա ինքնասպանությունների մասին: Դա շղթա է, որը նոր դեպքերի կհանգեցնի: Ես մեծ հաճույքով կպատրաստեի ցուցապաստառներ, որոնք կփակցնեի կամուրջներին: Երբ մեկը ինքնասպանության փորձ ուզի կատարել, հասնի կամրջին, նայի այդ ցուցապաստառներն ու փոշմանի: Այդպիսի ֆոտոներ ունեմ՝ Մերիկոն, Կամոն՝ Կապանից: Կամոն համաձայն է, որ իր դեմքը լինի: Մերին, Կամոն ապրելու կոչեր են անում: Եթե նրանք այդպես ապրում են, քեզ ի՞նչ է եղել, որ չապրես:

Երբեմն հետևում եմ, թե լրագրողներն ինչպես են աշխատում: Ասենք, Բաղրամյան պողոտայում դուրս է գալիս ոմն Օսիպով, չգիտես ինչու վերջերս դարձել է Օսիպյան (2008-ին անձնագրով էլ Օսիպով էր): Դուրս է գալիս, պտտվում է, մինչև մի 30 լրագրող չհավաքվի, չի խոսի: Լրագրողներն էլ նրան տեսնելիս միանգամից վազում են նրա կողմ, իսկ այդ մարդն ասելիք չունի իրենց: Չդիմացա, լրագրողներին ասացի՝ այ ժողովուրդ, ինչի՞ եք ընկել սրա հետևից, բան ունենա ասելու, ինքը կմոտանա ձեզ, կասի, ձեզ մի քիչ ծանր պահեք: Ինքը լրագրողներին խաղացնում է, փոխարեն հակառակը լինի: Հա, ոստիկան է, պաշտոնյա է, բայց դա չի նշանակում, որ պիտի վազես հետևից:

-Ու ի՞նչ ես մտածում երկրի ներկա վիճակի մասին:

-Եթե սկսեմ մտածել երկրի մասին, և եթե սա հեռուստահաղորդում լիներ, պիտի լիներ՝ «բի-բի-բի...». ոչ պատշաճ բառապաշար պիտի օգտագործեի: Մենք տարբեր Հայաստաններում ենք ապրում՝ մենք և իրենք: Ուրախ եմ, որ չեմ աշխատում մամուլում, չեմ շփվում իրենց հետ, խմբագիրը չի ասում՝ գնա էս արա, էն արա, ես էլ գնայի ժպտայի կամ չժպտայի:

Հ.Գ. Գերման Ավագյանի՝ «Տեսողական պոեզիա» ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ:

Լուսանկարները՝ Գ. Ավագյանի «Տեսողական պոեզիա» շարքից, Գ. Ավագյանի լուսանկարը՝ Աննա Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter