HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. խաղաղ երկնքի տակ հանգրվանած առեղծվածային բնորդուհին

Աննա Բաբաջանյան

Դաշտային աշխատանք, խաղաղ կյանքի պատկեր, լազուր երկինք եւ մի նիհար աղջնակ, որը քայլում է փողրակի եզրով. այսպիսի տեսարան է բացվում ակնդրի առջեւ` նկարիչ Սարգիս Մուրադյանի «Խաղաղ երկնքի տակ» կտավը դիտելիս (1971թ.):   Նկարչի դուստրը` Զարուհի Մուրադյանը, ով բազմիցս  իր հոր կտավների համար հանդես է եկել  որպես բնորդուհի, պատմում է, որ փողրակի եզրով քայլող այդ աղջիկը հենց ինքն է: «Երբ հայրս պետք է նկարեր ինձ կամ քրոջս, մենք մի ամբողջ օր անցկացնում էինք արվեստանոցում եւ շատ ուրախանում էինք, որ դպրոց չէինք գնալու: Նա, նախքան բնորդին պատկերելը, միշտ ուներ կտավի տեսլականը, որոշ մասեր էլ արդեն նկարած էր լինում:  «Խաղաղ երկնքի տակ»-ը նկարելիս  ես 12 տարեկան էի, արվեստանոցում էինք,  հիշում եմ, որ նա սկզբում արեց մատիտանկար, հետո արդեն կանգնեցրեց ինձ նեղ նստարանի եզրին. դա բավական բարդ դիրք էր, շատ էի հոգնում, բայց արդեն սովոր էի հորս հետ աշխատել. մենք կես խոսքից հասկանում էինք իրար»,-«Հետք»-ին պատմեց նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Նրա խոսքով` իր հայրը երբեք չէր պատմում, թե այս կամ այն կտավն ինչի մասին է, կամ թե ինչ է ուզեցել ինքը նկարել, բայց ով էլ դիտի «Խաղաղ երկնքի տակ»-ը, կհավաստի, որ պատկերված է Հայաստանը:

Նկարի պատմությունը, սակայն էլ ավելի հետաքրքրացավ, երբ «Հետք»-ին հայտնի դարձավ, որ կա էլի մեկը, ով հավաստիացնում է, թե կտավում պատկերված է հենց ինքը:

Ամերիկաբնակ Իրինա Բեկտաշյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը 12 տարեկան էր, երբ ընտանիքով հյուրընկալվել էր Ագարակում` ընկերուհու տատիկի տանը:  «Ես եւ ընկերուհիս քայլում էինք առվի եզրով: Այնտեղ երկու նկարիչ տեսանք` մոլբերտներով: Նրանցից մեկը` Սարգիս Մուրադյանը,  մոտեցավ ինձ ու ասաց, որ ուզում է մի քանի նկար անել: Դրանից հետո ընկերուհուս հայրը նկարիչներին տուն հրավիրեց: Սարգիս Մուրադյանը մի քանի էսքիզ արեց նույն դիրքով եւ տեսարանով, մեկն  էլ  նվիրեց ինձ»,-հիշեց Ի.Բեկտաշյանը:

Զ. Մուրադյանը

Նրա խոսքով, իր մոտ խորապես տպավորվել է Սարգիս Մուրադյանի հայացքը` ներթափանցող եւ լուրջ. «Երբ նա էսքիզ էր անում, ես մտածում էի` հանկարծ այդ առվի եզրից չընկնեմ: Նա ինձ առանց խոսքի հասկացավ եւ ընկերոջը խնդրեց, որ ձեռքս բռնի: Ի դեպ, նկարի մեջ իմ հագուստը փոխված է. ես այդ ժամանակ հագել էի կիսատաբատ եւ վերնաշապիկ»,-ասաց նա:

Անդրադառնալով Զ. Մուրադյանի այն խոսքին, թե Սարգիս Մուրադյանն իրեն է պատկերել կտավում, Ի.Բեկտաշյանը նշեց. «Դա էլ է հնարավոր. թերեւս  դետալների վրա առավել մանրամասն աշխատելիս իր դստերն է որպես բնորդուհի ընտրել»:

Զ. Մուրադյանն իր հերթին նկատեց. «Հայրս այդ  մասին երբեք չի պատմել, հնարավոր է, որ նա այնտեղ սկսել է նկարը, ապա եկել  եւ տանը շարունակել է  կտավը: Բայց ես «Խաղաղ երկնքի տակ»  նկարից միայն մի գծանկար եմ տեսել, որում պատկերված եմ ես»:

Գաղտնիքներով լի այս պատմության մանրամասները, սակայն,  թերեւս  կիմանար միայն Սարգիս Մուրադյանը, իսկ մեզ մնում է փորփրել  փաստերն ու ներկայացնել հուշերը:

Ս. եւ Զ.Մուրադյանները

«Խաղաղ երկնքի տակ»  նկարի հետ կապված  Զ. Մուրադյանն էլի հիշողություններ ունի: Նրա խոսքով` 70-ականներից այս նկարով բացիկներ, օրացույցներ էին թողարկվում, եւ  հատկապես այն բանից հետո, երբ այն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, սովետական ամսագրերը սկսեցին մեկը մյուսի ետեւից տպել կտավը, այն հայտնվում էր նաեւ ամսագրերի շապիկին: Դրանցից մեկն էլ մեծ տպաքանակ ունեցող «Օգոնյոկ»-ն էր. «Մենք տարբեր շնորհակալական նամակներ էինք ստանում, սակայն այս մեկն իր բովանդակությամբ տարբերվում էր նախորդներից: «Օգոնյոկ»-ի ընթերցողներից մեկը վրդովված գրել էր, որ «Խաղաղ երկնքի տակ» նկարում սխալմունք կա` առուն սխալ է նկարված, գրել էր` ինչպե՞ս կարող է ջուրը վերեւ հոսել. դա ֆիզիկայի օրենքներին դեմ է»,-ծիծաղելով հիշեց նկարչի դուստրը:

«Խաղաղ երկնքի տակ»-ը պահվում է  Ազգային պատկերասրահում, եւ Զ.Մուրադյանն ափսոսում է, որ այն մնում է պահոցում եւ չի ցուցադրվում. «Նկարն, այնուամենայնիվ, ապրում է: Մի քանի տարի առաջ, օրինակ, Բեյրութի Համազգային հիմնադրամն իր օրացույցի աշնան պատկերների մեջ ներառել էր այն»:

Ի.Բեկտաշյանն էլ պատմեց, որ  «Խաղաղ երկնքի տակ»  նկարի  էսքիզը, որն իրական կտավից գրեթե չէր տարբերվում,  իր հայրը փակցրել էր իր աշխատասենյակում եւ մինչեւ կյանքի վերջ պահել այն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter